38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Քոչարյանի հետ Հաագայի դռնից առաջինը պետք է ներս մտնի Տեր-Պետրոսյանը»

«Քոչարյանի հետ Հաագայի դռնից առաջինը պետք է ներս մտնի Տեր-Պետրոսյանը»
12.08.2008 | 00:00

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ»
Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հայ արիական միաբանության ղեկավար ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
-Պարոն Ավետիսյան, Հայ արիական միաբանությունն այսօր ո՛չ ընդդիմադիրների հետ հարթակում է կանգնած և ո՛չ էլ իշխանությանը սատարող ուժերի մեջ է։ Քաղաքական ո՞ր հարթությունում դիտարկենք ձեզ։
-Ե՛վ միջընտրական, և՛ հետընտրական գործընթացների վերաբերյալ համապատասխան հայտարարությունների տեսքով մենք հայտնել ենք մեր տեսակետը։ Գաղափարական առումով ոչ կոալիցիա կազմող և ոչ էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը մեր մոտեցումներին հարիր չեն։ ՈՒստի չցանկացանք լինել որևէ տեղ՝ պարզապես որևէ տեղ լինելու համար։ Նախկին իշխանությունը՝ Տեր-Պետրոսյանը և նրա քաղաքական թիմը, իրենց ղեկավարման տարիներին դեմ էին ազգային, ազգայնական գաղափարախոսությանը, իսկ ներկայիս իշխանությունների որդեգրած նժդեհյան ցեղակրոն քաղաքականությունն էլ սնանկ է և առավելապես ցուցադրական՝ իր մեջ ոչ մի արժեք չպարունակելով։ Կանգնել վերջիններիս կողքին ու վարկաբեկել Նժդեհի սրբազան ուսմունքն ու Հայ դատի գաղափարները՝ չենք ցանկանում։
-Չլինելով որևէ կողմում՝ ներքաղաքական լարվածության լիցքաթափումն ի՞նչ ձևով եք տեսնում։
-Չմասնակցելով կողմերի պայքարին՝ մենք դիտորդի կարգավիճակում չենք։ Հասարակության մեջ կա և՛ երկփեղկվածություն, և՛ ճգնաժամ։ Ելքի ուղիները մենք նախանշել ենք, բայց քանի որ այդ կողմերը մեզ չեն հրավիրել որևէ քննարկման, այդ առաջարկները նրանց դեմ առ դեմ չենք ասել։ Սակայն հրապարակայնորեն նշել ենք, որ միակ ճիշտ տարբերակն այն է, որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկի ՀՀ վարչապետի պաշտոնը՝ փորձելով միասին ընդդիմադիր դաշտին տեղ հատկացնել, այսինքն՝ Դուք ցանկանում եք կառավարել երկիրը, ես թույլ եմ տալիս մասնակցել այդ կառավարմանը։ Որոշ ժամանակ, գուցե նաև ըստ պայմանավորվածության՝ մեկ տարի, պետք է հնարավորություն տրվի ընդդիմադիր գործչին։ Եթե նա տապալվի, ապա հանրությունը կտեսնի, որ նա ամպագոռգոռ հայտարարություններ էր անում։ Հակառակ պարագայում ամեն ինչ կլինի հօգուտ մեր երկրի։
-Այս տարբերակն իրագործելու համար, ըստ Ձեզ, նախաձեռնության պակաս ո՞ր թևից է նկատվում։ Ո՞վ պետք է առաջին քայլը կատարի։
-Կարծում եմ, համեմատաբար ուժեղի դիրքում իշխանություններն են, և նրանք պետք է քայլ անեն։ Այն պետք է լինի ոչ թե հայտարարությամբ, այլ բաց հանդիպումներ հրավիրելով, թեկուզև հեռուստատեսության, մամուլի միջոցով։ Եթե Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները հրաժարվեն, մեր և միջազգային հանրությանը պարզ կդառնա, որ ընդդիմությունը պարզապես ընդդիմություն է խաղում։ Իհարկե, այնպես, ինչպես ուզում է Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, այս իշխանությունը չի առաջարկի, քանի որ նա իր քայլերը պետք է համաձայնեցնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ևս։ Այս տարբերակի օրինակներ կան նաև այլ երկրներում, երբ ուժեղ ընդդիմության ներկայացուցչին նշանակում են վարչապետ կամ բավականին լուրջ պաշտոն են տալիս։ Եկե՛ք համաձայնության, մի քանի աթոռ է՝ կիսե՛ք իրար մեջ, միմյանց հետ աշխատեք, ժողովրդին օգտակար եղեք։ Եթե չեն ուզում, նշանակում է ամեն մեկի տակ մի բան կա։
-Իսկ ո՞վ ավելի շատ չի ուզում։
-Երկուսն էլ այդքան չեն ուզում։ Կոչերով անընդհատ ուզում են, սակայն լուրջ քայլեր որևէ մեկի կողմից չեմ տեսնում։ Այստեղ միջազգային ուժերի ներկայությունն էլ եմ տեսնում, որոնք չեն ուզում Հայաստանում կայունություն լինի։ Բայց եթե երկուսն էլ ուզում են ի շահ երկրի գործել, պետք է վեր կանգնեն այդ ամենից, իսկ եթե ոչ՝ շատ շուտով հայ հասարակությունը կհասկանա, որ երկուսն էլ խամաճիկներ են։
-Վերջին հանրահավաքում համաժողովրդական շարժումն իր կարգախոսը դարձրեց Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այս առնչությամբ Ձեր դիրքորոշումը։
-Սերժ Սարգսյանի հրաժարականին ընդդիմադիրները մոտեցան միայն վերջերս, իսկ մինչ այդ բոլորս մտածում էինք, որ ամեն ինչ Ռոբերտ Քոչարյանին է ուղղված, ինչը վկայում է նաև Հաագայի միջազգային դատարան դիմելու նրանց նախաձեռնությունը։ Նրանք ակնկալում էին, որ միգուցե Սարգսյանը կզոհաբերի նախկին նախագահին, և դրանով ընդդիմությունը կստանա երկու նվեր։ Առաջինն այն է, որ Սերժ Սարգսյանը բավականին կթուլանա, քանի որ այսօրվա իշխանության տարբեր պաշտոններում նախկին նախագահի լուրջ հետևորդներ կան, ովքեր այդ ամենից հետևություններ կանեն ոչ Սարգսյանի օգտին։ Իսկ երկրորդը՝ կսկսեն ընդդիմությունից վախենալ, որովհետև հարցը Հաագայի դատարան գնալու պարագայում, որին կաջակցեն նաև միջազգային կառույցները, վախի մթնոլորտ կստեղծի իշխանության մեջ գտնվող միջին և ցածր օղակների միջև, իսկ միջազգային և հայ հանրությունն էլ դրան այլ աչքով կնայի։ Բայց չեմ կարծում, որ այսպես կլինի, քանի որ եթե Հաագայում դատապարտվելու մասին է խոսքը, ապա Քոչարյանի հետ Հաագայի դռնից առաջինը պետք է ներս մտնի Տեր-Պետրոսյանը։ Այս ամենը սկսվեց Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ընդդիմադիր շատ քայլեր տանկերի, զորքի, ոստիկանության միջոցով ճնշվեցին։
-Քոչարյանի օրոք էլ եղան հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը...
-Իհարկե, միանշանակ։ Նրանք միմյանց արժանի են, այսինքն Հաագայի դատարան Քոչարյանից առաջ դեռ պետք է գնա Լևոն Տեր-Պետրոսյանը։
-Այսուհանդերձ, ի՞նչ մեխանիզմով եք պատկերացնում պատասխանատվության ենթարկելը մի անձի, որի օրոք եղել են հոկտեմբերի 27, մարտի 1 և այլն։
-Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է իսկապես երկիրը բերել ազգային, իրավական հարթություն, իսկ այդ ամենի հրաման տվող Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչել, ապա պետք է քննարկել այդ ամենը միմիայն Հայաստանում։ Եթե Սարգսյանն այս կերպ չվարվի, ինքն էլ երկար չի մնա իշխանության ղեկին։
-Օգոստոսի 1-ի հանրահավաքում ընդդիմությունը ստեղծեց Հայ ազգային կոնգրես։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս կառույցին։
-Եթե ընդդիմադիր դաշտ ձևավորվի, որը կարող է իշխանություններին միշտ ձիգ պահել, ապա ես նման ուժի կողմնակից եմ։ Ցանկացած ընդդիմադիր դաշտի կողմնակից եմ, բացառությամբ ապազգային ընդդիմությունից։ Այս պահին մենք մեզ ոչ մի տեղ դեռևս չենք տեսնում։ Ներքին հանդիպումներ ենք կազմակերպում և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի ազգայնական փոքր և միջին կառույցների հետ։ Չի բացառվում, որ շուտով մենք մեր խոսքն ասենք։
-Կոնգրեսի ստեղծմանը զուգահեռ ներքաղաքական դաշտում «երրորդ ուժ» կոչվող ձևաչափն է ձևավորվում։ Հնարավո՞ր է ձեր անդամակցությունն այդ քաղաքական միավորին։
-Նրանք ևս ոչ մի կերպ մեզ չեն հրավիրել։ Իհարկե, ճանաչում ենք այդ քաղաքական գործիչներին, բայց ես չեմ կարող ասել՝ որ ուժը հայրենասեր է, որը՝ ոչ։ Դա ժամանակը ցույց կտա։ Պարզապես եթե նոր ընդդիմություն է ձևավորվում, այն պետք է ցույց տա, որ առավել քիչ իշխանամետ է։ Այնինչ այնքան ակնհայտ բաներ են անում, որ արդեն ընդդիմադիր շրջանակներում չեն ընդունվում որպես ընդդիմադիր կառույց։ Եթե դեմ են Տեր-Պետրոսյանին, որը շատ հնարավոր է, ուրեմն՝ պետք է կարողանան իրենց ընդդիմադիր լինելն իշխանությանն էլ ցույց տալ։ Այս ձևով ընդդիմություն չի կարելի ձևավորել։ Ընդդիմությունը կարող է դեմ լինել երկուսին էլ՝ ցույց տալով նոր գաղափարական որակներ, նոր մոտեցումներ։ Ասում են՝ մենք իշխանության մեջ չենք եղել, հիմա մենք կլինենք։ Այդպես չի լինում։ Լինել-չլինելով չէ, կարելի է իշխանության մեջ չլինել, բայց գաղափարական նոր որակներ բերել, որից օգտվեն և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը։
-Ստացվում է, որ Ձեր նշած գաղափարական որակները, նոր մոտեցումները «երրորդ ուժը» չունի՞։
-Ավելի պարզ ասեմ. եթե նոր ընդդիմությունը Խոսրով Հարությունյանն է, ապա ես Մաո Ցզեդունն եմ։
-Անդրադառնանք իշխանության աշխատաոճին։ Կատարված քայլերը գոհացնո՞ւմ են ձեզ։
-Գուցե Սերժ Սարգսյանը ցանկանում է ինչ-որ բան փոխել, բայց կադրերի այն կազմը, որ նա ընտրել է, հույս չի ներշնչում։ Բարոյականությունից պետք է խոսեն բարոյականները, ազգայինից՝ ազգայնականները։ Այս կադրերի բանկով հնարավոր չէ իրավական երկիր կառուցել, հակառակը հնարավոր է։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5191

Մեկնաբանություններ