38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Այս անգամ Սերժ Սարգսյանն է հայտնվելու հորձանուտում»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը

«Այս անգամ Սերժ Սարգսյանն է հայտնվելու հորձանուտում»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը
27.03.2009 | 00:00

ԲԵՎԵՌԱՑՈՒՄ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Իշխանությունների և ընդդիմության միջև խորացող բևեռացումն ու փոխադարձ անհանդուրժողականությունը կարող են բերել բախումների` Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների առիթով, ինչպես դա եղավ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո»,- այսպիսի տեսակետ է հայտնել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո գործող ազդեցիկ «Ռեգնում» գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Նրա կարծիքով, ընդդիմությունը ելակետ է դարձրել այն համոզմունքը, որ իշխանությունը նորից կդիմի բիրտ ուժային միջոցների, սակայն այս անգամ արյունալի բախումների դեպքում չի կարողանա վերապրել դրանց հետևանքները։ «Այս համոզմունքը գայթակղելու է ընդդիմությանը գնալու արմատական գործողությունների ճանապարհով` ելնելով այն տրամաբանությունից, որ եթե այս անգամ էլ իրավիճակը հանգի եռման կետին, իշխանությունները վերջնականապես կտապալվեն»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը, համաձայնելով, որ ընդդիմության միջավայրում լայնորեն տարածված այս տեսակետը վտանգավոր է երկրի կայունության համար։
Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ 2008 թվականի հետընտրական զարգացումների ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվեց «ջրից չոր դուրս գալ» միայն այն պատճառով, որ նա այդ ժամանակ դեռ չէր ստանձնել նախագահի պարտականությունները։ Եթե այսօր իրավիճակը կրկնվի, ամբողջ պատասխանատվությունն իր ուսերին կրելու է հենց ինքը` Սերժ Սարգսյանը։ «Եթե իշխանությունների հակազդեցությունը նմանվի մարտի 1-ին գործի դրված բիրտ մեթոդներին, Սերժ Սարգսյանը կհայտնվի չափազանց ծանր վիճակում։ Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետի ընտրությունների առիթով ես կանխատեսում եմ մեծ սկանդալ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը կհայտնվի արմատական կրքերի եռացող հորձանուտում, և պետք է ամեն ինչ անել, որ այդ հորձանուտը չլցվի արյան հեղեղներով»,- եզրակացնում է Հմայակ Հովհաննիսյանը։ Անվանի փորձագետի կարծիքով, նախագահական ընտրություններից հետո անցած ժամանակաշրջանում իշխանությունները լիարժեքորեն չեն ընկալել ուժային լուծումների վտանգավորությունը։ «Նույնիսկ հակառակը` օրենսդրության մեջ կատարվեցին փոփոխություններ, որոնք, ըստ էության, օրինականացրին անկարգությունների վտանգի առաջացման դեպքում ուժային միջոցների կիրառումը, մինչդեռ «անկարգությունների վտանգի» գնահատականն ակնհայտորեն իր մեջ պարունակում է իրավապահների կողմից կամայական մեկնաբանության հնարավորություն, ինչը նպաստում է մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների կրկնությանը»,- տագնապ է հնչեցնում Հմայակ Հովհաննիսյանը։
Մեկնաբանելով Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու և ՀԱԿ-ին սատարելու մասին ՀՀ Ազգային ժողովում միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության որոշումը, Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ դրանով ուժերի դասավորությունն է՛լ ավելի բևեռացավ։ «Խորհրդարանական ընդդիմությունը, հրաժարվելով ընտրություններին մասնակցելուց և սատարելով ՀԱԿ-ին,- նրա գնահատականով,- փաստացիորեն ընդունեց իր սնանկությունը և այն, որ Հայաստանում ընդդիմադիր ընտրազանգվածի առաջնորդը ոչ թե խորհրդարանական ընդդիմությունն է, այլ արտախորհրդարանական «փողոցային» ընդդիմությունը, որ հենց այդ ընդդիմությունն է ներկայացնում բողոքավոր ընտրազանգվածի դիրքորոշումը, իսկ «Ժառանգությունը» ստեղծված պայմաններում, ըստ էության, ընտրազանգված ընդհանրապես չունի»։ Այս կապակցությամբ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունների արդյունքում անխուսափելիորեն առաջ կգա ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն։ «Եթե պարզվի, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հարաբերակցությունն արմատապես փոխվել է, և ներկայիս Ազգային ժողովի կազմն ի զորու չէ արտահայտելու հասարակության մեջ առկա քաղաքական տրամադրությունների ներկապնակը, ապա, քաղաքագետի գնահատականով, Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը կդառնա հրատապ»։
Հմայակ Հովհաննիսյանի դիտարկմամբ, Հայաստանի իշխանությունները փորձում են, ի պատասխան այս մարտահրավերների, ուժ ցուցադրել։ Դրա վառ ապացույցն են «յոթի գործով» անցնող ընդդիմության ակտիվիստների դատավարությունը, ինչպես նաև նախագահի ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ՀՀ դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին երեք տարով ազատազրկման դատապարտելը։
Հմայակ Հովհաննիսյանը համոզված է, որ իշխող կոալիցիայի մաս կազմող ուժերը չեն հրաժարվի ընտրություններին իրենց առանձին մասնակցությունից և ՀՀԿ-ի օգտին դուրս չեն գա ընտրապայքարից։ Ինչպես ասում է քաղաքագետը, առանձին-առանձին նրանք կարող են ավելի շատ ձայներ ստանալ, քան եթե միավորվեն։ «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, որը չէր կարող շրջանցել Հայաստանը, հասարակության մեջ աճում է դժգոհությունը։ Այս պայմաններում եթե իշխանությունն ընտրություններին հանդես գա մեկ միավորով, ապա կլինի ավելի խոցելի սոցիալական զրկանքներից բողոքող ընտրազանգվածի համար»,- համոզված է Հայաստանի քաղաքագետների միության նախագահը։
Տպագրության պատրաստեց
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ