ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Բանաստեղծություն գրելը նման է ոտքերդ կապած վազելուն. երկար չես վազի»

«Բանաստեղծություն գրելը նման է ոտքերդ  կապած վազելուն. երկար չես վազի»
08.02.2013 | 12:48

«Իրատես de facto»-ի հյուրն է արձակագիր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրման բաժնի վարիչ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ: Մեր զրույցը հիմնականում անդրադարձ է նրա` վերջերս լույս տեսած «Երկվորյակների արևը» վեպին: Նշենք, որ ինտերնետային http://100lichnost.ru/rubrica/35/17422 կայքում փորձագետ Արմեն Մարտիրոսյանը հրապարակել է հայ դասականների տասը լավագույն գրքերի ցանկը, որում տեղ է գտել նաև Հ. Սարիբեկյանի «Երկվորյակների արևը»:


-Հրաչյա, վերջին ամիսներին երիտասարդ հայ գրողների չորս գործ եմ կարդացել` Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ», Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը», «Մաշկացավ» և Ձեր «Երկվորյակների արևը»: Իմ ընկալմամբ դրանք, ստեղծված լինելով միևնույն ժամանակահատվածում, տարբեր տեմպ ու ռիթմ են իրենց մեջ կրում. Արամի և Հովհաննեսի երկերը կարծես ավելի դինամիկ, խելահեղ, անկանխատեսելի զարգացումներ են առաջադրում, իսկ «Երվորյակների արևը» խոհուն, հանդարտ ընթացքների մեջ է և ամենաանսպասելի շրջադարձերի ու թռիչքների պարագայում անգամ մի տեսակ հավասարակշռված է, կարծես իր պորտալարով կապված ինչ-որ կայուն, հաստատուն հենքի: Սա զուտ գրական հորինվածքի, գեղարվեստական ոճի, տեխնիկայի թելադրանքո՞վ է պայմանավորված, թե՞ ստեղծագործողի անձով, մարդկային տեսակով, տարիքով, կենսափորձով, աշխարհընկալմամբ:
-«Երկվորյակների արևը» վեպում ամեն ինչ երկիմաստ է, պատկերները, կերպարներն ունեն իրենց հայելային արտապատկերումը, իրենց երկրաչափական պրոյեկտումը, ամեն ինչ համաչափության է ձգտում, ինչի արդյունքում էլ ստեղծվում է այդ հավասարակշռությունը: Կոնկրետ այս վեպում դա գեղարվեստական հնարք է, թեև համաչափության պահանջը գրականության իմ պատկերացումներից է բխում:
-Խոստովանում եք, որ դժվար է եղել կտրվել «Երկվորյակների արևի» իրականությունից, և Դուք չեք շտապել ավարտել վեպը: Նույնը կարո՞ղ եք ասել նաև դեռ անտիպ, բայց արդեն ՀԳՄ և Հայերի համաշխարհային կոնգրեսի մրցանակին արժանացած «Ապուշների ուղևորությունը» վեպի մասին:
-«Ապուշների ուղևորությունը» գրել եմ մեկ շնչով, բավական կարճ ժամանակամիջոցում` մոտ 10 օրում, և դա այն ստեղծագործություններից է, որ հաճույքով ես գրում, բայց շտապում ես ազատվել, որովհետև քեզ տեղափոխում է այնպիսի մռայլ իրականություն, ուր մի տեսակ անհարմար ես զգում: «Երկվորյակների արևը» ինձ համար մանկության պատրանք էր ստեղծում, գուցե նաև այդ պատճառով չէի շտապում ավարտել այն: Ասեմ նաև, որ, ի տարբերություն «Երկվորյակների արևը» վեպի հանդարտության, «Ապուշների ուղևորությունը» արագ ռիթմով և խելահեղ զարգացումներով է հատկանշվում:
-Ինչի՞ մասին է պատմում վեպը:
-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ որոշում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հոգեբուժարանների հիվանդներին: Վեպը պատկերում է Ադրբեջանի հոգեբուժարանների հայ հիվանդների երկաթուղային ուղևորությունը և ավարտվում փոխանակման դրվագով, որտեղ նրանք խորամանկում են փոխանակել իրենց հոգիները և ուրիշների մարմնով վերադառնալ իրենց հոգեբուժարաններ:
-Մի քիչ էլ Ձեր «Ապորիա» պատմվածքն է հիշեցնում:
-Այո՛, անշուշտ: Իմ մտածողությունը ապորիաների հետ ինչ-որ առնչություն ունի: Հետաքրքիր է, որ գրականագետ Լուսինե Վարդանյանը «Երկվորյակների արևը» վեպի գրախոսությունում նկատել է, թե Արեգի խոհերը ժամանակի մասին հիշեցնում են Զենոնի ապորիաները: «Երկունք» ամսաթերթում տպագրված «Մարդն ինքնաթիռ էր նկարում» վերնագրով փոքրիկ պատմվածքը, որը, ի դեպ, գրական մամուլում տպագրված իմ առաջին պատմվածքն է, անապատը կտրող մարդու մասին էր, ով առաջ էր շարժվում, բայց ինքն իրեն մշտապես նույն կետում էր գտնում: Դա իմ առաջին ապորիան էր: Ես այդ ժամանակ տասնյոթ տարեկան էի և ծանոթ չէի Զենոնի ապորիաներին, իսկ երբ ծանոթացա, երազում էի պատմվածքի կամ վեպի ծավալի գեղարվեստական ապորիաներ գրել, ապորիան դարձնել գեղարվեստական ժանր: Ավելի ուշ ես կարդացի Կոբո Աբեի «Ավազուտների կինը», Կաֆկայի «Դղյակը», Բուցատիի «Թաթարական անապատը», դիտեցի Տարկովսկու «Ստալկերը», որոնք, ըստ էության, ապորիաներ են:
-Զոհաբերվող գառան մասին նման միտք եք արտահայտում վեպում. «…անմեղությունից բացի ուրիշ պատճառ չկար, որ նրան մորթեին»: Մարդկության կողմից անմեղության ամենամեծ զոհաբերությունը եղել է Հիսուսին խաչելը, բայց մենք այսօր էլ` հազարամյակներ անց, չենք դադարել զոհասեղանին դնել անմեղությունը: Ինչո՞ւ:
-Կարծում եմ, որ մատաղը հեթանոսական երևույթ է, և ես իմ վեպով փորձել եմ ցույց տալ նաև, որ մենք ինչքան էլ քրիստոնյա ենք դարձել, մնացել ենք հեթանոս: Հեթանոսությունն արմատավորված է մեր մեջ:
-Դա հենց հերոսի կերպարով, ի պատիվ արևի աստծո` Արեգ անունը կրելու հանգամանքով է արտահայտված: Այդպես չէ՞:
-Այո, վեպիս փոքրիկ հերոսը ներքուստ դիմադրում է հեթանոսության մնացուկներին և իր արևապաշտությամբ անգամ հաստատում քրիստոնեությունը, քանի որ Հիսուսը, ի վերջո, համարվել է նաև արևի աստված:
-Ձեր պատմվածքները, մասնավորապես` «Կույրինը կույրին», «Եկեղեցին», ինչ-որ տեղ նաև «Ապորիան», յուրօրինակ նախանվագներ են կարծես «Երկվորյակների արևի» համար: Երբ գրվում էին այդ պատմվածքները, մտածո՞ւմ էիք, որ դրանք ապագա վեպի նախահղացումներ են:
-Այդ պատմվածքները գրել եմ վեպի առաջին տարբերակից հետո և գուցե դրանք իրենց հետադարձ ազդեցությունն են ունեցել վեպի մյուս տարբերակների վրա:
-Վեպը համարում եք գրականության բարձրագույն դրսևորում: 1990-ականներին Համո Սահյանի հետ ունեցածս հարցազրույցի ընթացքում նա այսպիսի միտք արտահայտեց. «Արձակի մեջ ինչքա՜ն ասես բանաստեղծություն կա»: Դուք ևս նշում եք, որ «Երկվորյակների արևը» ցանկացել եք գրել իբրև պոեմ, որպեսզի այն ընթերցողը մի շնչով կարդա: Արդյո՞ք այս ամենից կարելի է եզրակացնել, որ Ձեր նախընտրելի գրական դրսևորումը` վեպը, ըստ էության պոեզիայի խտացում է:
-Կարծում եմ՝ այդպես է: Արձակագիրներից շատերը սկսում են պոեզիայից, շատերին հաջողվում է մնալ նաև պոետ: Ես էլ եմ այդտեղից սկսել, և իմ արձակը քնարական ավերակների վրա է բարձրացել: Որոշ արձակագիրներ չկայացած բանաստեղծներ են, այդպիսին եմ համարում նաև ինձ: Ես շատ եմ սիրում հանգավոր բանաստեղծություններ, սոնետներ, տրիոլետներ, և եթե շարունակեի չափածո գրել, անպայման հանգավոր բանաստեղծություններ էի գրելու: Սակայն ես շատ շուտ հասկացա, որ չափածո խոսքի պայմանականությունները կաշկանդում են ինձ, Տոլստոյի նման մտածում էի, թե բանաստեղծություն գրելը նման է ոտքերդ կապած վազելուն. երկար չես վազի: Այսպես բանաստեղծն իմ մեջ զիջեց արձակագրին, բայց մինչև հիմա էլ ես իմ արձակից բանաստեղծության հաճույք եմ ուզում նաև ստանալ: Իմ կարծիքով` արձակագիրը մեծ շնչի բանաստեղծ է, իսկ լավ արձակը անպայման ներքին ռիթմ և որոշակի երաժշտականություն պետք է ունենա, ինչով էլ գրական երկը պետք է նմանվի պոեմի: Հատկապես վեպում ռիթմը շատ կարևոր է, իմ կարծիքով, ռիթմը վեպն առաջ մղող ամենակարևոր գործոնն է: Եթե սյուժեն նույնիսկ ինչ-որ տեղ թերանում է, ռիթմը մղում է առաջ: Ռիթմի զգացողությունն ու երաժշտական լսողությունն արձակագրին շատ են օգնում: Դերենիկ Դեմիրճյանը, օրինակ, ջութակ էր նվագում, ես կիթառ եմ սիրում նվագել:
-Երևի պատահական չէր, որ հիշատակեցիք Դեմիրճյանին: «Երկվորյակների արևում» գրականագետները տեսնում են ինչ-ինչ առնչություններ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցի» հետ:
-«Գիրք ծաղկանցը» հայ գրականության գոհարներից է, իմ սիրած գործերից մեկը, և գրողը, խոստովանի, թե չխոստովանի, գիտակցի, թե չգիտակցի, հարգանքի տուրքն իր սիրած ստեղծագործություններին այս կամ այն կերպ անպայման մատուցում է:

-Հայ վեպի հնարավոր մոդելի օրինակներ եք համարում Չարենցի «Երկիր Նաիրին» և Մահարու «Այրվող այգեստանները»: Ես նույնպես միշտ զուգահեռ եմ տանում այս երկու վեպերի միջև, բայց փաստ է, որ գրականագիտությունն այս երկու ստեղծագործություններին համարժեք մոտեցում չի ցուցաբերում: Չարենցի վեպը բարձրացնում են մինչև ամենավերին հարթությունները, մինչդեռ Մահարու պարագայում իսպառ բացակայում է օբյեկտիվ մոտեցումը, էլ չխոսենք ընդգծված անբարյացակամության մասին: Ինչո՞ւ է այսպես:
-Առաջին հերթին այդ մոտեցումը պայմանավորված է Չարենցի անհատականության հանդեպ ունեցած վերաբերմունքով: Իմ կարծիքով` այդ երկու վեպերը հավասարարժեք գործեր են: Չարենցի վեպում խենթությունն ավելի շատ է, ինչպես հենց իր` Չարենցի մոտ էր, իսկ Մահարու վեպն ավելի հավասարակշռված է, ավելի ծանր ու էպիկական:
-Այսինքն` պատկերը համարյա նման է Ձեր, Արամ Պաչյանի ու Հովհաննես Թեքգյոզյանի ստեղծագործությունների միջև տարած իմ զուգահեռին:
-Թերևս: Բացի այդ, Մահարու վեպն ավելի ուշ է հրապարակ եկել: Հիմա նոր-նոր է այն սկսել արժևորվել: Եվ գրականագետների նոր սերունդն այսօր նորովի է գնահատում այն:
-Ի՞նչ դեր են կատարում հրատարակիչը, գրավաճառը գրողի ստեղծագործական կյանքում: Կոնկրետ Ձեր դեպքում «Անտարես» մեդիա հոլդինգը կամ «Բյուրոկրատ» գրատունը որևէ ազդեցություն ունենո՞ւմ են բուն ստեղծագործական ընթացքի վրա, թե՞ ընդամենը կատարում են ճանաչմանը, PR-ին նպաստող գործառույթ:
-Ես փորձում եմ այդ ամենին անհաղորդ մնալ, մտահոգությամբ, որ հրատարակիչը, գովազդը, ընթերցողը, համբավը իմ ստեղծագործության վրա որևէ ներգործություն չունենան: Ավելի շատ փորձում եմ ապրել գրականության մեջ, ինքս իմ մեջ փակված, և այս իմաստով նման եմ «Երկվորյակների արևի» Հայր Թովմասին. պատանեկությունից երազել եմ վանական դառնալ: Այսինքն` մեկուսանալու ցանկությունն ամենից առաջ իմ էությամբ է պայմանավորված, թեև, իմ կարծիքով, գրողն ընդհանրապես իրեն պետք է հնարավորինս զերծ պահի այն ամենից, ինչ կարող է փոխզիջումների տանել:
-Ձեր գլխավոր հերոսը` Արեգը, հրդեհի պատճառ դառնալուց հետո մտածում է` ինքը կարո՞ղ է դառնալ մի բանի պատճառ, որ իրենից այդքան մեծ է ու զորեղ: Դուք երբևէ համանման զուգահեռ չե՞ք փորձել անցկացնել Ձեր անձի և ստեղծած գրականության միջև:
-Այդ զգացողությունն առաջին անգամ ունեցել եմ մանուկ հասակում անտառը հրդեհելուց հետո, վեպում պարզապես վերհիշել եմ, թե ինչ էի զգում այն ժամանակ՝ հեռվից դիտելով հրդեհը, որի պատճառը ես էի: Ինչ վերաբերում է գրականությանը, երբեմն իրոք հաջողվում է զարմացնել ինքս ինձ, հատկապես, երբ որևէ պատկեր լեզվական անսպասելի դրսևորում է գտնում: Բայց ինձ համար կարևոր է զարմանքը, որ ապրում ես ստեղծագործությունիցդ օտարվելուց հետո, երբ կարդում ու չես կարողանում հավատալ, որ այդ իրականությունը, այդ մարդիկ քո ստեղծածն են հենց:
-Այսօր հայերս ունենք օր օրի ահագնացող մի տագնապ` սփյուռում ապրող հայերի ուծացման խնդիրը: Սփյուռքահայ գրականությանը նո՞ւյնպես սպառնում է ուծացման վտանգը:
-Սփյուռքահայ գրողն այսօր երկվության առջև է կանգնած: Եթե իսկապես տաղանդավոր գրող է և այլ լեզվի կրող է նաև, ապա շատ հաճախ տրվում է օտարագիր լինելու գայթակղությանը: Սփյուռքում ապրող շատ տաղանդավոր գրողներ օտարագիրներ են, գրում են ուրիշ լեզվով, որովհետև իրենք ունեն իրենց տաղանդը ներկայացնելու, համբավի արժանանալու, որոշակի հատուցման հասնելու բնական պահանջը: Արդյունքում ստացվում է այնպես, որ դաշտը հաճախ (չասեմ` միշտ) զիջում են արևմտահայերեն գրող գրամոլներին: Ով տաղանդավոր է, ուզում է ճանաչման արժանանալ: Եվ արժանանում են, և դա տանում է արևմտահայ գրականության ուծացման, ոչնչացման: Սփյուռքահայ գրողների նախորդ սերունդն այլևս չի կրկնվի, այդպիսի սերունդ էլ չենք ունենա:
-Նկատի ունեք Մնձուրուն, Համաստեղին, Օշականին, Զարյանին, Կարապենցին…
-Այո՛: Այդ սերնդի նման սերունդ այլևս չի կրկնվի, ինչպես չի կրկնվի նաև պատմությունը, Ցեղասպանությունը չի կրկնվելու, հայրենիքի կորուստն այլևս չի վերապրվելու այնպես, ինչպես այդ սերնդի կողմից: Այսօր դեռ ունենք սփյուռքահայ երևելի գրողներ, բայց ապագայում հայկական ազգանուն կրող բոլոր տաղանդավոր անունները օտարագիր են լինելու: Հիմա էլ դրան նպաստող հանգամանքներն ավելի ծանրակշիռ են. նախ արևմտահայերեն գրելու դեպքում նրանց գրականությունը չի ընթերցվում օտարալեզու ընթերցողի կողմից, սփյուռքի բոլոր համայնքներում չի տարածվում, հայաստանցու կողմից էլ արժանի արձագանք չի գտնում. սփյուռքահայ գրականությունը չի ներգրավվում արևելահայ գրական ընթացքին: ՈՒստի սփյուռքահայ գրողը հայտնվում է մեկուսի և օտարված վիճակում, առանց ընթերցողի, և բնական է, որ պիտի անցնի օտար լեզվով գրելուն: Ցավալի է, իհարկե, բայց չպետք է այդ անդառնալի ընթացքը ողբերգություն դարձնել, պետք է օտարագիր գրողներին աշխարհին որպես հայ գրողներ ներկայացնելու ռազմավարություն մշակել, և դրանից ավելին կշահենք:
-Այսինքն` մենք այսօր կարո՞ղ ենք նոր վիլյամսարոյանների ակնկալիք ունենալ:
-Այո՛, միանշանակ կարող ենք այդ սպասելիքն ունենալ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ