ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն պարզաբանումներ է պահանջել ԱՀ ոստիկանությունից՝ Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն պարզաբանումներ է պահանջել ԱՀ ոստիկանությունից՝ Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ
28.03.2018 | 15:52

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝
Պաշտպանը ԱՀ ոստիկանությունից պահանջել է պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ՝

1. Ս.թ. փետրվարի 1-ի կեսգիշերին մոտ Ստեփանակերտի «Հաղթանակի» հրապարակի մոտակայքում ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (տեսանյութի 0:11-1:34 հատված):

2. Ս.թ. փետրվարի 2-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքում (քաղաքացին չի կոնկրետացրել իր նշած շենքի հասցեն) ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք Ասյա Խաչատրյանի պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (1:35-2:35):

3. Ս.թ. փետրվարի 2-ին Ստեփանակերտի ոստիկանական բաժանմունք Ասյա Խաչատրյանի տեղափոխման և այնտեղ նրա նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին վերջինիս պնդումների վերաբերյալ (2:36-6:56), մասնավորապես՝
3.1. Ի՞նչ հիմքով է Ասյա Խաչատրյանը տեղափոխվել ոստիկանական բաժանմունք (2:36-2:38),
3.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում (3:01-3:24),
3.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ներկայացվել են նրա իրավունքները,
3.4. Արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ նրա հետ ենթադրաբար զրույց վարող ոստիկանը (քաղաքացու ներկայացմամբ՝ «քննիչ») չի ներկայացել (3:43-3:46),
3.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին չեն ներկայացվել ոստիկանական բաժանմունքում նրա հայտնվելու իրավական հիմքերը (3:31-3:53),
3.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել (5:58-5:59),
3.7. Որքա՞ն ժամանակ է Ասյա Խաչատրյանը գտնվել ոստիկանական բաժանմունքում,

4. Ս.թ. փետրվարի 3 լույս 4-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում Ասյա Խաչատրյանի բնակարանում քաղաքացիական հագուստով ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի և այդ ընթացքում նրա նկատմամբ դրսևորված վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ (6:57-10:11), մասնավորապես՝
4.1. Արդյո՞ք ոստիկանության նշյալ ծառայողները պատշաճ ներկայացել են Ասյա Խաչատրյանին (7:08-7:37),
4.2. Ի՞նչ նպատակով և իրավական հիմքով են նրանք ենթադրաբար մուտք գործել Ասյա Խաչատրյանի բնակարան (7:37-7:38),

5. Ս.թ. փետրվարի 3 լույս 4-ի գիշերը Ասյա Խաչատրյանին և նրա ընկերուհուն (քաղաքացու կողմից ընկերուհու ինքնությունը պարզաբանված չէ) ոստիկանական բաժանմունք տեղափոխելու և այնտեղ նրանց նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ (10:11-17:22), մասնավորապես՝
5.1. ի՞նչ հիմքով են Ասյա Խաչատրյանը և նրա ընկերուհին ենթադրաբար տեղափոխվել ոստիկանության բաժանմունք (10:34-10:36),
5.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում (10:38-10:48),
5.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին և նրա ընկերուհուն ներկայացվել են իրենց իրավունքները,
5.4. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է իրեն ազատությունից զրկելու մասին իր ընտրած անձին տեղեկացնելու պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել (11:13-11:18),
5.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել (11:27-11:32),
5.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ոստիկանության ծառայողի (քաղաքացու ներկայացմամբ՝ «Ջոն») կողմից ներկայացվել են հանրային վայրերում նրա վարքագծի վերաբերյալ օրենքից չբխող պահանջներ (15:52-16:22),
5.7. Որքա՞ն ժամանակ են Ասյա Խաչատրյանը և նրա ընկերուհին գտնվել ոստիկանական բաժանմունքում,

6. Այլ անհրաժեշտ պարզաբանումներ՝ նշված տեսանյութում Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացված պնդումների վերաբերյալ:

Պաշտպանն իր գրությամբ պահանջել է նաև տեղեկացնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Ասյա Խաչատրյանի պնդումների ստուգման ուղղությամբ:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն, իր իրավասության սահմաններում և մարտի 26-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը համապատասխան, շարունակում է քննարկման ընթացակարգը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Դիտվել է՝ 3667

Մեկնաբանություններ