Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ռուս մահմեդականները» ոչ միայն դուրս են եկել ընդհատակից, այլև բացահայտորեն հայտարարում են իրենց նպատակները

«Ռուս մահմեդականները» ոչ միայն դուրս են եկել ընդհատակից, այլև բացահայտորեն հայտարարում են իրենց նպատակները
15.10.2013 | 00:05

«Եթե Ռուսաստանում նախագահ դառնա հիրավի հավատացյալ մահմեդական մեկը, ապա դա բարեբախտություն կլինի թե՛ երկրի, թե՛ ժողովրդի համար».

«Իսլամ» հանդեսին Չեչնիայի ղեկավար ՌԱՄԶԱՆ ԿԱԴԻՐՈՎԻ տված հարցազրույցից։

ՊԱՏՄԱԿԱՆ ԹՌՈՒՑԻԿ ԱՆԴՐԱԴԱՐՁ
1819 թ. սեպտեմբերի 14-ին Ռուսական կայսրության առանձին կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Ա. Երմոլովի հրամանով գրոհի ենթարկվեց Թերեք գետի ափին գտնվող չեչենական ամենախոշոր գյուղերից մեկը։ Գրոհի ընթացքում Դադի-յուրտ գյուղը հողին հավասարեցվեց, բնակչությունը գրեթե լիովին ոչնչացվեց։ Գերված կանանց մի մասը (որոշ տվյալներով` 46 հոգի) Թերեք գետն անցնելիս ջուրը նետվեց` հետները տանելով ուղեկցորդներին։ Գյուղն այլևս չվերականգնվեց... 1990-ին Չեչենական Հանրապետության Գուդերմեսի շրջանում հուշարձան տեղադրվեց ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված կանանց (չեչեներենից թարգմանաբար «Դադի-յուրտ» նշանակում է «հայրենյաց շեն»), իսկ սեպտեմբերի 15-ը հռչակվեց «Չեչեն կանանց օր»։ Չեչենական Հանրապետության ղեկավարը «սոսկ» օրակարգ բերեց այդ թեման (ելնելով պատմական փաստերի հիման վրա հայրենասիրություն դաստիարակելու համառուսաստանյան միտումից), հանդիսավորապես բացելով ռուս զինվորներին սպանած չեչեն կանանց հիշատակին նվիրված հուշակոթողը։ Ինչպե՞ս սա համատեղել «Պուտինի լավագույն բարեկամի» կարգավիճակի հետ` մի կողմից, և անցյալի պատերազմական հաղթանակներում օրինականացում փնտրող ռուսական ներկա իշխանությունների պաշտոնական գաղափարախոսության հետ` մյուս կողմից։
Ի դեպ, եթե կառավարողներն ուզում են հաշտ ապրել հարևանների հետ, ապա ընդգծում են պատմական այն իրադարձությունները, որոնք մերձեցնում են ժողովուրդներին, խոսում են բարիդրացիության, դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մասին։ Իսկ եթե թշնամանք ու պատերազմ են ուզում, ապա խոսում են միայն վատի մասին, բորբոքում են պատերազմների, ընդհարումների, սպանությունների հիշողությունները, անվերջ մեղադրանքներ են փոխանակում։ Կանանց հուշակոթողի բացմանը Ռամզան Կադիրովի ներկայությունը, իմ կարծիքով, բացահայտ մարտահրավեր էր։ Ժամանակակից Ռուսաստանի Դաշնությունը բացարձակապես բոլորի կողմից ընկալվում է որպես Ռուսական կայսրության փոխանորդ, և նույնիսկ ավելի, քան ԽՍՀՄ-ի։ Այդ «փոխանորդությունն» են կոչված մատնանշելու նաև եռագույն դրոշն ու երկրի զինանշանի վրայի երկգլուխ արծիվը։ ՈՒստի և Ռուսական կայսրության հասցեին հանրապետության ազգայնականների կշտամբանքները (և խայթոցները) ինքնաբերաբար տարածվում են ժամանակակից Ռուսաստանի վրա։ Ռամզան Կադիրովը չի կարող սա չհասկանալ, և ուրեմն գիտակցաբար է դիմում նման «ազգային» հակադրության։
Դեռ 19-րդ դարում Ռուսաստանն Անգլիայի հետ, այսպես կոչված, «Մեծ խաղ» էր խաղում մահմեդական Ասիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով։ Այսօր իրավիճակն արդեն այլ է, և զորություն առնող քաղաքական իսլամը ինքն է իր «մեծ խաղն» սկսել Ռուսաստանի նկատմամբ, Արևմուտքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, նպատակ ունենալով դառնալ մոլորակի առաջատար ուժ։ Լուրջ խաղ է։ Լուրջ շահեր են։ Լուրջ ջանքեր։ Լուրջ փողեր։ Լուրջ մարդիկ են։ Լուրջ արյուն։
Ռուսաստանի մահմեդական կազմակերպություններն այսօր ավելի ու ավելի մեծ քաղաքական և հասարակական ակտիվություն են հանդես բերում և ավելի ու ավելի են մերձենում ռուսական իշխանական կառույցներին։ Վերջին տարիներին տարբեր լրատվամիջոցներում տեղ է գտնում (որոշ տարբերակներով) Ռուսաստանի իսլամականացման ամբողջական և ավարտուն մի նախագիծ։ Մեկ անգամ երևան գալով 2000-ականների սկզբին, այն համառորեն ու հետևողականորեն, տարբեր մատուցարաններով ասպարեզ է նետվում ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների էջերում։
Առավել ևս, որ սլավոնական բնակչության թիվը (ինչպես բնակչության ընդհանուր թվակազմը) Ռուսաստանում շարունակ նվազում է։ Իսլամական ժողովուրդների ներկայացուցիչների թվակազմը, մարդահամարների տվյալներով, կազմել է. 1959 թ.` 7 մլն (Ռուսաստանի բնակչության 6 %-ը), 1970-ին` 9 մլն (7 %), 1979-ին` 10 մլն (7 %), 1989-ին` 12 մլն (8 %), 2002-ին` 15 մլն (10 %)։ Եթե այս միտումը պահպանվի, ապա 2020 թ. Ռուսաստանում կլինի 130 մլն բնակիչ, այդ թվում 20 մլն-ը «էթնիկ մահմեդականներ» (բնակչության 15 %-ը), 2050-ին` 110 մլն, որոնցից 30 մլն-ը` «էթնիկ մահմեդականներ» (27 %), իսկ 2100-ին` 90 մլն մարդ` որոնց առնվազն կեսը կլինեն «էթնիկ մահմեդականներ»։ Սակայն մահմեդական բնակչության աճի միտումը խիստ նվազեցված է։ Չէ՞ որ այսօր Ռուսաստանում զանգվածային ներգաղթի մի անկասելի հոսք է, օրինական և անօրինական, մահմեդական երկրներից, և այն հաշվառման ենթակա չէ։ Նվազագույն գնահատականներով, միայն Մոսկվայում գտնվում են 1-2 միլիոն «էթնիկ մահմեդական» անլեգալ ներգաղթյալներ։ Պետք է նշել, իհարկե, որ ծնունդով «էթնիկ մահմեդականներից» բնավ էլ ոչ բոլորն են Ալլահին իրոք հավատում կամ առօրյա կյանքում կատարում մահմեդական ծեսերը։ Սակայն այդ տոկոսը շարունակ աճում է։ ՌԴ-ում գործող զանազան մահմեդական կառույցները (ինչպես օրինական, այնպես էլ` ոչ) հսկայական աշխատանք են կատարում էթնիկ մահմեդականների «հավատադարձության» ուղղությամբ, իսկ արաբական հարուստ երկրները (ռուսական իշխանությունների համաձայնությամբ) հսկայական միջոցներ են տրամադրում Ռուսաստանում իսլամական կրթության և նոր մզկիթների կառուցման համար։ Սլավոնների տոկոսի նվազմանը զուգընթաց այլ գործընթաց էլ է տեղի ունենում. քրիստոնյա ժողովուրդների ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ` ռուսներ, ուկրաինացիներ, չուվաշներ, նույնիսկ վեպսեր են իսլամ ընդունում։ Նույն կարգի երկրորդ գործը բազմաթիվ նոր մզկիթների հայտնվելն է, հատկապես միջին գոտու ավանդաբար ռուսական քաղաքներում։ Ինչպես նշում են մասնագետները (այստեղ ես ուշադրություն դարձրի իրոք նոր և սրընթաց թափ առնող մի երևույթի վրա), Ռուսաստանում սկսել են երևան գալ «ռուս մահմեդականների» համայնքներ։ Իրենց քրիստոնյա համարող շատ ժողովուրդների ներկայացուցիչներ (խոսքը հազարավորների մասին է, թեև ճշգրիտ վիճակագրություն չկա) անցնում են «ճշմարիտ հավատի» հոտ։ Հիմա (շահիդների` մահապարտների, հանրահայտ գործերից հետո) ռուսական քաղաքների փողոցներում գլխաշորերը կարծես պակասել են, սակայն փոխարենը այնտեղ մահմեդականների քանակն է անընդհատ ավելանում։
Ի դեպ, ինչպես կարդում ենք IslamOnline.net կայքում, «Ռուսաստանի մուֆտիների խորհրդի աղբյուրների տվյալների համաձայն, միայն Մոսկվայում 2004 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում մոտ 20 հազար մարդ է քաղաքի մզկիթներում իսլամ ընդունել։ Դա փոքր-ինչ ավելի է եղել նախորդ տարվա ցուցանիշից. 2003-ին Մոսկվայում նոր մահմեդականներ են դարձել 15300 մարդ։ Աղբյուրը նաև ավելացրել է, որ իսլամ ընդունածների շուրջ 60 %-ը ազգությամբ ռուս է։ Դրանց 75 %-ը իգական սեռի ներկայացուցիչներ են` 17-21 տարեկան աղջիկներ»։
Ավելին, «ռուս մահմեդականները» ոչ միայն դուրս են եկել ընդհատակից, այլև բացահայտորեն հայտարարում են իրենց նպատակները` իսլամի քարոզ Ռուսաստանի ոչ իսլամական ժողովուրդների շրջանում։ Ավելի պարզ ասած` «Սուրբ Ռուսիայի» իսլամականացում։ Հիմա Ռուսաստանում գործում է «ռուս մահմեդականների» միանգամից մի քանի կազմակերպություն, թեև է՛լ ավելի շատ նորադարձներ պարզապես լցվում են գրանցված իսլամական համայնքների ու ոչ պաշտոնական խմբերի շարքերը։ «Ռուս մահմեդականների» կազմակերպություններից առավել աղմկալին այդպես էլ կոչվում է. «Ռուս մահմեդականների ազգային կազմակերպություն» (անվանումը ևս ընտրված է որպես մարտահրավեր) կամ ռուսերեն հապավմամբ` НОРМ։ Ահա թե ինչպես է բնորոշել կազմակերպության նպատակները НОРМ-ի նախագահի տեղակալ Տարաս Չեռնիենկոն (հայտնի է նաև որպես Աբդուլ Քարիմ Մասհադի). «Մենք ռուս ժողովրդի անքակտելի մասն ենք և հայրենասերներ, միևնույն ժամանակ մենք հավատացյալ մահմեդականներ ենք և մեզ համար կամավոր ընտրել ենք այս կրոնն ու գաղափարախոսությունը։ Մեր ժողովուրդը հիվանդ է և մենք մեր առջև խնդիր ենք դնում օգնել հիվանդին, որը շատ ծանր վիճակում է։ Այդ հիվանդին կարելի է օգնել, եթե մենք ջանքեր գործադրենք մեր ռուս ցեղակիցներին հասցնելու մահմեդական դավանանքի կրոնական ճշմարտությունը»։ Ըստ էության, НОРМ-ի նպատակներից մեկը մի ինչ-որ «ենթաազգի»` ռուս մահմեդականների ձևավորումն է։
Ի դեպ, Ռուսաստանի իսլամականացումը գալիս է ոչ միայն ներքևից, այլև «վերևից»` իշխանությունների կողմից։ Առաջինը Ռուսաստանի իսլամականացման մասին բացահայտորեն խոսեց, ընդ որում` հենց իշխանության հետ, այաթոլլահ Խոմեյնին։ Մահմեդական օրացույցով 11.10.1367 թ., Գրիգորյան օրացույցով 1989 թ. հունվարի 1-ին նա նամակ հղեց Գորբաչովին. «Պարոն Գորբաչով։ Պետք է ճիշտն ասել։ Ձեր դժվարությունները Աստծո ճշմարիտ հավատի բացակայությունն է, և դա Արևմուտքին տանում է և կտանի դեպի մեղքի ճահիճ, դեպի փակուղի։ Ձեր հիմնական դժվարությունը երկարատև սին պայքարն է ընդդեմ Աստծո, կեցության և ամենայն ինչի հիմնական աղբյուրի... ՈՒզում եմ աներկբա հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես իսլամական աշխարհի հզորագույն պատվար, կարող է հեշտորեն լցնել այն վակուումը, որ գոյացել է Ձեր հասարակության գաղափարախոսական համակարգում»։
(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց
Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 16785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ