ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»

«Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»
14.06.2019 | 11:36

Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամ, ՌԴ ժողովրդական արտիստ, մեծահամբավ դաշնակահար ՄԻԽԱՅԻԼ ՎՈՍԿՐԵՍԵՆՍԿԻՆ ծանոթ է եղել Արամ Խաչատրյանի հետ և ժամանակին նվագել է նրա համար: Դաշնամուր մասնագիտությամբ այս տարի անցկացվող մրցույթի ժյուրիի անդամը տպավորված է իրադարձությամբ:


«Խաչատրյանի մրցույթից հիանալի տպավորություններ ունեմ: Շատ լավ է կազմակերպված, բոլորի՝ թե՛ մասնակիցների, թե՛ ժյուրիի նկատմամբ մեծ ուշադրություն են ցուցաբերում: Շատ երջանիկ եմ, որ Արամ Խաչատրյանի անունը շարունակում է ճանաչված լինել և հանրահռչակվում է ոչ միայն Հայաստանում: Ավելին՝ նա Հայաստանում մեծ կարևորություն ունի»,- նշում է դաշնակահարը, հավելելով, որ երջանիկ է խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամ լինելու համար:


Միխայիլ Վոսկրեսենսկին փաստում է՝ տարիներ առաջ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ դաշնակահար Լև Օբորինի մոտ, որն Արամ Խաչատրյանի ընկերն էր:
«Ի դեպ, հենց նրան է Խաչատրյանը նվիրել իր Դաշնամուրի կոնցերտը: Օբորինն այդ կոնցերտի առաջին կատարողն էր, այդ պատճառով էլ սովորելով Օբորինի դասարանում, ես սովորեցի այդ կոնցերտը, և խնդրեցի Արամ Իլյիչին լսել, թե ինչպես եմ նվագում: Ինձ համար նրա հետ հանդիպումները հիշարժան էին: Ոչ միայն պարզապես ծանոթ եմ եղել Արամ Իլյիչի հետ, այլև նվագել եմ նրա համար իր տանը, և նա ինձ մի շարք խորհուրդներ է տվել: Դրանից հետո ձայնագրել եմ նրա Դաշնամուրի կոնցերտը: Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»,- հավելում է նա:


2015 թ. Ճապոնիայի կայսրը Միխայիլ Վոսկրեսենսկուն պարգևատրել է ճապոնական «Ծագող աստղ-ոսկե օրեր» շքանշանով: 64-ամյա Վոսկրեսենսկին շարունակում է համագործակցել նվագախմբերի հետ և համերգներով հանդես գալ Մոսկվայի, ինչպես նաև աշխարհի շատ այլ քաղաքների բեմերում:


1957 թ. Վոսկրեսենսկին առաջինն էր, որ Պրահայի գարնանային փառատոնի շրջանակներում կատարեց Շոստակովիչի դաշնամուրային երկրորդ կոնցերտը՝ հեղինակի ներկայությամբ: 2007-2010-ին Մոցարտի 27 կոնցերտների կատարումների 10 ձայնասկավառակները և 2011-2014-ին դաշնամուրային սոնատների ձայնագրությունների 5 ձայնասկավառակները երաժշտի ամենամեծ ձեռքբերումներից են:


1959-ից Վոսկրեսենսկին դասավանդում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: Վոսկրեսենսկու ուսանողներից 21-ը, որոնցից 10-ը պրոֆեսորներ են, նույն կոնսերվատորիայում դասավանդում են դաշնամուր մենակատարների համար, կամերային երաժշտություն և նվագակցության արվեստ:
Հավելենք, որ հունիսի 7-ից Հայաստանում անցկացվում է Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթը: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդ դաշնակահարները իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիի առջև։ Պրոֆեսիոնալ ժյուրին անաչառ է գնահատում է մասնակիցների ելույթները՝ ընտրելով նրանցից լավագույններին:


Խաչատրյանի մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո։
Մրցույթը կեզրափակվի գալա համերգով, որը տեղի կունենա հունիսի 14-ին:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 51355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ