Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Պարոն Աշոտյան, փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են

Արա ԱԼՈՅԱՆ. Պարոն Աշոտյան, փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են
09.01.2013 | 14:00

Ֆեյսբուքում, որն այլևս մեզանում ձեռք է բերել ավելի մեծ ու կարևոր նշանակություն, հասցեականություն, մեծացնելով իր գործառնական աշխարհագրությունը, ազդեցությունն ու արդյունավետությունը, կարդացի շատ հարգելի ընկերոջս հետևյալ մտահոգություն-գրառումը. «Վարդենիս քաղաքում դեռ նախնադարում ենք, դպրոցներում դասարանները ջեռուցվում են նավթով և երեխաների բերած մեկ-երկու կտոր փայտով: Զարմանալի է, բայց ամբողջ ձմեռ երեխաները մրսում ու դողալով փայտ են տեղափոխում, որ գոնե մի քիչ տաքացնեն դասասենյակները: Մարզպետարանն էլ շաբաթը մեկ ստուգումներ է անցկացնում. թե ի՞նչ են ստուգում, իրենք էլ չգիտեն»:
Հակոբը, որպես նախկին մանկավարժ, իսկ ներկայումս ՀՊՃՀ-ի դասախոս, շարունակում է սրտացավորեն արձագանքել ոչ միայն իր ու իմ ծննդավայր Վարդենիսի, այլև հանրային կյանքում տեղի ունեցող բազում անարդարություններին: Ավելին, իր նախընթաց ու ներկա գործունեությամբ երբեք կրավորական կեցվածք չի ունեցել, եղել է պայքարող, արդարամիտ և, որ ամենակարևորն է, օգնող տեսակ:
Հակոբի մտահոգությունն ինձ տեղափոխեց տասնամյակներ բոլորող իմ ոչ վաղ անցյալ: Ձմեռվա ընթացքում «փայտանավթային» դասապրոցեսներ էին կազմակերպվում ոչ միայն մարզային, գյուղական հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում, այլև մայրաքաղաքում ու այլ քաղաքներում: Այդպես էր, երբ ես Վարդենիսում աշակերտ էի, իսկ դա 90-ականների կեսերին էր, երբ մեր նորանկախ պետությունը լուրջ սոցիալական ճգնաժամի, շրջափակման ու պատերազմական օրհասական հանգրվանում էր, այդպես էր, երբ ես իմ ծննդավայրում ուսուցիչ էի և նույնիսկ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, իսկ դա 2000-ականների սկզբներին էր, և, փաստորեն այդպես է հիմա, երբ 2013 թվականն է: Երբ Ապահով Հայաստան է խոստացվում մեզ ամենաբարձր մակարդակով ու դրա նկատմամբ հավատ կա դեռևս: Ուրեմն, ինչպես ասում են, ջրհեղեղը եղել է ինձնից առաջ, իմ օրոք ու ինձնից հետո էլ շարունակվում է:
Ո՞րն է ելքը: Եթե անկեղծ` ելքը մարզի կրթության ոլորտի (անկախ նրա նկատմամբ իմ հարաբերությունների որակից, տևականությունից ու տեսակից, ոչ անձնավորված մակարդակում) գլխավոր պատասխանատուին ու նրա թիմին սթափեցնելն ու լրացուցիչ անգամ հիշեցնելն է, որ նրանց հիմնական գործն ամենշաբաթյա պարբերականությամբ, կներեք ոչ կոռեկտ բառիս համար, «պիծի մինուտկա» ու դեկորատիվ-դեկլարատիվ-դելեգատիվ ժողովները չեն, այլ ամենօրյա ուշադրությունն ու նոր միջոցների ձեռնարկումը՝ ավելի քաղաքակիրթ ու ողջամիտ դպրոցակառավարման միջոցների ընտրության ու կիրառման ուղղությամբ:
Վատ չէ, որ երեխաները հոգ են տանում իրենց մասին. նրանք, այդուհանդերձ, պաշտպանվելու ու ապրելու առողջ բնազդով գոնե տաքանալու, նաև ուսումնառությունը շարունակելու ազնիվ մղում ունեն` ի հեճուկս դպրոցի կառավարիչների:
Կրթական համակարգի բարեփոխումները չտեսնելն առնվազն փարիսեցիություն է, բայց նույնքան երեսպաշտություն է թերությունները չնկատելը, որովհետև արդի ժամանակաշրջանում, երբ ակնհայտ են համադպրոցական ու լայն պարագրկմամբ՝ կրթական կենսառիթմի առողջ տրոփները, բարձր տեխնոլոգիաների ու համացանցային մշակույթի ներմուծումն ու տարածումը, ապահով ու գիտելիքահենք Հայաստանի տեսլականը, վիրավորական է աթարին, լավագույն դեպքում, փայտին կամ նավթին ապավինելը՝ որպես ջեռուցման աղբյուր:
Եվ հարցն ամենևին էլ ֆինանսական բովանդակությամբ չի հատկանշվում: Այստեղ մարդկային ու կազմակերպչական շնորհի, կարողության ու հմտության խնդիր կա:
Այդ նկատառումով, թույլ տվեք դիմել Ձեզ՝ կրթության ու գիտության արգո նախարար պարոն Աշոտյան:
Խնդրում եմ փոխեք մեր կրթության կառավարիչների հոգեբանությունը, ապահովեք նրանց վերապատրաստումն ու համապատասխանեցումը գոնե Ձեր հռչակած գաղափարախոսությանն ու վարքականոններին, փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են, որ ապահով Հայաստանի նախաերաշխիքը բնականոն ու քաղաքակիրթ պայմաններում կրթությունն է: Փոխեք, քանի դեռ երեխաները հավատում են, որ երբ մեծանան, դառնալու են ոչ թե, ասենք, դպրոցի տնօրեն, նախագահ, այլ բժիշկ, օդաչու, նույնիսկ ոստիկան:
Եվ փոխեք, խնդրում եմ, քանի դեռ նրանք ու մենք շարունակում ենք երազել ու, ինչու չէ, հավատալ Ձեր երազին ու երազած Հայաստանին, որովհետև անխլելին երազն է, մարդու վերջին տարածքը՝ երազն ու արժանապատվությունն են: Կարելի է երազել մոմի լույսի տակ, ցրտում, սառը դասասենյակում, բայց ոչ ոք իրավունք չունի զրկել երազելուց:
Ուրեմն փոխեք կրթության որոշ կառավարիչների խավարասիրությունը՝ լուսավորելով վերջիններիս առ այն, որ մենք միասնական երազ և ճանապարհ ունենք:

Դիտվել է՝ 4064

Մեկնաբանություններ