Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Անասնական ժամանակներ

Անասնական ժամանակներ
28.03.2023 | 22:08

Յուրաքանչյուր մարդ պիտի զբաղվի այն բանով, ինչի համար ինքը կոչված է։ Եվ քանի որ կոչված է, բնականաբար, լավ կանի իր գործը։ Սա հավիտենական ճշմարտություն է, սակայն լինում են ճակատագրական պահեր, որ այդ նույն անձը զինվորագրվում է և , կյանքը վտանգելով, փրկում իր երկիրն ու իր ժողովրդին։ Գլուխ պահող մարդը ոչ միայն իր գլուխը, այլև իր ընտանիքը, իր տոհմը և իր ազգը կկորցնի։ Ավելի պարզ արտահայտեմ միտքս, խոսեմ ինձ ծանոթ և ինձ առավել հարազատ բնագավառից, այսօր հաճախ ենք լսում՝ «Մենք մտավորականություն չունենք» արտահայտությունը։ Սա ժողովուրդն է ասում։ Սխալվու՞մ է։ Իհարկե, ո՛չ։

Գիտությունից խոսողը դեռևս գիտնական չէ։

Ոտանավոր հորինողը դեռևս բանաստեղծ չէ։ Պատմվածք, նույնիսկ վեպ գրողն էլ դեռևս գրող չէ։

Ճիշտ այդպես՝ ամեն զենք կրող դեռևս զինվոր չէ։ Զինվորի զինվոր լինելը երևում է պատերազմի դաշտում, իսկ մտավորականի մտավորական լինելը երևում է նրա տագնապներով, երբ վտանգված են երկիրն ու ժողովուրդը։

Միջակությունների առատություն է այսօր, նրանք նման են թփերի, որոնց համար կայծակը վտանգ չէ։ Նրանք մոռանում են, որ մահվան վտանգը միայն կայծակից չէ, այլև երկարատև երաշտից, օդի վարակից և, իհարկե, նաև կացնահարվածից։ Ոմանք վերևներում են տաքուկ անկյուն գտել, ոմանք էլ՝ հայտնվելով հատակում, երգում են ծառից ծառ թռչող ծիտիկին։ Եվ եթե ամբիոն տաս, կխոսեն Ավարայրից, Սարդարապատից, կխոսեն Մաշտոցից, Անդրանիկից, Կոմիտասից, Չարենցից և մյուս մեծերից, որոնց հետ իրականում իրենք բնավ կապ չունեն։

Շատերն այդ կերպ արտաքնապես ծածկում են իրենց ներսի դատարկությունը։ Եկեք բանանք մեր սրտերը և խոստովանենք, թե կիսով չափ հայ մնացած Հայաստանում քանի՞սն են ճշմարտապես հայ մնացել իրենց նկարագրով։

Չե՛նք խոստովանի։

Ինչու՞։

Որովհետև շատերս շիրմայի տակ ենք, վարագույրի հետևում, ծածուկ։ Խստովանեցինք՝ պիտի լույսի մեջ հայտնվենք։ Չենք ուզում, մեզ ձևն ավելի է հետաքրքրում, քան բովանդակությունը։ Միայն թե անունը լինի, բայց որ իրականում չկա՝ ոչինչ։

Հայաստանն ու հայի հոգին քանդելիս, ավերելիս, աճուրդի հանելիս՝ ամեն ինչին ազգային պիտակը կպցրինք։ Թող գիտություն չլինի, գործող ակադեմիա չլինի, միայն թե ազգային կոչվի։

Կար Պետական անվտանգության կոմիտե։ Անվանումը և գործունեությունը ներդաշն էին։ Բայց ահա, այնքան ոգևորվեցին, որ այդ ծառայությունն էլ ազգային կոչեցին։ Ազգայինի անվան տակ գրեթե բոլոր բնագավառներում ազգայինի հերն անիծեցին, մեջտեղ բերին ազգայինը, վտանգելով ու վերացնելով ազգայինը։

Մեր դեմքն անգամ փոխվեց ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական առումով։ Ամոթը ծածկած աղջկա երեսին ամոթխածություն կար։ Տեսողությունն իսկ ուրիշ էր։ Ամոթը կորցնելու հետևանքներ են գրեթե բոլոր հիվանդությունները, որ հեղեղի նման, բաց տարածություններով, անարգել հոսում են Հայաստան։ Սպիդը, որ այս պահից իսկ մեր ազգի գոյությանը վտանգ է սպառնում, ամենից առաջ հոգևոր պոռնկացումից է, հոգևոր վարակ է, հոգևոր, հավիտենական մահ։

Մենք՝ Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, ապրող հայերս հոգեպես մեռնում ենք։

Վաղը Կոմիտասի անունն էլ չենք տալու։ Մեր կոմիտասները կմնան բառարաններում։ Հիրավի, ու՞ր է այն մտավորականությունը, որ արթնացնի ազգին և հետ պահի կորստյան ճամփից։

Նորից Տերյա՞նը պիտի հառաչի․

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի,

Մա՞հն է արդյոք, թե՞ նինջը քեզ

Պատել պայծառ Նաիրի։

Զանգահար Չարենցի ծածկագրի՞ն դիմենք․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

Ամոթ բոլոր գրիչ վերցնողներին, բոլոր հոգևոր կոչվածներին, բոլոր նրանց, ովքեր հեռացել-գնացել ու դեռ շարունակում են գնալ ստամոքսի պահանջի հետևից։

Գրականությունը, գրող և բիզնե՞ս։

Այլևս ինչ ազատության և անկախության մասին է խոսքը։

Ազատությունն այնտեղ է, որտեղ հոգի ու հպարտություն կան։

Իչպե՞ս կարող ենք միաբան լինել, երբ կտրված են մեզ միացնող կապերը։

Ինչպե՞ս կարող ենք կատարյալ լինել, երբ գնալով սառչում է սերը։

Ինչպե՞ս կարող ենք հոգևոր արթնություն ապրել, երբ խոսելով քրիստոնեությունից, շարունակում ենք հոշոտել միմյանց։

Խոսում ենք ու խոսում Աստծուց, բայց իրականում անաստված ենք, սատանայի վաստակ՝ նկատի ունեմ մեր գործերը։

Մեր խոսքերը արժեք չունեն։ Մի կողմից եկեղեցի ենք կառուցում, մյուս կողմից անարգում ժողովրդին։

Եկեք ճշմարիտ խոսք ասենք միմյանց․ երեկ ռուսական փողը, որ նաև հավասարապես հայկական էլ էր, մեզ բարոյական նկարագրի մեջ էր պահում, մեզ մարդ էր պահում, մեզ հայ էր պահում։

Ահավասիկ, ամերիկյան դոլար կոչվածը, կուրացնում է մեր աչքերը, գազանացնում դոլարատերերին, մղում ազգադավության, մարդադավության, հոգեսպանության, վերջապես, ողջ-ողջ ոչնչացնում այս հողի վրա քայլողներին։

Ես, որ գրիչ վերցնողների մեջ ինձ հետինը կարող եմ համարել, զգում և ահազանգում եմ, որ ոչ թե միայն Հայաստանը, այլև հայոց հոգին է ամայանում։

Մեզ հայրենիք է հարկավոր և ոչ թե սոսկ տարածություն։

Երեկվա լավին դառնալը հետ դառնալ չէ։

Երեկվա լավը և անցյալ կոչվածը անցած չէ և առհասարակ մեր առջևում է։

Ի՞նչ են մտածում իշխանությունները։

Ինչու՞ մեզանից խլեցին մեր հայրենիքը, մեր Հայաստանը, գրիչը, գիրքը, գաղափարը, հավատը, սերը, առանց որոնց հացը հաց չէ, այլ՝ պարզապես կեր, որ հրամցնում են անասունին։

Ո՞վ պետք է վերջ տա այս անասնական ժամանակներին։

Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

Հայաստանի Կոմկուսի ՖԲ էջից

Դիտվել է՝ 3328

Մեկնաբանություններ