Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Ես չեմ ուզում, որ իմ մասին ափսոսանքով ու հառաչանքով խոսեն»

«Ես չեմ ուզում, որ իմ մասին ափսոսանքով ու հառաչանքով խոսեն»
06.03.2009 | 00:00

ՄԱՐՏԻ 5-ԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՐՁԱՎ
Վազգեն Սարգսյանն էր ասում։ Սպարապետը։ «Զորավարի կիսատ կենսագրություններ շատ ենք ունեցել, բավական է»-, ասում էր։ Գիտե՞ր, որ կիսատ կենսագրությունների հերթում հաջորդ զինվորագրյալն ինքն է։
Գիտե՛ր։ Դրա համար էր ասում՝ ափսոսանք-հառաչանքով չխոսեք իմ մասին։
Չենք խոսում։
Բոլորիս փոխարեն Հրանտ Մաթևոսյանը թող խոսի, իսկ մենք անհառաչ ափսոսանքով ասենք՝ հոբելյանդ շնորհավոր, Սպարապե՛տ։
«...Ամբողջ աշխարհի առջև նա հաղթանակի և ուրախության բերկրանքով էր կանգնած,- Վազգենի ծննդյան 45-ամյակի առիթով գրել է Հրանտ Մաթևոսյանը։- Բերկրանքը նրա հոգու ու մարմնի ունեցվածքն էր։ Եվ սա խոստովանություն չէ մեծ նահատակի առջև, սա այսօր հստակ գիտակցումն է այն խոշոր անհատի անհրաժեշտության, այն մեծ լավատեսի, որ այսօր պետք է կանգնած լիներ մեր ազգային պետական-քաղաքական հրապարակում՝ կանգնած չէ։ Նրա կենդանի ներկայությունը մեզ միմյանց և աշխարհի հանդեպ պահելու էր բոլորովին այլ կեցվածքով, նրա բացակայությունը բեկբեկում է մեր խոսքը, և մեր քայլը հաստատուն չէ։ Այո, արմունկներով տղա էր, բայց կայացած ո՞ր անհատը չի պինդ արմունկների մարդ եղել. իմ ու ձեր Քրիստո՞սը, իմ ու ձեր Դրո՞ն, Նժդե՞հը, Մեսրոպ Մաշտո՞ցը, թե՞ Մեծ հայրենականի փառաբանված գեներալներից մեկնումեկը։
...Մեծ մարդու հիշատակի առջև ես շնորհակալություն և փառք եմ ասում իր զորակիցներին ու զինակիցներին, ովքեր նրա մեջ տեսան իրենք իրենց՝ թարմ ու նորոգ, իրենք իրենց տեսան՝ եռանդուն, իրենք իրենց տեսան` ջահելաբար քաջ, իրենք իրենց՝ սթափ, իրենց՝ խելամիտ ու պատրանքների չտրվող, բայց և պատրանքները նյութականացնող, իրական զորություն դարձնող, որպես ոգին է մարմին առնում, որպես մարմինն է զորանում ոգու»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
Հ.Գ. -Զարմանալի զուգադիպությամբ` մարտի 5-ին է ծնվել նաև ղարաբաղյան բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Այս նույն օրը վախճանվեց գեներալիսիմուս Իոսիֆ Ստալինը
։

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ