ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վկայություն

Վկայություն
13.02.2024 | 10:30

Ես վտարանդի եղա իմ երկրում -
վտարակ ինչպես, բոմժ ու փախստակ,
ինձ հալածեցին ոսոխն արնախում
եւ իշխանապարտ գյադեք անառակ:
Բնավեր եղա ու հայրենազուրկ,
չար շունչը տիրեց լեռնաշխարհիս սեգ,
ձայնեղ զանգերն իմ, բովտունները զույգ
մնացին այնտեղ, աճյունների հետ:


Սիրելիներս ցրվեցին չորս դին,
օրս կսկծաց մենությամբ կծու,-
բարեպաշտները մի պատառ հաց ու
մի քանի գրոշ ինձ ողորմացին:
Լքված եմ, մերժված, հանց խաչված ուրու՝
ուրացման տենդով բռնված ոստանում,-
ինձ վտարում են բեմ ու կաճառից,
իմ շնորհներն են ատում շան որդիք:-

Եվ ես հիշեցի անցյալը շքեղ՝
հաղթությամբ լեցուն ու մեծարանքով,-
ապրել եմ համեստ դպիրի կարգով,
բայց պատվում էին որպես մարգարե:
Ոգու հեղեղ կար, հոգու արեգակ -
չքացան մեկեն խռով ու խաբված,
նրանց քաղցից են թալկանում արագ
ինքնեղ ու ըմբոստ սրտերը բազմաց:

Սիրո դաշտերում ցուրտ է եւ մշուշ՝
խուլ շշուկներով ու կախարդությամբ -
մեր ոտքերի տակ իժեր են ֆշշում,
կույր ատլանտներ են նայում մեզ անթարթ:
ՈՒ ես վազում եմ ցնորքի ետքից՝
երեխայի պես, որ մորն է փնտրում,
երբ թվում է, թե ամենքն աշխարհում
կորցրել են իրար՝ հանկարծ ու ընդմիշտ:

Ահա բռնության ալիքը ահեղ
կճեղքի կրկին սահման ու պատնեշ,
մինչդեռ երկրով մեկ կառնավալում է
խեղկատակների թափորը գունեղ:
Աշխարհը՝ ասես մի արնոտ փալաս՝
դաշտանով տկար կնոջից ընկած,-
ես ամենեցուն խղճի եմ կոչում,
բայց եւ գոչում եմ՝ վրե՜ժ սրբազան…

Տեր, գութդ պահիր մի ուրիշ օրվա,
ես դեռ կտոկամ ու կմաքառեմ,
ինձ եղծ համարիր թեկուզ, մեղապարտ,
Քո վճիռները կընդունեմ խոնարհ:
Մինչ այդ հուշիր ինձ՝ որտե՞ղ է հուրն այն,
որ բոցկլտում է ուժով կենսահորդ,-
ուզում եմ գտնել տունդարձի ճամփան,
ուզում եմ դառնալ մեռյալներիս մոտ…

05-06.02.2024
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ