Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հնգամատյանը կամ Օրենսդրական գրքերը

Հնգամատյանը կամ Օրենսդրական գրքերը
23.06.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
Բոլոր ուսուցիչներիցս ավելի իմաստուն եղա, քանզի Քո վկայություններն իմ խոհերն էին։
Ծերունիներից ավելի իմաստուն դարձա, քանզի Քո պատվիրանները քննեցի։
(Սաղմ. 118.99-100)
Աստծո խոսքը անդրաշխարհային է և գերբնական, սակայն մեզ է հասել պատմության ճանապարհով և մարդկային խոսքերով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աստվածային գիրք ունի իր հեղինակը, ում շնորհվել է հայտնությունը, գրության տարեթիվը, վայրը և շարժառիթը, որոնք և ուսումնասիրում են մասնավոր ներածությունները բոլոր 75 սրբազան գրքերի առնչությամբ։ Իհարկե, վերջին հաշվով, քրիստոնյաների համար այնքան էլ կարևոր չէ` երբ, ինչպես, որտեղ և ում կողմից է գրի առնվել Բարձրյալի այս կամ այն հայտնությունը` բուն սուրբգրային բնագրերի համեմատությամբ։ Սակայն Աստվածաշնչի ներածությունը իրավամբ նկատվում է սուրբգրային մեկնության նախաշեմը, քանզի, քննելով յուրաքանչյուր գրքի հիմնական աստվածաբանական գաղափարները, պատմական և գրական շրջանակը, կարող է մոտեցնել մեզ Ս. Գրքի ուղղափառ և խորունկ ընկալմանը։ Իսկ նրա գիտական հետաքրքրությունների շրջանակի մեջ մտնող գրքերի պատմականության` արժանահավատության խնդիրն անուղղակիորեն լույս է սփռում աստվածային հայտնության վրա, քանզի վերջինս ի հայտ է գալիս մեծ մասամբ պատմական դեպքերի մեջ։ Ընդ որում, պատմական արժանաhավատություն կամ հարազատություն ասելով հասկանում ենք` արդյո՞ք գիրքը ճշմարտապատում է, ինչն ի հայտ է գալիս բովանդակության ներքին քննությամբ, և արտաքին աղբյուրների վկայությամբ և պատկանո՞ւմ է արդյոք այն ժամանակին ու հեղինակին, որոնց վերագրվում է։ Երկրորդ` արդյո՞ք մեզ է հասել իր նախնական տեսքով։ Չափազանց կարևոր են հնագիտությունը և մանավանդ սուրբգրային հնագիտությունը, որը զբաղվում է հրեական և քրիստոնեական հնությունների` կրոնի, կենցաղի և մշակույթի ուսումնասիրությամբ` պահպանված նյութական հուշարձանների հիման վրա։ Հենց այս տեսանկյունից կանդրադառնանք Հին Կտակարանի առաջին հինգ գրքերին (Ծննդոց, Ելք, Ղևտական, Թվեր և Երկրորդ Օրենք), որոնց հեղինակը միևնույն անձնավորությունն է` Իսրայելի մեծ մարգարե Մովսեսը։ Սույն գրքերն իրավամբ կոչվում են Մովսեսի գրքեր կամ Հնգամատյան։ Վերջին անունը բավականին դիպուկ է, քանզի ցույց է տալիս թե՛ գրքերի միասնությունը և թե՛ հինգ մասերից բաղկացած լինելը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարբերություններն ու առանձնահատկությունները, աստվածաբանական ու պատմական նշանակությունը։ Այս գրքերը, ինչպես ասել ենք, պատկանում են օրենսդրական բաժնին` Թորային, և այդպես են կոչվում ըստ Հնգամատյանի գլխավոր նյութի` սինայական օրենսդրության։ Օրենքին, սակայն, հանդիպում ենք միայն երկրորդ` Ելք գրքի 19-24 գլուխներում, ապա Ղևտականում, որը նվիրված է այդ օրենքի շարադրմանը` իր բոլոր մանրամասնություններով, և Երկրորդ Օրենք գրքում, որը բովանդակում է Մովսեսի օրենքի կրկնությունը։ Մինչդեռ Ելք գրքի առաջին գլուխները նկարագրում են հրեաների` եգիպտական ստրկությունից ազատագրվելը, իսկ Թվեր գիրքը` անապատում նրանց քառասնամյա դեգերման և երկու մարդահամարների պատմությունը։
Ծննդոցը` Աստվածաշնչի առաջին գիրքը, իրենից պատմական մի ներածություն է ներկայացնում` մարդկության համապարփակ տարեգրությունը, և ճշմարտապատում տեղեկություններ հաղորդում աշխարհի և մարդու արարման, Ադամի ու Եվայի մեղանչման ու դրախտից վտարման, տառապանքի ու մահվան առաջացման, ջրհեղեղի, բաբելոնյան աշտարակաշինության, ազգերի կազմավորման ու աշխարհով մեկ սփռվելու մասին։ Այստեղից ենք իմանում Աստծո կողմից իսրայելական ժողովրդի կազմավորման պատմությունը` հանձինս Աբրահամի, Իսահակի և Հակոբի` մարդկության փրկությունը նախապատրաստելու համար։
4-րդ դարի տիեզերական վարդապետներից մեկը` ս. Գրիգոր Նազիանզացին, Հնգամատյանն անվանել է ճշմարիտ «օվկիանոս աստվածաբանության»։ Առանց աշխարհի հնագույն այս գրքի բովանդակ Աստվածաշունչն անհասկանալի կլիներ, քանզի բոլոր հինկտակարանյան գրքերի ու նաև նորկտակարանյանի պատմության հիմքն է։ Քրիստոսի գալուստն ու քավչարար առաքելությունը լրումն են Մովսեսի գրքերում շարադրված` մարդու մեղանչման և աստվածային ուխտի։ Այդ իսկ պատճառով Քրիստոս ասաց. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ լրացնելու» (Մատթ. Ե 17)։
Հնգամատյանի տարաբնույթ ու բազմազան տեղեկությունները շարադրված են կուռ և ներդաշնակ միասնության մեջ, ուր մեկը օրինաչափորեն բխում է մյուսից, ուր իսպառ բացակայում է որևէ հակասություն և անհամաձայնություն, ուր ամեն ինչ կրում է աստվածային միջամտության և Մովսես մարգարեի հեղինակության կնիքը։ Օրինակ` Ելք գրքում կարդում ենք. «Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ» (17.14)։
Մյուս բոլոր սրբազան հեղինակները ևս` Հեսուից մինչև Նոր Կտակարան, միաձայնորեն Հնգամատյանի հեղինակությունը վերագրում են Մովսեսին` Հին ՈՒխտի մեծագույն մարգարեին, ով կրթված էր եգիպտական իմաստնությամբ, մեծ խելքի, անհուն բարության և հեզ սրտի տեր էր, ինչպիսին որ վկայված չէր աշխարհում։ Աստված նրա հետ դեմ առ դեմ, բացեիբաց էր խոսում, իսկ Ս. Գիրքը վկայում է. «Իսրայելում այլևս Մովսեսի նման մարգարե չեղավ» (Բ Օր. 34. 10)։ Մյուս ծանրակշիռ փաստարկը հրեական և քրիստոնեական ավանդություններն են, որոնք երբեք կասկածի տակ չեն առել, որ Մովսեսն է գրել այս գրքերը` անկասկած Սուրբ Հոգու առաջնորդությամբ։
Առանձին խումբ են կազմում հեթանոս հեղինակների բազմաթիվ և արժանահավատ վկայությունները` հօգուտ Հնգամատյանի` Մովսեսի հեղինակության։ Այսպես, Եգիպտոսի պատմիչներից մեկը` Մանեթոնը (ապրել է Քրիստոսից առաջ 378 թ.) հիշատակում է Մովսեսին իբրև հրեա ժողովրդի օրենսդրի։ Ընդ որում, Եգիպտոսի պատմությունը գրելիս նա պարզեպարզ խոստովանում է, որ օգտվել է եգիպտական հնագույն աղբյուրներից։ Թեոդորոս Սիկիլացին (Քրիստոսից առաջ 45 թ.) և Ապիոնը, խոսելով Մովսեսի մասին, նույնպես խոստովանում են, որ իրենց տեղեկությունները քաղել են եգիպտական քրմերից ու ծերերից։ Այս վկայությունները չափազանց կարևոր են, քանզի վկայակոչում են ոչ թե Ս. Գիրքը կամ հրեական ու քրիստոնեական ավանդությունները, այլ հնամենի հեթանոսական աղբյուրները։
Հույն հեղինակներից կարելի է հիշատակել Պոլեմոնին` աթենացի փիլիսոփային (Ք. ա. 313 թ.) և Եվպոլիմին, ով Քրիստոսից 200 տարի առաջ Մովսեսին անվանում է իմաստուն և հրեաներին սրբազան գրքեր շնորհող։ Ստրաբոնը (Ք. ա. 50 թ.) առանձնակի հարգանքով և դրվատանքով է արտահայտվում թե՛ Մովսեսի, թե՛ նրա կրոնական ուսմունքի մասին։ Սուրբ մարգարեին հիշատակել են նաև ուրիշ հույն և հռոմեացի հեղինակներ (Պոմպեոս Տրոգոսը, Տակիտոսը, Յուվենալը և այլք)։
Երկար ժամանակ Ս. Գրքի բացասական քննադատությունը Հնգամատյանի տեղեկությունները համարում էր մտացածին և առասպելական։ Սակայն եգիպտական հիերոգլիֆների ու սեպագիր արձանագրությունների վերծանումն ու Պաղեստինում և դրացի երկրներում հայտնաբերված նյութական հետքերը պարզապես ապշեցրին շատ գիտնականների։ Դարեր, նույնիսկ հազարամյակներ լռած այս արձանագրությունները հաստատեցին սուրբգրքային տեղեկությունների պատմականությունն ու արժանահավատությունը։ Հնգամատյանում տեղ գտած եգիպտական քաղաքական կարգերի, սահմանների, քաղաքների, ծեսերի և կենցաղային սովորությունների նկարագրությունները տառացիորեն համապատասխանում են եգիպտագիտության հնագիտական և բնագրային նորագյուտ տվյալներին։ Այնպես որ, այսօր գիտությունը կասկածի տակ չի առնում Հնգամատյանի արժանահավատությունը։
Խոր վաղեմության հետքեր կրող լեզվական առանձնահատկությունները, հնաբանության` արխայիզմի և եգիպտական բառերի առկայությունը, որոնք հատուկ են միայն այս հինգ գրքերին, վերջնականապես համոզում են թե՛ գրքերի արժանահավատության, թե՛ Մովսեսի հեղինակ լինելու մեջ։
Ինչ վերաբերում է Հնգամատյանի գրքերի գրության տարեթվերին, ապա պետք է որոշակիորեն ասել, որ դրանք մի շնչով չեն կազմվել, այլ աստիճանաբար` Աստծու նոր հրամանների համեմատ։ Ըստ արդի ուսումնասիրությունների, այս գրքերը կազմվել են մոտավորապես Ք. 1250-ից (հրեական և յոթանասնից ավանդության համաձայն` 16-րդ կամ 15-րդ դարի վերջ) մինչև 1200 թվականը, այսինքն` Եգիպտոսից հրեաների դուրս գալուց մինչև անապատում 40-ամյա դեգերման ավարտը։
Կարևոր է նաև իմանալ, որ Մովսեսի և առհասարակ բոլոր սրբազան հեղինակների ձեռամբ գրված գրքերը, դարերի և հազարամյակների հոլովույթով անցնելով, մեզ են հասել անփոփոխ, անեղծ վիճակով` անկախ բյուրավոր անգամ արտագրվելուց և թարգմանվելուց` լիովին պահպանելով հինկտակարանյան ուսմունքը Աստծո, մարդու և աշխարհի մասին։ Սրբազան բնագրերը անաղարտ պահպանելու հրամանը ելել է Մովսես մարգարեի շուրթերից. «Ոչ մի բառ չավելացնեք իմ ասածին ու ոչ մի բառ չկրճատեք դրանից։ Պահպանեցեք մեր Տեր Աստծո այն պատվիրանները, որ ես պատգամում եմ ձեզ» (Բ Օր. Դ 2)։ Ինչը և երկյուղածությամբ ու նախանձախնդրությամբ անում էին ղևտացիները` Տաճարի սպասավորները, և անում է այսօր Եկեղեցին։ Իսրայելում սրբազան բնագրերն պահվում էին ՈՒխտի տապանակում մյուս սրբությունների կողքին` քահանայապետի աչալուրջ հսկողության ներքո։ Հովսեպոս Փլաբիոսի (1-ին դ.) վկայությամբ` քահանաներն ու մարգարեները վերստուգում և վերահրատարակում էին դրանք բոլոր խռովահույզ ժամանակներից հետո, ինչը բացառում է որևէ ընդմիջարկում` բնագրերի փոփոխություն և հետսամույծ հավելում։
Բացի այդ, նմանօրինակ միջամտությունն արձագանք կգտներ մարգարեների մոտ։ Իսկ վերջին հինկտակարանյան մարգարեից` Մաղաքիայից հետո հրեա դպիրները սկսեցին սրբազան տեքստը բաժանել սյունակների` հաշվելով յուրաքանչյուր սյունակի տողերը, տողերում գրելով խիստ որոշակի քանակով տառեր. այնպես որ, որևէ փոփոխություն չէր կարող աննկատ մնալ։ Հրեա պատմագիր Հովսեպոս Փլաբիոսը գրում է. «Մենք գործով ապացուցեցինք, որ պաշտում ենք մեր գրքերը։ Քանզի հին դարերից ցայսօր ոչ ոք չհամարձակվեց ո՛չ ավելացնել, ո՛չ կրճատել, ո՛չ էլ փոխել որևէ վանկ։ Յուրաքանչյուր հրեա ի ծնե խոր հավատ ունի, որ Գրքերը բովանդակում են Տիրոջ պատվիրանները, և հնազանդվելով դրանց` պատրաստ է նույնիսկ իր կյանքը զոհել հանուն այդ գրքերի»։
1947 թ. Մեռյալ ծովի քարանձավներից մեկում հայտնաբերված Եսայի մարգարեի գիրքը, որը թվագրվում է առաջին դարով, համեմատվեց այդժամ հայտնի ամենահին ձեռագրի հետ` մատենագրված Քրիստոսից հետո 980 թվին։ Բնագրային համաձայնությունը 95 տոկոս կազմեց, իսկ մնացյալ 5 տոկոսը վրիպակների և ուղղագրական բնույթի տարընթերցվածքներ էին, որոնք բնավ բովանդակության վրա չէին ազդում։
Այսպիսով, բացելով Հնգամատյանը և առհասարակ ցանկացած սրբազան գիրք` կարող ենք համոզված լինել, որ կարդում ենք Աստծո խոսքը, որն իր նվիրական անաղարտության մեջ մեզ է հասել հազարամյակների խորքից։
Այսօր, սակայն, աղանդները, Աստվածաշնչի բնագրին հարազատ մնալու հոգևոր ավանդության փոխարեն, նենգափոխում են սրբազան բնագրերը` հարմարեցնելով իրենց մոլար վարդապետությանը։ Հետևաբար, պետք է ընթերցել միայն մայր եկեղեցու հրատարակությունները` գրաբար լինի, թե արևելահայերեն, իսկ ռուսերեն լեզվով` միայն սինոդալ հրատարակությունները։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Կարելի է եզրակացնել, որ եթե Մովսեսի վավերագիրը հավաստի է (իսկ այն հավաստի է, քանի որ Ս. Գրքի` տիեզերածնության իրադարձությունների հաջորդականությունն ըստ էության համահունչ է երկրաբանական տվյալներին), ապա այն աստվածային ծագում ունի։ Բանն այն է, որ մարդկային միտքը այդ իրադարձություններին ականատես չի եղել և չէր էլ կարող հորինել աշխարհի նախնադարյան տարիքի վերաբերյալ փաստերի այդպիսի դասավորություն, եթե օժտված չլիներ գերբնական խորաթափանցությամբ։ Արևի` երկրագնդի լույսի աղբյուրի արարումը նա երբեք չէր դնի լույսի արարումից բավականին երկար ժամանակ անց, այսինքն` չորրորդ օրը, և որ նույնքան զարմանալի է` բույսերի ու կենդանիների արարման միջև, թեպետև այս լուսատուն նույնքան կենսական է և՛ առաջինների, և՛ վերջինների համար։ Ոչ ոք չէր կարողանա հասնել փիլիսոփայության այնպիսի խորության, որը նկատվում է այստեղ ամենուր... Իր կտավում արարչագործությունը մեզ համար պատկերող սուրբգրային պատումը խորապես փիլիսոփայական է։ Այստեղ ամեն ինչ ճշմարիտ է և աստվածային։ Ահա Ս. Գրքի առաջին իսկ էջի ապացույցն այն բանի, որ արարչագործությունն ու Աստվածաշունչը միևնույն Աղբյուրից են։ Մեծ Հեղինակի երկու գրքերի միջև չի կարող իրական տարաձայնություն լինել։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը մարդկությանը նրա կողմից շնորհված հայտնություններ են»։
Դան
Ամերիկացի հռչակավոր երկրաբան

«Գիտնականը պետք է համաձայնի, որ աշխարհի արարման մասին (աստվածաշնչական) պատմությունը ոչ միայն շարադրված է այնպես, որ հազարամյակների ընթացքում սնի ինչպես առանձին անհատների մատաղ զգացմունքը, այնպես էլ մանկական հասակում գտնվող ժողովուրդներին և նրանց համար միջնորդ ծառայի բարձրագույն ճշմարտությունների ճանաչման հարցում, այլև հազարամյակներ անց էլ այն պարունակում է ցուցումներ, որոնք կարող են միայն հաստատվել` կապված գիտելիքի մյուս բնագավառներում գիտական պրպտումների ահռելի ջանքերի հետ։ Գրական առավել մեծարժեք և փառահեղ ստեղծագործություն երբևէ գոյություն չի ունեցել հնագույն ժամանակներից ի վեր»։
Վ. Վագեն
Ավստրիացի հանքաբան և երկրաբան

Դիտվել է՝ 3799

Մեկնաբանություններ