Ապրիլի 24-ի երեկոյան հայ համայնքի առջև իր հյուրընկալ դռներն էր բացել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը, որտեղ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Մինչ միջոցառման մեկնարկը ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Ազգային երեսփոխանների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանը: Իսկ այդ ընթացքում դեսպանատան, ինչպես նաև Աբու Դաբիի Ազգային վարչության և երիտասարդների հանձնախմբի ներկայացուցիչները Ազգային վարչության ատենապետ Սեդրակ Տեր-Մելքոնյանի գլխավորությամբ, դիմավորում էին հրավիրվածներին: Դեսպանատան բակի ձևավորումը առաջին հայացքից գրավեց բոլորի ուշադրությունը. բակում տեղադրվել էր «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի մանրակերտը, խաչքար, իսկ դարպասներից մինչև դեսպանության շենքի մուտքը սև ժապավեններով ձևավորված մոմեր էին վառվում: Հյուրերին դեսպանատան մուտքի մոտ տալիս էին նաև Ցեղասպանության 98-րդ տարելիցի խորհրդանշաններ: Ազգային վարչության ատենապետ Սեդրակ Տեր-Մելքոնյանի հետ զրույցում տեղեկացա, որ միջոցառման կազմակերպչական աշխատանքներում, բացի ՀՀ դեսպանությունից, մեծ դերակատարում են ունեցել թե՛ Ազգային վարչության, թե՛ երիտասարդների հանձնախմբի անդամները: Կազմակերպիչների համար ուրախալի էր տեսնել, որ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ են արձագանքել իրենց հրավերին: Ի դեպ, մուտքն ազատ էր: Եկել էին ոչ միայն Աբու Դաբիից, այլև հյուսիսային էմիրություններից` Շարժայից, Դուբայից: ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի խոսքով` առաջին անգամ էր դեսպանությունն այս թվով հայ համայնքի անդամների հյուրընկալում: Իսկ հրավիրվածներին հագեցած երեկո էր սպասում. ցուցադրվեց երիտասարդների հանձնախմբի պատրաստած տեսաֆիլմը Հայոց ցեղասպանության մասին, օրվա առիթով բանախոսեց Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Սարկիսյանը: Նա իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը որպես պատմական իրողության: Պատմեց, թե Սփյուռքում ինչպես են սկսվել ցեղասպանության զոհերի ոգեկոչման առաջին փորձերը: Նա իր խոսքում, ոգեկոչումից բացի, կարևորեց նաև հայոց պահանջատիրությունը և, հատկապես, «մշակութային պահանջատիրությունը»: Հայր սուրբը ներկաների ուշադրությունը հրավիրեց արաբական աշխարհում այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ թուրքական դիմագրավմանը: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ որոշ պետություններ Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար: Նա իր խոսքն ուղղեց նաև երիտասարդներին, ասելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մարտահրավեր է հայ երիտասարդներին, որ 98 տարի հետո չպետք է բավարարվել միայն հսկումներով, ոգեկոչման երեկոներով, մոմավառությամբ և հուշակոթողների մոտ ծաղիկներ դնելով, այլ պետք է միջազգային իրավունքի մասնագետներ, դիվանագետներ պատրաստել, ովքեր արտաքին աշխարհում տեր կկանգնեն Հայոց դատին: Բանախոսությանը հետևեցին «Կռունկի» (Մարալ Բալաբանյան, նվագակցում էր Ներսես Սանոսյանը), «Տեր, ողորմյայի» (Լուսի Թերզյան) կատարումները: Տպավորիչ էր նաև «Սուգ-Վերականգնում» խորագրով Լենա Լիպարիտյանի մենապարը: Փակման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Գ. Ղարիբջանյանը, ով, որպես հայր սուրբի խոսքի լրացում, ներկաներին պատմեց նաև 1960-ականներին Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի ոգեկոչման առաջին փորձերի, Ազգային զարթոնքի մասին: Իր խոսքում նշեց, որ Ցեղասպանության ցավը յուրաքանչյուր հայի մեջ է: Պարոն Ղարիբջանյանը նաև մեջբերելով ՀՀ նախագահի ուղերձն օրվա առիթով. «...Մենք` որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության` ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչև բնաջնջում, անտարբեր լռությունից մինչև ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը», դիմեց ներկաներին, ասելով, որ այս պահին նրանք ՀՀ տարածքում են և պահանջատեր են որպես հայ: Սրան հաջորդեց երեկոյի մասնակիցների կողմից ՀՀ օրհներգի հոտնկայս կատարումը: Երեկոն շարունակվեց բակում, որտեղ հայր սուրբը պահպանիչ աղոթք կարդաց, և ներկաները Ցեղասպանության զոհերի հուշաքարի մոտ ծաղիկներ դրեցին և մոմեր վառեցին: ՀՀ դեսպան պարոն Ղարիբջանյանն իմ այն հարցին, թե արաբական երկրներում ինչպիսի աշխատանք պետք է տարվի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, պատասխանեց. «Կարծում եմ` մենք չպիտի սպասենք, թե յուրաքանչյուր պետություն ինչպիսի վերաբերմունք պետք է ցույց տա. մենք ունենք ծրագիր, խնդիր, խնդրի լուծումը գիտենք և պիտի գնանք լուծման ճանապարհով: Բոլորն ընդունելու են, ի վերջո, Հայոց ցեղասպանության փաստը, որովհետև դա մեր արդար իրավունքն է»: Նա իր խոսքում կարևորեց արաբ ժողովրդի վերաբերմունքը հայերի հանդեպ. «Ամենամեծ գործը հենց արաբ ժողովուրդն է արել` եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին գրկաբաց ընդունելով: Մինչև այսօր էլ պահպանվում է նրանց հարգանքը հայերի հանդեպ»: Հաջորդ զրուցակիցս ԱՄԷ-ի և Քաթարի թեմի Ազգային երեսփոխանական ժողովի ատենապետ Հրայր Սողոմոնյան էր, ով օրվա խորհրդի մասին խոսելով նշեց. «Սա մեր ուխտի վերանորոգման օրն է: Ցավում եմ, որ միայն Ապրիլի 24-ի առիթով ենք հիշում այդ մասին: Պետք է անպայման այս խորհուրդը մեր մեջ այնպես զարգացնենք, որ մեզ համար ամեն օր Ապրիլի 24 լինի: Պետք է հետևողական լինենք մեր իրավունքների ճանաչման, մեր պահանջատիրության հարցում, նոր սերնդի մեջ պետք է միշտ արթուն պահենք այս հարցը»:
Ի դեպ, նաև հյուսիսային էմիրություններն ակտիվորեն մասնակցեցին Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին. ապրիլի 23-ին և 24-ին Շարժայի Սբ. Գրիգոր լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հսկումի երեկո և հոգեհանգստյան պատարագ, որից հետո «Պիեռ Քյոսեյան» սրահում երիտասարդների հանձնախումբը ներկայացրեց գեղարվեստական ծրագիր, որից հետո ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդն իր պատգամը փոխանցեց ներկաներին: Իսկ ապրիլի 27-ին հյուսիսային էմիրությունների գեղարվեստական հանձնախմբի հրավերով համայնքի անդամները մասնակցեցին «Արմենիան ՈՒիքլի» թերթի խմբագիր «Րյութքրզ» համալսարանի ցեղասպանության, հակամարտության կարգավորման և մարդկանց իրավունքների պաշտպանության ուսումնասիրության կենտրոնի «Հայկական ցեղասպանության» մասնաճյուղի համակարգող Խաչիկ Մուրադյանի դասախոսությանը:
Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր թղթակից