38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ե՛վ Հակոբ Կոջոյանը, և՛ Արա Սարգսյանը, և՛ Հարություն Կալենցն անտարբերության քողով են պարուրված

Ե՛վ Հակոբ Կոջոյանը, և՛ Արա Սարգսյանը, և՛ Հարություն Կալենցն անտարբերության քողով են  պարուրված
08.06.2012 | 06:12

Ես կրկին Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի» տուն-թանգարանում եմ։ Առիթն Արա Սարգսյանի մահվան տարելիցն է. 1969-ի հունիսի 13-ին նա վախճանվեց մի անհեթեթ դիպվածի պատճառով։ Ոտքի կոտրվածքը և ոչ ճիշտ բուժումը առիթ դարձան նշանավոր այս մարդու մահվան։ Իսկապես, զարմանալի վախճան մի մարդու համար, ով փառավոր կյանք էր ապրել, եղել էր հռչակավոր «Նեմեսիս» գործողության մասնակիցը, Հայաստանի նկարիչների միության առաջին նախագահը դեռ 1932-ին, իսկ 1945-ին հիմնադրել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, ներկայիս Գեղարվեստի ակադեմիան։
Միացյալ տուն-թանգարանի վարիչ, քանդակագործ Տարիել Հակոբյանին հանդիպեցի տուն-թանգարանի զովաշունչ բակում, ուր քանդակագործը վերջնական կարգի բերելով արձաններն ու կիսանդրիները, մտահոգ դիտում էր տուն-թանգարանի շենքը, որը հիմնանորոգման խիստ կարիք ունի, սակայն մինչև օրս չի արժանանում ո՛չ պետական ատյանների և ո՛չ էլ մեկենասների ուշադրությանը։
-Պարոն Հակոբյան, մեր նախորդ հանդիպման առիթն Արա Միհրանիչի 110-ամյակն էր, վաղը լրանում է նրա մահվան 43 տարին, ի՞նչ մտորումների մեջ եք այսօր։
-Յուրաքանչյուր հունիսի 13-ին ինձ անպատմելի թախիծ է պատում։ Հունիսի 13-ը ոչ միայն երևելի մշակութային և ազգային գործիչ Արա Սարգսյանի անվանական մահվան օրն է, այլև մեր ժողովրդի դժնդակ օրերից մեկը։ Չէ՞ որ 1949-ին ստալինյան հերթական զանգվածային բռնարարքն իրականացավ, մի գիշերվա մեջ միայն Հայաստանից աքսորի ճանապարհը բռնեցին 18 հազար անմեղ, պատերազմը հաղթանակով ավարտած մարդիկ։ Եվ շատ եմ մտահոգ, որ Արա Սարգսյանի կարգի գործիչը գրեթե մոռացված է։ Բայց չէ՞ որ նա կենդանության օրոք արդեն իր ժամանակից առաջ էր անցել. լինելով բարձր ազգային ոգեխառնվածքի տեր, նա ողջ էությամբ նվիրվեց հայության զարթոնքին` սովետական իրավակարգում։ Եվ այս տեսանկյունից եզակի է նա։
-Առհասարակ վաղուց կարիք կա որոշակի մշակութային արժեհամակարգերը վերաիմաստավորելու։ Մասնավորապես, կերպարվեստի բնագավառում։ Ե՛վ Հակոբ Կոջոյանը, և՛ Արա Սարգսյանը, և՛ Հարություն Կալենցը (և ոչ միայն նրանք) անտարբերության քողով են պարուրված։ Բայց սա ժամանակի խնդիր է։ Այսօր ո՞րն է Ձեր գլխավոր մտահոգությունը։
-Որ նախ այս միացյալ տուն-թանգարանը հիմնանորոգվի, ճանաչելի դառնա լայն հասարակական շրջանակներին։ Միայն մայրաքաղաքում գործում է 28 տուն-թանգարան, դրանցից պետական հոգածության տակ են երկու-երեքը։ Մի՞թե, օրինակ, Դերենիկ Դեմիրճյանի մակարդակի գրողի տուն-թանգարանը պիտի շարունակ ընկեցիկի կարգավիճակում լինի։
Այսօր մասնաճյուղերի կարգավիճակում գտնվող թանգարաններին մեկ բան է մնում, էնտուզիազմի շնորհիվ պահպանել եղածը, փորձել մեկ քայլ առաջ գնալ։ Բայց սա հեռանկարային չէ։ Այնինչ, վերջերս, «Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ այցելուները պարզապես հիացած էին, շատերի համար մեծ անակնկալ էր Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի արվեստը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ