ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հինգ միֆ մենակության մասին

Հինգ միֆ մենակության մասին
25.02.2018 | 07:20

Մենակությունը հաճախ անվանում են ժամանակակից մարդու գլխավոր խնդիրը և պնդում են, որ արդեն վերածվել է համաճարակի: Կյանքի որոշակի պահի մեզնից ամեն մեկն իրեն մենակ է զգացել: Հասարակության համար դա կարող է շատ լուրջ խնդիր դառնալ և տեղ-տեղ արդեն դարձել է: Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնվել է մենակության նախարար, որ պիտի զբաղվի մենակյացների խնդիրներով: Մենակությունը, իհարկե, պրոբլեմ է, բայց նաև բազում միֆեր կան մենակության մասին, որ այնքան էլ իրականության հետ կապ չունեն:


1. Մենակությունը հասարակությունից մեկուսացում է
Մենակությունը մենակ լինելը չէ: Մենակությունը շրջապատող աշխարհից խորթացումն է, զգացում, որ ոչ ոք քեզ չի հասկանում, որ դու չունես ռեալ, քեզ համար կարևոր հարաբերություններ շրջապատիդ մարդկանց հետ: Մեկուսացումը կարող է իր դերը խաղալ: Դուք կարող եք ձեզ մենակ զգալ մարդկանց մեջ և կարող եք բացարձակ երջանիկ լինել, երբ ոչ ոք չկա ձեր կողքին: (Երբ BBC-ին ուսումնասիրություն արեց` ինչպե՞ս են մարդիկ հանգիստն անցկացնում, պարզվեց, որ հանգստի ամենատարածված 5 տեսակները մենակ հանգստին են վերաբերում): Երբեմն դուք նույնիսկ ուզում եք մենալ լինել: Եթե հնարավորություն չունեք ժամանակն անցկացնել մարդկանց հետ, որ հասկանում են ձեզ, մենակությունը իսկապես փլվում է ձեզ վրա:


2. Աշխարհում մոլեգնում է մենակության համաճարակը
Մենակության խնդրին անկասկած սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել, բայց դա չի նշանակում, որ մենակ մարդկանց թիվը անցյալ տասնամյակների համեմատ ավելացել է: Օգտագործելով 1948-ից կատարված ուսումնասիրության տվյալները` Լոնդոնի Բրունելի համալսարանի գիտաշխատող Քրիստինա Վիկտորը պարզել է, որ քրոնիկ մենակություն զգացող տարեց մարդկանց համամասնությունը վերջին 70 տարում անփոփոխ է (6-13 %-ն ասել է, որ իրեն միշտ մենակ է զգում): Բայց ճիշտ է, որ մենակ մարդկանց թիվն ավելանում է` պարզապես մոլորակի բնակչության թիվն է ավելանում: Իսկ որքան շատ են մենակ մարդիկ, այնքան շատ է թախիծն աշխարհում:


3. Մենակությունը միշտ վատ է
Մարդիկ տառապում են մենակությունից: Բայց հաճախ դա ժամանակավոր և ոչ միշտ բացասական զգացում է: Մենակությունը կարող է մեզ ազդանշանել, որ ժամանակն է նոր ընկերներ գտնելու կամ բարելավելու եղած հարաբերությունները: Նևրոլոգ Ջոն Կաչիոպոն կարծում է, որ մենակությունն զգալու ունակությունը մարդկանց մեջ աստիճանաբար է զարգացել, որպեսզի մարդիկ ցանկանան ուրիշ մարդկանց հետ հարաբերվել: Կաչիոպոն մենակությունը համեմատում է ծարավի հետ: Երբ ծարավ եք, ջուր եք փնտրում: Երբ մենակ եք, փնտրում եք մարդկանց: Հազարամյակներով մարդիկ ապրել են համայնքներում` համագործակցելով ու օգնելով միմյանց: Ապրելու մեխանիզմը մեզ մղում է հասարակության հետ կապեր հաստատելու: Թեպետ մենակությունը սովորաբար ժամանակավոր վիճակ է, երբ քրոնիկ է, կարող է ծանր հետևանքներ ունենալ: Ապացույցներ կան, որ մենակությունը ազդում է մարդկանց բարեկեցության վրա, վատացնում է քունը, առաջացնում է ունայնության զգացում: Մենակությունը կարող է ձեզ ներքաշել արատավոր շրջանակի մեջ` որքան մարդն իրեն ավելի մենակ է զգում, այնքան խուսափում է հասարակությունից, որքան խուսափում է, այնքան ավելի մենակ է դառնում: ՈՒսումնասիրությունները պարզել են` եթե մարդն իրեն մենակ է զգում, աճում է դեպրեսիայի ռիսկը:


4. Մենակությունը առողջական խնդիրներ է առաջացնում
Դուք գուցե տեղյակ եք վիճակագրությանը, որ մենակությունը վատ է ազդում առողջության վրա` 3 անգամ մեծացնում է սրտի հիվանդությունների ու ինսուլտի ռիսկը, մենակյացները սովորաբար բարձր ճնշում են ունենում և կյանքի տևողությունը կարճանում է: Իհարկե, լուրջ խնդիրներ են, բայց շատ հետազոտությունների հիմքում կյանքի կարճ հատվածն է և հնարավոր չէ վստահ ասել, որ մենակությունն անխուսփելիորեն ծանր հետևանքներ ունի: Գուցե իրոք հասարակությունից դուրս մնացած մարդիկ ավելի շատ են հիվանդանում: Բայց հակառակն էլ կարող է լինել` մարդը մեկուսի վիճակում է հայտնվում հիվանդության պատճառով, որ թույլ չի տալիս մարդանց հետ շփվել: Կամ` մենակ մարդիկ կարող են վիճակագրության մեջ հայտնվել իբրև հիվանդ, որովհետև մենակությունը նրանց զրկում է առողջ ապրելակերպ վարելու ազդակներից:


5.Տարեցների մեծ մասը տառապում է մենակությունից
Տարեցներն ավելի շատ են մենակություն զգում, քան երիտասարդները: Մանչեստրի համալսարանի գիտաշխատող Պամելա Կուոլտերը մենակության գիտական ուսումնասիրությունների վերլուծության մեջ պարզել է, որ մենակության մեկ այլ պիկ էլ կա` դեռահասության շրջանը: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ տարեցների 50-60 %-ը հազվադեպ է մենակություն զգում: Մենք դեռ այնքան քիչ գիտենք մենակության մասին:
Կլաուդիա ՀԵՄՈՆԴ, BBC


Հ.Գ. Մարդիկ չեն սիրում խոսել իրենց մենակության մասին: Ոմանց համար սեփական մենակությունը ուրիշներին ներկայացնելը համարժեք է մերկանալուն, ոմանք հակառակը` սիրում են իրենց մենակությունը փաթաթել ուրիշների պարանոցին` խղճահարություն կամ կարեկցանք ստանալու համար: Բոլոր դեպքերում` չկա ու չի կարող լինել մենակության ընդհանուր սահմանում` յուրաքանչյուրը յուրովի է ապրում իր մենակությունը և ինքն է որոշում` տառապանք, թե երջանկություն քամել: Բայց կան ընդհանուր ախտանիշներ: Մենակ մարդու գլխավոր խնդիրը ապրելու նպատակ գտնելն է, երբ ամեն ինչ պիտի անես միայն ինքդ քեզ համար, իսկ ցանկություն չունես ու իմաստ չես գտնում: Մնացած խնդիրներն ածանցյալ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ