38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նախապես ծանոթացեք օրենքներին՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը

Նախապես ծանոթացեք օրենքներին՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը
15.11.2016 | 00:19

Բարձր վարձատրվող աշխատանք, հարմարավետ կյանք՝ նորմալ մարդու կենսական պահանջմունքներ, որոնք բավարարելու համար մարդն ընտրում է այս կամ այն երկիրը: Նույն մղումով են հազարավոր մարդիկ գալիս ԱՄԷ: Տասնյակ տարիներ մարդիկ աշխատում են այստեղ, վարժվում երկրի բարեկեցությանը ու մի օր էլ կանգնում այն լքելու փաստի առջև: ԱՄԷ-ի բնակչության գրեթե 80 %-ն օտարերկրյա քաղաքացիներ են, որոնք եկել են աշխատելու ՝ բերելով իրենց հետ նաև ընտանիքի անդամներին: Այստեղ բոլոր ոլորտներում մասնագետների կարիք կա՝ լինի ինժեներ, բժիշկ, ուսուցիչ, թե արհեստավոր: Ոմանք քառասունից ավելի տարիներ են ապրում ԱՄԷ-ում, սակայն այս երկիրը և՛ իրենցն է, և՛ իրենցը չէ, քանի որ բացառիկ դեպքում է հնարավոր դառնալ ԱՄԷ-ի քաղաքացի (այս մասին մեկ այլ առիթով կխոսենք): Բոլոր օտարերկրացիները նույն մտավախությունն ունեն՝ աշխատանքից հեռացվելուց կամ թոշակի անցնելուց հետո ի՞նչ պետք է անեն, այդ պատճառով էլ մեծ մասն աշխատանքային տարիներին փորձում է հնարավորինս շատ գումար կուտակել՝ հայրենի կամ որևէ այլ երկրում սեփականություն ձեռք բերելու, անձնական գործ հիմնելու համար: Բոլորն էլ ձգտում են ապահով, կայուն կյանքի: Օրինակ, կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո ոչ միշտ են նրանց աշխատանքի տեղավորում, ոչ միշտ են կարողանում կեցության վիզայի հովանավոր գտնել: Սրանից հետևություն՝ ԱՄԷ-ում ապրելը զգոնություն և հեռատեսություն է պահանջում: Այստեղ ցանկության դեպքում կարելի է շռայլ կյանք վարել, բայց պետք է նկատի ունենալ, որ տնօրենի մեկ ստորագրությամբ կամ երկրի օրենքի թեկուզ անզգույշ խախտումով կյանքը կարող է գլխիվայր շուռ գալ, անձը՝ ընտանիքով հայտնվել փողոցում: ԱՄԷ տեղափոխվելու առաջին օրվանից պետք է կշռադատել բոլոր քայլերը, այդ թվում՝ մտածել կենսաթոշակային տարիքի մասին: Կենսաթոշակի անցնելիս տեղացիների և օտարերկրացիների համար պայմանները նույնը չեն: Օտարերկրացիների կենսաթոշակային տարիքը 60-ն է, բայց հատուկ դեպքերում կարող են մինչև 65, 70 տարեկանում էլ աշխատել (սա կախված է ընկերությունից): Իսկ պետական և մասնավոր սեկտորում պայմանների տարբերություն չկա: 2011 թվականից մասնավոր սեկտորի աշխատողներին հնարավորություն է տրվում կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո ևս երկու տարի աշխատելու (նախկին մեկ տարվա փոխարեն), միայն թե ստիպված են լրացուցիչ երկու տարվա աշխատանքային քարտի համար վճարում կատարելու:


ԱՄԷ-ում գրկաբաց են ընդունում օտարերկրացիներին, սակայն, ուշադրություն դարձնելով սոցիալական ապահովության ոլորտին, կզգաք առողջապահության, կրթության, կենսաթոշակների, արտոնությունների հարցերում տեղացու և օտարերկրացու աչք ծակող տարբերությունը: Ահա մի քանի օրինակ: Համաձայն 2007 թ. ընդունված N 7 դաշնային օրենքի՝ մասնավոր և պետական սեկտորում աշխատող տեղացիների կենսաթոշակային տարիքը սկզբում եղել է 48 (չմոռանաք համեմատել օտարերկրացիների կենսաթոշակային տարիքի հետ): Նույն օրենքում կետ կա այն մասին, որ տարեցտարի երկրում կենսաթոշակային տարիքը տեղացիների համար բարձրացվելու է: 2016-ի փետրվարի վերջից դարձել է 49, իսկ 2017-ին հնարավոր է հասնի 50-ի: Օրենքում նաև նշվում է, որ թոշակի կարող են անցնել այն անձինք, ովքեր ունեն քսան տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ: Բոլոր դեպքերում, կանայք հինգ տարի առաջ են թոշակի անցնում: Փորձագետների կարծիքով՝ կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելով ԱՄԷ-ն փորձում է նվազեցնել երկրի քաղաքացիների կախվածությունը պետությունից, խրախուսել ավելի երկար աշխատելու ցանկությունը:

Նաև, ինչպես երևում է, շուտ թոշակի անցնելը անօգուտ ծախս է պետության համար: Մինչ այժմ խոսեցինք աշխատող քաղաքացիների մասին, բայց չաշխատող քաղաքացիներն էլ են երկրի ուշադրության կենտրոնում: ԱՄԷ-ն մեծ աշխատանք է տանում գործազրկության վերացման ուղղությամբ, այսինքն, պետական և մասնավոր սեկտորում բացում է աշխատատեղեր ԱՄԷ-ի բոլոր չափահաս քաղաքացիների համար: Սա էմիրաթացման քաղաքականության մաս է կազմում: Նույնիսկ չաշխատող կանանց թիվն են կրճատում՝ նրանց ընդգրկելով տարբեր ոլորտներում: Երկիրը գործազրկությունը արդարացված է համարում միայն առողջական լուրջ խնդիրների դեպքում, մարդկանց քաջալերում է երիտասարդ տարիքում աշխատել, իրենց գիտելիքները, հմտությունները և փորձն ի նպաստ դնել ԱՄԷ-ի զարգացմանը, իսկ կենսաթոշակային տարիքում վայելել վաստակած հանգիստը:

Էմիրաթցիներն այդ տարիքում աշխատանքային ստաժին համարժեք բավական բարձր թոշակ են ստանում, ինչից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները: Ինչպես նկատեցիք, կենսաթոշակային տարիքում հասարակության խոցելի մասն օտարերկրյա քաղաքացիներն են, առավել ևս, երբ նրանց ընտանիքի անդամների վիզաների հովանավորն է գործատու ընկերությունը, ուստի թոշակառուների մի մասն աշխատանքային վիզայի ավարտից հետո անմիջապես վերադառնում է հայրենիք: Սա գուցե ամենահեշտ լուծումն է, մանավանդ, եթե նախապես հոգացել են իրենց հետագա բարեկեցության մասին: Մեծ խնդիրների առջև են կանգնում նրանք, ովքեր հետագա կյանքը պատկերացնում են միայն ԱՄԷ-ում, որտեղ ապրում ու աշխատում են ընտանիքի մյուս անդամները, սեփականություն ունեն այստեղ, ընկերներ, հիշողություններ: Ինչպե՞ս շարունակել ապրել ԱՄԷ-ում: Կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացու համար շատ դժվար է նոր աշխատանք գտնելը: Աշխատանքային վիզան ավարտվելուց հետո տվյալ անձը երկրում կարող է մնալ ևս երեսուն օր, որից հետո ստիպված է լքելու երկիրը: Որպեսզի շարունակի մնալ երկրում, վիզան պետք է հովանավորի ԱՄԷ-ում գրանցված որևէ իրավաբանական անձ, կամ թոշակառուն պետք է գործընկեր դառնա իրավաբանական անձի հետ: Կա նաև մեկ այլ տարբերակ. տվյալ անձը կարող է ստեղծել կորպորատիվ սուբյեկտ կամ ընդգրկվել կորպորատիվ սուբյեկտի մեջ, դրա համաձայն տվյալ կազմակերպությունը կարող է հովանավորել անձի և նրա ընտանիքի անդամների վիզաները: Իսկ երրորդ տարբերակի համաձայն թոշակառուն կարող է ընդգրկվել ԱՄԷ-ի ազատ գոտիներում աշխատող ընկերության մեջ:


Արդյոք այդքան հե՞շտ է ձեռնարկել այս բոլոր քայլերը: Բազմաթիվ օրինակներ կան, երբ թոշակի անցնելուց հետո անհեռատեսները պարզապես տանուլ են տվել, ուստի լավ կլինի, որ ԱՄԷ եկողը նախապես ծանոթանա աշխատանքի և կեցության թույլտվությանը վերաբերող օրենքներին՝ հաշվի առնելով նաև բոլոր ռիսկերը:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ