38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բրայզան եկավ մեր բակը

Բրայզան եկավ մեր բակը
27.03.2009 | 00:00

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈՂ ԱՇԽԱՐՀ
Վերադասավորվող աշխարհի գլոբալ խաղին Հայաստանն առայժմ մասնակցում է խիստ միջնորդավորված: Զանազան-զարմանազան բարձրաստիճան էմիսարների (Լուկաշենկո, Մոթաքի, հիմա էլ` Բրայզա) այցերը` մթության քողի տակ, այդ են հավաստում:
Արագ արձագանքման «ջոկ», կովկասյան «վերաբեռնմամբ» զբաղվող համակրելի Մեթյուն, որն օրերս Վրաստան էր տարել ամերիկյան կառավարության մեսիջները, Վրաստանի վրայով արագ անցավ Հայաստան` բերելու մեր «փայ» մեսիջը, տաք պահելու Հիլըրիի և Սերժ Ազատիչի առնչությունները. «Ջերմությամբ հիշելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը...». ասում է Հիլըրին Բրայզայի` Հայաստան բերած ուղերձում:
Համաձայնեք, որ ԱՄՆ-Հայաստան դիվանագիտական հարաբերություններում այսպիսի «хороший тон» երբեք չի արձանագրվել: Եվ ընդհանրապես, նման մոտեցումներ խիստ հազվադեպ են հանդիպում մեր դիվանագիտական պրակտիկայում:
Բայց քանի որ վերջերս նույն Հիլըրին «վերաբեռնման» կոճակի շուրջ բավականին հետաքրքիր պատմություն ունեցավ նաև պարոն Լավրովի հետ, պարտ ենք եզրակացնել, որ տիկինը ոչ ստանդարտ դիվանագետ է, և երկաթյա Քոնդիին, հիշում եք նրան, որ խիստ անջերմ առավ ու պատռեց Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձը (2003-ի նախագահական ընտրություններին առնչվող), պահանջեց գրել շատ սառը «մի բան», և, ուրեմն, Քոնդիին փոխարինելու է եկել դիվանագիտական բավականին թարմ «սիմվոլիկաներով» առաջնորդվող դեմոկրատ-տիկինը:
Բայց դա մեզ չի խանգարելու սևեռվել հարցադրման վրա. ի՞նչն է այդպես «ջերմացրել» ու ոչ մի կերպ դուրս չի գալիս տիկնոջ մտքից և այն էլ` հեռախոսով ունեցած զրույցի առիթով:
Նախ` տեղեկացնենք, որ նախագահական նստավայրում կայացած Մեթյու Բրայզա-Սերժ Սարգսյան հանդիպումը հարկ չի համարվել լուսաբանել, ինչն էլ լրացուցիչ հարցականների տեղիք է տալիս:
Դառնանք «ջերմության» պարամետրերին` շատ հեռու չգնալով, թե դրանք, հնարավոր է, բանավոր պայմանավորվածության բնույթ են կրել, և համակրելի Մեթը եկել է` «առձեռն» ստանալու: Պարզապես անդրադառնանք այն հարցերի շրջանակին, որոնց շուրջ կարող էին ջերմորեն «պայմանավորվել» մեր Սերժն ու իրենց Հիլըրին` էս դառնացող աշխարհում:
Հասկանալի է, ՀՀ նախագահն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը խոսել են այնպիսի թեմաներից, որոնք «համընկել» են Օբամա-Մեդվեդև, Օբամա-Գյուլ առաջիկա հանդիպման «ֆորմատներին»:
Հասկանալի է նաև, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան շատ ինտենսիվ քայլերին զուգընթաց` Ռուսաստանը փորձում է պնդացնել իր շուրջը եղած բուֆերային գոտին` ի դեմս հետխորհրդային երկրների:
Ասել ենք` ԱՄՆ-ը Սիրիայով, Իրաքով «մտնում» է Թուրքիա, Իրան: ԱՄՆ-ին օրերս հաջողվեց նաև մասնակի եթե ոչ չեզոքացնել, ապա գոնե լռեցնել քրդական գործոնը և Լոնդոնում կայանալիք Օբամա-Մեդվեդև հանդիպմանը ներկայանալ բավականին լուրջ փաթեթով` բոլոր ուղղություններով:
Բանն այն է, որ երկու ամիս հետո սպասվող տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը, ըստ փորձագետների, ընդհանրապես «կանցնի» Ռուսաստանի վրայով, իսկ ալիքից հետո ի՞նչ կմնա Ռուսաստանից և կմնա՞ արդյոք` խիստ հարցական կլինի: Շատերը կանխատեսում են նույնիսկ Պուտինի կառավարության հրաժարականը և էլի ուրիշ «հետաքրքիր» բաներ: Այնպես որ, Ռուսաստանի վիճակն ամենևին էլ նախանձելի չէ, և վերջինս անում է ամեն ինչ, որպեսզի մինչ այդ «ալիքն» ամրապնդի իր դիրքերը:
«Ամրապնդման» տակ է նաև Հարավային Կովկասը. Ռուսաստանն այստեղ հանդես է գալիս «բարեփոխումների» շատ մեծ փաթեթով` կանխելու «Մանասի» տեղափոխումն Ադրբեջան, Սաակաշվիլուն է փորձում խաղից հանել, իսկ Հայաստանի դեպքում նախ`
ա) փորձում է երկարացնել իր ռազմաբազաների ժամկետը, ապա` ողջ էներգետիկ ակտիվները (էլ ո՜ւր) հավաքում է իր ձեռքը (այլ կերպ, քան ԻՏԵՐԱ-ի «ներձուլումը» «ՀայՌուսգազարդին», բացատրել հնարավոր չէ), մտմտում է տրվելիք 500 մլն-ի առնչությամբ, և վերջապես` ներքաղաքական առաջիկա զարգացումներում կրկին սեփական «պակետն» է ձևավորում:
Չմտնելով մատի ու մատանու արանքը, չարձանագրելով, որ հնարավոր է` հենց ռազմաբազաների հարցի «համար» էր եկել պարոն Բրայզան (հիշենք, որ Ռուսաստանը Հայաստանին տասն օր ժամանակ էր տվել` այդ ռազմաբազաների, իսկ իրականում Ռուսաստանի` Հարավային Կովկասում մինչև 2049 թ. ներկայությունը երկարացնելու համար), անցնենք առաջ և ներկայացնենք հարցերի մյուս շրջանակը, որոնք հայ-ամերիկյան հետաքրքրությունների և պայմանավորվածությունների ծիրում են հայտնվել, որոնք էլ զուգահեռաբար կարող էին ջերմացնել պետքարտուղարուհուն և այնքան, որ նա «վերցներ» ու Հայաստան «ղրկեր» իր տեղակալ Մեթին:
բ) Անշուշտ, քննարկված, ջերմացված հարցերի հաջորդ խումբն առնչվում է Վրաստանի շուրջ ընթացող զարգացումներին: Տեսանելի է` այնտեղ կրկին խաչվում են երկու գերտերությունների սրերը: Ինչ կլինի առաջիկայում, շատ դժվար է ասել, սակայն դատելով գործընթացներից, եթե Միացյալ Նահանգներին և Բրայզային հաջողվի այս անգամ էլ պահել Միխոյին, ապա Միխոն այնքան թուլացած կլինի, որ նրան «պահելն» այլևս անիմաստ կդառնա:
ԱՄՆ-ն այս ընթացքում «դեժավյու» կսպասի Հայաստանից, ինչպես եղավ օգոստոսին, երբ Հայաստանը չճանաչեց Աբխազիան և Օսիան, չխառնվեց Վրաստանի-Ռուսաստանի խառը «գործերին»: Ինչն այս անգամ, անկեղծ ասած, դժվար կլինի:
Ի դեպ, ռուս փորձագետները նաև բավականին աբսուրդ տեսակետ են ասպարեզ նետում. Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը «տալ» Ադրբեջանին, իսկ Ջավախքը` Հայաստանին:
Ճիշտն ասած, սա հիշեցնում է հայտնի անեկդոտը Աշոտ Մանուչարյանի մասին. Աշոտն ամեն առավոտ կանուխ նստում է քարտեզի մոտ, ու թե` պետք է Ամերիկան տանե՜լ մի քիչ վերև, թողնել Եվրոպայի ու Մոսկվայի արանքում, Աֆրիկան` ա՜յ էստեղ դնել. Ավստրալիան տեղափոխել Ալյասկա, Կանադան` Աֆրիկա ու այդպես ամեն օր` նոր կոնֆիգուրացիաներ. հարցնում են` Աշոտ, բայց` խի՞, ասում է` «կա՜յֆ» է: Ինչևէ:
գ) Հարցերի հաջորդ շրջանակը, անշուշտ, վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին: Ասել ենք` ԱՄՆ-ը ցանկանում է սահմանի «առաջանցիկ» բացում, իսկ Ռուսաստանը, որն այլևս մեծ խանդով է վերաբերվում ԱՄՆ-Թուրքիա ջերմացող հարաբերություններին, կատեգորիկ դեմ է դրան և սպասում է այն պահին, որ ինքը դառնա սահմանի բացման կարգադրիչը:
Սերժ Ազատիչի հաշվարկն էլ հետևյալն է` գուցե Օբաման և Մեդվեդևը Լոնդոնում թավշյա հանդիպում ունենան, սառը պատերազմն ավարտվի, և սահմանի բացումը Ռուսաստանի կողմից ցավոտ չդիտվի (չի բացառվում` Սերժ Ազատիչի մտքում լինի նաև Ռուսաստանից սպասվող տնտեսական երկրորդ ալիքի հաշվարկը ևս, որից հետո կոնֆիգուրացիան ողջ աշխարհում ընդհանրապես փոխված կլինի), բայց ոչ Ռուսաստանը (տե՛ս ընդդիմության` կրկին խաղի մեջ պահելու մարտավարությունը) և ոչ էլ ԱՄՆ-ը (տե՛ս Բրայզայի «նաղդ» այցը) չեն ցանկանում հայի հետին խելքի հետ հաշվի նստել և ուզում են հիմա ու ամբողջը, ասել է` Ռուսաստանն ուզում է Հայաստանն իր «ձեռքում» ներկայանալ լոնդոնյան հանդիպմանը, Օբաման` Քլինթոնով, Բրայզայով իր «ձեռքում»:
Ընդ որում, սա այն դեպքն է, երբ «ա», «բ» և «գ» կետերը խիստ միաձուլված են այն առումով, որ վրաստանյան «խառնակության» դեպքում չի բացառվում, որ էլի փակվի հայ-վրացական սահմանը:
Ի՞նչ կանի Հայաստանը, եթե հայ-թուրքական սահմանի հարցն էլ այսպիսի «խաղերի» մեջ է: Շատ դժվար է ասելը:
Ընդ որում փորձագետները չեն բացառում, ավելին, պնդում են, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը հիլըրյան ջերմությամբ Սերժ Սարգսյանի հետ քննարկած լինի վերջինիս այցը Թուրքիա` Օբամա-Գյուլ-Սարգսյան հանդիպման համատեքստում: Մանավանդ որ Օբաման իր հերթին խնդիր ունի ապրիլի 24-ին շրջանցելու «ցեղասպանություն» բառը (и ежу понятно, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերջին ջերմացման կոնտեքստում Օբաման, ինչպես և ԱՄՆ-ի նախորդ բոլոր նախագահները, չի արտասանի այդ բառը), իսկ այդ հանդիպումից կշահեն երեք կողմերն էլ. Օբաման կասի` բարիշացնում ենք, թողեք «խոսեն», դրա համար էլ «ցեղասպանություն» բառը հնչեցնելը մի քիչ հետաձգվում է, Գյուլն իսկապես կհասնի նրան, որ բառը չհնչի: Դե, իսկ Սերժ Ազատիչը PR հզոր բումի մեջ կհայտնվի:
Սարսափեցի՞ք: Հարցնում եք` բա Ռուսաստա՞նը:
Ի պատասխան հնչում են հանդիպակաց հարցերը. ո՞ր Ռուսաստանը, ո՞վ է այսօր, մեծ հաշվով, ղեկավարում Ռուսաստանը, չէ՞ որ այդ առումով այնտեղ դժվար «կացություն» է, էլի հիշեցիք, որ ԳՌՈՒ-ի որոշ ստորաբաժանումներ ցրում են, բայց պարոն Կարաբելնիկովը (ԳՌՈՒ-ի շեֆը) կա և պինդ կանգնած է իր դիրքերում (ի դեպ, նա մեր Միքայել Հարությունյանի տղայի քավորն է, բա՜)... էնտեղ էլ Գորբաչովին, մինչև Մեդվեդևի հետ հանդիպումը, ընդունեց ինքը` պարոն Օբաման: Չե՞ք հիշում Գորբաչովին, ասում են` Նոբելյան այդ մրցանակակիրը քանդեց Խորհրդային Միությունը:
Մի խոսքով, Ռուսաստանում կան ուժեր, որ շահագրգռված են, որ Սերժ Սարգսյանը մասնակցի այդ հանդիպմանը: Եթե նման առաջարկ իսկապես լինի:
Ո՜վ կհրաժարվի նման այցից:
Իսկ գնալու իրական «прелесть»-ները կհաշվենք առանձին, եթե, իսկապես, բանը հասնի դրան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2957

Մեկնաբանություններ