ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեծ բողոքներ, երբ Հայաստանի ղեկավարը որոշեց «Պուտին խաղալ»

Մեծ բողոքներ, երբ Հայաստանի ղեկավարը որոշեց «Պուտին խաղալ»
21.04.2018 | 07:59

Հայաստանի ուժեղ տղամարդը «Պուտին խաղաց»` նախագահի պաշտոնը փոխեց վարչապետի աթոռով, բայց շարունակում է կառավարել: Ինքը` Պուտինը, զանգահարեց ու շնորհավորեց նրան: Բայց տասնյակ հազարավոր զայրացած հայեր շրջափակեցին մայրաքաղաք Երևանի կենտրոնը: «Հայաստանում սկսվել է թավշե հեղափոխություն»` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում:


Փաշինյանը 43-ամյա պատգամավոր է, նախկին լրագրող և ինքն է գլխավորում սկսված ընդվզումները: Նա ելույթ էր ունենում կապված ձեռքով` մեկ օր առաջ նրա վրա հարձակվել էր ոստիկանությունը: Բողոքները թափ էին հավաքում դեռ մեկ շաբաթ առաջ, երբ պարզ դարձավ, որ պաշտոնից հեռացող նախագահ Սերժ Սարգսյանը կդառնա նոր վարչապետ, թեպետ խոստացել էր հեռանալ: Փոխատեղումը կատարվում է հենց այն պահին, երբ Հայաստանն անցում է կատարում համակարգից, որտեղ ավելի մեծ ազդեցություն ուներ նախագահը այնպիսի համակարգի, որտեղ իշխանությունը կուտակված է վարչապետի ձեռքում: Համակարգի փոփոխությունը, որ հաստատվեց 2015-ին հանրաքվեով, սկսվել էր իբրև ժողովրդավարացման միջոց: Հանրաքվեից առաջ Սարգսյանը երդվում էր, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին, երբ լրանա նախագահական երկրորդ ու վերջին ժամկետը: Դա տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ: Երբ նա մարտին հարցազրույցում ասաց, որ պատրաստ է խոստումը խախտել, շատերը զուգահեռ անցկացրին Վլադիմիր Պուտինի հետ, որ 2008-ին նախագահի պաշտոնը փոխանակեց վարչապետի պաշտոնի հետ, որ նորից նախագահ դառնա 2012-ին: Այս երկու ղեկավարները հիանալի հարաբերություններ ունեն: Սարգսյանի նախագահությամբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ` նախկին խորհրդային երկրների Մոսկվայի ղեկավարած միավորման: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն զորքեր, որ համարվում է արդյունավետ միջոց` զսպելու հարևան Ադրբեջանին, որի հետ Հայաստանը ձգձգված կոնֆլիկտ ունի Լեռնային Ղարաբաղի պատճառով:


Բացի այդ` Պուտինն առաջին արտասահմանցի ղեկավարն էր, որ զանգահարեց ու շնորհավորեց Սարգսյանի նոր պաշտոնը երեքշաբթի երեկոյան: Միևնույն ժամանակ` Հայաստանը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ և վերջերս գործընկերության պայմանագիր կնքեց ԵՄ-ի հետ: Այդ պատճառով շատ պարզունակ կլիներ ներկա ընդվզումը մեկնաբանել իբրև Ռուսաստանի ու Արևմուտքի պայքարի շարունակություն: Համենայն դեպս` առայժմ: Ավելի շուտ` խոսքը եռացող դժգոհության մասին է ղեկավարից, որ նախագահի պաշտոնում 10 տարի դառնում էր ավելի ավտոկրատ:


Խորհրդարանում ընդդիմությունը ծխարձակող հրավառություն արեց, իսկ օրերս ակտիվիստները սկսեցին շրջափակել Երևանի կենտրոնի խաչմերուկները: Երկուշաբթի տասնյակ ցուցարարներ վիրավորվեցին ոստիկանության հետ բախումներում` փորձելով խորհրդարան մտնել: Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը պաշտոնապես նշանակվեց վարչապետ, մինչև 25 000 մարդ հավաքվեց կենտրոնում: Կեսգիշերին մոտ մի խումբ երիտասարդներ սկսեցին կոտրել լուսացույցներն ու գովազդային վահանակները, իսկ Ֆեյսբուքի տեսագրություններից մեկում ցուցարարները, կարծես, մետաղե իրեր են նետում ոստիկանական մեքենաների վրա: Փաշինյանի խոսքով` այդ ամենը սադրանք է իշխանության պատվերով, և չորեքշաբթի նա իր կողմնակիցներին կոչ արեց թույլ չտալ, որ իրենց սադրեն: Չորեքշաբթի մինչև կեսօր բերման ենթարկվեցին 66 ցուցարարներ: Հայտնվում են բողոքի գործողությունների տեղեկություններ աշխարհի տարբեր մասերում, որտեղ հայեր են ապրում` Կիևից Լոս Անջելես: Ֆրանսիայի հարավում` Մարսելում, ակտիվիստները ներխուժեցին հյուպատոսարան և այրեցին Սերժ Սարգսյանի լուսանկարը: Շատ քիչ երկրներ այդքան մեծ սփյուռք ունեն, որքան Հայաստանը` 1,2 միլիոն հայ ապրում է միայն Ռուսաստանում, 60000 ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում: Երեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արտասահմանում ապրող հայտնի հայերին միանալ ցուցարարներին: Նա հրավիրեց 93-ամյա լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին ու Սերժ Թանկյանին Կալիֆոռնիայից:

Հայաստան
Մայրաքաղաքը` Երևան
Բնակչությունը 2 924 816 (2016)
Պետական կարգը` հանրապետություն
Պետության ղեկավարը` Արմեն Սարգսյան
Կառավարության ղեկավարը` վարչապետ Սերժ Սարգսյան
Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում մուսուլման հարևանների` Թուրքիայի ու Ադրբեջանի միջև և նրանց հետ ունի շատ լարված հարաբերություններ: 1920-1991-ը երկիրը եղել է Սովետական Միության հանրապետություն և մինչև հիմա խիստ կախման մեջ է Ռուսաստանից` քաղաքականապես ու տնտեսապես:
Ինգմար Նևեուս, Dagens Nyheter, Շվեդիա


Հ.Գ. Շվեդ լրագրողի ինչի՞ն է պետք` ի՞նչ է կատարվում ինչ-որ հեռավոր երկրում` Հարավային Կովկասում, որի մասին թե ինքը, թե ընթերցողները շատ քիչ պատկերացումներ ունեն: Այնքան քիչ, որ հասկանալի դառնալու համար հրապարակել է տեղեկություններ Հայաստանի մասին: Պարզվում է` պետք է: Իհարկե` հեռվից կարող են լինել փաստական անճշտություններ, բայց` անկարևոր, կարևորը իրավիճակի ընկալումն է: Հիմնականում` համարժեք: Թեթև արևմտյան պուտինոմանիայով: Ինչպես շվեդները, այնպես էլ հայերը միայն նկարագրում են իրավիճակը ու չեն առաջարկում լուծումներ: Իսկ լուծումներ կան, բայց երկխոսության հարթակների ստեղծման ու երկխոսության կոչերը իշխանության կողմից փողոցում չեն լսվի այնքան, քանի դեռ չի խոսել Սերժ Սարգսյանը: Իսկ նա խուսափում է ուղիղ խոսքից ու գերադասում «Շանթին» տված հարցազրույցով իր խոսքն ասել ու հընթացս նշանակել նախարարներ` պաշտոնակատարներին: Իսկ դա նշանակում է` ոչինչ չի ընկալվել ու ոչինչ փոխելու ցանկություն չունի: Դա դժվարացնում է փողոցի տունդարձը և ամրապնդում տեսակետը, որ պայքարը պետք է շարունակել: Փաստացի` այս պահին Նիկոլ Փաշինյանն ավելի ճկուն է գործում, քան իշխանական ողջ համակարգը: Եթե, իհարկե, համակարգը, ընդհանրապես երբևէ ինքնուրույն գործել է կամ մտադիր է գործել:


Իսկ նախագահ Արմեն Սարգսյանի երկխոսության հրավերը կարող է օդում մնալ` նա որևէ իրավասություն չունի իրավիճակ փոխելու և ակնհայտ է, որ հայտարարություններ չի անում ու անում է` Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրած:
Բեյրութից Երևան եկավ ու երկխոսության կոչ արեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը` հայտարարելով, որ արյունահեղությունն անթույլատրելի է: Բայց այդպես էլ հրապարակ չգնաց ու Նիկոլ Փաշինյանին չհանդիպեց, այդ դեպքում իմաստ ունե՞ր Երևան գալը: Ի՞նչ ձևաչափով ու ի՞նչ պայմաններով պիտի Նիկոլ Փաշինյանը գնա իշխանության հետ երկխոսության: Եվ` ու՞մ հետ կոնկրետ: ՈՒ ընդհանրապես` նրա ինչի՞ն է պետք երկխոսությունը: Ակնհայտորեն` նա փորձելու է ձգել հնարավորինս երկար իր ներկա կարգավիճակը` շատացնելով ցուցարարների թիվը, և աջակցություն ստանալ ոչ թե արտասահմանի հայերից, այլ պետությունների ղեկավարներից ու միջազգային կառույցներից: Իբրև ժողովրդավարության առաջամարտիկ: Համենայն դեպս` նա աչքի առաջ ունի ՀԱԿ-ի փորձը, որ կորցրեց ներուժը` իշխանության հետ երկխոսություն սկսելով շատ կասկածելի ձևաչափով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ