ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Թուրքիան, БРИКС-ին անդամակցելու իր դիմումով, խաղում է Արևմուտքից եկող շատ մեծ ռիսկերի հետ

Թուրքիան, БРИКС-ին անդամակցելու իր դիմումով,  խաղում է Արևմուտքից եկող շատ մեծ ռիսկերի հետ
18.09.2024 | 13:07

Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։

Այս պրոբլեմն ունի ընդհանրական բնույթ և մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության կենտրոնական հարցերից մեկն է։

Միջազգային էքսպերտային հանրությունը և քաղաքագետները ակտիվորեն քննարկում են Թուրքիայի պրոբլեմը բազմաթիվ տեսանկյուններից, բայց միտումնավոր կերպով, թե առանց որևէ միտումի, նրանց ուշադրությունից դուրս են մնացել երկու կարևոր հարցեր, որոնցից առաջինը կապված է Թուրանի գաղափարի հետ, իսկ երկրորդը՝ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի բռնած ավանդական վայրագ դիրքի հետ։

ՆԱՏՕ-ի կարևոր անդամ լինելով ու ԵՄ-ի անդամության հետ կապված տարիներ շարունակ ձգվող մերժումների հետևում ընկած է Արևմուտքի այն կայուն տեսանկյունը, որ Թուրքիան ընդհանուր քաղաքակրթական առումով Արևմուտքի օրգանական մաս լինել չի կարող, իսկ ՆԱՏՕ-ի անդամ լինելը խոսում է այն մասին, որ նա նույն Արևմուտքին պետք է միայն որպես գործիք գոյության գլոբալ պայքարում։

Դրանից բացի, սիստեմային կայունության տեսանկյունից նշված մերժումների հետևում կա նաև մի այլ կարևոր նկատառում, այն է՝ հզորների միությունը միշտ անկայունության հետ կապված պրոբլեմներ ունի։

Այս պրոբլեմը լիդերության մեծ պրոբլեմի մի մասնավոր դեպքն է միայն, որի էությունը կայանում է նրանում, որ եթե որևէ միություն կամ կազմակերպություն ունենում է հավասարազոր կամ դրան մոտիկ երկու լիդերներ, ապա վաղ թե ուշ ներքին հակասությունները անկայուն են դարձնում նման միությունը։

Այս նկատառման կարևորությունը կարող ենք տեսնել նաև Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերություններում։

Այն դեպքում, երբ Ռուսաստանն իր քաղաքակրթական էությամբ Արևմուտքի շարունակությունն ու նրա օրգանական մասն է, այս իրավիճակում էլ ՆԱՏՕ-ի անդամության հարցում է Ռուսաստանը ստանում մերժում։

Ուշադիր նայելու դեպքում պարզ երևում է նույն բովանդակությունն ունեցող երկու մերժումների հիմքում ընկած նկատառումների ասիմետրիան, եթե քաղաքակրթական առումով օտար ես, որը Թուրքիայի դեպքն է, կարող ես ՆԱՏՕ-ի անդամ լինել, բայց ԵՄ-ի անդամ չլինել, իսկ եթե քաղաքակրթական առումով համարյա հարազատ ես, այս դեպքում էլ ՆԱՏՕ-ի անդամ չես կարող դառնալ։

Բնականաբար, այսքան բանը տեսնելով ու հասկանալով, Թուրքիան, БРИКС-ին անդամակցելու իր դիմումով, խաղում է Արևմուտքից եկող շատ մեծ ռիսկերի հետ, որը արդարացված չէր լինի, եթե նա БРИКС-ի մեջ շատ մեծ պոտենցիալ շահ չտեսներ։

Իսկ այդ պոտենցիալ շահի էությունը կայանում է հետևյալում։

Եթե БРИКС-ի ձևավորման ներկա պրոցեսում Թուրքիան չկարողանա միանալ այս կազմակերպությանը, ապա դա հավասար կլինի Թուրանի գաղափարի վրա խաչ քաշելուն, քանի որ դրանով Թուրքիան կկտրվի թուրքական աշխարհից։

Իսկ հետո էլ, երբ БРИКС-ը արդեն ձևավորված լինի, կայունության հետ կապված նույնատիպ նկատառումներով հիմա էլ նա օտար կլինի БРИКС-ի համար։

Հենց այս գործում չուշանալու հետ է կապված Թուրքիայի Արևմուտքի հետ կապված հարցերում մեծ ռիսկերի դիմելու վճռականությունը, քանի որ երկաթը տաք-տաք են ծեծում։

Հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների որոշակի սառեցումը՝ վերջինիս БРИКС մտնելու դիմումի հետ կապված հնարավոր են ամենատարբեր որոշումներ։

Եթե այն լինի դրական, ապա դա հնարավորություն և լրացուցիչ շանս կտա Թուրքիային թուրքական աշխարհի հետ հզոր ուժ դառնալ ապագայում, որը շատ հեռու է Ռուսաստանի ու Չինաստանի շահերից։

Իսկ զարգացումների նման տարբերակից հեռու մնալու լուծումն էլ խնդրո առարկա դիմումի դիպլոմատիկ մերժումն է. կապրենք, կտեսնենք։

Մյուս հարցը, որը Թուրքիայի քաղաքակրթական մակարդակի ինդիկատորն է, այն դեպքում, որ նա խաղաղության աղավնի ձևանալով կողմ է Չինաստանի կողմից առաջարկված աշխարհակարգի բոլոր դրույթներին, բայց և միաժամանակ շարունակում է իր վայրագ մոտեցումը Հայաստանի ու հայերի հարցում, շատ պրոբլեմատիկ է հենց իր՝ Թուրքիայի համար։

Անկախ նրանից, որ մեր կշիռը շատ փոքր է, և մենք որևէ լուրջ դերակատարում չունենք միջազգային կյանքում, այս հանգամանքը Թուրքիային չափելու լրացուցիչ միջոց է, որը մեզ հետ կապ չունի։

Այս հարցը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Չինաստանի առաջարկած նոր աշխարհակարգի սկզբունքների հետ Թուրքիայի համաձայնությունը բացահայտ կեղծիք է, այն նույն Չինաստանի, որի հետ ույղուրների հետ կապված մեծ հակասություններ ունի Թուրքիան։

Շատ ավելի մեծ հակասություններ ունի Թուրքիան Ռուսաստանի հետ Կովկասում, մերձվոլգյան և միջինասիական տարածաշրջաններում։

Այն դեպքերում, երբ հզորների արանքում մնացած կիսահզորը, ուզած-չուզած, երկու հակամարտ կողմերի համար էլ միաժամանակ և՛ բարեկամի, և՛ թշնամու դերեր է կատարում, դրա վերջ լավ չի լինում։

Պատմական Հայաստանի դեպքը՝ մեզ օրինակ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 14880

Մեկնաբանություններ