Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գործել են բացառապես ընդդեմ գործող նախագահի և կառավարության

Գործել են բացառապես ընդդեմ գործող նախագահի և կառավարության
29.08.2008 | 00:00

ՓՈԽԶԻՋՈՒՄԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ՉԷ
Օգոստոսի 25-ին, առավոտյան ժամը 10-ին, քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցների նկատմամբ կիրառված գործողությունն առաջին հայացքից պետական ինչ-որ օղակի ինքնագործունեության տպավորություն թողեց։ Մինչև երեկո ընդդիմությունն ու լրատվամիջոցները զբաղված էին պարզելով, թե, ի վերջո, իշխանության բուրգից ում նախաձեռնությունն է եղել նստացույցի ցուցապաստառները խլելը՝ չխուսափելով նույնիսկ ուժի գործադրումից։ Եվ մինչ ընդդիմությունն ու մամուլը զբաղված էին միջադեպը պարզաբանելու գործով, երեկոյան ժամը յոթին մոտ Հյուսիսային պողոտա ժամանեցին արդեն համազգեստով ոստիկանները, կրկին խլեցին ցուցարարների պաստառները և հեռացան։
Ըստ լրատվամիջոցների՝ այդ գործողության պաշտոնական պարզաբանումն այն էր, որ Հյուսիսային պողոտայում հիշյալ միջոցառումն արտոնված չէ, և ցուցապաստառների առկայությունն անթույլատրելի է։ Այսինքն՝ ցուցարարները կարող են այնտեղ նստել հենց այնպես, բայց այդ պարագայում վերանում է բողոքի ակցիայի բուն իմաստը։ Սակայն, ի վերջո, սա էլ այնքան կարևոր չէ, որքան այն, որ վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ ոստիկանությունը դիմեց ուժային գործողության։ Հավանաբար «վերևում» ինչ-որ տեղ հաշվարկել են, որ ընդդիմությունը, ամառվա ընթացքում ակտիվ գործողությունների չդիմելով, այնքան է թուլացած, որ եկել է նրան վերջ տալու ժամանակը։ Ահա ուրեմն այդ հաշվարկը բացարձակապես սխալ է, և նրանք, ովքեր այդ գործողությունը պլանավորել, ձեռնարկել և իրականացրել են, գործել են բացառապես ընդդեմ գործող նախագահի և կառավարության։ Որովհետև այս գործողությունը ոչ մի կերպ չի կարող նպաստել իշխանության հեղինակության բարձրացմանը, սակայն ընդդիմության վարկանիշի աճին, անկասկած, կնպաստի։
Չի բացառվում, որ իշխանության համակարգում արդեն համարում են, թե ակտիվ ընդդիմադիրների շարքերը նոսրացել են։ Միանգամայն հավանական է, որ դրա մեջ կա ճշմարտության հատիկ, բայց դա բոլորովին չի նշանակում, թե նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուին դեմ քվեարկած, պաշտոնական տվյալներով՝ 48 տոկոս կազմող ընտրազանգվածը դարձել է իշխանամետ։ Վստահաբար չի դարձել, որովհետև այն բարեփոխումները, որ հանրությանը խոստացել է իշխանությունը, առայժմ չեն ապահովել այն աստիճանի դրական տեղաշարժ, որը հանգեցներ իշխանության նկատմամբ բնակչության բացարձակ մեծամասնության վերաբերմունքի կտրուկ փոփոխության։ Իհարկե, որոշակի տեղաշարժ կա։ Համենայն դեպս, կարծես դադարել են քաղաքի կենտրոնում կանաչ տարածքները զավթել ու օբյեկտներ կառուցել, պետավտոտեսչությունը սկսել է տանելի աշխատել, համատարած շինարարության պատճառով խցանվող երևանյան մի շարք խաչմերուկներ կարգավորվում են, պետական համակարգը քաղաքացիների հետ հարաբերություններում մի քիչ ձգված է։ Այսինքն, ուղղակիորեն չեն թքում մարդու երեսին կամ ընդգծված արհամարհում, ինչպես շատ հաճախ պատահում էր առաջ։ Բայց հասարակությանը ծառայելու ակտիվ պատրաստակամություն էլ պետական չինովնիկների մեջ առանձնապես չի նկատվում։ Լավագույն ապացույցը տվեց ինքը՝ երկրի նախագահը, երբ հայտարարում էր հարկային և մաքսային մարմինների միավորման մասին։ Հենց նա՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ արձանագրեց, որ հարկային ծառայության աշխատանքում, չնայած իշխանության կողմից նոր մոտեցումների առաջադրմանը, բացարձակապես ոչ մի բարելավում չկա։
Հետևապես, այդ ինչի՞ց ելնելով են իշխանության վերնախավում եզրակացրել, թե դժգոհ զանգվածն այնքան է նվազել, որ Հյուսիսային պողոտայի նստացույցը կարելի է այսուհետ համարել լոկ ինչ-որ անձանց շրջանակի մասնավոր նախաձեռնություն։ Հասկանալի է, որ տվյալ պարագայում իշխանությունը միշտ էլ կարող է արդարացում գտնել և հայտարարել, որ ֆուտբոլի Հայաստան-Թուրքիա հանդիպման հետ կապված՝ սեպտեմբերի 1-11-ը Երևանում սահմանվել է կարգ ու կանոնի հսկման խստացված ռեժիմ։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ Հյուսիսային պողոտայի ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն արդարացված էր։ Եվ այդ խորապատկերի վրա, հասարակական ընկալումների առումով, շատ ավելի նախապատվելի վիճակում հայտնվեց ընդդիմությունը, որի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք, գիտակից մարդիկ լինելով, պատրաստ էին փոխզիջման և նույնիսկ սեպտեմբերի 5-ի հանրահավաքը կտեղափոխեին այլ օրվա, եթե իշխանությունը նման բանակցություններ նախաձեռներ և ոչ թե կոշտ ուժ գործադրեր։
Մյուս կողմից, իշխանությունների այս քայլը միայն ամրապնդում է արմատական ընդդիմադիր միավորման միասնականությունը։ Մինչդեռ Հայ ազգային կոնգրեսի հռչակումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի միջև միաժամանակ նկատվեցին առաջին ճաքերը։ Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը և ՆԺԿ-ն տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին միանալ կոնգրեսին ու բոլորովին չի բացառվում, որ ընդդիմության նախաձեռնած գործընթացի իներտության պարագայում մասնատման ցեցը կընկներ նաև մնացած կուսակցությունների մեջ։ Այլ կերպ ասած՝ ժամանակն ակնհայտորեն արմատական ընդդիմության օգտին չէր աշխատում, և իշխանությունն այս փուլում պետք է աշխատեր փոքր փոխզիջումներով հասնել իրավիճակի աստիճանական լիցքաթափման։ Օգոստոսի 25-ին կիրառված երկու գործողությունները տվեցին ճիշտ հակառակ արդյունքը, և Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված լինելու իրենց պատրաստակամությունն ընդգծեցին նույնիսկ վերապահություններ ունեցող քաղաքական ուժերը։ Եթե հաշվի առնենք, որ սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի իրավիճակի հետ կապված հերթական քննարկումն է, իսկ աշնան ընթացքում սպասվում է նաև մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցը, ստացվում է, որ այս օրակարգային իրադարձություններից առաջ իշխանությունն իր գործողություններով հենց ինքն է ակտիվացնում ընդդիմությանը։ Բայց հազիվ թե դա բխի գործող նախագահի ու կառավարության շահերից։
Ընդհանրապես, արմատական ընդդիմության հետ փոխհարաբերություններում զիջողամիտ լինելու մարտավարությունը շատ ավելի ձեռնտու է իշխանություններին։ Նախ՝ արտաքին աշխարհի առջև հանդուրժողականություն ցուցաբերելու, ապա և ներքին խնդիրները փոխադարձ համաձայնությունների ինչ-որ հարթության վրա կարգավորելու տեսանկյունից։ Ի վերջո, քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է։ Նա, ով գնում է զիջման, սովորաբար ընդգծում է ոչ թե իր թուլությունը, այլ ուժը։ Տվյալ պարագայում ստացվեց, որ ուժեղի դիրքից հանդես եկավ ընդդիմությունը, որը հրապարակավ նշեց փոխզիջման իր պատրաստակամության մասին։ Իսկ իշխանությունը հայտնվեց թույլի դիրքում՝ հնարավորություն տալով վաղն ընդդիմությանը պնդելու, որ այս իշխանությունն այնքան թույլ է, որ վախենում է Հյուսիսային պողոտայում նստած մի քանի տասնյակ մարդուց։
Եվ որպես վերջաբան. տարածաշրջանում վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այն կանխատեսումները, թե ռուսական ազդեցության վեկտորը վրաց-ռուսական հակամարտության պատճառով ուժեղանալու է, չարդարացան։ Այժմ հակառակ գործընթացն է, և այդ պարագայում Հայաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության հարցերի լուծման տեսանկյունից գնալով ավելի են կարևորվելու փոխհարաբերությունները ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ։ Իսկ Արևմուտքում հազիվ թե որևէ մեկը ցանկանա գործ ունենալ ժողովրդավարական գործընթացները ճնշող իշխանության հետ։ Սա տարրական ճշմարտություն է, որը, ցավոք, մեր իշխանական վերնախավում լիազորություններ ունեցող և այդ լիազորությունները գործադրող ոչ բոլոր գործիչներն են առայսօր գիտակցել։ Արջի ծառայություն մատուցելը միշտ էլ ավելի հեշտ է, քան դրա հետևանքներն ուղղելը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5189

Մեկնաբանություններ