ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թշնամու որոնումները պետք է ավարտվեն

Թշնամու որոնումները պետք է ավարտվեն
09.11.2020 | 10:08

ԱՄՆ նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած դեմոկրատ Ջո Բայդենը ուղերձ է հղել ժողովրդին: «Ես լինելու եմ նախագահը, որ ոչ թե բաժանում, այլ միավորում է: Ես չեմ պատրաստվում նահանգները բաժանել դեմոկրակատականի ու հանրապետականի, կան միայն Միացյալ Նահանգներ,-հայտարարել է նա:-Ես եկել եմ այս պաշտոնին, որ միավորեմ Ամերիկայի հոգին, որ ողնաշարը վերադարձնեմ մեր ազգին, միջին դասին ու նորից Ամերիկային վերադարձնեմ ամբողջ աշխարհի հարգանքը»: Ջո Բայդենը ելույթ է ունեցել Դելավեր նահանգի մայրաքաղաք Ուիլմինգտոնում, որտեղից 1972-ին 30-ամյա Ջո Բայդենն ընտրվել է սենատոր: Առաջինը բեմ է բարձրացել ԱՄՆ-ի ապագա փոխնախագահ Կամալա Հարիսը՝ առաջին կինն ԱՄն պատմության մեջ այս պաշտոնում:

«ժողովրդավարությունն ուժեղ է, երբ մենք պայքարում ենք նրա համար,-հիշեցրեց նա կոնգրեսմեն դեմոկրատ Ջոն Լյուիսի խոսքերը:-Երբ մեր ժողովրդավարությունը այս ընտրություններում դրվեց խաղասեղանին, երբ մեզ հետևում էր ամբողջ աշխարհը, դուք պատմություն էիք ստեղծում: Մեր երկիրը պարտական է ձեզ շատ հարցերում: Դուք պաշտպանեցիք մեր ժողովրդավարության ամբողջականությունը: Շնորհակալություն ձեզ, որ ընտրություններին գնացիք այդքան ռեկորդային թվով: Դուք հստակ ազդանշան տվեցիք: Դուք քվեարկեցիք հույսի, ճշմարտության համար, դուք ընտրեցիք Ջո Բայդենին: Նա ամոքիչ է, նա միավորիչ է, նա շատ կորուստներ է ունեցել, և նորից կօգնի մեզ մեր աստղը գտնել: Ես առաջին կինն եմ, որ այս բարձր պաշտոնին է հասել, բայց ոչ վերջինը: Որովհետև ամերիկացի բոլոր աղջիկները տեսնում են, որ երկիրը իրենց տալիս է այս հնարավորությունը: Թող ձեր երազները լինեն բարձր ու նպատակաուղղված: Մենք ձեզ կաջակցենք այդ ճանապարհին: Ես այնպիսի փոխնախագահ կլինեմ, ինչպես Ջոն էր Օբամայի համար»՝ խոստացել է Կամալա Հարիսը: Բեմ բարձրացած Ջո Բայդենն ասել է. «Համերկրացիներ, ամերիկացիներ, Դելավերի նահանգի բնակիչներ: Ես ամեն ինչով պարտական եմ ձեզ, նրանց, որ աջակցել են մեզ, բոլոր քաղաքների բնակիչներին, բոլոր ռասաներին ու փոքրամասնություններին: Դուք աջակցել եք ինձ, և ես աջակցելու ու պաշտպանելու եմ ձեզ»: «Ամերիկան կշեռքի նժարները թեքել է արդարության կողմը»՝ հավելել է նա: Բայդենը դիմեց նաև պարտվածներին.«Ես հասկանում եմ հիասթափությունը նրանց, որ քվեարկել են նախագահ Թրամփի օգտին, ես էլ երկու անգամ պարտվել եմ: բայց նրանք մեզ թշնամի չեն, նրանց ամերիկացիներ են»՝ հիշեցրել է Բայդենը: «Եկեք միմյանց շանս տանք: Ժամանակն է կտրուկ հռետորաբանությունը մի կողմ դնել, լարումը թուլացնել ու նորից միմյանց տեսնել, նորից լսել միմյանց: Թշնամիների որոնումները պետք է ավարտվեն»: Բայդենի խոսքով՝ առաջինը մտադիր է վերահսկողության տակ վերցնել կորոնավիրուսի իրավիճակը: Կովիդին հակադրվելու Բայդեն-Հարիս պլան է մշակվել:

«Երկուշաբթի ես գիտնականների ու փորձագետների խմբին կներկայացնեմ, որ 2021-ի հունվարի 20-ից (ԱՄՆ նախագաի պաշտոնակալության օրը) կիրականացնեն այդ պլանը՝ հիմնված հիմնարար գիտության վրա»: Կաթոլիկ ընտանիքում մեծացած Բայդենը իր ելույթում մի քանի անգամ դիմեց Սուրբ գրքին: «Աստվածաշունչն ասում է, որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Կառուցելու ժամանակը ու բերքը հավաքելու, բուժվելու ու ցանելու: Ամերիկայի համար հիմա վերքերը բուժելու ժամանակն է»: «Տարածեք հավատը: Սիրում եմ ձեզ բոլորիդ, Աստված, օրհնիր Ամերիկան»՝ ավարտեց ելույթը Բայդենը:
BBC


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ում օրոք Ջո Բայդենը փոխնախագահ էր, ֆեյսբուքում գրել է. «Ես չեմ կարող չհպարտանալ մեր ապագա նախագահ Ջո Բայդենով ու հաջորդ առաջին տիկին Ջիլ Բայդենով: Ես չեմ կարող չհպարտանալ Կամալա Հարիսին ու Դուդ Էմհոֆին շնորհավորանքներով՝ Կամալային հաջորդ փոխնախագահ ընտրելու նորարարական նախաձեռնության համար: Այս ընտրություններում աննախադեպ իրավիճակում ամերիկացիները հայտնվեցին թվերի մեջ, որ երբեք չէին տեսել: Եվ երբ ամեն մի ձայն հաշվվի, նախագահ Բայդենն ու փոխնախագահ Էլեկտ Հարիսը պատմական ու վճռական հաղթանակ կտոնեն: Մեր բախտը բերել է, որ Ջոն ունի այն, ինչ պետք նախագահ դառնալու համար, և նա իրեն արդեն նախագահի պես է պահում: Որովհետև երբ նա մտնի Սպիտակ տուն հունվարին, բախվելու է արտակարգ բազում խնդիրների, որ երբեք չի ունեցել որևէ այլ նախագահ՝ մոլեգնող պանդեմիան, անհավասար տնտեսությունը և արդարադատության համակարգը, սպառնալիքի տակ գտնվող ժողովրդավարությունն ու վտանգված կլիման: Ես գիտեմ, որ նա գլուխ կհանի յուրաքանչյուր ամերիկացու սպասումներից լավագույնս՝ անկախ իրեն է ձայն տվել, թե ոչ: Ուստի ես յուրաքանչյուր ամերիկացու կոչ եմ անում նրան շանս տալ ու աջակցել: Բոլոր մակարդակների ընտրությունները ցույց են տալիս, որ երկիրը խոր ու դառը բաժանման մեջ է: Դա կախված է ոչ միայն Ջոյից ու Կամալայից, կախված է մեզնից յուրաքանչյուրից՝ դուրս գալ կոմֆորտի գոտուց, լսել մյուսներին, իջեցնել ջերմաստիճանը և գտնել ընդհանուր հարթակ, որտեղից էլ գնալ առաջ: Մենք բոլորս հիշում ենք, որ միասնական ժողովուրդ ենք՝ Աստծո թևի տակ:


Վերջապես ուզում եմ շնորհավորել նրանց, որ աշխատել, կազմակերպել ու կամավոր մասնակցել են Բայդենի ընտրարշավին, բոլոր ամերիկացիներին, որ ներգրավվել են յուրովի, և բոլորին, որ առաջին անգամ են քվեարկել: Ձեր քանքերը փոխեցին իրավիճակը: Վայելեք այս պահը: Մնացեք դաշնակիցներ: Ես գիտեմ, որ դա հոգնեցուցիչ է: Բայց որ ժողովրդավարությունը պահպանվի, պահանջում է ակտիվ քաղաքացիություն ու ուշադրության մշտական կենտրոնացում պրոբլեմների վրա՝ ոչ միայն ընտրական շրջանում, այլև բոլորր օրերին: Մեր ժողովրդավարությունը մեր բոլորի կարիքն ունի ինչպես երբեք: Մենք Միշելի հետ պատրաստ ենք աջակցել նախագահին ու առաջին տիկնոջը, ինչով կարող ենք»:
Երեկ ԱՄՆ լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը՝ Փենսիլվանիա նահանգում առաջ անցնելով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից։ Բայդենին հաղթելու համար անհրաժեշտ էր Ընտրիչների կոլեգիայում 270 ձայն, նա արդեն 273-ն ունի։ Թրամփը 214 ձայն ունի։ Նրան առաջինը շնորհավորել են նախկին դեմոկրատ նախագահները՝ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը և Ջիմի Քարթերը: Բայդենին շնորհավորել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Շնորհավորում եմ ձեզ, Ջո Բայդեն և Կամալա Հարիս, ԱՄՆ հաջորդ նախագահի և փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», - գրել է նա Twitter-ում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ևս շնորհավորել է Ջո Բայդենին. «Շնորհավորում ենք Ջո Բայդենին՝ ԱՄՆ նորընտիր նախագահին: Եվրոպան և ԱՄՆ-ը կիսում են արժեքների համակարգը` արժեքների, որոնք մենք միասին պահպանում ենք: Ուրախ ենք մեր հետագա համագործակցության համար», - գրել է Կուրցը Twitter-ում: «Սրտանց շնորհավորում եմ: ԱՄՆ քաղաքացիները որոշում են կայացրել: Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ 46-րդ նախագահը: Իմ սրտի խորքից մաղթում եմ նրան երջանկություն և հաջողություն, շնորհավորում եմ Կամալա Հարիսին, որն ընտրվել է իր երկրի առաջին փոխնախագահ», - նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհավորանքում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Ջո Բայդենին: «Ամերիկացիներն ընտրել են իրենց նախագահին: Շնորհավորում ենք Ջո Բայդենին և Կամիլա Հարիսին: Մենք շատ անելիքներ ունենք այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար: Եկեք միասին գործենք», - գրել է Մակրոնը Twitter-ի իր էջում: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ-ի անունից հայտարարել է. «ԵՄ-ն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահի և Կոնգրեսի ընտրություններին: Մենք հաշվի ենք առնում ընտրական գործընթացից ստացված վերջին տվյալները: Այս հիմքի վրա ԵՄ-ն շնորհավորում է ընտրված նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին բավարար ձայներ հավաքելու կապակցությամբ»: Տարօրինակ է, բայց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս առաջիններից մեկն է շնորավորել Ջո Բայդենին. «Շնորհավորանքներս Ջո Բայդենին և Քամալա Հարիսին: Ջո, մենք մոտ 40 տարվա երկար ու ջերմ անձնական հարաբերություններ ունենք, և ես ճանաչում եմ քեզ որպես Իսրայելի մեծ ընկերոջ: Ես հույս ունեմ համագործակցել երկուսիդ հետ` հանուն ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև առանձնահատուկ միության հետագա ամրապնդման»՝ գրել է նա, կարևորելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իսրայելի համագործակցությունը: Փաստացի՝ Բենիի համար կարող են սկսվել ոչ այնքան պայծառ օրեր, եթե հիշենք ԱՄՆ-Իսրայելի հարաբերությունները Բարաք Օբամայի օրոք: Նույնը՝ Բորիս Ջոնսոնի համար, որ երեկ դեռ չէր շնորհավորել: Հազիվ թե Լոնդոնը Բայդենից ստանա այն «ցնցող» առևտրատնտեսական համաձայնագրերը, որ խոստանում էր Թրամփը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին էլ իր հերթին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի Աֆղանստանին աջակցել ահաբեկչության դեմ պայքարում:

«Շնորհավորանքներս ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին և ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին: Աֆղանստանը հույս ունի շարունակել և խորացնել մեր բազմամակարդակ ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի մեր հիմնարար գործընկերոջ հետ, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում խաղաղության հաստատման հարցում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ղանին: Թուրքիան մտադիր է մեծացնել ճնշումը ԱՄՆ նոր վարչակազմի վրա՝ ձգտելով ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը՝ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը: «Թուրքիայի տեսանկյունից ոչինչ չի փոխվում: Հաղորդակցման ուղիները կրկին նույն կերպ են աշխատելու: Մեզ մոտ հեղաշրջման փորձ է եղել: Դրա կազմակերպիչը ԱՄՆ-ում է: Նրա արտահանձնումը խնդրելուց ավելի բնական բան չկա: Այս գործընթացը կշարունակվի երկրի նոր ղեկավարության հետ: Մենք կավելացնենք մեր ճնշումը այս հարցի շուրջ»,-ասել է Օքթայը: Իրանի նախագահ Հասան Ռուհանին արձանագրել է, որ ԱՄՆ-ն հնարավորություն է ստացել ուղղելու անցյալի սխալները: «Այժմ ԱՄՆ գալիք կառավարությունը հնարավորություն ունի շտկելու անցյալի սխալները, վերադառնալու միջազգային կանոնների հարգմանը, միջազգային պարտավորություններին», - ասել է Ռուհանին:

Ջո Բայդենը հունվարի 20-ին` պաշտոնը ստանձնելուց հետո նախատեսում է մի շարք հրամանագրեր ստորագրել: Նա պատրաստվում է չեղարկել Դոնալդ Թրամփի մի շարք նախաձեռնություններ՝ տեղեկացնում է The Washingtwn Post-ը: Դեմոկրատ նախագահը մտադիր է կրկին միանալ Փարիզի կլիմայի պայմանագրին և չեղյալ հայտարարել ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը: Նա կարող է նաև չեղյալ հայտարարել մուսուլմանական երկրների քաղաքացիների համար ճանապարհորդության արգելքն ու վերականգնել ծրագիրը, որը թույլ է տալիս անօրինական կերպով բերված երեխաներին մնալ երկրում: Բայդենը կարող է կրկին միանալ 2015-ին Իրանի հետ միջուկային համաձայնագրին:


Իսկ Դոնալդ Թրամփը շարունակում է հայտարարել. «Ես հաղթել եմ ընտրություններում՝ ստանալով 71 միլիոն «օրինական ձայն: Ավելին, քան երբևէ ստացել է գործող որևէ նախագահ»,- գրել է Թրամփը Թվիթերում: Նա պնդում է, որ մի շարք նահանգներում դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ձայների հաշվարկման տեղամասեր: «Վատ բաներ են տեղի ունեցել, և մեր դիտորդներին թույլ չեն տվել արձանագրել դրանք: Նման բան առաջ չի եղել: Միլիոնավոր քվեաթերթիկներ էլեկտրոնային փոստով այնպիսի մարդկանց են ուղարկվել, որոնք երբեք նման դիմում չեն ներկայացրել»,- հավելել է Թրամփը: Թեպետ նրան համոզում են ճանաչել պարտությունը, Թրամփը մտադիր է հաղթանակը վիճարկել դատարանում:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին.
«Մեծարգո պարոն Բայդեն,
Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով ԱՄՆ-ը ու նրա ժողովրդին առաջնորդելու Ձեր գործունեության մեջ: Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը:


Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ:
Անշուշտ այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է մեր երկրների միջև։


Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների: Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու:


Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և ցանկանալ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն»:


Դոնալդ Թրամփը 4 տարի չարտաբերեց գենոցիդ և չճանաչեց Արցախը: Այս պահին նվազ կարևոր է, որ 2021-ի ապրիլի 24-ին Բայդենն արտաբերի գենոցիդ, ինչպես խոստացել էր ու չարեց Բարաք Օբաման, շատ ավելի կարևոր է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի դեմ, դատապարտի Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչությունը՝ վարձկանների հավաքագրման, սահմանների անօրինական հատման ու Արցախի դեմ պատերազմի բերելու համար, նորից անցնի 911 բանաձևին, որով արգելված էր զենքի վաճառքը Ադրբեջանին ու ընդհանրապես զենքի վաճառքի էմբարգո սահմանի Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ: Եվ, իհարկե, ճանաչի Արցախի անկախությունը՝ իբրև ժողովրդավարության ջատագով երկիր: Հազիվ թե Դոնալդ Թրամփը այս հարցերը փորձի կամ ցանկանա մինչև հունվար լուծել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ