ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Անհուսություն

Անհուսություն
14.07.2024 | 18:56

Լույսը բացվել է նորից, ու ես ամեն անգամվա նման պատեպատ եմ զարկվում:

Չգիտեմ` ի՞նչ անեմ` աղաղակե՞մ, թե՞ լռեմ...

Անզորությունը պարան է դարձել ու ինձ ասում է` գնա կախվի'ր:

Պարանն առել եմ ու ծառ եմ փնտրում, երբ մի ամբողջ անտառ է ինձ սպասում, թե ո՛ր ծառից պիտի կախվեմ, ինչպե՛ս պիտի ճոճվեմ...

Թող սպասեն. ես հպարտորեն կերգեմ.

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

ՈՒրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգա՛ն,

ՈՒ թող տեսնե՛ն աչքերի մեջ իմ կախվածի,

Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։

Լուսապսակ ապագա` անլույս ներկայի հեռապատկերում...

Բայց մարդիկ կորցրել են հեռուն նայելու կարողությունը, ուշքի՛ եկեք. ո՛չ մեկի մտքով չի անցնում, որ հարցնի` ու՞մ կամ ինչի՞ համար է զոհողությունդ։

ՈՒ՞մ կամ ի՞նչն ես փրկելու։

ՈՒմի՞ց կամ ինչի՞ց ես ազատվելու:

Ի վերջո, ինչ-որ իմաստ պիտի ունենա՞ կախվելդ:

ՈՒզում ես` կախվի՛ր, ուզում ես` ինքնահրկիզվիր` ոչ ոք քեզ չի խանգարելու, չի անհանգստանալու քեզ համար. երջանիկ անտարբերությունը սքողել է մարդկանց տեսողությունը, զրկել որևէ բան զգալու, ցավ ապրելու կարողությունից։

Այնքա՜ն շատ ենք հեռացել ինքներս մեզանից` չենք ուզում հիշել անգամ` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում։

Ասես մանկուրտի ենք վերածվել... Սա մե՜ծ ողբերգություն է` աներևակայելի։

Ասում եք` չափազանցնու՞մ եմ...

Երանի՜ այդպես լիներ: Ես զարմանում եմ` էլ ի՞նչ պիտի թափվի մեր սևավոր գլխին, որ արթնացնի մեզ այս մահաբեր թմբիրից։

Անկեղծ ասած` հիմա ես չեմ հավատում, որ փորձությունները կոփում են մարդուն, իսկ տառապանքը` ազնվացնում, ստիպում սթափ հայացքով քննելու անցյալը, ներկան ու գալիքը։ Մենք փորձությունների ու անլուր տառապանքների պակաս չենք ունեցել պատմական մեր ողջ ընթացքի մեջ։ Հիմա էլ շարունակվում են դրանք` անցյալն ու ներկան իրար խառնած։

Նայեք ձեր շուրջը. մի ողջ ազգ է կախվել անհուսության պարանից ու ճոճվում է` լեզուն դուրս գցած` մեկը` երանության մեջ, մյուսը` ողբի, երրորդը` երջանիկ անտարբերության։

Մեկը երգ է ասում, մյուսը պարում է, երրորդը` ծափ տալիս։

Որկորը գլուխ է դարձել, գլուխը` ոտքեր, իսկ հայրենի՜քը... հայրենիքը` ի՞նչ. ավելորդ մի բեռ է շատերի համար. տանում են` ծովը նետեն կամ նավթահորը:

Այս ե՞րբ հասցրեցին մեզ այսպես փոխել, Աստվա՜ծ իմ, այս ե՞րբ այսքան անտարբեր դարձանք։ Քիչ է մնում ասեն` մի՛ խանգարեք, թողեք` երգե՛ն։ Լսու՞մ եք...

Երգում են...

Մեկը սեր է երգում, մյուսը` հայրենիք, երրորդը` ազատություն։

Բայց սերը լոկ սեռ է հնչում, հայրենիքը` միֆ, իսկ ազատությունը` շղթա։

Մեկի գործը ճաշ եփելն է, մյուսինը` միմիայն լափելը...

Իսկ դու երջանիկ անիմացութնամբ կամ անզորությամբ գլուխդ պատին տուր ու գնա կախվի՛ր...

Դու՛, դու՛, հենց ի՛նքդ ես քո ձեռքով տունդ հանձնել անհայրենիք նավավարին ու հիմա լողում ես անորոշության ծովում` կորցրած հավատդ, փրկվելու հույսդ` դարձած անտարբեր թամաշավոր։

Այո՛, հայրենիքը բեռ է քեզ համար. անտարբեր նայում ես, թե ինչպես են այն կախել խաչմերուկին ու թալանում, դուռ ու երդիկ փակում են, մաս-մաս անում մսացու տավարի նման և դնում վաճառասեղանին։

Էստի՜ համեցե՛ք, էստի՜ համեցե՛ք...

Ոչի՛նչ, դու երգե՛ր գրիր, ողբե՛ր ասա, ախ ու վախով անցյա՛լը հիշիր ու մոռացի՛ր, թե ինչու այսպիսին դարձավ կյանքը։

Ինքնամոռա՛ց երգիր. ներկան ապագան է դառնալու, իսկ ապագան...

Է՜հ, ապագա կա ապագա։

Ինչ խոսք, ապագան ինքնըստինքյան գալու է, բայց թե ինչ է բերելու` ահավոր է մտածել...

Դու կորցրած Վանա ծովա՛կ երգիր, Մուշ ու Սասուն, Սիփան սա՛րդ գովիր ու Բինգյոլդ, Արարատդ երգիր ու Երևանդ` աներևույթ դարձող, և Նեմրութում թող լսեն քար արքաներդ։

Երգիր այնպե՛ս, որ խլացնես Պատմահոր` դարերի խորքից ահազանգի պես անհագիստ հնչող ողբը, որ սթափության կոչ է։

Երգի՛ր ու ծափե՛ր վաստակիր. քո հարցերը կլուծեն Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը...

Երգի՛ր ու երգելով կախվի՛ր քո անտարբերության պարանից, կախվի՛ր ու ճոճվի՛ր երանության մեջ, մինչև... մինչև մեկը կգոռա`

Ժողովու՜րդ, վե՛ր-ջա՛-ցա՜վ...

Ֆինիտա լա կոմեդիա՜…

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

14. 07. 2024 թ.

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 6406

Մեկնաբանություններ