ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Սելեկտիվ աբորտները կարգելվեն օրենքով

Սելեկտիվ աբորտները կարգելվեն օրենքով
24.07.2015 | 10:54

«Պտղի սեռով պայմանավորված աբորտները 3 հիմնական պատճառով են առաջացել՝ նախ, երբ մարդիկ փոքր թվով երեխաներ են ունենում, ուզում են՝ երեխաները լինեն տարբեր սեռերի կամ անպայման տղա։ Երկրորդ պատճառը մեր ընտանիքներում ի վերուստ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն է։ Անգամ առաջին հղիության ժամանակ եթե կանանց հարցնենք, թե ինչ սեռի երեխա են ուզում, կանանց 60 տոկոսը նախընտրում է տղա։ Չգիտես ինչու, տղա ունենալը Հայաստանում դարձել է մոլուցք։ Նույնիսկ եթե հարցնում ենք՝ ինչու, պատասխանում են՝ ազգանունը շարունակի, ունեցվածքի, տոհմի կրողը լինի։ Բայց այդ բոլորը կարող է աղջիկն անել։ Աղջիկն այսօր շատ ավելի հուսալի է որոշակի հանգամանքներում։ Երրորդ պատճառը տեխնոլոգիաներն են (էխոսկոպիա և այլն)»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆԸ։
Նա նաև նշում է, որ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ իրականացվող ծրագրերի, հանրային ակցիաների արդյունքը կարող ենք տեսնել 1-2 տարի անց, երբ կարողանանք վերլուծել վիճակագրական տվյալները։ Ընդ որում, որոշակի դրական տեղաշարժ արդեն իսկ կա. եթե 2012 թ. աղջիկ-տղա հարաբերակցությունը 100-115 էր, ապա այժմ այդ թիվը դարձել է 100-112։
Գայանե Ավագյանը տեղեկացնում է, որ սելեկտիվ աբորտների խնդիրը լուծելու համար հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում արվել է փոփոխություն։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքն ամրագրել օրենքով, ինչպես նաև սահմանել իրավական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ, որոնք կոչված են հղիության արհեստական ընդհատման հարցում արձանագրված բացերը վերացնելուն: Առաջարկվող փոփոխությունները հստակ սահմանում են, թե ինչ ժամկետում, որ դեպքում կարելի է դիմել հղիության արհեստական ընդհատման, սահմանվում են նաև բժշկի անելիքները հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո:
Օրենսդրորեն փորձ է արվում արգելել պտղի սեռով պայմանավորված աբորտները, քանի որ այս հարցի հետագա չկարգավորումը լի է ժողովրդագրական սպառնալիքներով և կանանց նկատմամբ խտրականության դրսևորման խորացմամբ:
Գայանե Ավագյանը նշում է, որ առողջապահության նախարարությունը պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման ազգային ծրագիր և ռազմավարություն է իրականացնելու ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ՝ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։
Նշենք, որ պտղի սեռով պայմանավորված աբորտների հիմնականում դիմում են Չինաստանում, Հնդկաստանում, Վիետնամում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, և բոլոր դեպքերում էլ նախապատվությունը տրվում է տղա երեխային։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ