ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իրանը ցանկանում է միջուկային համաձայնագրին վերադառնալ Եվրոպայի օգնությամբ

Իրանը ցանկանում է միջուկային համաձայնագրին վերադառնալ Եվրոպայի օգնությամբ
04.02.2021 | 12:30

Իրանի ԱԳ նախարարը խնդրում է ԵՄ-ին դառնալ միջնորդ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև՝ միջուկային համաձայնագիրը վերականգնելու համար: ԵՄ-ն կարող է միջնորդի ու համակարգողի դեր ստանձնել 2015-ի միջուկային համաձայնագրին վերադառնալու հարցում՝ CNN-ին հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը:

Իրանը շահագրգռված է համաձայնագրի վերականգնումով, և բնականաբար՝ իր տնտեսության համար կործանարար պատժամիջոցների վերացումով: ԱՄՆ նոր վարչակազմը սկզբունքորեն նույնպես դա է ցանկանում: Նոր պետքարտուղար Էնտոնի Բլինկենը եղել է միջուկային գործարքի մշակողներից մեկը: Հարցն այն է, թե ո՞վ է առաջին քայլն անելու:


Կողմերի դիրքորոշումները
Վաշինգտոնը խոստանում է պատժամիջոցները հանել, երբ Իրանը կդադարեցնի 2015-ի համաձայնագրին հակասող քայլերը ուրանի հարստացման ուղղությամբ: Իրանը մինչև հիմա աներեր պնդել է, որ իր գործողությունները պատասխանն են համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և պատժամիջոցները վերականգնելու, և թող ամերիկացիները առանց նախապայմանների հանեն պատժամիջոցները, հետո հնարավոր է խոսել Թեհրանի վերադարձի մասին համաձայնագրի պայմանների կատարման մասին: Հիմա Մոհամեդ Ջավադ Զարիֆն առաջարկում է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելին մշակել ու համաձայնեցնել համաժամանակյա և համակարգված վերադարձի մեխանիզմ միջուկային գործարքին: Այլ խոսքով՝ պայմանավորվել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը միաժամանակ համապատասխան հայտարարություններ անեն և ոչ մեկը դեմքը չկորցնի: Իրանի ԱԳ նախարարի պատկերավոր արտահայտությամբ՝ իր եվրոպացի գորրծընկերը պետք է դառնա համատեղ գործողությունների «խորեոգրաֆ-բեմադրիչ»: 2015-ի գործարքի պայմաններով՝ հենց Բորելն է ղեկավարում համաձայնագրի պայմանների կատարումը վերահսկող հանձնաժողովը: Էնտոնի Բլինկենը նույն օրը հարցազրույց տվեց NBC -ին ու կոչ արեց չշտապել: «Եթե Իրանը վճռի վերադառնալ համաձայնագրի պայմաններին, դա պահանջելու է ինչ-որ ժամանակ: Հետո պետք է լինելու էլի ինչ-որ ժամանակ, որ տեսնենք՝ կատարու՞մ է Իրանն իր պարտավորությունները»՝ հայտարարեց նա: Հետագայում Իրանի հետ պետք է կնքել «առավել երկարաժամկետ ու ուժեղ» համաձայնագիր՝ Բլինկենի խոսքով: Զարիֆը պատասխանեց, որ իր երկիրը կարող է համաձայնագրի կատարմանը վերադառնալ մեկ օրում:
«Ինչ-որ քայլեր կարող են պահանջել մի քանի օր կամ շաբաթ, բայց բոլոր դեպքերում ոչ ավելի երկար ժամանակ, քան պետք կլինի ԱՄՆ-ին, որ համապատասխան հրահանգները տա և վերադարձնի նախկին վիճակին Իրանի նավթը, բանկային համակարգը, տրանսպորտը և այլ ճյուղեր»՝ հայտարարել է նա: «ԱՄՆ-ը չունի մտածումների անսահամանափակ ժամանակի պաշար»՝ հավելեց նա: Ատլանտյան խորհրդի «Իրանի ապագան» ծրագրի տնօրեն Բարբարա Սլավինի կարծիքով՝ իրոք այդպես է, որովհետև հունիսին Իրանում նախագահական ընտրություններ են, որ կարող են անցնել Արևմուտքի հետ կոշտ առճակատման պայմաններում, վերադարձնել իշխանությունը ուլտրապահպանողականներին: «Մեր դիվանագիտությունը ապացուցել է Իրանի միջուկային գործունեությունը զսպելու իր ունակությունը: Դա միակ խելամիտ ճանապարհն է»՝ պնդում է նա: Բրուկինգսի ինստիտուտի Իրանի հարցով փորձագետ Սյուզեն Մելոնին բնավ զարմացած չէ Զարիֆի հայտարարություններից՝ չնայած իրանցիների թվացյալ անզիջումայնությանը:


Իրանի միջուկային ծրագիրը
Իրանի միջուկային ծրագիրը սկսվել է դեռ շահի օրոք: Իսլամական Հանրապետությունը սկսեց ակտիվ զբաղվել այդ ծրագրով 2003-ից, կառուցելով 17 տարբեր օբյեկտներ՝ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով: Թեհրանը միշտ հաստատել է, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ ատոմային էներգետիկայի զարգացմանն է ուղղված: Արևմուտքը կասկածել է, տարակուսել, թե ամենազարգացած արդյունաբերական երկրի, որ ունի սոցիալ-տնտեսական պրոբլեմներ և բնական ածխաջրածինների մեծ պաշարներ, ինչի՞ն են պետք աէկ-ները: Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը ուրանի հարստացումը հասցրեց մինչև 4,5%
-ի: Ատոմային ռումբերի համար բնական ուրանը հարստացնում են շատ ավելի բարձր մակարդակի, քան էլեկտրակայանների վառելիքի արտադրության համար: Հարստացումը տեղի է ունենում նույն ձեռնարկություններում և նույն տեխնոլոգիաներով, իսկ մակարդակը վերահսկելը խնդրահարույց է: Իրանի հետ այդ հարցով բանակցությունները Իրանի հետ սկսվել են 2004-ին: 2015-ի հունիսի 14-ին 6 տերություններ (ՄԱԿ-ի ԱԽ 5 անդամներ+Գերմանիա) և Իրանը Վիեննայում ստորագրեցին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագիր, որ հաճախ անվանում են միջուկային գործարք: Ի պատասխան պատժամիջոցները հանելու համաձայնության Իրանը համաձայնել է 15 տարի ուրան չհաստացնել մինչև զենքի մակարդակի, սահմանափակել իր ունեցած ցածր մակարդակի հարստացված ուրանի քանակը մինչև 300 կիլոգրամի և կրճատել գործող ուրանի հարստացման ցենտրիֆուգաների քանակը 19 000-ից 6,1 հազարի:
Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական արշավում համաձայնագիրն անվանեց «սարսափելի գործարք», որովհետև իր կարծիքով՝ բավարար երաշխիքներ չի տալիս, որ Իրանն ապագայում ատոմային ռումբ չի ունենա, չի վերաբերում հրթիռների ծրագրին, և, Վաշինգտոնի կարծիքով,՝ Իրանի ապակայունացնող ակտիվությանը մերձավորարևելյան երկրներում՝ Եմենում, Սիրիայում, Իրաքում: 2018-ի մայիսի 8-ին Թրամփի վարչակազմը միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից և վերականգնեց տնտեսական պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Ի պատասխան Իրանը հայտարարեց, որ չի պահպանի համաձայնագրով սահմանված սահմանափակումները, նախևառաջ ցենտրիֆուգաների թվի:


Իսրայելի տագնապները
2015-ի համաձայնագրի քննադատությամբ անփոփոխ հանդես է գալիս Իսրայելը: Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը Ջավադ Զարիֆի կոչը անվանեց «լիակատար դատարկախոսություն» և հայտարարեց, որ Իրանին այս պահին պետք է 6 ամիս, որ կուտակի մեկ ռումբի ստեղծման համար բավարար հարստացված ուրան և երկու տարի ռումբ ստեղծելու համար: Փաստացի՝ նա հեռակա բանավեճի մեջ մտավ Էնտոնի Բլինկենի հետ, որ օրերս հայտարարեց՝՝ ռումբի համար անհրաժեշտ ծավալի ուրանի հարստացման համար ժամանակը 1 տարուց կրճատվել է մինչև 3 ամսի, և մեղավոր է Թրամփը, որ իրանցիներին առիթ տվեց նորից միացնել իրենց ցենտրիֆուգաները: ՄԱԳԱՏԷ-ի եռամսյակային վերջին հաշվետվության տվյալներով՝ ցածր հարստացման մակարդակի ուրանի քանակը Իրանում հիմա 2,4 տոննա է՝ 8 անգամ ավելի շատ, քան նախատեսված է միջուկային գործարքով: Ռեյտերի տրամադրության տակ հայտնված՝ ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցի համաձայն՝ Իրանը, հակառակ միջուկային գործարքի պայմանների, գործարկել է հարստացուցիչ ցենտրիֆուգաների IR-2m երկրորդ համալիրը՝ Նատանզայի ստորգետնյա գործարանում: Նախկինում Նատանզայում աշխատում էր մեկ համալիր՝ 174 ցենտրիֆուգաներով: Դեկտեմբերին Թեհրանը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին, որ մտադիր է համալիրների թիվը հասցնել չորսի: Երկրորդ համալիրն արդեն աշխատում է, երրորդը՝ նոր է տեղակայվում:
BBC


Հ.Գ. Ժոզեպ Բորելին դիմելը լրացուցիչ ճնշում է ԱՄՆ-ի վրա, միջուկային գործարքը ստորագրած վեցյակի եվրոպացիները համաձայնագրից դուրս չեն եկել, և նույնիսկ փորձ էին անում ձևավորել վճարումների համակարգ, որ շրջանցեր ԱՄՆ պատժամիջոցները Իրանի դեմ: Իրանի միջուկային ծրագիրը մասն է ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքում նոր քաղաքականության, որը պետք է հաշվի առնի ու հավասարակշռի արաբական աշխարհի ու Իսրայելի շահերը ևս: Ուստի Բլինկենի ժամանակին ապավինելը պատրվակ է՝ նոր քաղաքականությունը մշակելու համար: Բայց նաև Բայդենն ու Բլինկենն են հասկանում, որ ժամանակ չունեն և համաձայնագրի հարցը պետք է լուծեն արագ՝ նպաստելու Իրանում չափավորականների իշխանության մնալուն՝ հունիսին նախագահական ընտրություններ են: Պատժամիջոցների վերացումը լրացուցիչ խթան է դառնալու տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության թուլացման և, բնական է, որ Անկարան իրեն հասու միջոցներով խանգարելու է պատժամիջոցները հանելուն: Նաև դա էր Զարիֆի Անկարա այցի պատճառը՝ հարթելու Իրան-Թուրքիա հարաբերությունների սուր անկյունները և համագործակցության պատրանքներ ստեղծելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Հայաստանի համար միանշանակ ձեռնտու է Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը և Իրանի տնտեսական զարգացումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ