ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անվճարծննդօգնությունը միֆ չէ

Անվճարծննդօգնությունը միֆ չէ
05.09.2008 | 00:00

ԷԼ «ՄԱՂԱՐԻՉ» ՉԿԱ՞
Սեպտեմբերի 1-ին լրացավ երկու ամիսը, ինչ ծննդօգնության ոլորտում ներդրվեց հավաստագրերի ծրագիրը, որը երաշխավորում է մի կողմից` անվճար ծննդօգնության ապահովում (պետպատվերի շրջանակներում), մյուս կողմից՝ մանկաբարձ-գինեկոլոգների և միջին բժշկական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է վերանայել նաև կանանց կոնսուլտացիաներում աշխատող բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը, ինչը գործադիրի հավանությանն է արժանացել։ Ըստ նույն աղբյուրների՝ չի բացառվում, որ մինչև տարեվերջ վերջիններիս աշխատավարձը զգալիորեն բարձրանա։
«Արդյոք հավաստագիրը կգործի՞», «բա որ հավաստագրի հետ փո՞ղ էլ ուզեն», «ինձնից գումար են պահանջում, չնայած հավաստագիր ունեմ».
այսպիսին էին առողջապահության նախարարության թեժ գծով ստացված ահազանգերն ընդամենը երկու ամիս առաջ։ Բնականաբար, թեժ գծից մենք վերցրել ենք զուտ այն տվյալները, որոնք վերաբերում են ծննդօգնությանը։ Իսկ ինչպիսի՞ն է պատկերն այժմ, արդյոք ծրագիրն արդարացրե՞ց սպասումները։ «Միանշանակ՝ այո։ Իհարկե, սկզբնական շրջանում որոշ դժվարություններ կային, սակայն դրանք հաղթահարվեցին, և ստացված արդյունքները սպասվածից ավելին են։ Երկու ամսվա ամենօրյա ուսումնասիրությունների ցուցանիշները դրա վառ ապացույցն են։ Ամենաարագ արձագանքող ուսումնասիրությունը թեժ գիծն է։ Եթե համեմատենք այսօր ստացվող հեռախոսազանգերի բովանդակությունը երկու ամիս առաջ ունեցած տվյալների հետ, ապա կնկատենք, որ սկզբում մարդիկ մտավախություն ունեին, թե ծրագիրը չի գործի, իսկ այժմ հեռախոսազանգերը զուտ տեղեկատվական բնույթ ունեն, և հարցերի գերակշիռ մասը տեղափոխվել է նախածննդյան հսկողության ոլորտ (ընդ որում, զանգերի քանակը ևս զգալիորեն նվազել է)։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Էապես նվազել է նաև տնային ծնունդների քանակը, ինչը փաստում է, որ սոցիալապես անապահով խավը հիվանդանոցային ծախսերի հետ առնչվող խնդիր չունի։ 2008-ի հուլիսին ծնունդների ընդհանուր թիվը մայրաքաղաքում կազմել է 1602, իսկ մարզերում՝ 413 (2007-ի նույն ժամանակահատվածում այն եղել է համապատասխանաբար 1506 և 383)։ Կեսարյան հատումների թիվն այս և անցած տարվա հուլիս ամիսներին Երևանում եղել է 21 տոկոս, իսկ 2008-ի օգոստոսին ծնունդների ընդհանուր թիվը մայրաքաղաքում կազմել է 1755, որը 153-ով ավելի է հուլիս ամսվա ցուցանիշից»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ։
Թվերը՝ թվեր, սակայն նորություն չէ, որ հաճախ թղթի վրա պատկերված թվերն ու իրականությունն իրարամերժ են լինում։ Իսկապես, թվերը լեզու չունեն, որ «ավել-պակաս խոսեն», այդ պատճառով էլ փորձեցինք մեր կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքում յուրովի «խոսեցնել» թվերին։ Մայրաքաղաքում գործող մոր և մանկան շուրջ տասը կլինիկաներում արդեն մայրացածների կամ մայր դառնալու պատրաստվողների խոսքը գրեթե նույնն էր. «Կանանց կոնսուլտացիայում հաշվառումից հետո անմիջապես հավաստագիր են տվել։ Հիվանդանոցում ո՛չ ընդունվելիս, ո՛չ էլ դուրս գրվելիս հավելյալ փող բժիշկները չեն պահանջել։ Չէի հավատում, որ անվճար բուժօգնություն ասվածը Հայաստանում հնարավոր բան է»։ Այն, որ ծրագիրն իրականում գործում է, պայմանավորված է, թերևս, նախարարության կողմից իրականացվող հետևողական աշխատանքով, ինչի արդյունքում, մեր ունեցած տեղեկատվության համաձայն, ոչ պատշաճ բժշկական ծառայություն ցուցաբերելու հիմքով նշված ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է մեկ բժիշկ, մի քանի բուժքույր ստացել է խիստ նկատողություն։ Ընդ որում, աշխատանքից ազատվելու վտանգը դամոկլյան սրի պես կախված է բոլոր բուժաշխատողների գլխին՝ ծրագիրը պատշաճ ձևով չիրականացնելու պարագայում։
Ըստ փորձագետների, հավաստագրերի կիրառումը ոչ միայն նպաստեց անվճար ծննդօգնության ապահովմանը և բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը, այլև հնարավորություն ընձեռեց կրկին վերանայելու այս ոլորտում առկա հիմնախնդիրներն ու չափորոշիչները։ Ի դեպ, Հայաստանը չի սահմանափակվում լոկ մայրաքաղաքով. մարզերից ստացված տեղեկությունները ևս կարևոր են ծրագրի լիակատար կենսագործման համար։ Ըստ մեր ունեցած տեղեկության, տարբեր մարզերից հղիության վերջին շրջանում կանայք գալիս են մայրաքաղաք՝ ծննդաբերելու, իսկ դա նշանակում է, որ մարզային ծննդատների ֆինանսավորումը պետբյուջեից փոքր կլինի, փոխարենը կավելանա մայրաքաղաքի կլինիկաների ֆինանսավորումը, քանի որ այն իրականացվում է հավաստագրերի թվաքանակի հաշվին։ Նկատենք, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը ներկա էին առողջապահության և սոցիալական հարցերի մարզային վարչությունների պետերը, իսկ թե ինչ խնդիրներ են քննարկվել, խնդրեցինք պարզաբանել Կարինե Սարիբեկյանին։ «Հարկ էր պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված մարզային ծննդատներից որոշ հղիների արտահոսքը դեպի մայրաքաղաքի կլինիկաներ։ Այդ հարցում կան օբյեկտիվ և սուբյեկտիվ դրդապատճառներ, որոնց մեջ օբյեկտիվն ավելի մեծ թիվ է կազմում։ Նշված խորհրդակցությունում փորձեցինք պարզել՝ արդյոք մայրաքաղաքի կլինիկաներում ծննդաբերելը բժշկակա՞ն ցուցմունք է, այսինքն՝ հղիները ընդգրկվա՞ծ են ռիսկային խմբի մեջ, թե՞ զուտ սեփական ցանկության դրսևորում է։ Պարզվեց՝ իրականում մարզերից մայրաքաղաք եկողների 30 տոկոսը սեփական ցանկությունն է իրականացրել, իսկ մնացածները ընդգրկված են բարձր ռիսկային խմբերում։ Կան դեպքեր, երբ հղին գրանցված է մարզում, սակայն մայրաքաղաքի հարս է և, բնականաբար, ծննդաբերում է Երևանում։ Նախարարը հանձնարարեց մեկ անգամ ևս լուրջ ուսումնասիրություն իրականացնել բոլոր դեպքերի վերաբերյալ՝ առանձնակի ուշադրության կենտրոնում պահելով կեսարյան հատումների բժշկական ցուցումների հիմնավորումները,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը։
Հընթացս փորձեցինք ճշտել մեկ այլ կարևորագույն խնդիր։ Գաղտնիք չէ, որ շատ հաճախ խոսվում է ծրագրերի արդյունավետության մասին՝ աշխատավարձերի բարձրացման մասով, սակայն այն կա՛մ շատ չնչին է լինում, կա՛մ էլ ընդհանրապես չի լինում. ամիսներով մարդիկ սպասում են իրենց աշխատավարձին։ «Նախ` պետք է ընդգծեմ, որ ծրագիրն ամբողջությամբ ծառայում է իր նպատակին, և պետբյուջեով սահմանված գումարները ժամանակին տեղ են հասնում։ Բացառվում է «մաղարիչ» հասկացությունը։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա թե՛ բժիշկների, թե միջին բուժանձնակազմի աշխատավարձերը զգալիորեն բարձրացել են ըստ կատարված աշխատանքի քանակի»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8473

Մեկնաբանություններ