Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արտոնազրկված բուհերը կդիմեն դատարան

Արտոնազրկված բուհերը կդիմեն դատարան
10.03.2009 | 00:00

ԻՐԱՎԻՃԱԿ
Կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամաններով 2009 թ. մարտի 2-ից 11 բուհերի գործունեությունը կասեցվեց ամբողջությամբ, իսկ երկուսինը` մասնակի: Եվս մի քանի բուհերի հարցն ընթացքի մեջ է։ Կրթության և գիտության փոխնախարար ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ համոզմամբ` քիչ բնակչություն ունեցող Հայաստանի համար 70-ից ավելի ոչ պետական բուհերի կամ դրանց մասնաճյուղերի աշխատանքը չի կարող արդյունավետ լինել: Նրա խոսքով, մասնավոր բուհերի գործունեությունն ուսումնասիրելու համար ստուգումներ են անցկացվել, որոնց արդյունքները սարսափելի էին: Օրինակ, Ֆիրդուսի ոչ պետական համալսարանի 4 ֆակուլտետներում 11 ուսանող էր սովորում: Նման իրավիճակ էր նաև Գորիսի օտար լեզուների «Կարին» ինստիտուտում, որտեղ գրանցված էր 14 ուսանող:
Փոխնախարարը նշեց, որ 72 բուհերում յուրաքանչյուր տարի ստուգում իրականացնելն այնքան էլ հեշտ չէ, այդ էր պատճառը, որ նման կտրուկ քայլերի մինչ այժմ չեն դիմել, սակայն այսուհետ յուրաքանչյուր կիսամյակ ստուգումներ կիրականացվեն ոչ պետական և նույնիսկ պետական բուհերում, ու չի բացառվում, որ լիցենզիայից զրկվեն նաև պետական բուհերի որոշ մասնագիտություններ:
ԿԳՆ-ն պարտավորվել է արտոնազրկված այդ բուհերի մոտ հազար ուսանողների ուսումնառությունն ապահովել ոչ պետական այլ բուհերում` նույն մասնագիտությունների գծով: Այլ բուհում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող ուսանողների դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 20-ն է։ Եթե լիցենզիայից զրկված բուհում տվյալ ֆակուլտետի ուսման վարձն ավելի քիչ էր, քան այն բուհում, ուր ուսանողը ցանկանում է տեղափոխվել, ապա կվճարի այնքան, որքան իր նախկին բուհում:
Արտոնազրկված բուհերի ղեկավարները, սակայն, վստահեցնում են, որ իրենց նկատմամբ կատարվածն օրենքի խախտում է։ «Կան ՍՊԸ-ներ, որոնք լիցենզիա են ստացել կրթական գործունեություն ծավալելու համար։ Մենք օրենքով ամրագրված կազմակերպություններ ենք։ Պետք է որոշակի օրենք լիներ, որը կմատնանշեր, որ համալսարան կոչվելու համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ։ Թող տային լիցենզիա միայն այն կազմակերպություններին, որոնք կկարողանային որակյալ կրթություն ապահովել»,- նշեց Երևանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարանի նախագահ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Նա կոչ արեց պատժել օրինախախտներին, որոնք, իր կարծիքով, կրթության և գիտության նախարարն ու փոխնախարարն են, ովքեր, կատարելով վերևից տրվող հրահանգը, պարզապես շրջանցել են օրենքը. «Օրենքի համաձայն՝ ուսանողները մինչ բուհի լուծարումը պետք է տեղափոխվեին այլ բուհ, այնինչ այսօր նրանք հայտնվել են բարդ կացության մեջ, դադարեցվել են դասընթացները, իսկ ապագայի վերաբերյալ պատկերացումներն էլ աղոտ են»։
Մեկ ուրիշ բուհի ղեկավարի խոսքով` առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին չի թույլատրվում տեղափոխվել այլ ուսումնական հաստատություններ, իսկ այս պարագայում էլ խախտվում են ուսանողների իրավունքները:
«Վիլյամ Սարոյան» համալսարանի փոխտնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էլ նշում է, որ մայիսին տեղի ունեցած ստուգումները որևէ լուրջ թերացում չեն արձանագրել, սակայն փետրվարի 26-ին տեղի ունեցած նիստի ընթացքում առանց նախազգուշացման հայտարարվել է բուհի կասեցման մասին, այնինչ, համաձայն օրենքի, բուհին պետք է տրվեր վեց ամիս ժամանակ` թերությունները շտկելու համար: «Մենք պայքարելու ենք մինչև վերջ, ընդհուպ դիմելու ենք դատարան: Տեղի է ունեցել օրենքի վեց կետի խախտում»,- նշեց փոխտնօրենը:
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4142

Մեկնաբանություններ