ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ղարաբաղ՝ նոր ստատուս քվոն և Վրաստանը

Ղարաբաղ՝ նոր ստատուս քվոն և Վրաստանը
15.11.2020 | 09:32

Հերթական մեծ պատերազմը Ղարաբաղում ավարտվեց, ստորագրվեց խաղաղության պայմանագիր, որ նշանակում է նոր ստատուս քվո և տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռություն:
Որտե՞ղ է Վրաստանը այդ ստատուս քվոյում և չի՞ նշանակում դա Ռուսաստնի հետագա ուժեղացում: Այս և այլ կարևոր հարցերի դեռ վաղ է սպառիչ պատասխաններ տալ, բայց և շատ բան արդեն պարզ է: Նախևառաջ՝ Վրաստանը խուսափեց հնարավոր սցենարներից ամենածանրից: Խոսքը մեր երկրով ռազմական միջանցքի պահանջն է Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ պատերազմի դեպքում: Պատերազմը սկսվեց ու ավարտվեց այնպես, որ Վրաստանը միջանցք չխնդրեց: Վրաստանը կարողացավ խուսափել պատերազմի մեջ ներքաշվելուց ու չեզոքություն պահպանեց: Ոչ Բաքուն, ոչ Երևանը Թբիլիսիին պահանջներ չեն ներկայացնում:


Հայաստանը ծանրագույն պարտություն կրեց: Դեռ երկար ժամանակ կանցնի՝ մինչև երկիրը շոկից դուրս գա ու հասկանա՝ ինչ կատարվեց: Հայաստանը կորցրեց բանակի մեծ ու լավագույն մասը: Փաշինյանի օրերը հաշված են: Չնայած հայերը խիստ հիասթափված են Ռուսաստանի վարքագծից, քիչ հավանական է, որ Փաշինյանին փոխարինեն արևմտամետ ուժերը: Ավելի շուտ հակառակը կլինի՝ պարտությունը պատերազմում ու տարածքների կորուստը կվերագրվեն Արևմուտքի հետ Փաշինյանի խաղերին ու նրա տեղը կգան ուժեր, որ ավելի կողմնորոշված են դեպի Մոսկվա: Այս փուլում Հայաստանն այլ ճանապար չունի, Ղարաբաղի մնացած մասի պահպանության համար նրան անհրաժեշտ է ռուս խաղաղապահների ներկայությունը: Եթե ռուս խաղաղապահները դուրս գան, ադրբեջանցիները կարող են ամբողջությամբ գրավել մնացած տարածքը: Նրանց համար հիմա դա շատ ավելի հեշտ է քան երկու ամիս առաջ՝ ամեն ինչի հետ նրանց ձեռքում է Շուշին, որ լեռան վրա է, ունի ռազմավարական նշանակություն ու մի քանի կիլոմետր է հեռու Ստեփանակերտից: Դեպի Արևմուտք կողմնորոշվելու համար Հայաստանը պետք է հեռանա Ռուսաստանից և համապատասխանաբար ոչ միայն վերջնականապես հրաժարվի Ղարաբաղից, այլև կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ:


Չնայած Ռուսաստանը լավ ամրապնդեց դիրքերը, գլխավոր հաղթողն Ադրբեջանն է: Հաղթանակը պատերազմում լուրջ հայտ է: Նման հաջողություն հազիվ թե որևէ մեկը սպասում էր Բաքվից, այդ թվում՝ Ռուսաստանը: Նրանք հայերին զենք էին մատակարարում ու սպասում էին իրադարձությունների զարգացմանը: Նրանք չէին ցանկանում նեղացնել Ադրբեջանին և չէին խառնվում կոնֆլիկտին, առավելևս, որ իրավական հիմքեր չունեին (երկկողմ համաձայնագրով՝ Մոսկվայի երաշխիքները տարածվում էին միայն Հայաստանի տարածքի վրա): Ռուսաստանին ավելի ձեռք կտար, որ Ադրբեջանը առաջ չշարժվեր և ուժի մեջ մնար հին ստատուս քվոն: Բայց դրոնների օգնությամբ Ադրբեջանը հանգիստ ոչնչացրեց Հայաստանին պատկանող ռուսական տեխնիկան ու ոչ միայն առաջ շարժվեց, այլև մոտեցավ կարմիր գծին՝ Ստեփանակերտին: Պարզվեց ռազմական գործում հեղափոխություն է եղել, և, հավանաբար, ոչ ոք դրան պատրաստ չէր, այդ թվում՝ Ռուսաստանը: Սակայն «դրոնների հեղափոխությունը» ամբողջ ծանրությամբ զգաց Հայաստանը:


Եվս մեկ հաղթող է Թուրքիան, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո վաղուց ակտիվ դեր չէր խաղում Կովկասում: Կարծես՝ Մոսկվայի ու Անկարայի միջև որոշակի պայմանավորվածություն կա՝ երբ Թուրքիան փակեց աչքերը Ռուսաստանի միջամտության վրա Սիրիայում, Ռուսաստանը փակեց աչքերը Թուրքիայի միջամտության վրա Կովկասում:
Ռուսաստանն ապացուցեց, որ մնում է հիմնական խաղացողը Կովկասում: Պատերազմն ավարտվեց, երբ Պուտինը ստորագրեց խաղաղության համաձայնագօրը և ավարտվեց ռուս խաղաղապահների տեղակայումով: Հուսալի դաշնակցի նրա իմիջը նկատելի տարտղնվեց, բայց դաշնակիցներ նա այնքան էլ շատ չունի, իսկ եղածները անսակարկ կախված են իրենից:


Վրաստանի համար այս պատմությունը քիչ բան է փոխում՝ այնտեղ, որտեղ ռուսական բազան տեղակայված է Թբիլիսիից 40 կիլոմետրի վրա, ռուս խաղաղապահների ներկայությունը Լաչինում իրականում ոչինչ է և մեծ սպառնալիք չի ներկայացնում: Առայժմ, ցավոք, պետք չէ սպասել փոփոխությունների և մեր օկուպացված տարածքներում: Ռուսական երաշխիքները տարածվում են այդ տարածքների վրա (ի տարբերություն Ղարաբաղի): Սակայն միևնույն ժամանակ ձևավորվեց պատերազմում կորցրած տարածքների պատերազմով վերադարձի նախադեպ, այն էլ՝ մեր տարածաշրջանում: Դա նշանակում է, որ Սուխումիում ու Ցխինվալիում պետք է մտածեն, որ ոչինչ հավերժ չէ:


Խաղաղության համաձայնագրով՝ Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ ցամաքային միջանցքով, իսկ Նախիջևանի միջով՝ Թուրքիայի հետ: Արդեն տեսակետներ են հնչել, որ դա թուլացնում է Վրաստանի տարանցիկ կարողությունները: Իմ կարծիքով՝ դա մեծ կորուստ չէ: Եթե այս պատերազմից հետո տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղոթյուն, Վրաստանը ի վերջո կշահի: Մեր երկիրը կողմնորոշված է դեպի տարանցում, առևտուր և զբոսաշրջություն, մեզ խաղաղություն է պետք: Բացի այդ՝ Ադրբեջանի ուժեղացումը մեծացնում է շանսերը, որ մեր էներգետիկ միջանցքի (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) դերը կմեծանա և շնորհիվ նոր նախագծերի կդառնա ավելի կարևոր երթուղի Եվրոպայի համար: Առավելևս, որ Բայդենի Սպիտակ տուն գալուց հետո պետք է սպասել ԱՄՆ-ի ուշադրության վերականգնում մեր տարածաշրջանի նկատմամբ:
Թոռնիկե Շարաշենիձե, Грузия Online (Վրաստան)


Հ.Գ. Նախ՝ ստորագրվածը խաղաղության պայմանագիր չէ, այլ հրադադարի եռակողմ հայտարարություն, և խաղաղության պայմանագրի համար դեռ պայքարը շարունակվելու է ու հայտնի չէ՝ ուժերի ինչ հավասարակշռություն կլինի հավարտ: Ցավոք՝ միանշանակ ճիշտ է, որ դա նշանակում է Ռուսաստանի

հետագա ուժեղացում, հետևաբար՝ Հայաստանի ինքնիշխանության նվազում: Ցավոք, նույնքան ճիշտ է, որ դրա հետևանքը չի լինելու արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության դիվերսիֆիկացումը, որովհետև նորից մեջտեղում Արցախի հարցն է՝ արդեն ռուս խաղաղապահներով:


Իհարկե՝ Վրաստանը խուսափեց հնարավոր սցենարներից ամենածանրից, բայց շատ մեծ չափազանցություն է, որ Վրաստանը չեզոքություն պահպանեց և Երևանը Թբիլիսիին պահանջներ չի ներկայացնում: Մեղմ ասած՝ Վրաստանը դարձավ Հայաստանին շրջափակած երրորդ հարևանը՝ այն էլ պատերազմի ժամանակ, ու դա փաստ է: Փաստ է նաև, որ Փաշինյանի օրերը հաշված են, ու Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ նրան փոխարինեն բացարձակապես ռուսամետ ուժերը, իսկ արևմտամետ ուժերին վերագրվելու է պարտությունը պատերազմում ու տարածքների կորուստը: Այս պատերազմում Հայաստանին դավաճանեց և Ռուսաստանը՝ ունենալով ավելի վաղ պատերազմը կանգնեցնելու բազում հնարավորություններ, խաղաց Ալիևի պարտիան, որովհետև իրեն այս ամբողջ անցուդարձում պետք էր միայն իր խաղաղապահների տեղակայումը: Ու հենց այդ պատճառով՝ Ռուսաստանը փակեց աչքերը Թուրքիայի միջամտության վրա Կովկասում՝ ի վնաս Հայաստանի ու Արցախի:
Իսկ Վրաստանի համար այս պատմությունը ոչ թե քիչ, այլ շատ բան է փոխում, բայց փոփոխությունները լինելու են հետո, իսկ հիմա նրանք կարող են իրենց ռազմավարական դաշնակիցներ Անկարայի ու Թբիլիսիի հետ տոնել համատեղ հաղթանակը, բայց աննկատ, չէ որ Թբիլիսին, իբր, չեզոք էր այս պատերազմում:
Մի ճմշարտություն անխախտ է՝ ձևավորվեց պատերազմում կորցրած տարածքների պատերազմով վերադարձի նախադեպ տարածաշրջանում: Ուրեմն սա վերջին պատերազմը չէր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ