38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վերջին սերնդի iPad-ներ` 12 լավագույն շրջանավարտներին

Վերջին սերնդի iPad-ներ`  12 լավագույն շրջանավարտներին
12.06.2012 | 00:11

Շուրջ երկու տասնամյակ է, ինչ հանրապետության կրթական համակարգը շարունակական փոփոխությունների մեջ է: Նպատակը հասկանալի է` միանում ենք (կամ ինչպես ընդունված է ասել` ինտեգրվում ենք) եվրոպական կրթական համակարգին: Պարզ է, որ դրա արդյունքում ավելի դյուրին կդառնա ուսումն արտասահմանում շարունակելը, ինչպես նաև մեր բուհերից ստացած դիպլոմներով այլ երկրներում համապատասխան մասնագիտական աշխատանք ձեռք բերելը: Միաժամանակ, մեր համալսարաններն էլ իրենց հերթին կարող են ավելի գրավիչ դառնալ այլ երկրների համար` մեծացնելով արտասահմանցի ուսանողների թիվը մեր ուսումնական հաստատություններում` ֆինանսական նոր մուտքերի և դասախոսական նոր աշխատատեղերի հնարավորությամբ:
Սակայն կարծում եմ, որ մեր կրթահամակարգը վերը նշված ժամանակահատվածում նաև որոշակի նահանջ ունեցավ (արագ ստեղծվող և հաճախակի փոփոխվող ոչ որակյալ դասագրքեր, ցածր վարձատրության պատճառով` կրթօջախներից լավ մասնագետների արտահոսք, կրթություն ստացողների մոտ արժեքների գնահատման բեկումնային փոփոխություններ, մասնավորապես, աշխատասիրությամբ ու համբերատարությամբ գիտելիք ձեռք բերելու փոխարեն` նվազագույն ջանքերով հնարավորինս արագ ինչ-ինչ հաջողությունների հասնելու մտածելակերպի ձևավորում և այլն):
Ինչևէ, ավարտվեց մեկ ուսումնական տարի ևս: Այս ուսումնական տարվա վերջին զանգի տոնակատարությունը լրացուցիչ հանդիսավորություն ձեռք բերեց այն պատճառով, որ շրջանավարտներին մեծ կյանք ճանապարհելու առումով դա վերջինն էր հանրապետության դպրոցների գերակշիռ մասի համար: Այսուհետ այդ լիազորությունները կտրվեն միայն ավագ դպրոցներին:
Վերջին զանգի հանդիսությունը ոգևորության և հուզականության մեծ ռեզոնանսով անցավ նաև մայրաքաղաքի հին կրթօջախներից մեկում` Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում (ի դեպ, սեպտեմբերին կլրանա այս դպրոցի հիմնադրման 50 տարին): Դահլիճում էին ոչ միայն տասներկուերորդցիները, նրանց ուսուցիչներն ու ծնողները, այլև դպրոցի նախկին շրջանավարտներ: Դպրոցի նոր տնօրենն իր գործունեության ինն ամիսների ընթացքում անընդհատ փորձում է գտնել միջոցներ, որոնք ոգևորություն կառաջացնեն աշակերտների մեջ և կբարձրացնեն ուսումնառության որակը: Դրանցից մեկն էլ դպրոցի շրջանավարտ, մոսկվայաբնակ բարերարի` լավագույն առաջադիմությամբ 12 աշակերտներին շնորհված մրցանակներն էին (վերջին սերնդի iPad-ներ): Ընդ որում, բարերարն անձամբ ներկա չէր, բայց պատրաստակամություն է հայտնել շարունակական դարձնելու գիտելիքի խրախուսման այս նախաձեռնությունը:
Այսօր առավել, քան երբևէ, կարևոր է թվում ուսուցչի և տնօրենի անհատականության գործոնը, որը մեծ դերակատարություն կարող է ունենալ ուսումնական հաստատությունների առջև ծառացած բազմաբնույթ խնդիրների արդյունավետ լուծման և կրթություն ստացողներին ուսումնատենչության մղելու գործում: Հույս է արթնանում, որ մեկնարկած ճիշտ աշխատանքի շարունակության դեպքում դպրոցի աշակերտների մեծամասնության մեջ կարմատավորվի կրթական գործի, թերևս, ամենագլխավոր սկզբունքը` գիտելիքի ձեռքբերման կարևորության գիտակցումը, և կվերականգնվի 50-ամյա այս կրթօջախի երբեմնի վարկը:


Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3724

Մեկնաբանություններ