ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բաքուն «համեղ խայծին» մեծ հաճույքով է արձագանքում

Բաքուն «համեղ խայծին» մեծ հաճույքով է արձագանքում
29.06.2012 | 01:25

Ադրբեջանի վերաբերյալ փորձագիտական շատ գնահատականներում ու հրապարակումներում սովորական դարձած մակդիրներին` «արևելյան բռնապետություն», «ընտրովի ինքնակալական երկիր», «նավթային միապետություն», վերջին ժամանակներս ավելացել է ևս մեկ` «ռազմահենակետ» բնորոշումը։ Հասկանալի է, որ նկատի է առնվում այդ երկրի հնարավոր դերն Իրանի դեմ հավանական պատերազմում։ Ահա թե ինչ է հաղորդում հեղինակավոր և ամենահաս արաբական «Էլ-Ջազիրան» իր կայքում զետեղված «Իրանին Արևմուտքի հնարավոր հարվածը քաղաքական ասպարեզ դուրս բերեց Ադրբեջան անունով մի երկիր», և Իրանը համոզված է, որ «Ադրբեջանին ամենևին էլ «պստիկ» դեր չի հատկացվել իր դեմ ուղղված պայքարում»։ Այնուհետև հաղորդվում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին տրամադրում է պարեկանավեր, իսկ ամերիկյան հրահանգիչները վարժեցնում են այդ երկրի հատուկ նշանակության ռազմածովային ուժերը։ Արևմտյան հայտնի փորձագետ Ալեքսանդր Ռարը ասում է, որ եթե Իրանին հարվածեն, ապա դա հաստատ կարվի ոչ թե արաբական երկրների տարածքից, այլ «ավելի հավանական է` Ադրբեջանի տարածքից, որն այսօր, փաստորեն, Իսրայելի մերձավոր դաշնակիցն է»։ Քաղաքագետի կարծիքով, այդ հարցը Հարավային Կովկաս Քլինթոնի այցի առյուծի բաժինն է կազմել։ Գերմանական Deutsche Well թերթում ասվում է, որ «պաշտոնական Թեհրանը չի ուզում ըմբռնել այն փաստը, որ Ադրբեջանը մտերմացել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, բայց չէ՞ որ հենց այս երկրներն են պատժամիջոցներ պահանջում»։ Համապատասխանաբար` «Իրանը բորբոքում է Ադրբեջանին»։

ՈՒ թեև պաշտոնական Բաքուն շարունակ պնդում է, թե «Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել Իրանի վրա հարձակում ծրագրող որևէ ուժի», մեր իրատես դարում հազիվ թե դրան հավատացող լինի։ Չէ՞ որ խոսքը` խոսք, իսկ 1,6 մլրդ դոլարի սպառազինության մատակարարման վերաբերյալ Թել Ավիվի հետ ռազմական պայմանագիրը, մեծամասնության կարծիքով, հաշվենկատ հրեաները կնքել են ոչ միայն տնտեսական շահերի նկատառումով, առավել ևս, ո՛չ ադրբեջանցիների սիրուն աչքերի համար։ Բաքվի համար նման վտանգավոր «ղալմաղալի» և նրա նոր կողմնորոշման պատճառը յուրաքանչյուրը յուրովի է բացատրում, բայց համարյա բոլորը հիշատակում են Հայաստանի հանգամանքը։ Ընդ որում, դա անում են ամենապարզունակ սխեմայով` «քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Իրանը Հայաստանի բարեկամն է, ապա այստեղից բխում է, որ Ադրբեջանի լավագույն գործընկերները Իսրայելն ու ԱՄՆ-ն են»։ Նրանք բոլորն ասես մոռանում են, որ Երևանը բնավ էլ այսօր չէ, որ սկսել է բարեկամություն անել Թեհրանի հետ և դարձել է Մոսկվայի գործընկերը։
Նուրբ, բայց ոչ այնքան համոզիչ են Ռուսաստանից հնչող փորձագիտական գնահատականները։ Ադրբեջանցիների վաղեմի պաշտպան, հայերի անսքող թշնամի, վերջերս կատարված աղմկալի ձերբակալություններից և խուզարկություններից հետո սոսկ «Իսլամական կոմիտե» ոչ կառավարական կազմակերպության նախագահ, իր գազանաբարո հռետորաբանությամբ մեզ քաջ հայտնի Հեյդար Ջեմալը հայտարարում է. «ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնի այցի նպատակն ակնհայտ է` փորձել տիրանալ Հարավային Կովկասին` Իրանը շրջապատելու և Հարավային Կովկասը նրա դեմ հնարավոր պատերազմական գործողությունների հենակետ դարձնելու, նրա վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար»։ Այնուհետև, ինչպես և վայել է իրեն, նա ամբարտավանորեն փորձում է «վախեցնել Մոսկվային», նրա աչքերը բացել «Ռուսաստանին դուրս մղելու» հարցում, և հավատացնում է, որ «ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է Իրանից ու Մոսկվայից խլել Հայաստանը` որպես Հարավային Կովկասում դաշնակցի և սուբյեկտի»։ Մոսկվան, նրա կարծիքով, «սկզբից ևեթ փակուղի է մտել, ընդ որում, դեռ Գորբաչովի ժամանակներից, որը շեշտը լրիվ դնում էր հայերին պաշտպանելու վրա»։ Իսկ ներկա ձևաչափը հնարավորություն է տալիս, որ տարածաշրջան «խցկվեն ՆԱՏՕ-ն ու Միացյալ Նահանգները»։ Նրանք կփորձեն փոխել ադրբեջանական «բազմավեկտորությունը», ենթադրում է փորձագետը, «Ադրբեջանը հակել հակաիրանական, նատօյամետ դիրքորոշման, որպեսզի այդ հանրապետությունը վերջնականորեն դառնա ՆԱՏՕ-ի հենակետ»։ Ընդ որում, հետևությունն արվում է լիովին նրա աշխարհընկալման ու նկրտումների ոգով. «Դրա համար Ադրբեջանին պետք է երաշխիքներ տալ Երևանի առնչությամբ։ Ռուսաստանն այդ բանն անել չի կարող, որովհետև երաշխիքներ է տալիս միայն Հայաստանին։ Իսկ դա, «անկասկած», անուղղելի, կարելի է ասել աղետալի հետևանքներ կառաջացնի թե՛ Ռուսաստանի, թե՛ այդ հարցում նրա դաշնակիցների համար»,- հայտարարել է Ջեմալը։
Մեկ այլ փորձագետ` Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Սև ծով-կովկասյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը, թեև հույս ունի, որ «բանը, այնուամենայնիվ, դրան չի հասնի», ընդգծում է, թե հայեցակարգը բավական «ենթադրական» է, կարծում է, թե «ավելի հավանական է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տեղավորվի ԱՄՆ-ի իրանական քաղաքականության շրջանակում»։ Իսկ Ադրբեջանի պատրաստակամությունը` իր տարածքը տրամադրելու որպես «ռազմահենակետ», սակարկության թեմա կդառնա Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման ընթացքում։ Ավելին, նրա կարծիքով, հանուն դրա «ամերիկյան վարչակազմն աչք կփակի չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջագծով զինված հակամարտության վերսկսման վրա»։ Այնպես որ, «վերջին 20 տարվա բանակցությունների միջանկյալ արդյունքների վրա խաչ քաշելու և վատ խաղաղության փոխարեն լավ պատերազմ սանձազերծելու վտանգ կա»,- նկատել է Է. Պոպովը։
Հայաստանի ու Ղարաբաղի համար վտանգ, իհարկե, կա։ Ավելին, նկատենք, որ այն շատ վաղուց է սպառնում, բայց կցանկանայի ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ «Ռազմահենակետը»` որպես որևէ բանի, առավել ևս ռազմական ներխուժման և ոչ թույլ հակառակորդին հարվածներ հասցնելու հիմնաբազա, իհարկե, ինքը պետք է ամուր ու կայուն լինի։ Առավել ևս, պատերազմի բեռի տակ կքած չլինի, կամ, որ ավելի ահավոր է, պարտիզանական պատերազմի։ Իսկ այն կարող է իր ամբողջ «սպառնալից հմայքով» սկսվել «սակարկությունից» և Ղարաբաղը «ծախելուց» հետո։ Կայծակնային պատերազմը և խաղաղարարների կայծակնային մուտքը, հայերի պարագայում, իհարկե, հնարավոր չէ, իսկ ձգձգված ներքին ռազմական գործողությունները, իրենց հերթին, մահացու են ցանկացած, նույնիսկ ավելի ամրակուռ «հենակետի» համար, քան ադրբեջանականն է։ Վաշինգտոնը չի կարող չկանխատեսել և հաշվի չառնել այդ հանգամանքը։ Առավել ևս, որ եթե «հենակետ» պետք էլ է, ապա հիմա է պետք, իսկ Ամերիկայում հիմա նախագահական ընտրություններն են քթի տակ։ Օբաման «կծախի՞», արդյոք, Ղարաբաղը և է՛լ ավելի կփչացնի՞ հարաբերությունները հայ ընտրողների հետ, ովքեր առանց այն էլ դժգոհ են Թուրքիայի ու Ցեղասպանության առթիվ նրա դիրքորոշումից, և հաշվի չի նստի ԱՄՆ-ում հայ համայնքի ունեցած լոբբիստական հնարավորությունների հետ։ Իհարկե, հետաքրքիր հարց է։ Բայց, ամենայն հավանականությամբ, ռուս փորձագետների պատկերած սցենարները, որոնք կարող են ծայրաստիճան ցավագին արտացոլվել բուն Ամերիկայում, առավել անընդունելի են Սպիտակ տան համար։ Եվ դրանք կարող են իրացվել միայն խիստ լարված իրավիճակում, ինչը, բարեբախտաբար, չի երևում։ Պատերազմը թեև, կարծես, մոտենում է Իրանին, բայց թե՛ Մոսկվան, թե՛ Պեկինը կտրականապես դեմ են դրան, ասենք, Արևմուտքում էլ դեռևս շատ դժվարությամբ են «մարսում» Աֆղանստանն ու Իրաքը, և ամենևին չեն ուզում խրվել նոր արկածախնդրության մեջ։ Առավել ևս, ունենալով բացահայտ խախուտ թիկունք։ Եվ թվում է, որ Արևմուտքն ամենից շատ է շահագրգռված, որ Հարավային Կովկասում պատերազմ չլինի, ու առավել ևս անմիտ է վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հին հակամարտությունը։ Այլ բան է, որ այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, «կռիվ-կռիվ» խաղալու սիրահարներ կարող են ճարվել այլ վայրերում։
Բայց դառնանք Ադրբեջանին և հիմնական խաղացողների միջև խուսավարելու մարտավարությունից նրա հնարավոր հրաժարմանը։ Երևի, այդուամենայնիվ, Բաքուն խոսքից գործի չի անցնի և կխուսափի իրավիճակի հետագա բևեռացումից, ու առավել ևս` ռազմական դաշինքներ չի ստեղծի։ Մի բան է զենք գնելն ու Արևմուտքի հետ սիրախաղ անելը, մի այլ բան է Թեհրանին լիակատար առճակատման հասցնելը։ Չէ՞ որ նա առայժմ վերևից է հետևում «Բաքվի չարություններին»` հետ է կանչում դեսպանին, հիշում է Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը` կնքված Պարսկաստանի և ռուսական կայսրության միջև, IRIB պաշտոնական լրատվական գործակալության միջոցով հաղորդում է, որ 1918 թ. Ադրբեջանական Հանրապետությունն ստեղծվեց Իրանի տարածքում, և Իրանը չառարկեց նոր պետության անվանմանը (հետաքրքրական է, որ Բաքուն այդ «համեղ խայծին» մեծ հաճույքով է արձագանքում և առանց երկար մտածելու հայտարարում է, թե «պետք է հանրաքվեի միջոցով սահմանադրությունը համալրել այն դրույթով, որ Ադրբեջանը բաղկացած է Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Ադրբեջանից»)։ Իսկ եթե Թեհրանը հանկարծ «բռնի ու հիշի», որ Իրանում մեծ թվով էթնիկ ադրբեջանցիներ են ապրում և հակամարտությունը նրանց համար աղետալի դառնա՞... Բացի այդ, թեև թալիշներն առայժմ իրենց համեմատաբար զուսպ են պահում, սակայն լիովին վերահսկվում են Իրանի կողմից, ինչպես որ լեզգիները` Ռուսաստանի։ ՈՒ, բացի այդ, կա Կասպից ծով, կան նավթ ու վիճելի նավթահանքեր, ու դեռևս լուրջ տարաձայնություններ կան ափամերձ երկրների միջև։ Որ Ադրբեջանը, վերջին հաշվով, մուսուլմանական երկիր է, ավելին` շիադավան, իսկ երկիրը, ըստ էության, սահմանափակված չէ աշխարհիկ, շվայտ և գավառի ու շարքային մարդու համար ոչ միշտ հասկանալի Բաքվով։ Այնպես որ, Ղարաբաղն ու Հայաստանը «ռազմահենակետի» համար լիովին կարող են լինել չարիքների փոքրագույնը։
Եվ վերջում մեկ անգամ ևս հիշեցնենք մի կարևոր, բայց ոչ միշտ հաշվի առնվող, այդ թվում` Հայաստանում, հանգամանք. Ադրբեջանը կարգավիճակով հիմա «չմիացած» երկիր է, որն իրավունք չունի ո՛չ ռազմական դաշինքների մեջ մտնելու, ո՛չ իր տարածք օտարերկրյա զորքերի մուտք թույլ տալու` սկսած ռուսականից` Գաբալայում, և վերջացրած ամերիկյանով` մերձկասպյան գոտում։ Սակայն ամենից շատ թվում է, որ Բաքուն այս անգամ էլ է մտադիր գործելու հին և, ինչպես Ապշերոնում են կարծում, դեռևս աշխատող սխեմայով` «Խոստացիր, ստացիր քո պատառը ու մոռացիր կատարվածը»։ Բայց տվյալ դեպքում ազերիների համար այս անգամ հաշվարկները լիովին կարող են սխալ դուրս գալ։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 5315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ