ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խաբս, քաղցր սուտ ու կտակերություն

Խաբս, քաղցր սուտ ու կտակերություն
12.08.2024 | 21:18

Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ «ավետաբեր» Ամիրբեկովը ցնցեց մեզ իր «սենսացիոն» հայտարարությամբ, ասելով, որ «խաղաղության պայմանագրից» դուրս է գալու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման դրույթը:

Բայց և շեշցեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցը լուծել հաջորդ փուլում։

Ընդ որում, առաջարկը Բաքվինն է եղել, որին Երևանն իր համաձայնությունն է տվել:

Եվ այստեղ է, որ պետք է տեսնենք թունդ բաժակաճառեր ասող թամադա-քաղաքատգետների, որոնք շնորհավորում են հայ ազգին Ադրբեջանի՝ «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվելու կապակցությամբ:

Իշխանական տաշտամանից օգտվող որոշ վերլուծագանգեր ու կուսակցագլուխներ էլ պետք է վերագրեն այն որպես հայկական դիվանագիտության հաղթանակ:

Մարդն ասում է՝ սա առժամանակ առկախվում-արխիվացվում է, թողնվում է հաջորդ փուլին:

Այնպես, ինչպես անկլավների հարցն էր մի պահ ակտուալ պահանջ, բայց այս պահին այդ մասին դեռ չի խոսվում, առաջին պլան չի բերվում:

Մարդը չի ասում, որ հրաժարվում են, որ հարցը օրակարգից հանում են, բայց Երևանում այս տհաս տեսականին պաչիկ-շնորհավորանքներով, կենաց բաժակաճառերով ու աչքալուսանքով հաղթանակ է տոնում:

Քաղաքական այս իմբիցիլներին հետաքրքիր չէ, կամ դառնում են խուլ ու համր, երբ Ամիրբեկովը միաժամանակ ասում է, որ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, որ վերջինս ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը:

Որ ոչ մի խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր սահմանադրությունը։

Որ ձեռքի հետ էլ Ամիրբեկովը բացահայտ ծաղրում է հայերիս՝ հիշեցնելով, որ «2021 թվականին, երբ Փաշինյանը ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո արտահերթ ընտրությունների կոչ արեց, նրա կուսակցությունը հաղթեց։

Նորմալ պայմաններում ցանկացած առաջնորդ, ով պարտվել է պատերազմում, ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»։

Այդտեղից էլ եզրահանգում է անում, որ Սահմանադրության փոփոխությունը, հետագայում նաև «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման, անկլավների հանձման և այլ հարցերի հետ հայերի մեծամասնությունը լավ էլ կհամաձայնվի։

Ընդ որում, մենք այսպիսի հայտարարություններից ենք իմանում, թե առհասարակ ինչ բովանդակություն ունի «խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթը, որը ՀՀ իշխանությունները խնամքով թաքցվում են ժողովրդից:

Առ այսօր մենք չգիտենք, թե ինչ դրույթներից ու նախապես պայմանավորվածություններից է այն բաղկացած:

Այնպես, ինչպես չգիտեինք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որն հետո պետք է որպես «սյուրպրիզ-սառը ուտեստ» մատուցվեր հայ ժողովրդին:

Ինչևէ, այս մակաբույծ տոքսիկ սեգմենտը չի էլ հասկանում, որ Ադրբեջանը դիվանագիտական հնարքներ է բանեցնում.

ըստ առաջնահերթության մի տասը պահանջ է ներկայացնում, որոնցից երկու-երեքը, բավարարվում է, քանի որ մնացածի մասով ցույց է տալիս, որ գնում է կոմպրոմիսի, անգամ կարծես հրաժարվում, այդկերպ թոզ փչում միջազգային հանրության ու խաղացողների աչքերին:

Որոշ ժամանակ անց, ցուցակի 4-րդ 5-րդ կետերն է թարմացված պահանջով ներկայացնում, որոնք նախորդների պես բավարարվում են կամ դառնում առևտրի առարկա:

Եվ այդպես շարունակ:

Բացի այդ, նրանք այնքան համոզիչ ձևակերպումներով են հանդես գալիս միջազգային հանրության առաջ, որ ասածներն անգամ մտորելու տեղիք է տալիս:

Բաքուն քաղաքական գիծ է որդեգրել, ըստ որի առանձնահատուկ շեշտում է Հայաստանի մոնոէթնիկ լինելը:

Ասում են՝ ինչու պետք է ՀՀ-ի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր լինեն ու չհանդուրժեն այլազգիների հետ համակեցությունը, այն պարագայում, երբ օրինակ Ադրբեջանը բազմազգ է, որտեղ նույն իրավունքներով, առանց խտրականության, որպես ազգային փոքրամասնություններ համագոյակցում են թաթերը, թալիշները, լեզգիները, ավարները, ուդիները:

Այսկերպ նրանք նաև մեղադրում են մեզ, որ մենք անհանդուրժող ենք, նացիոնալիստ, որոնք կարող են աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող գրեթե բոլոր պետություններում ապրեն (հղում տալով 8-ից 10 միլիոն հայկական սփյուռքին),

բայց թույլ չտան ու չհանդուրժեն 300 հազարից մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան» ու հայերի հետ համատեղ համագոյակցությունը:

Այնպես որ, ըստ նրանց՝ Հայաստանի պարտավորությունն է ստեղծել համապատասխան պայմաններ ու տալ երաշխիքներ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը:

Եվ այս սրտաճմլիկ, բայց և մանիպուլյատիվ թեզը դառնում է գործիք ու բանակցություններում քննարկման առարկա իսկ հետո՝ պահանջ:

Հավաքական Արևմուտքն արդեն իսկ պահանջում է, որ Հայաստանն ընդունի մի քանի հարյուր հազար ադրբեջանցու:

Դրա համար էլ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր «հայամետ» հայտարարության մեջ, որն առաջին հայացքից ականջահաճո է քաղաքականությունն ականջներով սիրողների համար, ասում է՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ պետք է նախադրյալներ ստեղծվեն», բայց և խոսքի մեջ նշում. «այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի հարցը, որը սակայն այլ հարթության վրա է գտնվում»:

Ընդ որում, այս տերմինն առաջին անգամ չէ որ արծարծվում է:

Տոյվո Կլաարը միակ եվրաչինովնիկը չէ, ում համար գոյություն ունի մտացածին «Արևմտյան Ադրբեջանը»։

Անցած տարի՝ հոկտեմբերի 23-ին, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում էր անցկացրել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որտեղ կարևորել է բոլոր փախստականների՝ այդ թվում Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը՝ նշելով, որ հարցի լուծումը քաղաքական կամք է պահանջում:

Ընդ որում, Միյատովիչն այս հանդիպումից մեկ շաբաթ առաջ գտնվելով Հայաստանում չէր հանդիպել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքական ղեկավարների հետ։

Սա նշանակում է, որ Եվրոպայի համար Արցախ՝ որպես միավոր այլևս գոյություն չունի, իսկ ահա «Արևմտյան Ադրբեջանը» կարծես թե կա։

Այնպես որ, միայն քաղաքականապես ոտաբոբիկներին պարզ չէ, որ Կլաարն «իր համեստ հնարավորությունով» արցախահայերի վերադարձի քողի ներքո հրապարակային դաշտ է բերում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը՝ շրջանառության մեջ դնելով Ադրբեջանի հորինած «Արևմտյան Ադրբեջան» կեղծ տերմինը։

Նա խոսում է հայերի վերադարձի՝ դրա ֆոնին նաև ադրբեջանցիների վերադարձի մասին։ Եվ այստեղ կարևոր է, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը քննարկման առարկա դառնա, մնացածը՝ տեխնիկական հարց է։

Ըստ էության, Կլաարի բերանով Արևմուտքը առաջ է տանում ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակություն հաստատելու հարցը, որը քողարկում են Արցախ հայերի վերադարձի քողով։

Իսկ որ Ադրբեջանցիները միանշանակ կգան, իսկ հայերը ոչ, կարծում եմ բոլորս ենք հասկանում:

Մանավանդ, որ Հայաստանի գործող իշխանությունները հետամուտ չեն էլ լինելու այս հարցում:

Նրանց պետք չէ հայերի վերադարձ ինչպես պատմական հայկական բնակավայրեր՝ Արցախ, Գարդմանք ու Շահումյան, այնպես էլ՝ Բաքու, Սումգայիթ, Գանձակ, և այլ շրջաններ։

Ադրբեջանի դեպքում պատկերը հակառակն է։

Նրանք հիմնականում վերադառնալու են Սյունիք, Գեղարքունիք և սահմանամերձ այլ շրջաններ։ Ադրբեջանցիներն այստեղ են գալու որպես հաղթած պետության քաղաքացիներ, քաջ գիտակցելով, որ իրենցից ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ կանգնած է Ադրբեջանի բանակը, որը րոպեների ընթացքում կարող է հայտնվել Հայաստանի տարածքում:

Իսկ թե ինչ վտանգներով, անդառնալի հետևանքներով ու ֆորսմաժորային իրավիճակներում է հղի նրանց ներկայությունը, առավել ևս հայերի հետ համակեցությունը Հայաստանում՝ բազմիցս եմ ասել:

Նրանք Հայաստանը ներսից պայթեցնելու իրական ռումբ են դառնալու:

Ինչևէ, չենք զարմանում:

Ասել եմ՝ խիստ հավանական է, որ կգա այն օրը, երբ ադրբեջանցիներով վերաբնակեցմանը դեմ արտահայտվողներն այս իշխանությունների օրոք համարվելու են ռասիստներ ու նացիստներ:

Մինչ Բաքուն միջազգային հանրությանը համոզում է, թե խաղաղության հաստատման ու «խաղաղության պայմանագրի» կնքման խոչընդոտը իբր ՀՀ սահմանադրությունն է, ՀՀ իշխանությունները ոչ մի բառ ու արձագանք չեն հնչեցնում:

Հետո պետք է պարզվի, որ Փաշինյանի «դաբրոն» ստացել են, հետևաբար՝ միջազգային հանրության վերաբերմունքն էլ այս հարցում այսուհետ կփոխվի։

Իհարկե ձևի համար, որոշ մանկլավիկներ «կերգեն» բա թե դա մեր երկրի նեքին գործն ու որոշելիքն է:

Բայց երբ Ադրբեջանում պետական մակարդակով՝ նախագահից սկսած հեռուստաընկերություններով վերջացրած ՀՀ տարածքն ավանում են «Արևմտյան Ադրբեջան», մեկը մի ծպտուն չի հանում:

Անգամ այն ժամանակ, երբ Ալիևը հերիք չէ, որ ՀՀ սուվերեն ողջ տարածքն Ադրբեջան է համարում, մտացածին տոպոնիմներով ու տեղանուններով քարտեզներ է ներկայացնում, այլ նաև հայտարարում է, թե «Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների ու նրանց սերունդների թիվն այսօր Ադրբեջանում միլիոնների է հասնում։ Եթե դրան մոտենանք Ադրբեջանի շրջանների համատեքստից, ապա սա բնակչության թվով մեր երկրի ամենամեծ շրջանն է»:

Այս հայտարարության մասով ևս ողջ պետական ապարատը գեթ մեկ տողով չի արձագանքում:

Քար լռություն է պահպանում անգամ ՀՀ ԱԳՆ-ն:

Հետո զարմանում ենք, թե ինչու՛ է Ադրբեջանը մարսում իր խոսույթը, բարբաջանքը, ագրեսիվ վարքն ու հռետորաբանությունը:

Որովհետև Ալիևի քաղաքականության հաջողության գրավականն ու կարևոր երաշխավորներից մեկը ՀՀ իշխանություններն են, որոնք թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակն ու գերական միջազգային օրակարգում։

Խորհուրդ՝ շարունակում ենք չզարմանալ:

Ամեն ինչ, առանց շեղումների, ընթանում է գծագրված, պլանավորված, պայմանավորված սցենարով:

Կարևորը՝ համատարած ապատիայով ու հադուրժողականությամբ համեմված ֆեստիվառները, հեծոշոուն, տոլմա-խաշլամա խնջույքափարթիները շարունակվում են:

Արհավիրքների անվերջ շարանին, խայտառակությանը, ստորացմանն ու նվաստացմանը զուգահեռ հաճույքներին տրվելը, «ոչինչ չի պատահել, ամեն ինչ OK է», ստոկհոլմյան սինդրոմով ապրելը, «моя хата с краю» ու «թքած ունենալու» նուրբ արվեստն իհարկե հոգեբանների ու հոգեբույժների ուսումնասիրման առակա է:

Ինչ խոսք՝ ունիկալ ազգ ենք:

Մեզ հասնում է նման իրականություն:

Չնայած՝ երկիր փրկելու սեզոնը շուտով բացվում է:

Հովերը հենց ընկներ փրկիչ-մեսիաներն էլ ոտքի կելնեն:

Հետևենք դրամային:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3935

Մեկնաբանություններ