Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Լրացավ IRAS ենթակարմիր աստղադիտարանի արձակման 30 տարին

Լրացավ IRAS ենթակարմիր աստղադիտարանի արձակման 30 տարին
25.01.2013 | 13:42

Հունվարի 25-ին լրանում է ամերիկյան IRAS (Infra-Red Astronomical Satellite) տիեզերական ենթակարմիր աստղադիտարանի արձակման 30 տարին: Այն Երկրի ուղեծիր արձակվեց ամերիկյան օդագնացության և տիեզերական գործակալության (NASA) կողմից 1983թ. հունվարի 25-ին և աշխատեց մինչև նույն տարվա նոյեմբերի 21-ը` գրանցելով 8-120 միկրոն ալիքի երկարությունների վրա ճառագայթող տիեզերական աղբյուրներն ամբողջ երկնքից (տիեզերական աստղադիտարանների առավելություններից է, որ նրանք չեն սահմանափակվում ցամաքային դիտակների աշխարհագրական դիրքից երևացող երկնքի հատվածով): Այս նախագծին մասնակցեցին նաև Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան: Աստղադիտարանը հագեցված էր 57սմ տրամագծով դիտակով և ուներ ավելի քան 1 տոննա զանգված: Իր զգայնությամբ, ճշգրտությամբ և բացահայտած աղբյուրների քանակով (շուրջ 4-5 անգամ ավելի, քան մինչ այդ հայտնի էր) դա հեղաշրջում էր աստղագիտության մեջ: Համեմատության համար, նման խորության դիտումներ ռենտգենյան և գերմանուշակագույն տիրույթներում իրականացվեցին միայն 1990-ական և 2000-ական թթ.:

Թեև վերջերս արձակվեցին ավելի կատարյալ IR արբանյակներ (Spitzer, AKARI, WISE, Herschel), այնուամենայնիվ IRAS-ը տվեց առաջին ամբողջական պատկերացումները ենթակարմիր Տիեզերքի մասին: Ներկայումս այն թերևս ամենահին տիեզերական աստղադիտարանն է, որի արդյունքները դեռևս օգտագործվում են, քանի որ երկարալիք ենթակարմիր տիրույթում (40-120 մկմ) դեռևս չկա համարժեք փոխարինում:

IRAS-ը գրանցեց ավելի քան 400 հազար աղբյուր, որոնց համար չափվեցին ենթակարմիր հոսքերը 12, 25, 60 և 100 միկրոն պատուհաններում, ինչպես նաև գրանցվեցին ցածր դիսպերսային 5400 սպեկտրներ 8-22 միկրոն տիրույթում: Այս ամենը ցուցակագրված է IRAS կետային աղբյուրների PSC, FSC և SSSC, տարածված աղբյուրների SSC և մի քանի այլ կատալոգներում, որոնք ներկայումս էլ ինտենսիվորեն օգտագործվում են աստղագիտական հանրության կողմից: Հայտնաբերված մարմինների թվում են բազմաթիվ սառը աստղեր, փոշային թաղանթներով աստղեր, փոփոխականներ, մոլորակային միգամածություններ, ենթակարմիր գալակտիկաներ, որոնցից շատերն օպտիկական տիրույթում չեն երևում, կրկնակի և բազմակի փոխազդող գալակտիկաներ, որոնց մոտ հայտաբերվեց հզոր ենթակարմիր ճառագայթում: IRAS-ի կարևոր հայտնագործություններից են նաև փոշեհատիկներից բաղկացած առաջին աստղաշուրջ սկավառակի բացահայտումը (Վեգա աստղի շուրջը), նոր գիսավորները, ինչպես նաև առաջին անգամ Մեր Գալակտիկայի միջուկի նկարահանումը, ինչը հնարավոր չէր տեսանելի լույսում:

Բյուրականի աստղադիտարանը նույնպես անմասն չի մնացել ենթակարմիր հետազոտություններից. մասնավորապես ենթակարմիր աղբյուրների նույնացումների շնորհիվ Բյուրականում են բացահայտվել 1200 Բյուրական-IRAS գալակտիկաները (Byurakan-IRAS Galaxies – BIG) և 300 Բյուրական-IRAS աստղերը (Byurakan-IRAS Stars – BIS), ուսումնասիրվել է տիեզերական փոշին, այլ մարմինների ենթակարմիր ճառագայթումը: BIG օբյեկտների սպեկտրային դիտումների միջոցով հայտնաբերվել են բազմաթիվ ակտիվ գալակտիկական միջուկներ և աստղառաջացման բռնկումով գալակտիկաներ, իսկ BIS օբյեկտների թվում` ածխածնային աստղեր և երկարպարբերական փոփոխականներ: Ամերիկյան աստղագետների հետ համատեղ Բյուրականի գիտնականներն IRAS աղբյուրների թվում հայտնաբերել են Տիեզերքի ամենահզոր ենթակարմիր ճառագայթում ունեցող գալակտիկաները, որոնք հետո դիտվել են ավելի ժամանակակից Spitzer տիեզերական աստղադիտակով: IRAS և այլ ենթակարմիր, ինչպես նաև գամմա, ռենտգենյան, գերմանուշակագույն և ռադիո դիտումների շնորհիվ բազմալիքային աստղագիտության սկիզբը դրվեց, ինչը ներկայումս աստղագիտական հետազոտությունների առանցքն է:

Հայկական աստղագիտական ընկերություն

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ