ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երբ հայրենիքդ ոտքերիդ տակից տանում են, բայց հանձնողներից մեկն էլ դու ես

Երբ հայրենիքդ ոտքերիդ տակից տանում են, բայց հանձնողներից մեկն էլ դու ես
03.11.2023 | 14:51

Հարաբերական անդորր է:

Կարծես խաղաղություն է տիրում հայոց երկնակամարում:

Կարծես խաղաղվել ենք բոլորս, կարծես առերեսվել դառը իրականության հետ:

Տարածքների հերթական կորուստներ, զոհեր, գերեվարվածներ՝ փառք Աստծո չկան, արցախահայերը՝ լավ թե վատ տեղավորվել են, սկսել են համակերպվել թե՛ իրենց բաժին հասած դառը ճակատագրի, փախստականի կարգավիճակի և թե՛ մայր Հայաստանում նորովի ապրելու մտքի հետ:

Արցախի մասին խոսողները ևս օրեցօր պակասում են, թեման իր արդիականությունը կորցնում է, «Արցախ» բառը բացարձակապես չի կիրառվում պետական մարմիններում, չինովնիկները կաշկանդված են արտաբերել այդ անվանումը, ուր մնաց խոսեն Արցախի, պահանջատիրության, իրավունքների մասին:

Արցախից լավագույն դեպքում մնաց միայն «Լեռնային Ղարաբաղը», Լեռնային Ղարաբաղն էլ օրեցօր վերանում է հանրային քննարկումներից ու առօրյա խոսույթից:

Որոշ անդեմ քաղքենիներ էլ պերճաշուք բառամթերքով ճամարտակում են՝ Ղարաբաղը հայկական պահելու անհնարինության, վաղ թե ուշ տալու, տալով Հայաստանն ու հայ ժողովրդին փրկելու, Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելու մասին:

Հանրային հեռուստաընկերության եթերում միայն խոսվում է արցախցիներին սոցիալական օգնության տրամադրման, նրանց աջակցման, կարիքների բավարարման, պետության հոգածության մասին:

Անգամ Հանրայինի եղանակի տեսության ներկայացման ժամանակ Արցախի մասին տվյալներ այլևս չեն հաղորդվում։

Արցախը արհեստականորեն մոռացության է մատնվում:

Եվ սա այն պարագայում, երբ 94-ից սկսած՝ Ադրբեջանն այդպես էլ չհամակերպվեց իր կորստի ու պարտության հետ և վերադարձնելու կամքով տոգորված, համբերատարությամբ զինված այսօր կարողացավ հասնել իր նպատակին:

Ընդամենը 100 տարեկան, արհեստածին երկրի ղեկավարությունը հատուկ պլանավորած ու մշակած քաղաքականությամբ՝

հայկական բնակավայրերն իրենց մտացածին տեղանուններով իր հասարակությանը մատուցում էր որպես իրենց պատմական «վաթան», հաստատակամ պնդելով, որ վերադարձնելու են և վերադառնալու են:

Եվ նրանց սպասումները, թեկուզ տասնամյակներ անց, փաստորեն արդարացվեցին:

Իսկ այսօր մենք համակերպվել ենք մեր կորուստների հետ, մեկմեկու հավաստիացնում ենք, որ «այդպես էլ պետք է լիներ, որ վաղուց տված էր, որ շանս չունեինք, և որ կյանքը շարունակվում է»:

Դե իսկ խաղաղության հաստատման ակնկալիքով էլ փակում ենք պատմության այս էջը՝ պայծառ հայացքներս ուղղելով դեպի խոստումնալից ապագա:

Այս ժամանակավոր անդորրից գոհ ու շնորհակալ՝ տվել ենք մեզ ինքնախաբեության, որ թշնամին հրաժարվել է իր ծավալապաշտական, զավթողական նկրտումներից, ցեղասպանելու, օտարինն իրենով անելու անհագ ցանկությունից և որ Արցախը օկուպացնելուց հետո «կազդուրվել է»:

Եվ քչերը սթափ կգնահատեն, որ արնախում թշնամին պարզապես այս պահին հագեցած է և ունի ձեռք բերածը

մարսելու խնդիր:

Որ այսօր նրա գերնպատակը Արցախի ողջ տարածքը միլիտարիզացնելն է, հատկապես՝ Քարվաճառը ֆորպոստի ու պլացդարմի վերածելն է, որից հետո հերթը Հայաստանինն է:

Մանավանդ, երբ վերջինիս արսենալը մեր նվիրած ռազմավարի շնորհիվ եռապատկվել է:

Այսօր մենք տրվում ենք այն պարզ ստահոդությանն ու հանգիստ շունչ քաշում, թե իբր Բաքվին այլևս չի հետաքրքրում «Զանգեզուրի միջանցքը», որ թշնամին՝ բավարարվելով իրանական ալտերնատիվ ճանապարհով հետ է կանգել իր նպատակից, որ Հայաստանի հանրապետության հանդեպ տարածքային հավակնություններ այլևս չունի, որ ժամանակն է փակել արյունոտ էջը, թևակոխել «խաղաղության դարաշրջան» ու հարևան բոլոր թշնամիների հետ ապրել խաղաղ և ներդաշնակ, համագոյակցել, բիզնեսով զբաղվել:

Մենք այս ամենին փորձում ենք անկեղծ հավատալ, իսկ թշնամին այս պահին հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ՝

կրկին զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում, թուրքական բանակի հետ համատեղ վարժանքներ է իրականացնում, Թուրքիայից «Akinci» տեսակի ԱԹՍ-ների նոր խմբաքանակ, Իսրայելից պատվիրված նոր սերնդի սպառազինություն է ստանում, Բաքվում Իտալիայի ՊՆ պատվիրակության հետ ռազմական համագործակցության հեռանկարներ է քննարկում, Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի հետ ռազմաստրատեգիական համագործակցություն հաստատում:

Եվ այդ նույն թշնամին կոչ անում չզինվել, բացահայտ սպառնում է Հայաստանին չթարմացնել ռազմական արսենալը, այլապես պատերազմն անխուսափելի է:

Այդ նույն թշնամին Արցախում «երկաթե բռունցք» արձան է տեղադրում, հայի հետքն է վերացնում, մշակույթն է ալբանացնում, «Արևմտրան Ադրբեջան» է վերադառնում, տեղանուններ է անվանափոխում, իսկ մենք խաղաղ համագոյակցելու մասին ենք մտածում:

Առանց հաշվի առնելու, որ վտանգները չեն չեզոքացվել, թշնամին իր ծրագրերից ու նպատակներից չի հրաժարվել:

Մենք ի միջի այլոց ենք վերաբերվում Լեմկինի՝ «Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ»-ի ահազանգմանը, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի տարածք, բայց և ոգևորվում ենք՝ լսելով ԱՄՆ Պետդեպի «Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների» խրոխտ հայտարարությունը:

Միաժամանակ, մենք լուրջ չենք վերաբերվում, երբ Ադրբեջանի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում, ուղիղ տեքստով ասվում է, թե՝ «Մենք 44 օրում Ղարաբաղն ազատեցինք, 24 ժամում հայկական ահաբեկչությունից մնացած հատվածները մաքրեցինք, իսկ մեր անկլավ ութ գյուղերը ազատելու համար մեկ կամ երկու ժամն էլ է բավարար…»:

Ինչևէ, լուրջ վերաբերվելու համար լրջանալ է պետք, սթափվել ու գիտացել է պետք:

Ինչ վերաբերում է Արցախին.

Չհանդգնե՛ք ասել, թե արցախյան կոնֆլիկտը լուծված է, պարտք ու պահանջ էլ այլևս չկա…

Քանի արցախահայ կա, որ տուն ու տեղ, հայրենիք է կորցրել, փախստական է դարձել, բայց հետ վերադառնալու իր ցանկությունն ու հավատը չի կորցրել, քանի դեռ իսկական հայ կա, որ չի համակերպվում Արցախի կորստի, Արցախի ադրբեջանացման հետ, քանի դեռ Արցախ աշխարհագրական տարածք կա առանց հայ՝ Արցախը կա, արցախյան հարցն էլ լուծված չէ:

Արցախն ապրում է, քանի որ ապրում է արցախցին:

Թեկուզ ժամանակավորապես ոչ Արցախում:

Այնպես, ինչպես Աթենքը Սալամինի ծովամարտից հետո:

Այնպես որ, երկրի ու հողի կորուստը որքան էլ ծանր է, միևնույն է՝ հողն անմահ է, հողն իրեն ուրիշ տեր չի ընդունում, հողն իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին է սպասում:

ՈՒ օրերից մի օր միանշանակ կհանդիպեն:

Այնպես որ, հողի կորուստն անդարձ կորուստ չէ, հողն իր տիրոջն է սպասում:

Միջինասիական յայլեքից ժամանած անդեմ քոչվորը արիացի, նստակյաց բնիկին քոչվոր սարքեց, հայրենազրկեց, հայրենիքի տեր դարձավ։

Բայց ինչպես քոչվորներին է բնորոշ, նրանք վաղ թե ուշ նորից քոչելու են:

Իսկ երբ Էրդողանն ասում է, թե «Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պես չեն լքի իրենց հայրենիքը», ապա ասեմ, որ նախ նա թքած ունի Գազայում բնակվող արաբ բնակիչների վրա, նրանց ճակատագիրը բնավ իրեն չի հետաքրքրում, այդ տարածքը նա համարում է իր պատմական հայրենիքը, և հետո՝ Գազայի բնակիչները մեռնում են այնտեղ, որովհետև անգամ էքզիստենցիալ վտանգի տակ չեն կարող լքել հայրենիքը, քանի որ գնալու տեղ չունեն և նրանց ընդունող չկա:

Ինչ վերաբերում է արցախահայերին, ապա արցախահայն իր որդիներին ևս տասնամյակերով զոհաբերել է հանուն հայրենիքի, բայց և ստիպված էր դուրս գալու իր սեփական հայրենիքից:

Արցախցին, ի տարբերություն Գազայի արաբների, ուներ մայր Հայաստան:

Բայց և ճիշտ է Էրդողանը, որ Ղարաբաղը հայերի հայրենիքն է, և որ Արցախի հայաթափումը միջազգային դավադրություն է, որի նախադեպը չպետք է հաջողվի իրականացնել Գազայում:

Ինչևէ, այս թոհուբոհի մեջ հիմա լուռ գործելու ժամանակն է:

Ուղղակի գործել է պետք:

Բայց երբ արձանագրում ես, որ այսօրվա իրականությունն այն է, որ Ալիևն է որոշում, թե ՀՀ սուվերեն տարածքում գործարան կառուցվի, թե՞ ոչ, եթե կառուցվի էլ, ապա որտեղ՝ հասկանում ես` ի՜նչ գործելու մասին կարող է լինել խոսքը:

Դե հա, կրկին «հներն» են մեղավոր:

«Նախկիններն» էլ են Ալիևի հետ նախապես համաձայնեցրել, որ Արցախում հյուսիսից հարավ ասֆալտ էին անում, Բերձորում ՀԷԿ-եր էին կառուցում, Շուշիում մեկ օրում 100 հարսանիք ու 100 կնունք էին անում, Ստեփանակերտում շքերթներ ու ողջ սահմանի երկանքով զորավարժություններ անցկացնում:

Այդ ամենն էլ, հող հայրենիքի հետ

փաթաթեցիք, տվեցիք թուրքին, Շուշին էլ Շուշա դարձրեցիք, Ստեփանակերտի սրտում էլ այսօր թուրքի դրոշն է ծածանվում, մոտ օրերս էլ նրանց հաղթանակի պառադն է Վերածննդի հրապարակում:

ՈՒ այս տեսականին, որը սուվերեն տարածքից շուրջ 150 հեկտար զիջել է թշնամուն, ու հարմարվել օկուպացիայի հետ, որոնց համար Որոտանը Էյվազլի է, ձնոտ սարերը մեզ պետք չեն, անկլավներն էլ պատրաստ են տալ, երբ հարկ լինի՝ դեռ խոսում են ինքնիշխանությունից, մենք էլ նրանցից գործուն քայլեր ենք ակնկալում:

Փորձը ցույց է տվել, ինչից խոսել են այն զիջվել կամ կորսվել է:

Այնպես որ, ակնկալիք չունենաք, որ այս ժամամակահատվածում նման իշխանությունների օրոք վերը թվարկված հարցերը լուծվեն:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2555

Մեկնաբանություններ