Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ»` ՄՇԱԿՈՒՅԹՈՎ ԱՄՐԱՇԱՂԱԽ

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ»` ՄՇԱԿՈՒՅԹՈՎ ԱՄՐԱՇԱՂԱԽ
13.11.2009 | 00:00

ԱՊՀ երկրների «Մշակութային քաղաքականություն - քաղաքականությունը հանուն մշակույթի. ոլորտի քաղաքականության նոր դիրքորոշումը» տարածաշրջանային համաժողովի առաջին նիստում հնչեցված ընդհանրական գեղեցիկ մտքերի հեղեղում ԶԼՄ-ներից ներգրավվածներից շատերը վերապրեցին ԽՄԿԿ համագումարների հարուցած երբեմնի զգացողությունները։
«Ներկայի գաղտնագրի բանալին պետք է որոնել մշակութային ժառանգության գանձարանում,- «Մշակույթների մերձեցման տարվա» բովանդակության սեփական ընկալումը գեղարվեստորեն ձևակերպել սկսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության ու միջմշակութային երկխոսության վարչության տնօրենուհի ԿԱՏԵՐԻՆԱ ՍՏԵՆՈՒՆ (Փարիզ), ով ցնցված էր Մատենադարան կատարած այցելությունից։- Մեծ հայրենականից հետո` 1946-ին ստեղծված միջազգային այս կազմակերպությունը, ներկայումս ԱՊՀ տարածքում գործող իր 60 գրասենյակների միջոցով, մի կողմնորոշում ունի` քանի որ պատերազմները ծագում են, նախ, մարդկանց մտքում, հարկավոր է նրանց գիտակցության մեջ խաղաղության ամրոցներ կառուցել։ Առանց մշտանորոգ մշակույթի անհնար է կայուն խաղաղությունը։ Այն չի կարող պատասխանատվություն կրել արդի հասարակական-քաղաքական գործընթացների համար, բայց ի զորու է դրանք ուղղորդել»։
Բարձր մշակույթի զարգացման ընթացքն առանձնապես վտանգված է ԽՍՀՄ-ի փլուզման հեղաբեկումներում հայտնված ԱՊՀ երկրներում. այս կարծիքին է ՌԴ մշակույթի և կրթության նախարարության խորհրդական ՄԱՐԻՆԱ ԿԼԻՄԵՆԿՈՆ։ Փաստացիորեն երեք հիմնական ռիսկային գործոններ են սպառնում մշակույթի զարգացմանն ու մշակութային ժառանգության պատշաճ պահպանմանը` ֆոլկլորիզացիան, շուկայականացումը, արդեն ամրագրված մասսայական էժանագին մշակութային արտադրանքը։ Այս պարագայում համատեղ արարչական գործունեությամբ, միջազգային փորձագետների միասնական ջանադրությամբ միայն կարելի է կասեցնել համընդհանուր գանձարանի արժեզրկումը։ Միջմշակութային երկխոսությունը կարող է արդյունավետ լինել բարեփոխված կրթահամակարգի լիարժեք գործունեությամբ։
«Միջպետական ներկայացուցչական պարբերական համաժողովներով, հռչակագրերով ամրապնդվում են միջազգային դիվանագիտական փոխշփումները միայն,- միջնարարի անմիջական երկխոսության անկեղծ մթնոլորտում «Ի՞նչ տվեց երիտասարդության տարին միջմշակութային սերտացման տեսակետից» հարցիս պատասխանում է համաժողովի կազմկոմիտեի համանախագահ, ՌԴ մշակութաբանության ինստիտուտի տնօրեն ԿԻՐԻԼ ՌԱԶԼՈԳՈՎԸ։- Երիտասարդներին զանգվածային փոխշփումներից ավելի հետաքրքրում է արվեստում սեփական կայացման լծակների առկայությունը։ Պաշտոնական մարդաշատ, թող որ` միջպետական, հանրահավաքների գործարար ջիղին նրանք հավատ չեն ընծայում։ Երկխոսություն ու ռեալ համագործակցություն են փնտրում պետական բարձրաստիճան այն պաշտոնյայի հետ, ում որդեգրած քաղաքականությունը կյանքով է ապացուցում իր նպաստավորությունը մշակույթի առաջընթացին։ Պուտինի հետ հանդիպումներից ունեցած ակնկալությունները, որպես կանոն, արդարանում են։ Սեփական մշակութային նախագծերի իրականացման նյութական կայուն բազան է նրանց առաջնահերթ մտահոգությունը, ինչը նաև մարդավայել գոյատևելու հիմք է ապահովում ստեղծագործողի համար։ Այս համաժողովում օրախնդիր հարցերի շուրջ ուշագրավ մտքերի պարզ փոխանակությունը գործողության ուղեցույցի կվերածվի գուցե, բայց կոնկրետ, արմատական փոփոխություններ կենսագործելու ունակությունն ի հայտ կբերի, եթե համատեղ ջանքերը կառուցողական նոր մարտավարությամբ, լայնամասշտաբ, ո՛չ ֆորմալ ծավալվելու հզոր ֆինանսական օժանդակություն գտնեն ԱՊՀ բոլոր երկրներում։ Առանց երիտասարդների ներուժի նպատակամետ կենտրոնացման, կենսունակության սրընթաց խթանման որևէ լուրջ հաջողություն չի կարելի ակնկալել»։
Ազգային սնապարծությունդ շոյվում է, երբ տեղեկանում ես, որ հնամենի մեր մշակութային գոհարներից շատերը, այլազգի միջազգային փորձագետների գնահատմամբ, շարունակում են համալրել համաշխարհային արվեստի գանձանակի պարունակությունը` Էջմիածինը, Գեղարդը, Հաղպատը, Սանահինը... Միաժամանակ տրտմում ես, երբ պաշտոնապես հայտարարվում է դրանց վերականգնման ու պահպանության նախնական խորազնին հետազոտության ակնհայտ թերարժեքության մասին։ Սնկի նման բազմացած (ամենաթողության անձրևներով) մշակութային կրթարաններում, պարզվում է, անհրաժեշտ մասնագետներ չեն պատրաստվում։ Ստիպված` անհամեմատ ծանրակշիռ միջոցներ են տրամադրվում օտարներին` ոլորտում եղած մասնագիտական բացը լրացնելու համար։ Չի՞ վտանգվում այսպիսով ինքնատիպությունը մեր ժառանգած մշակութային արժեքների։ Ասենք, եվրավերանորոգումներով... Առանց այդ էլ օտարածին տարրերը, անարգել ներմուծվելով ու օրավուր ավելի լայն կիրառություն գտնելով, սկսել են հիմնավորապես խարխլել մեր մշակութային ինքնատիպությունը` հիմնականում նորարարության անվան տակ, հաճախ` ինֆանտիլ նմանակումների մակարդակը չգերազանցելով։ Եվ, ավաղ, գերիշխող են դառնում արվեստի բոլոր ոլորտներում։ 2010-ի մշակութային բյուջեի (7953,4 մլն դրամ` 4,27 տոկոսով պակաս 2009-ի հատկացումներից) ուղղվածությունների (թանգարանների և ցուցասրահների կողմից մատուցվող ծառայություններ` 1119,6 մլն դրամ, գրադարաններ` 788,9 մլն դրամ, թատերարվեստ, երաժշտարվեստ և պարարվեստ` 3415,4 մլն դրամ, կինեմատոգրաֆիա` 612,8 մլն դրամ, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում ու պահպանում` 318,9 մլն դրամ, արտերկրում գտնվող պատմամշակութային հուշարձանների վավերագրում` 36,7 մլն դրամ, մշակութային կրթություն` 879,5 մլն դրամ, գրահրատարակչություն և տեղեկատվություն` 317,7 մլն դրամ, նորերով համալրված մշակութային միջոցառումներ` հատկացումների մնացորդը) հրապարակային քննարկման ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի ընդհանուր լավատեսական հայացքը գալիք տարվա բովանդակային վերաձևումներին, կարծես թե, իրական հենքից էր բխում։ «Ես ոչ մի ցնցում մշակույթի ոլորտի համար չեմ տեսնում,- փորձեց «վնասազերծել» 355,4 մլն դամով պետական մշակութային հատկացումների նվազումը Հասմիկ Պողոսյանը։- Ճգնաժամային իրավիճակում հասարակության ինքնապաշտպանական բնազդն է սկսում աշխատել։ 2009-ին, օրինակ, մի շարք հովանավորների համատեղ ջանքերով, «Սպարտակ»-ից հետո ձեռնարկեցին «Աիդա»-ն, ինչը նախօրոք չէինք պլանավորել։ Ոլորտի գլխավոր խնդիրը ստեղծագործականն է մնում։ Կարևոր է, որ հատկացված գումարները ծառայեն նպատակին»։
Բարձրարվեստ նոր ստեղծագործություններով, տաղանդավոր երիտասարդների ներուժով միայն մարդկանց գիտակցության մեջ կգցվեն հիմքերը «խաղաղության ամրոցների»։ Այս ճշմարտությունն ընդունվում է անվերապահորեն։ Մնում է առավելագույնս ճշգրտել արարչական գործունեության գնահատության խեղված չափանիշները և հնարավորինս հարստացնել մշակութային կրթության իրական բովանդակությունը։ Այդ դեպքում միայն գեղագիր կարգախոսից ողջամիտ կենսակերպի կվերափոխվեն մշակույթների մերձեցման տարվա հռչակած ուղենիշները։
Տարածաշրջանային նախորդ երկու համաժողովների նման այս երևանյանի կոնկրետ ձեռքբերումների հանրաճանաչումն էլ չկարևորվեց։ Չնայած ենթադրվում էր, որ պատմականորեն ձևավորված սփյուռք ունեցող երկրում միջմշակութային մերձեցման ուղիների բազմամարդ որոնումներն անհամեմատ իրատեսական հագեցվածություն կգտնեն «տեղացիների» դարավոր փորձառութան իմաստնությամբ։ Կարծեմ` մինչ օրս վերջնական եզրահանգումն էլ հստակեցված չէ։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամին ի հեճուկս` չխաթարվող հայկական շռայլ հյուրընկալությամբ, փաստորեն, նոր առիթ ներկայացավ աշխարհի քարտեզի վրա Հայաստանը մատնացույց անելու։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2700

Մեկնաբանություններ