Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հիշենք, վերլուծենք, դասեր քաղենք պատմության արյունոտ էջերից

Հիշենք, վերլուծենք, դասեր քաղենք պատմության արյունոտ էջերից
18.08.2009 | 00:00

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
«Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռներն արնոտ գնում է դեռ նա կամկար
ՈՒ հեռու է մինչև Մարդը իր ճամփան»:
Հովհ. Թումանյան

Վերջապես մեր «հրեշտակ-փրկիչ» խաղաղարարները, Մինսկի խումբ կազմած, շուրջ երկու տասնյակ տարի մըս-մըս-մսմսալուց հետո որոշեցին մի անգամ կիսաբերան Մուստաֆա բարձրաձայնել՝ հրապարակ նետելով «մադրիդյան սկզբունքներ» ձևակերպումով որոշ բացահայտումներ: Եվ քանի որ աշխարհակալության ձգտող բոլոր հզորների՝ հազարամյակների փորձին հավատարիմ մնալով՝ նրանք ևս պետք է ամեն ինչ գլխիվայր շրջած ներկայացնեին, գաղտնազերծված հարցերի դասավորության մեջ ևս չշեղվեցին իրենց սկզբունքից և մեզ նետված մարտահրավերների ցանկում վերջինը տեղադրեցին մեզ համար ամենավտանգավորը: Որպեսզի գաղտնազերծված սկզբունքները շատ թե քիչ բնական հերթականությամբ ներկայանան՝ հաշվի առնելով մեզ նետված մարտահրավերների վտանգավորության չափը, մենք հարցերը կդիտարկենք նրանց ներկայացրածի հակառակ կողմից՝ վերջից:
Բայց մինչ այդ մի թռուցիկ դիտարկում:
Այսօր յուրաքանչյուր հայ, երևի բացի մեր քաղաքական դաշտի տիրակալ ջոջ աղաներից, որոնք հարցերի լուծումներն իջեցնում են մինչև առևտրական սակարկությունների ստորոտներ, պարզից էլ պարզ տեսնում է, որ Մինսկի խումբը, նրա կազմի մեջ մտնող տերությունների խաչաձևվող շահերի շնորհիվ, դարձել է մի յուրահատուկ թուրքական բաղնիք, ուր կողմերից ոչ մեկը պատրաստ չէ գետնին ընկած օճառը վերցնելու... Դա մեզ համար հնարավորության դուռ է բացում, որպեսզի կարողանանք դիմագրավել պարտադրվող մարտահրավերներին և անկորուստ պաշտպանել մեր ազգային շահերը: Բայց միայն՝ եթե ջանք թափենք և կարողանանք:
ՈՒղիղ 300-ամյա հետագիծ ունի հզոր տերությունների դաժան մրցակցությունը մեր տարածաշրջանում, և այդ մրցակցության մեջ նրանց հակադարձ շահերի բախումը միշտ էլ կործանարար է եղել մեզ համար: Դեռևս 1708 թ., երբ Իսրայել Օրին Հռոմի պապի տված փաստաթղթերով, բայց իրականում Պետրոս Մեծի դեսպանի կարգավիճակով ոտք դրեց Շամախի քաղաք, Պարսկաստանում Ֆրանսիայի առևտրական կցորդ Միշել Ֆրանսիացին պարսկական արքունիքին ահաբեկեց, թե Օրուն ուղարկել են հայոց պետականությունը վերականգնելու առաջադրանքով՝ վկայակոչելով Հայաստանի ազատագրության վերաբերյալ միջնադարում ստեղծված լեգենդը: Նույնիսկ «Օրի» բառը Միշել Ֆրանսիացին ֆրանսերենով մեկնաբանեց, թե այն նշանակում է՝ «Նա թագավոր կլինի»: Այդ էր պահանջում Ֆրանսիայի ծավալապաշտական շահը Ռուսաստանի հնարավոր հարավային ներթափանցման վտանգի դեմ: ՈՒղիղ 300 տարի չի եղել ռուս-թուրքական, ռուս-պարսկական որևէ պատերազմ, որի ընթացքում Ռուսաստանի դեմ կանգնած չլիներ Արևմուտքը ոչ միայն նպատակամղված սադրանքներով, այլև զենքով ու զինամթերքով:
Հիշենք, վերլուծենք, դասեր քաղենք պատմության արյունոտ էջերից, իրար դիմաց կանգնեցնենք Սան-Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածները՝ տեսանելի դարձնելու համար հզորների սադիզմը նույնիսկ մանրուքների մեջ: Իրար դիմաց կանգնեցնենք 1920 թ. օգոստոսի 10-ին ընդունված Սևրի դաշնագիրն ու Լենին-Աթաթուրք համագործակցությամբ այդ դաշնագրին անմիջապես, օրեր հետո հաջորդած ագրեսիան Հայաստանի դեմ՝ քեմալականները՝ արևմուտքից, բոլշևիկները՝ արևելքից, այդ ագրեսիայի շարունակություն Մոսկվայի ու Կարսի ավազակային պայմանագրերը:
Առանց պատմության այդ արյունոտ դասերի հաշվառման՝ մեզ նետված ներկա մարտահրավերների լաբիրինթոսում ճիշտ կողմնորոշվել չենք կարողանալու:
Եվ այսպես, քողազերծված սկզբունքների վերջին հավաստիացումը՝ «Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություններ»:
Մենք չգիտենք, թե աշխարհի հզորներն իրենց «խաղաղարարությամբ» երկրագնդի որ կետեր ինչ են հասցրել, բայց վերջին երեքհարյուրամյա մեր արյունոտ ու ողբերգական պատմությունը վկայում է, որ արտաքին ուժերի նման ամեն մի «հոգատարություն» մեզ դարձրել է հայրենազուրկ ու գաղթական: Եվ անշեղորեն շարունակվող այդ մարդակեր քաղաքականության մղձավանջային պայմաններում մեր ժողովուրդն աննախադեպ հերոսականությամբ ինչի էլ հասել է, հասել է միայն սեփական ուժերին ապավինելու շնորհիվ, հասել է միայն այն պահերին, երբ մեզ համար «քուն ու հանգիստ կորցրած քեռիները» պոչները քաշել են մեր երկրից: Վերջին 300 տարում մեր ժողովուրդը երեք վճռական ու ազգափրկիչ հաղթանակ է ունեցել՝ երեք դեպքերում էլ «բարի քեռիներից» խաբված, երեք դեպքերում էլ ապավինելով միայն ու միայն սեփական հնարավորություններին: Առաջինը Արցախ-Զանգեզուրյան հերոսամարտն էր 18-րդ դարի 20-ական թթ., 2-րդը՝ Սարդարապատյան մեծագործությունը, 3-րդը՝ Արցախյան հերոսամարտը: Բավական է միայն մի հետադարձ հայացք՝ միայն սեփական ուժերին վստահելու ճշմարտացիությանը վերահասու լինելու համար:
Հերթականորեն վերջին հայակեր Գորբաչովի ուղարկած «խաղաղարար» ուժերը ի՞նչ դերակատարում իրականացրին Ադրբեջանում ու Ղարաբաղում: Նրանց աչքի առաջ, ինչու չէ, նաև նրանց գործուն մասնակցությամբ, թուրք ջարդարարները մտնում էին հայերի բնակարանները, ոչնչացնում բնակիչներին և անպատիժ հեռանում: Իսկ երբ մի Մելքումով փորձեց պաշտպանվել մարդասպաններից, աշխարհով մեկ դատապարտեցին նրան: Ինչպե՞ս մոռանալ սաֆոնովյան «խաղաղարարությունը», երբ պարետային ժամը խախտելու մեղադրանքով սեփական բակ դուրս եկած հային քարշ էին տալիս պարետատուն, իսկ քաղաքից մի քանի կմ հեռու գիշեր-ցերեկ կառուցումներ էին կատարում, որ մեսխեթ թուրքերին էլ խոթեն Ղարաբաղ: Այդքանն էլ բավարար չհամարելով՝ գորբաչովյան զորքերը, ծանր հրետանին գործի դնելով, ոչ միայն մեզ վերջնականապես զրկեցին մինչ այդ արդեն նվաճված ու աշխարհի առաջ Ադրբեջան դարձրած մեր հայրենիքից՝ Շամախուց, Շաքիից ու Գանձակից, այլև դեռևս կանգուն ու չնվաճված Արցախյան շրջաններից՝ Շամխորի ու Քարհատի, Գետաշենի ու Շահումյանի շրջաններից, հայաթափեցին Հադրութի շրջանի մեծ մասը, Լաչին վերանվանված Բերդաձորի հայկական գյուղերը: Այդ է հերթականորեն վերջին «խաղաղարար» ուժերի ծառայությունը հայ ժողովրդին, որն իրականացրին գորբաչովյան տանկերի ու «Կոլցո» օպերացիաների միջոցով:
Իսկ դա օրգանական շարունակությունն է մի քաղաքականության, որի սկիզբը դրել է Պետրոս Առաջինը: Անդրկովկասն ազատագրելու խոստումով ցարն ապստամբության մղեց հայերին ու վրացիներին: Հայ-վրացական միացյալ զորքերը Գանձակում սպասում էին ազատարար ցարին, սակայն վերջինս առանց մի կրակոցի, առանց մի զինվոր զոհելու տեր է դառնում Դերբենդին ու վերադառնում՝ իրեն սպասողներին մատնելով հուսախաբության: Այդ դեռ բավական չէր, 1724 թ. Պոլսի գաղտնի դաշնագրով ցարը Պարսկաստանին ենթակա Անդրկովկասը ճանաչում է թուրքական սեփականություն՝ Թուրքիայի առաջ Անդրկովկասը նվաճելու ճանապարհ բացելով: Ինչո՞ւ: Որովհետև ցարին հարկավոր չէր մի Անդրկովկաս, որի ժողովուրդներից մեկը՝ վրացիները, դեռևս ուներ պետականություն, իսկ մյուսը՝ հայերը, պայքարում էր՝ վերականգնելու իր կորցրած պետականությունը: Ցարիզմը և բոլոր նվաճողները, ընդհանրապես, ունեն մի նպատակակետ՝ տեր դառնալ գորշ ու անդեմ ստրուկների նորանոր զանգվածների՝ նվաճված երկրներում՝ ուրանալով ազգի ու ազգային իրավունքի ամեն մի դրսևորում: Ցարիզմին մի ամբողջ հարյուրամյակ էր հարկավոր, որպեսզի Թուրքիայի ու Պարսկաստանի ձեռքով հայերին ու վրացիներին հասցնի անդնդի եզրին, որից հետո իջնի Անդրկովկաս ու «փրկի» նրանց:
1724 թ. Պոլսի դաշնագրի զորությամբ Թուրքիան ռազմակալեց Անդրկովկասը: Մի հարվածով շարքից դուրս եկավ Վրաստանը, վրաց թագավորը փրկություն գտավ Աստրախանում: Պայմանագրի համաձայն Թուրքիան նվաճեց մինչև Շամախի: Ամբողջ Անդրկովկասում միայն Արցախն ու Զանգեզուրն էին, որ ոչ միայն մնացին աննվաճ, այլև թուրք զավթիչներին արժանի ու հերոսական հակահարված էին տալիս: Նույնը կրկնվեց 200 տարի հետո՝ 1918 թ., երբ թուրքերն իրենց նվաճումները հասցրել էին մինչև Բաքու: Բայց թուրք զավթիչները փորձության չենթարկվեցին՝ իրենց հայացքներն ուղղելու դեպի Չարդախլու, Քարհատ, Գետաշեն ու Գյուլիստան: Ահա թե ազերթուրքերի համար ինչ նվաճեցին գորբաչովյան «խաղաղարար» հրանոթները:
1918 թ. վերջերին թուրքերին փոխարինեցին անգլիական օկուպացիոն ուժերը՝ գեներալ Թոմսոնի գլխավորությամբ, որը տոկոսով հանդերձ որդեգրեց թուրք զավթիչների քաղաքականությունը հայերի նկատմամբ: 1918 թ. նոյեմբերի 20-ին անգլիական օկուպացիոն ուժերի հրամանատարությունը Ղարաբաղին օգնության գնացող Անդրանիկին հետ դարձրեց Շուշիից մի քանի կմ հեռավորությունից՝ ծանրագույն սպառնալիքներով ու խաղաղության կոնֆերանսում Ղարաբաղի հարցը լուծելու խաբկանքով: Նույն Թոմսոնը երկու ամիս հետո, փետրվարի 3-ին, անգլիական սվիններով, անգլիական զենք ու զինամթերքով, Սուլթանովին իջեցրեց Շուշի, և Շուշիից մինչև Գորիսի փեշերը վերածեցին մոխրակույտերի: Այս էլ անգլիական ավանդական «խաղաղարարությունը»: Այսօր էլ շաբաթը մեկ Թոմսոնի թոռներն են գալիս ու հոտոտում իրենց պապերի ստեղծած մոխրակույտերը՝ տեսնելու համար, թե հայի ծի՞լ է դուրս եկել այդ մոխրակույտերի տակից, որ հերթականորեն ոչնչացնեն:
Թոմսոններին փոխարինեցին բոլշևիկները: Լենինն Արցախ-Ղարաբաղը նվիրեց ազերթուրքերին: Գաղութատիրության 600-ամյա պատմության մեջ չարձանագրված բարբարոսական մեթոդներով Ադրբեջանի մուսավաթաբոլշևիկյան վարչակարգը 70 տարի դիմել է բոլոր միջոցներին՝ «հայերի քոքը» իրենց նվիրված տարածքներից կտրելու համար: 70 տարի Արցախ-Ղարաբաղը ծանրածանր զոհողությունների գնով, հերոսական վճռականությամբ ու ազգային արժանապատվությամբ դիմագրավեց ազերթուրքական ոտնձգություններին ու մնաց աննվաճ: Միայն գորբաչովյան հրանոթների զորությամբ թուրքի ոտքը մտավ Չարդախլու, Գետաշեն ու Շահումյան:
Ահա թե ինչ ենք կորցրել մենք, ահա թե ինչպես են մեզ համար «քուն ու հանգիստ կորցրած խաղաղարար ուժերը» մեզ զրկել մեր մեծ հայրենիքից: Չգիտենք ինչ խելքի տեր պիտի լինել՝ անտեսելու համար պատմության այս արյունոտ դասերը: «Խաղաղարար» ուժերի մուտքը Ղարաբաղ հավասար է Ղարաբաղի վերջնական կորստի, որից հետո սկսելու են այս մի ափ մնացած ու քարքարոտ հայրենիքից մեզ զրկելու գործընթացը:
Իսկ եթե մեր «հրեշտակ փրկիչները», իրոք, հետամուտ են տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովմանը, թող բարի լինեն՝
1. Չափավորել իրենց սադրիչ գործողությունները, բրայզաների լարախաղացություններով հետևողականորեն չբորբոքեն երկու ժողովուրդների հակամարտ տրամադրությունները՝ երկու կողմերին էլ պահելով շոկային դրության մեջ:
2. Հրաժարվել հակամարտությունը զենքի ուժով լուծելու գաղափարը դրոշ դարձրած ալիևյան վարչակարգը զինելուց: Մինչդեռ նրանց ագրեսիվ հոխորտանքները բորբոք պահելու համար շարունակում են բացահայտ ու գաղտնի զինել նրանց:
3. Հաշտվել իրենց իսկ սադրանքներով բորբոքված արյունոտ հակամարտության իրական արդյունքների հետ և հանգիստ թողնել երկու ժողովուրդներին:
4. Գործող միջազգային օրենքների տրամաբանությամբ՝ հաշիվ պահանջել ալիևյան վարչակարգից, որ, շարունակելով իրենց նախորդների ավանդները, ոչ միայն անխնա ոչնչացնում է հազարամյակների ընթացքում ստեղծված հայկական մշակույթի կոթողները, այլև ամենասանձարձակ ու լկտի ձևերով իրենցը հռչակում հայ ժողովրդի պատմությունը, պատմական ու մտավոր գործիչներին, հոգևոր ու նյութական մշակույթը՝ բուն իրականությանն անտեղյակ աշխարհը տրամադրելով հայ ժողովրդի դեմ: Չէ՞ որ համանախագահ երկրներից յուրաքանչյուրը մեզնից տասնապատիկ լավ գիտի տարածաշրջանի իրական պատմությունը:
Մենք հասկանում ենք, որ համանման պահանջներ կատարելու պայմաններում համանախագահ երկրների պետական շահերն ինչ-որ մակարդակում վտանգվում են, որ խաղաղարար ուժեր մեջտեղ հանելով՝ նրանցից յուրաքանչյուրը մտածում է այդ ուժերն իր պետության շահերին ծառայեցնելու մասին: Բայց մեր կողմից էլ հենց այդ և նման պահանջները պետք է առաջ մղվեն որպես հակակշիռ, և մերժվելով մերժվի, առաջին հերթին, երկրատարածք խաղաղարար ուժեր մտցնելու ամեն մի գաղափար: Այդ ձևով մենք կարող ենք դիմակայել նրանց ճնշումներին, այդ ձևով մենք կարող ենք ապահովել Ղարաբաղի փրկությունն ու անվտանգությունը:
Մենք հույս ունենք, որ մեր իշխանությունները չեն գնա նման կործանարար «խաղաղարարության», մերժելով կմերժեն օտար ուժերի մուտքը Ղարաբաղ, չեն գնա մեր զավակների կյանքի գնով ձեռք բերածի ոչնչացմանը: Ավելին: Մեր իշխանությունները պարտավոր են պատմաքաղաքական այլ հարթություն տեղափոխել փոխադարձ զիջման հարցերը: Նրանք պարտավոր են երևույթներն իրենց անուններով կոչելու քաջությունն ունենալ: Արտաքին «խաղաղարար» ուժերն ազերթուրքերի համար հետևողականորեն զավթել են հայոց հազարամյակների հայրենիք Շամախին, Շաքին ու Գանձակը. աննվաճ, բայց գաղութային վիճակում էր մնացել մի Արցախ-Ղարաբաղ, նրա կեսն էլ գորբաչովյան հրանոթներով բռնազավթեցին: Մեր իշխանությունները պարտավոր են գոնե Արցախից բռնազավթված շրջանների վերադարձի հարցը հետապնդել և ոչ թե սակարկել Թոմսոնի ու Սուլթանովի ստեղծած մոխրակույտերի հարցի շուրջը:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ