Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Աննուշկան արդեն թափել է ձեթը...

Աննուշկան արդեն թափել է ձեթը...
27.06.2008 | 00:00

Ղարաբաղի խնդրի շուրջ երբեք այսքան խնամք չի բանեցվել: Գերտերությունները զբաղված են շահերի «կորդոն» ստեղծելով` հարկավոր առաջընթացն այդ միջանցքով անցկացնելու համար:
Բոլորն էլ Քի-Վեստի, Ժնևի, Ռամբուեի փորձից փայլուն հասկանում են` բան չի ստացվի. պրագմատիկ աշխարհը լավ գիտի` պայմանագիր այս պահին ունենալ հնարավոր չէ. սառեցված և չսառեցված կոնֆլիկտներով զբաղվող ինստիտուցիոնալ մոտեցումները նման պրոգնոզ բացառում են:
Բայց երբեք մի ասա` երբեք: Ու հզոր զորաշարժեր են ընթանում: Կոնկրետ դեպքում ոչ այնքան Ղարաբաղի, որքան սեփական «բազարի» համար. անչափ մեծ «ստավկաներ» են դրվել սեղանին: Փոխվել են մոտեցումներն ու կոնցեպտները նաև մահակ ու կարկանդակ «տանդեմում». դրանք այլևս մատուցվում են կոնսենսուսային մոդիֆիկացիայով, ու դնչկալները հագցվում են ահավոր նրբությամբ:
Բայց դա մեզ չի վերաբերում. մեզ հետ խոսում են նույնիսկ դիվանագիտական կանոնները մոռացած, որովհետև ժամանակ չունեն. ժամանակը սեղմում է բազարի ելած գերտերություններին:
ՈՒ հիմա մի քիչ նաիվ է չափաբանել. ինչպես ժպտաց Մեդվեդևը Սերժ Սարգսյանին, «Ժիզելը» տիկնանց դուր եկավ, թե ոչ, բայց ամենահուզիչն այն պահն էր, երբ Մեդվեդևը ներկայացնում էր իր նոր կաբինետն ու ծանոթացնում Լևիտինին` Սերժ Սարգսյանի հետ (ի դեպ, էն Իվանո՞վն ուր էր):
Այլևս ավելորդ ու նաիվ է նաև հարցադրումը` հայաստանյան ներքաղաքական խնդիրները քննարկվե՞լ են Հայաստան եկած, Հայկ Հարությունյանից առյուծ նվեր ստացած (հիշո՞ւմ եք` խեղճ առյուծը Ռուսաստան տարվելու ճամփին սատկել էր) Նուրգալիևի և Սերժ Սարգսյանի միջև, թե՞ մի պստիկ էլ դրանց անդրադարձել է նաև Մեդվեդևը: Մեծ խաղի ելած Պուտինի իրավահաջորդի համար մեր ներքաղաքականը հետաքրքիր է այնքանով, որքանով այն նպաստում է ղարաբաղյան խնդիրը տաք պահելուն, որքանով ներքին լարվածությունը ծառայեցվում է ԱՄՆ-Ռուսաստան մեծ «բազարին»:
Եվ այնուհանդերձ, այսպիսի աննախադեպ ճնշում` մարշ-բրասոկ, երբեք չէր եղել: Խաղում են բոլորը և ազարտով: Իրադարձությունների խրոնոմետրաժը ծածկում է պատճառահետևանքային դաշտը` տեղ չթողնելով հարցադրմանը` բարիշո՞ւմ են գերտերությունները, թե՞ հատուկ ծառայությունների պատերազմը «ինովացիոն» նոր փուլ է թևակոխում:
Սկսենք Հայաստանից. Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր, Լևոնը` Երևանում, Դավիթ Շահնազարյանը Հովհաննես Հովհաննիսյանի հետ` Բրյուսելում: Մեդվեդևը ժպտում էր Սերժ Սարգսյանին. այդ «ամուսնությունն» առանձնապես նրա սրտով չէր, ինքը մեծ հույսեր էր տվել հայոց լիբերալներին, ավա~ղ. «իմպերիան զորավոր է, իմպերիան չի ներում», երբ հարցերը վերաբերում են իր ամբիցիաներին: Պստիկ հիշողություն. Ռուսաստանն անչափ վաղուց էր պատրաստվում Սերժ Ազատիչին ցուցանել, թե որտեղ կարող են ձմեռել դեպ Արևմուտք աչք չկտրելու «արատավոր մոտեցումները». հենց միայն ՀՀ բանակի 15-ամյակի շքերթին Սերժ Սարգսյանի սովետական «Չայկան» «ինոմարկա-ճերմակ» «Նիսանով» փոխարինելն այնպես էր ցնցել «Մատուշկային», որ վերջինս մարտի մեկի դեպքերից ուղիղ մեկուկես տարի առաջ, ռուսաստանյան ամենահայտնի ալիքի` «Վեստի» ծրագրի ամենահայտնի հաղորդավարի «միջոցով» հարցրեց Քոչարյանին. «Ի՞նչ եք կարծում` հաջորդ մեկուկես տարին Հայաստանում հանգի՞ստ կանցնի….»:
Այո, Ռուսաստանը ցույց տվեց խեցգետինների ձմեռման վայրը, որովհետև շատ լավ գիտեր` ինչ կար իրականում Սերժ Սարգսյանի մտքում. անդրօվկիանոսյան խաղեր սկսած Սերժ Ազատիչը պատրաստվում էր դառնալ լեգիտիմ, ուժեղ, աշխարհի կողմից ընդունված նախագահ: Պստիկ խրոնոլոգիա. 98-ից այս կողմ Հայաստանը դեպ ԱՄՆ ունեցել է ընդամենը չորս պաշտոնական այց, երկուսը Սերժ Սարգսյանինն են, մեկը` Վազգեն Սարգսյանինը` հոկտեմբերի 27-ի նախօրյակին, չորրորդը Քոչարյանն է կատարել, «պատահաբար»` 98-ին. հիշենք` Քլինթոնն ավարտում էր պաշտոնավարումը, հայ լոբբին, դաշնակցականների ջանքերով, Սպիտակ տուն ուղարկեց Քոչարյանին. ռեգլամենտով մեկ ժամ սահմանված այցի առաջին կես ժամը` դեռ ոչինչ. ջան ասում-ջան լսում էին։ Հաջորդ կես ժամվա ընթացքում բան չկար խոսելու. Քլինթոնը նայել էր Քոչարյանին, սա էլ` նրան, հետո էլի սա` նրան և էդպես կես` «սեյչաս ժենա պրիդյոտ» կոնֆիգուրացիայով:
Իսկ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի բաց աչքի առաջ ԱՄՆ-ում նախ մտել էր Տամպա, Պենտագոն, Պետդեպ… իսկ իրականում. ա) Ղարաբաղյան հարցի ապագա լուծման հետ կապված սկսել էր խորհրդարանական լսումներից, շրջանառել փոխզիջման 98-յան տարբերակը, հասել նրան, որ ՀՀԿ համագումարից առաջ ստանձնել էր այդ զիջումները կատարողի պատասխանատվությունը: բ) Անձամբ, Օսկանյանից առաջ, հայտնվել էր ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում, սրտի թրթիռով ներկայացրել «Անհատական գործողությունների» ծրագիրը, արժանացել Սխեֆերի «glad to see you»-ին, այնտեղից էլ Լատվիայի վրայով, հաջորդական ռիսկային ժեստով, անցել Իրաք` մեր զորակազմին այցելության: գ) Լատվիայում, այն է` Ռուսաստանի հենց ականջի տակ, հասցրել էր ասել` պետք է հայկական բանակը վերակազմավորել ՆԱՏՕ-ական, իր խոսքերով` միջազգային չափորոշիչներով: դ) Իրաք զորամիավորում ուղարկելուց հետո, որը դարձավ ջրբաժան նրա և Ռուսաստանի միջև, Ռուսաստանն իր հայաստանյան չեկիստների միջոցով սկսեց նրա դեմ խոշոր խաչակրաց արշավանք: Բայց Սերժը դեռ «քաջ» էր։ ե) Աֆղանստան զորքեր ուղարկելու. Կոսովոյում, Իրաքում եղածը կրկնապատկելու խոստումով նա երկրորդ անգամ վերադարձավ Վաշինգտոն-Փարիզ տրանզիտից: Չէ, նաև` Իրաքի ու Կոսովոյի զորակազմի հիման վրա` 15 թ. սեփական խաղաղապահներ ունենալու ցանկությամբ… մի րոպե. էս 15 թիվը պատահաբար այն թիվը չէ՞, երբ լրանում է ռուսական ռազմաբազաների պայմանագրի ժամկետը Հայաստանում: Ձրի ռազմաբազաների, որոնց համար նույնիսկ Բատկան փող է վերցնում միութենական վարչապետ, համատեղելիությամբ հետախույզ պարոն Պուտինից: Հետաքրքիր է: զ) Ասել է` Սերժ Սարգսյանը, գնահատելով գլոբալ զարգացումները, տեսել էր, որ բոլոր ճանապարհներն այլևս տանում են ոչ այնքան Մոսկվա, որքան… գումարած, որ «դեմոգրաֆիան» նույնպես այդ էր «խոսում». Գելափն արձանագրում է, որ Հայաստանը 62 տոկոս էլ չի օրհնում Ռուսաստանի ոտը:
Շատ կարճ ձևակերպենք., այս ամենն ավարտվեց մարտի մեկից հետո, Սերժ Սարգսյանի` որպես նախագահի, Ռուսաստան առաջին այցով, ինչին էլ հետևեց ռուսական արձագանքը. բա հո Բրյուսել կամ Վաշինգտոն չէ՞ր գնալու:
Էլ ո՞նց գնար: Մի խոսքով, Ռուսաստանն իր դուռը եկածին «հասկացրեց» հարկավորը, «եկածն» էլ հասկացավ, ու էդ ամեն ինչն ահագին ջերմ դուրս եկավ, որովհետև «գնա մեռի, արի սիրեմ»-ը միշտ էլ ջերմ է ստացվում` անկախ` իմպերիա ես կերտում, թե պստիկ, մի բուռ Հայաստան: Արդյունքում` Ռուսաստան-Հայաստան «ժառանգականության» տենդենցը պահպանվեց: ՈՒ որ պահպանվեց, Հայաստանը, ինչպես միշտ, սպասվող ղարաբաղյան «համաձայնագրին» կասի` չէ:
Բայց դեռ հաշվում ենք: Անցանք Արևմուտք: Հաշվում ու ասում ենք, որ այս փուլում Ռուսաստանը խաղում է սպիտակներով` Հայաստանով, իսկ ԱՄՆ-ը` սևերով` Ադրբեջանով (անտառիցն է, իմա` նավթիցը): Այսպես, այն պահին, երբ հասկացվեց, որ Սերժի այցով Ռուսիան ցանկանում է հասկացնել` «who is who» Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում (դե, որ ամեն ինչ շատ «տոտալիտար-իմպերսկի» չստացվի` Հայաստանը հընթացս էլ ՆԱՏՕ-ի օրեր էր անցկացնում), նույն օրն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էննի Դերսին հայտարարեց, որ Ադրբեջանը մտնում է ՆԱՏՕ: Ճիշտ է, սրան ի պատասխան ՀՀ նախագահականից մեզ ասին. Հայաստանը կարող է ավելի շուտ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև նախապատրաստական աշխատանքներն «այնտեղ մտնելու» անչափ երկար են, բայց խաղաքարտն արդեն նետված է, և այս խաղում կտրուկ բարձրանում են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի բաժնետոմսերի գները:
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Նա հանուն Բաքու-Ջեյհանի տվեց Ղարաբաղը. հիմա նույն ԱՄՆ-ի միջոցով հետ է ուզում: Ալիևն ուզում է «օկուպացված» հինգ շրջանների փաստաթուղթը ձեռին գնա ընտրությունների: ՈՒ շանտաժ է անում իր` ՆԱՏՕ մտնելու հեռանկարով:
Ռուսիա՞ն: Ռուսիան նախ ցանկանում է Ադրբեջանի հետ ստորագրել 5 մլրդ խորանարդ մետր գազամատակարարումների մասին պայմանագիր` ընդդեմ տրանսկասպյան Նաբուկոյի, մոնոպոլիա ձեռք բերելու համար. հիշենք, թե ինչ անաստված չափերով են աճում նավթի գները: Ռուսաստանի հաջորդ ուզածը հետևյալն է. Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Մեդվեդևը խիստ բացահայտ ասաց` Հարավային Կովկասի սառեցված բոլոր հակամարտությունները պետք է դիտվեն նույն ենթատեքստում. ասել է` «ուզում» է Օսիան ու Աբխազիան` Վրաստանից, որի դիմաց հնարավոր է և «թույլ տա» Հայաստանը ստորագրի Ղարաբաղյան «րամչնի» պայմանագիրը, որով էլ չի բացառում, որ Հայաստանը հետ քաշվի, Ղարաբաղը դառնա բանակցային կողմ. այդ մասին ևս շատ նուրբ ակնարկ եղավ Սարգսյան-Մեդվեդև հանդիպմանը: Պաշտոնական Մոսկվան կարող է նաև «բազարի» հանել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության, հակահրթիռային և այլ հարցեր:
ԱՄՆ-ի մասով. ԱՄՆ-ը գուցե այն եզակի երկիրն է, որն իսկապես ցանկանում է, որ ղարաբաղյան պայմանագիրը ստորագրվի (տեսքը կարևոր չէ. նրա համար կարևորը Իրանը «պրիցելի» տակ առնելն է):
ՈՒ ողջ Պետդեպն այս օրերին, երբ Հայաստանում չէր Սերժ Ազատիչը, այստեղ էր: Բայց դա չխանգարեց, որ բոլորով համատեղ «շոյեն», դնեն-վերցնեն Սերժին ու նրա աթոռը։ «Նա նոր նախագահ է, մենք նրա հետ խնդիրներ չունենք աշխատելու»,- ասաց «Կրամերն` ընդդեմ Կրամերի» ամերիկյան փիլիսոփայությունը: Պահն այնքանով է կարևոր ԱՄՆ-ի համար, որ վերջինս գնում է ընտրությունների. ռազմասեր հանրապետականներին պետք է փոխարինեն «խաղաղասեր» դեմոկրատները` տեղ բացելով ամերիկյան նոր դոկտրինի` իրանյան ծրագրերի համար, որպեսզի «խաղաղորեն» կարողանան, ի վերջո, տեր կանգնել իրանյան էներգառեսուրսին:
Իսկ ընդհանուր առմամբ «Ղարաբաղի շուրջ» այս ողջ գործընթացն ընթանում է խիստ «պարիտետով». հիշենք, որ ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց նաև Ադրբեջանի մասին` վերահաստատելով վերջինիս տարածքային ամբողջականության ՄԱԿ-ի ռեզոլյուցիան:
Իսկ Հայաստանի մասին «անհապաղ» բանաձևը տարավ ոչ թե աշուն, այլ դեպ ձմեռ, որպեսզի Ադրբեջանում էլ ընտրությունները պրծած լինեն ու տեսնեն` այդ ընթացքում ինչ է հանում ՆԱՏՕ գնացող Ադրբեջանի գլխին Ռուսաստանը, ոնց է ցնցում նրան, իսկ ԱՄՆ-ը ոնց է փայ մտնում դրա մեջ: Որ Ադրբեջանն էլ մի լավ օրի չէ, դիտենք Իրանի համատեքստում:
Հիշենք. Պուտինն առաջինն էր Բրեժնևից հետո, որ անցած տարի այցելեց Իրան` ԱՄՆ-ի «ինադու», ցույց տալու, որ մեծ գին է ուզելու Իրանը ԱՄՆ-ին տալու դիմաց: Եթե տա: Առայժմ Ռուսաստանը հարգում է Իրանի` տարածաշրջանում հեգեմոնիա ձեռք բերելու «ազնիվ մղումը»: Գնաց Պուտինը «Պերսի», կնքեց պայմանագիր կասպյան հինգ երկրների հետ` իրենց տարածքներն այլ երկրների վրա հարձակման համար չօգտագործելու մասին: Սա առաջին հերթին զգուշացում էր կասպյան Ադրբեջանին` ԱՄՆ-ի հետ մեծ սիրախաղերի մեջ չմտնելու մասին: Բայց, ոնց տեսնում ենք, սերը տարիք չի հարցնում, և Ադրբեջանում քննարկում են ՆԱՏՕ մտնելու հարցը:
Հաջորդիվ. պրագմատիկ ԱՄՆ-ը շատ լավ գիտի նաև` Ռուսաստանն իմպերիան հզորացնելու համար համագործակցության խնդիր չունի, ու որ պետք եղավ, եթե խելացի կոմպրոմիս առաջարկվեց, «Ռուսաստանն իր բեռնատարի անիվների տակ կթողնի նաև Իրանը», որովհետև աշխարհում առաջին մասնագիտությունից հետո երկրորդ տեղն զբաղեցնող քաղաքական «արվեստում» չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ: Կան շահեր: Իսկ «Միացյալ Նահանգները բթամիտ չէ, որ բացառի Ռուսաստանի դերը այդ տարածաշրջանից»: Ֆրիդն է ասել:
Հիշենք նաև. եթե այնպես ստացվի, որ Իրանն իսկապես հեգեմոն դառնա Մերձավոր Արևելքում, ապա կլինի Ռուսաստանի թիվ մեկ մրցակիցը` նավթի ու գազի հաշվով: ՈՒ չի բացառվում, որ Ռուսաստանն իսկապես հետ քաշվի, եթե ՄԱԿ-ը 4-րդ էմբարգոները կիրառի Իրանի վրա` դրանք տարածելով նավթի և գազի վրա նույնպես. այդ ժամանակ Ռուսաստանի նավթը տիեզերքին կհասնի:
Ահա այս դեպքերի համար ենք ասում` երբեք մի ասեք երբեք:
Հիմա. հասունացե՞լ է պահը, որպեսզի գոնե Մերձավոր Արևելքի-Հարավային Կովկասի շուրջ գերտերությունները կարողանան քով քովի բերել իրենց շահերը. դժվար է ասել:
Բոլոր դեպքերում Աննուշկան արդեն թափել է ձեթը...և Մեզ մնում է մեկ բան` կարողանալ թուլացնել հայաստանյան ներքաղաքական լարվածությունը, հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը պայմանավորվեն մի քանի մակարդակներում. «տակից», եթե պետք է խոշոր միտինգներով կռիվ տան ՀՀ ազգային շահերի համար (դաշնակները վաղուց արդեն դրա համար պիտանի չեն, և նույնիսկ Գյուլի` մեզանում ֆուտբոլ նայելուն արձագանքում են ոչ թե իրենք, այլ Լևոնենք), պետք է պայմանավորվեն «երեսից», կողքից, ֆաս-անֆաս… սպասվելիք պայմանագիրն առավել շահեկան դարձնելու համար (տղերքին շուտով բաց են թողնելու, դրա համար չենք անդրադառնում նրանց):
Մի խոսքով, Սերժն ուրիշ տեղ չունի գնալու, եթե ոչ Ռուսաստանից հետո` Լևոնենց տուն. «պրիսոյեդինյայտես կ նամ, բարոն, պրիսոյեդինյայտես»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7786

Մեկնաբանություններ