38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Եթե մեզ համար թանկ է մարտի 1-ի զոհերի հիշատակը, պետք է թողնենք, որ հանձնաժողովն աշխատի»

«Եթե մեզ համար թանկ է մարտի 1-ի զոհերի հիշատակը, պետք է թողնենք, որ հանձնաժողովն աշխատի»
14.11.2008 | 00:00

«ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՎԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՌՈՒՄԲԵՐԸ ՊԱՅԹԵՑՎԵՆ»
Այս շաբաթ ամբողջացավ նախագահի կարգադրությամբ ստեղծված փաստահավաք խումբը։ Իշխող կոալիցիան ներկայացրեց իր անդամներին՝ Ռոբերտ Ավագյանին և Գևորգ Թովմասյանին։ Հիշեցնենք, որ, ըստ նախագահի կարգադրության, փաստահավաք խմբի անդամ, բացառությամբ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակվող անդամի, կարող են նշանակվել իրավագիտության ոլորտում հեղինակություն և բարձր փորձառություն ունեցող անձինք, ովքեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն չեն զբաղեցնում։ Խմբի անդամները չեն կարող լինել ԱԺ պատգամավորներ, որևէ կուսակցության անդամ կամ հարել որևէ քաղաքական ուժի։ Փաստահավաք խումբը լրագրողների համար աշխատելու է դռնփակ ռեժիմով։ ՈՒստի խմբի՝ կոալիցիան ներկայացնող անդամ, պրոֆեսոր ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԸ համաձայնեց պատասխանել միայն որոշ ընդհանուր հարցերի։
-Պարոն Ավագյան, ընդդիմությունը և հասարակության մի հատված կարծում են, որ մարտի 1-2-ի դեպքերը ոստիկանության բռնի գործողությունների հետևանք են։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ց սկսվեց մարտի 1-ը։
-Ինձ համար գոնե փաստերն այլ բանի մասին են խոսում։ Մարտի 1-2-ի՝ հանրորեն վտանգավոր հետևանքներն ուղղակի արդյունք են չարտոնված հանրահավաքների տեսքով հակաիրավական գործողությունների և գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ։ Իսկ մեր օմբուդսմենը (նաև այլք), չգիտես ինչու, այդ կապը տարանջատում է։ Ես դա շեշտում եմ, որովհետև և՛ երկրի հիմնական օրենքը, և՛ ընթացիկ օրենսդրության հիմունքները ձևավորվել են ՀՀ առաջին նախագահ, հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, և մեր հարազատ ընդդիմությունը նույնպես պետք է հարգեր ու այժմ էլ հարգի հարազատ օրենքները։ Երբ մարտի 1-ի գործի առնչությամբ մենք անջատում ենք հետևանքը գործողությունից, իրավաբանական սխալ ենք թույլ տալիս։ Ավելի պատկերավոր ներկայացնելու համար վերցնենք հասարակ մի օրինակ։ Ընդունենք՝ Սիրուշը (ես չեմ ասում՝ Սիրուշոն) իր երբեմնի սիրեցյալին դանակի 17 հարված է հասցրել։ Թարսի պես շտապօգնությունը ժամանակին գալիս և տուժողին տեղափոխում է հիվանդանոց։ Սխալ վիրահատության պատճառով տուժողը մահանում է։ Քաղքենին կասի՝ Սիրուշին պետք է դատել սպանություն կատարելու համար։ Բայց իրավաբանը կասի, որ այստեղ իրավաբանորեն պատճառական անմիջական կապ Սիրուշի գործողությունների և վրա հասած հետևանքների միջև չկա։ Դրա համար էլ Սիրուշին պետք է մեղադրել սպանության փորձ կատարելու համար։
Ես այս պարզ օրինակը բերում եմ նրա համար, որ եթե մենք տարանջատենք պատճառական կապը չարտոնված հանրահավաքների և հետևանքի միջև, ապա կնմանվենք այն քաղքենուն, որն ասում է՝ Սիրուշին պետք է մեղադրել կատարված սպանության համար։
Այսօր, ինչպես տեսնում եք, չկան զանգվածային անկարգություններ և չարտոնված հանրահավաքներ։ Բացի այդ, միշտ էլ մասսայական անկարգությունները հանգեցրել են հանրորեն վտանգավոր հետևանքների։ Բերեմ մի քանի օրինակ. 1965 թ., Կալիֆոռնիա, Լոս Անջելես. 6 օր անկարգություններ են տեղի ունեցել, 34 սպանված, 1032 վիրավոր, 3952 ձերբակալված։ 1992 թ., Կալիֆոռնիա, նորից Լոս Անջելես, նորից 6 օր անկարգություններ, 53 սպանված, 10 հազար ձերբակալված։ 2005 թ., Ֆրանսիա՝ մի քանի ամիս տևած անկարգություններ, 2900 ձերբակալված։ 2006 թ., Հունգարիա. դարձյալ մի քանի ամիս անկարգություններ, 200 ձերբակալված, որոնցից 55-ը մինչ օրս բանտերում են։ Ես սա ասում եմ այն կապակցությամբ, որ չլինելով իշխանությունների փաստաբանը, այնուամենայնիվ, շեշտեմ, որ իշխանություններն իրենց մեղքն ընդունել են։ Նախագահ Սերժ Սարգսյանը, կարծեմ, ասել է, որ մարտի 1-ի իրադարձությունների մեջ նաև իրենց մեղքը կա։ Բայց ընդդիմության կողմից կարծես թե նման բան չեմ տեսել։ Բացի այդ, ի պատիվ իշխանությունների, նրանք բազմիցս կոչ են արել դադարեցնել ապօրինությունները, որովհետև հետևանքները կարող են տխուր լինել։ Որպես քաղաքացի՝ ես շատ վատ եմ զգում, որ եղան զոհեր, և կարծում եմ՝ փաստահավաք խմբի առաքելությունն առաջին հերթին պետք է լինի մահվան դեպքերի պատճառները բացահայտելը։
-Դուք նշեցիք, որ իշխանությունների փաստաբանը չեք։ Սակայն տարիներ շարունակ եղել եք իշխանությունների ներկայացուցիչը ՀՀ արդարադատության խորհրդում։ Ռոբերտ Ավագյանը որքանո՞վ անկախ կլինի փաստահավաք խմբում։
-Ես 1995 թվականից եղել եմ արդարադատության խորհրդի գիտնական անդամ։ Խորհրդի անդամ եմ եղել նաև Ռ. Քոչարյանի պաշտոնավարման օրոք։ Թերթերից մեկը գրեց միայն, որ ես այդ խորհրդում եղել եմ Ռ. Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում։ Այսինքն՝ թերթին պետք էր այդպես ներկայացնել, այդպես էր ներկայացրել։ Մեկ այլ թերթ գրում է՝ կոալիցիան ուրիշ թեկնածու չունեցավ, 70-ամյա ծերուկին առաջադրեց փաստահավաք խմբում։ Դա էլ, իհարկե, տեսակետ է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Ջիվան Գասպարյանը 80 տարեկան է, դուդուկ է նվագում։ Իսկ Շառլ Ազնավուրը 84 տարեկանում շարունակում է երգել։ Այնպես որ, խելք ունենալու համար ոչ թե տարիքն է կարևոր (իհարկե, տարիքն էլ է կարևոր), այլ նվագել կարողանալը։ Որոշ թերթեր ճշմարտությունը ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Եվ պատկերացրեք, եթե այդ 4-րդ իշխանությանը բերեն-մտցնեն փաստահավաք խմբի կազմ, ինչպե՞ս կվարվի։ Եթե մեզ համար թանկ է մարտի 1-ի զոհերի հիշատակը, պետք է ոչ թե մոմեր վառենք և ցուցադրական ելույթներ ունենանք, այլ պետք է թողնենք, որ հանձնաժողովն աշխատի, և ձեռնպահ մնանք հանձնաժողովի անդամներին վարկաբեկելուց։
Իսկ ինչ վերաբերում է իմ՝ արդարադատության խորհրդի անդամ լինելուն, ապա ես պարծենում եմ դրանով։ Եվ պետք է ասեմ, որ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ շատ արդյունավետ էր իմ աշխատանքն այդ կառույցում։ Երբեմն եղել են տարակարծություններ իմ և նախագահների միջև, ես պնդել եմ իմ տեսակետը, և ինձ համար վտանգավոր հետևանքներ չեն առաջացել։
-Գործում է մարտի 1-ի դեպքերի հետ կապված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը։ Ի՞նչ իմաստ ուներ փաստահավաք խմբի ձևավորումը։ Արդյոք չի՞ նշանակում, որ խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքն այնքան էլ արդյունավետ չէ։
-Ճիշտ կլիներ՝ այդ հարցով դիմեիք հարգարժան նախագահ Սերժ Սարգսյանին։ Այնուամենայնիվ, նշեմ, որ փաստահավաք խմբում պարիտետի հիմունքներով ներգրավված է նաև ընդդիմությունը, մի բան, որ խորհրդարանական հանձնաժողովում չկա։ Բացի այդ, փաստահավաք խմբում ընդգրկված են պրոֆեսիոնալներ։ Եվ ակնկալվում է, որ դա մեծապես կօգնի խորհրդարանական հանձնաժողովին։ Փաստահավաք խումբը փաստերը պետք է ներկայացնի հանձնաժողովին, իսկ դատավորը, ինչպես Հին Հռոմում էին ասում, թող լինի Օկտավիանոսը, տվյալ դեպքում՝ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը։
-Ընդդիմությունը որոշակի պահանջներ է ներկայացնում փաստահավաք խմբին, որոնք չկատարվելու դեպքում սպառնում է դուրս գալ խմբի կազմից։ Ինչպե՞ս կգնահատեք այդ մոտեցումը։
-Երբ համակցության մեջ գնահատում ես այդ պահանջները, ակամա հիշում ես Պուշկինի «Ոսկե ձկնիկը» հեքիաթը և նրա հերոս պառավին, որը շատ բան ուզելուց հետո կանգնեց կոտրած տաշտակի առաջ։ Լևոն Զուրաբյանը պնդում է, որ փաստահավաք խումբը պետք է աշխատի թափանցիկ և ամեն ինչ հրամցնի հանրությանը։ Այսինքն՝ դնում են նախապայմաններ և դրանց կատարմամբ են պայմանավորում խմբի անկախությունը։ Որքան ինձ հայտնի է, այս կարգի հանձնաժողովները երբեք թափանցիկ չեն գործել։ Ես չեմ ուզում վիրավորած լինել Լևոն Զուրաբյանին, բայց այս ամենը նման է նրան, որ, ասենք, մարդ իր կնոջ հետ պետք է հարաբերվի հանրության առջև, բաց ու թափանցիկ։ Մեկ այլ ընդդիմադիր պայման է դնում, որ հրավիրվեն 2001 թ. սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգությունը քննող հանձնաժողովի փորձագետները։ Եվ դա այն դեպքում, երբ նույն ամերիկյան ժողովուրդն ակնհայտորեն դժգոհ է իր փորձագետների աշխատանքից, ովքեր այդպես էլ չկարողացան բացահայտել սեպտեմբերի 11-ի դեպքերը։ Այնպես որ, այսքանից հետո, գոնե ինձ համար անհասկանալի է՝ նրա՞նք պետք է գան մեզ օգնեն, թե՞ մենք՝ նրանց։
-Որքանո՞վ ընդդիմության ներկայացուցիչների ներգրավվածությունը կօգնի, որ փաստահավաք խումբն ավելի օբյեկտիվ աշխատի։
-Եթե լսես ընդդիմությանը, ապա նրանք այնպիսի ռումբեր՝ աղաղակող փաստեր ունեն, որոնք պետք է պայթեն։ Հիմա հնարավորություն է ընձեռվել, որ այդ ռումբերը պայթեցվեն։ Եկեք, ձեր փաստերը ներկայացրեք, հայթայթեք, բացահայտեք։ Ոչ ոք նրանց, իմ և մյուս անդամների ձեռքերը չի բռնել։ Կարծում եմ՝ սա ամենափայլուն հնարավորությունն է, և այլ ելք ես չեմ տեսնում։
Մի փաստ միայն՝ հայտնի խոճկորի հետ կապված։ Եթե կա դիակ, առաջ են քաշվում սպանության, ինքնասպանության, դժբախտ դեպքի վարկածները, և քննիչը պետք է պարզի՝ ո՞րն է սրանցից ճշմարիտը։ Ընդդիմության ներկայացուցիչներն արդեն կանխակալ կանխավարկած ունեն, որ փողոցում հայտնաբերել են մարդու մնացուկներ։ Այո՛, ես լսել եմ, որ Երևանում եղել են առանձին դեպքեր, երբ որոշ մայրեր իրենց զավակներին նետել են աղբարկղը։ Ես լսել եմ, որ փողոցում հայտնաբերվել է դիակ, բայց ես չեմ լսել, որ մարդու դեմքի մնացուկներ հայտնաբերվեն։ Բժիշկներից հետաքրքրվել եմ, և նրանք ասել են` որպեսզի միսը տարանջատվի ոսկորից, այն պետք է եփվի մի քանի օր։ Եթե չեմ սխալվում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության նախագահ Ժան Պոլ կամ Կլոդ Բոկասան մարդակեր էր։ Երբ նրան դատեցին, պատասխանել էր, թե ես դիվանագետ եմ կերել, դուք էլ իմ երկրի դիվանագետներին կերեք։ Բայց ես համոզված եմ, որ նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում մարդու մնացուկներ փողոցներում թափված չեն։ Այս դեպքում մենք պետք է ելնենք ոչ թե ընդդիմության հրամցրած կանխավարկածից, թե դա անպայման մարդու մնացուկ է, այլ մյուս հնարավոր վարկածները նույնպես չպետք է ժխտվեն։
-Պարոն Ավագյան, Դուք հավատո՞ւմ եք, որ մարտի 1-ի իրադարձություններն օբյեկտիվորեն կբացահայտվեն։
-Եթե չհավատայի, ի՞նչ գործ ունեի փաստահավաք խմբում։ Ինչո՞ւ ամեն ինչ ժխտել, ինչպես Տուրգենևի հերոս Բազարովը։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ