ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Կարող եմ ձեզ գնդակահարել հենց այստեղ»

«Կարող եմ ձեզ գնդակահարել հենց այստեղ»
03.11.2020 | 10:41

Մի քանի շաբաթ Թուրքիան Կովկաս է ուղարկում սիրիացի զինյալների: Նրանք պիտի կյանքի կոչեն Թուրքիայի նախագահի մեծապետական ֆանտազիաները, և շատերը կյանքով են հատուցում՝ գրում է Der Spiegel-ը:

Թարեքը տուն է վերադարձել: Մի քանի հազար սիրիացիների համար, որ Թուրքիան Կովկաս է ուղարկում իբրև վարձկաններ, Թարեքը բացառություն է: Նրա պատմությունը սկսվել է կռիվներից առաջ: Օգոստոսի կեսին Իդլիբում ու Հալեպ նահանգի հյուսիսում, որտեղ վերահսկում է թուրքական բանակը, թուրքերը սկսել էին նորից հավաքագրել տղամարդանց Լիբիայում ռազմական գործողությունների համար: Այս անգամ Ադրբեջանի՝ Թուրքիայի բարեկամ ժողովրդի համար՝ ինչպես Անկարայում են ասում: Սիրիացիները իբր պետք է պարեկեին թուրքական ռազմաբազաները, որի դիմաց ստանալու էին ամեն ամիս մինչև 2000 դոլար, որ կասկածելի շատ էր պարեկության դիմաց: Թուրքիայի ֆինանսավորած զորամիավորումները Սիրիայում ստանում են ամսական 400 թուրքական լիրա, որ հավասար է 41 եվրոյի: «Պարեկության պատմությանը, իհարկե, ոչ ոք չհավատաց,-ասում է Թարեքը, որ այլ անուն ունի, թուրքական հետախուզությունից վախենալով՝ չի ցանկանում իր անունը տալ: -Բայց մեկ էր: Շուտով ձմեռ է: Ինչո՞վ ենք ապրելու, որտե՞ղ ենք մնալու»: Երբ անցյալ ձմռանը Բաշար Ասադի զորքերը վերցրին նրանց գյուղը, 21-ամյա երիտասարդն ու նրա ծնողները դարձան փախստական իրենց երկրում:

Սեպտեմբերին լուրերը հաստատվեցին: Մարդկանց հավաքագրումով, թուրքերի հանձնարարությամբ, զբաղվում էին սիրիացիները, հիմնականում «Համզա» և «Սուլթան Մուրադ» դիվիզիաների: Անձնագրեր և փաստաթղթեր ոչ ոք չէր հարցնում, չէին վերցնում միայն նրանց, որ 18 տարեկանից փոքր էին երևում: Հավաքվեց 500 մարդ, այդ թվում՝ Թարեքը և 42-ամյա Մոհամեդ ալ Շալանը՝ նրա վաղեմի ծանոթը: Ի տարբերություն մեծ մասի՝ նա կռիվների բազմամյա փորձ ուներ և իբրև հրամանատար պետք է ղեկավարեր խումբը, որի անդամ էր լինելու Թարեքը: Վարձատրության երկաստիճան համակարգը կասկածներ չէր թողնում, որ հետևում Թուրքիան է՝ բացի ամսեկան 1,5 հազար դոլարից և վիրավորների բուժումից, մահվան դեպքում նախատեսվում է վճարել 60 000 դոլար, նաև ընտանիքով Թուրքիայում բնակվելու իրավունք: Բայց ոչինչ չէր փաստաթղթավորվում: Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի տարածքի մեծ մասը 2015-ից վերահսկում էին թուրք զինվորականներն ու հատուկ ծառայությունները, Ասադի զորքերի ու Թուրքիայի փակ սահմանի միջև 3 միլիոն մարդ կա: Նրանցից են հավաքագրվում զինյալներ Էրդողանի միջամտությունների համար Լիբիայում, Սիրիայի քրդական շրջաններում, հիմա՝ Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջան գալով՝ Թարեքն ու 300 զինյալները տեղակայվել են Իրանի սահմանի մոտ, նրանց տվել են ռուսական զենք, բայց նրանք չգիտեին՝ ինչ են անելու: «Հետո հանկարծ կեսգիշերին մոտ, հրաման եկավ. «Մենք պետք արագ պատրաստվենք հայերի վրա հարձակման»՝ պատմում է Թարեքը: «Մենք նույնիսկ ճանապարհները չգիտեինք»՝ բացատրում է նա: Բայց կռիվը սկսվեց մինչև նրանք կհասնեին ճակատ:

«Ադրբեջանցիները կամ սպանվել էին, կամ փախան: Բայց մենք ու՞ր փախչեինք: Մեր վրա հռնդում էին կործանիչները, հեռվում պայթյուններ էին լսվում, մենք սողում էինք մինչև թաքստոց գտանք, ու սպասում էինք»՜ պատմում է Թարեքը: Նրա խոսքով՝ միայն առավոտյան, երբ հրաձգությունն ավարտվեց, եկան զինվորներն ու սիրիացիներին հետ տարան ճամբար: Այդ գիշերը զոհեր չունցան: Նրանց խմբի ղեկավար Շալանը և մի քանի զինվորներ գնացին «Համզայի» դիվիզիայի հրամանատարի մոտ ու բողոքեցին, որ տեղանքը չիմանալով՝ թնդանոթի միս են դառնում: Հրամանատարը, որ 35 տարեկան տղամարդ էր ու իրեն անվանում էր Սաիֆ աբու Բաքր՝ «առաջին խալիֆի սուր», նրանց վրա բղավեց, որ եկել են կռվելու, ու հիմա ուրիշ ելք չունեն: «Հետդարձի ճանապարհ չկա: Դուք պիտի կռվեք, կամ ես հիմա ձեզ այստեղ կգնդակահարեմ»:«Առաջին շաբաթներին տասնյակ զինյալներ սպանվեցին՝ Սիրիայի հյուսիսից, փախստականներ այլ շրջաններից:Հոկտեմբերի 4-ին հայրենիք ուղարկեցին 40 դիակ: Թուրք սպաներից մեկը դիմեց Թարեքին և նրա խմբից ողջ մնացածներին. «Եթե ուզում եք աշխատավարձ ստանալ, պետք է շարունակեք կռվել»: Թարեքի խոսքով՝ նրանք պատասխանեցին, որ հրաԺարվում են աշխատավարձից: Հոկտեմբերի 12-ին նրանք վերադարձան Սիրիա, ոմանց Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալեցին: Գուցե այն պատճառով, որ չափազանց անհնազանդ էին: Մյուսներին հրամայվեց լռել: Թարեքի գնահատականով՝ 500-ից 50-ը սպանվեց մինչև իր վերադարձը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի վերջին իբրև վարձկան Ադրբեջան է ուղարկվել 3-4000 սիրիացի:

Միջազգային մակարդակով համաձայնեցված 3 հրադադարից ոչ մեկը չպահպանվեց: Նախ և առաջ Ադրբեջանը, թվում է, ուզում է օգտագործել իրավիճակը, որ պայքարի ապստամբ անկլավում մինչև վերջին սիրիացին: Հյուսիսային Սիրիայում ընտանիքները հուսահատությամբ լի ընդունում են իրենց որդիների դագաղները: Թուրքերը պահանջում են, որ նրանց հուղարկավորեն արագ ու անաղմուկ:

Դահամ Ալասադ, Գիյոմ Պերիե, Քրիստոֆ Ռոյտեր, Der Spiegel

Հ.Գ. Իսկ մենք գերված մոջահեդներին օգտագործում ենք ավելի շատ իբրև մեր հայտարարությունների ապացույց, մինչդեռ շատ ավելի կարևոր է նրանց հարցաքննությունները ներկայացնել ԱՄՆ դատական ատյաններ ու հարցնել՝ ինչու՞ է ահաբեկչությունը ֆինանսավորվում ձեր դոլարով: Ներկայացնել ՄԱԿ, ու հարցնել՝ դուք համաձա՞յն եք, որ ահաբեկչական պետություններ լինեն ձեր կազմում՝ առանց պատժամիջոցների: Ներկայացնել ՄԻԵԴ՝ Թուրքիային ու Ադրբեջանին իբրև ահաբեկչական պետություններ դատապարտելու և մարդու իրավունքների պաշտպանություն պահանջելու ահաբեկչությունից: Վերջապես Հաագայի դատարան ներկայացնել՝ պահանջելով հետաքննել քրեական, ահաբեկչական ու ռազմական հանցագործությունները՝ ներառյալ կասետային ու ֆոսֆորային ռումբերի օգտագործումն Արցախում: 21-րդ դարում Թուրքիան չի կարող անպատիժ ահաբեկիչ լինել՝ իբրև պետություն: Պատահական չէր՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել, որ այսօր Էրդողանն աշխարհի համար շատ ավեի վտանգավոր է, քան covid 19–ը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ