ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հայ ազգի գենետիկան շեղումներ չի արձանագրել»

«Հայ ազգի գենետիկան շեղումներ չի արձանագրել»
17.10.2008 | 00:00

ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ «ՏՈՒՆ» ՉՈՒՆԻ
Առաջիկայում Եվրախորհուրդը Ստրասբուրգում քննարկելու է «Գենետիկայի թեստավորման մասին» օրենքը, որը կիրառվելու է նաև Հայաստանում։ Հետաքրքրական է, որ վերը նշված օրենքի նախագծի վրա որպես փորձագետ աշխատել է նաև մեր հայրենակիցը՝ դոկտոր, պրոֆեսոր, գենետիկայի կենտրոնի ղեկավար, Եվրախորհրդի գենետիկական թեստավորման փորձագետ ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Ի՞նչ է տալու Հայաստանին այս օրենքը։ Այս և գենետիկ փոփոխություններին առնչվող որոշ հարցերի շուրջ զրուցում ենք գենետիկայի կենտրոնի ղեկավարի հետ։
-Օրենքը գենետիկայի ոլորտում նոր մոտեցումների, նոր աշխատաոճի հնարավորություններ է ընձեռում, որով պետք է առաջնորդվեն եվրոպական բոլոր երկրները,- ասաց տիկին Սարգսյանը։- «Գենետիկական թեստավորման մասին» օրենքը սահմանում է՝ երբ, ինչպես և ինչ դեպքերում պետք է թեստավորում անցկացնել։ Դա կարևոր է բոլոր երկրների համար, քանի որ սահմանվում են ընդհանուր դրույթներ և մոտեցումներ։ Պետք է նշեմ, որ նման օրենք ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ երկրներում մինչ օրս չկար։ Ինչ խոսք, օրենքը կար, թե չկար, միևնույն է, մեր կենտրոնն իր աշխատանքները հստակ իրականացնում է և շատ սերտ համագործակցում առողջապահության նախարարության հետ։ Ավելին, օրենքի բացակայությունը երբևիցե խնդիր չի ստեղծել մեզ համար այս կամ այն ծրագրերի իրականացման ժամանակ։
-Հայաստանում շուրջ տասը տարի է, ինչ գենետիկական խոր ուսումնասիրություններ է իրականացնում Ձեր կենտրոնը։ Այս տարիների ընթացքում սոցիալական, քաղաքական և էկոլոգիական տարբեր փոփոխություններ կատարվեցին։ Արդյոք դրանք ազդեցություն ունեցե՞լ են մեր ազգի գենոֆոնդի վրա։
-Անշուշտ, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում էկոլոգիական և սոցիալական խնդիրները որոշակի ազդեցություն են ունենում գենետիկայի վրա։ Առաջ են գալիս մոնոգենային հիվանդություններ (մեկ գենի փոփոխություն), բավական մեծ քանակությամբ շեղումներ են նկատվում մի քանի գեների փոփոխության դեպքերում, ինչը պատճառ է դառնում մտավոր, սրտանոթային, քաղցկեղի և այլ ծանր հիվանդությունների առաջացման։ Իհարկե, տվյալ դեպքում շատ մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի, այսինքն՝ էկոլոգիայի գործոնը, ինչպես նաև սթրեսները, քանի որ դրանց հետևանքով գենետիկ փոփոխություններն իրար են հաջորդում։ Սակայն պետք է նշել, որ կան հիվանդություններ, որոնց առաջացման իմաստով միջավայրի ազդեցության գործոնը զրոյական է։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր ազգի գենետիկ փոփոխություններին, ապա նշված ժամանակահատվածում մեր ուսումնասիրությունները փաստում են, որ գենետիկ լուրջ փոփոխություն չի եղել։ Կարելի է ասել, որ մեր ազգը առողջ և կենսունակ է։ Սակայն, ինչպես բոլոր ազգերի, այնպես էլ մեզ մոտ, նկատվում են հիվանդություններ, որոնք բնորոշ են տվյալ ազգին։ Քանի որ հայերը դասվում են հնագույն ազգերի շարքին և ծագել են միջերկրածովյան տարածաշրջանից, ապա մեր ազգին բնորոշ է միջերկրածովյան պարբերական տենդը, այսինքն՝ պարբերական հիվանդությունը։ Մնացած բոլոր հիվանդությունները, որոնք փոխանցվում են ժառանգաբար, ըստ մեր ունեցած տվյալների, մեծ տոկոս չեն կազմում, որ կարողանային ազգի գենետիկայի մեջ շեղումներ առաջացնել։ Բոլոր դեպքերում այդ հարցերին լիարժեք պատասխան կարելի է տալ, երբ մեզ մոտ ամբողջականորեն ձևավորված լինի գենետիկայի ռեգիստրը, որտեղ ներառված կլինեն ՀՀ-ի ողջ բնակչության տվյալները։
-Մի քանի տարի առաջ Ձեր կենտրոնը սպասարկում էր տարեկան մի քանի հարյուր այցելուի, իսկ այժմ, մեր ունեցած տեղեկության համաձայն, միայն անցած տարի 37 հազար այցելու եք ունեցել։ Հետաքրքրական է նաև, որ Ձեր կենտրոնը հագեցած է գրեթե բոլոր անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով. դա հնարավոր է դարձել պետբյուջեի՞ հաշվին, թե՞ ֆինանսավորվում եք այլ աղբյուրներից։
-Անշուշտ, պետբյուջեից որոշակի ֆինանսավորում իրականացվում է, և տարեցտարի այդ ֆինանսավորումը մեծանում է։ Առողջապահության նախարարության ուշադրությունն էլ մեր կենտրոնի նկատմամբ շատ մեծ է։ Պետբյուջեի ֆինանսավորումից բացի, հիմնականում մեր ծրագրերն իրականացնում ենք միջազգային դրամաշնորհների միջոցով։ Մեր կողմից միջազգային ֆինանսական կառույցներին պարբերաբար ներկայացվում են ծրագրեր, որոնք հավանության են արժանանում։
-Մի խոսքով, կարելի է ասել, ամեն ինչ լավ է, միայն «տուն» չունեք։ Նկատի ունեմ, որ կենտրոնը գործում է վարձակալած տարածքում։ Ե՞րբ է լուծվելու այդ խնդիրը։
-Թեև նույնիսկ մամուլում գրվեց, որ Զաքյան փողոցի այս շենքը հայրս է ինձ նվիրել, սակայն ժամանակն ինքն ապացուցեց այդ պնդումների դատարկությունը։ Այո, այժմ իսկապես փնտրում ենք տարածք՝ վարձակալելու համար։ Հուսով ենք, որ մի օր մենք մեր «տունը» կունենանք։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4838

Մեկնաբանություններ