Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Անկախ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը

Անկախ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը
29.08.2008 | 00:00

Օգոստոսի 25-ին Ալավերդու քաղաքապետարանի, Ալավերդու ուսանողական խորհրդի և «Վալեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ անցկացվեց արդեն ավանդական դարձած «Լոռվա ուսանող-2008» միջոցառումը։ Մասնակից երիտասարդները ժամանել էին Վանաձոր, Թեղուտ, Շնող համայնքներից։ ՈՒսանողներին հետաքրքրում էր Լոռու տարածաշրջանի տնտեսական զարգացման ծրագիրը՝ պատկերացում կազմելու համար, թե բուհն ավարտելուց հետո կարո՞ղ են, արդյոք, իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնել ծննդավայրում և ապագան կապել հայրենի տարածաշրջանի հետ։ Այդ իսկ նպատակով ուսանողական հավաքին հրավիրված էր «Վալեքս» խմբի ընկերությունների ղեկավարությունը, որը ներկաներին ծանոթացրեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին։
«Վալեքս» խմբի ընկերությունների գործադիր վարչության փոխնախագահ Արթուր Մկրտումյանը նախ համառոտ ներկայացրեց խմբի ձեռնարկությունները։ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատն «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ի գլխավոր արտադրական կառույցն է։ Պղնձաձուլական կոմբինատը հիմնվել է 1770 թ.։ Ընկերությունը ներկայումս արտահանում է մինչև 10 հազար տոննա անզուտ պղինձ, ինչպես նաև արդյունահանում և վերամշակում է պղնձի հանքաքար։ 2007 թ. ACP-ն շուրջ 70 մլն դոլարի եկամուտ է ունեցել և ապահովել է 1062 աշխատատեղ։
«Բեյզ մեթըլս» ՓԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի ամենամեծ հարկատուն է և խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը, որի տարեկան ապրանքաշրջանառությունը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը։ Ընկերությունը շահագործում է Դրմբոնի հանքավայրը, արտադրում է պղինձ-ոսկու խտանյութ և շինանյութեր, արդյունահանում շինարարական քարեր։ Վեց տարի առաջ ստեղծված ընկերությունն ապահովում է մոտ 1200 աշխատատեղ։ 2006-ին ունեցել է 25 մլն, 2007-ին՝ մոտ 35 մլն դոլարի եկամուտ։
Լեռնամետալուրգիայի ինստիտուտը կատարում է գիտական և նախագծային համալիր աշխատանքներ լեռնամետալուրգիայի բնագավառում, մատուցում լաբորատոր ծառայություններ, իրականացնում երկրաբանահետախուզական և հորատման աշխատանքներ։ Իր 320 աշխատողներով ինստիտուտը 2006-ին ապահովել է 3,2, 2007-ին՝ 9,1 մլն դոլարի եկամուտ։
«Վալեքս մայնինգ» ՍՊԸ-ն արդյունահանում է ոսկի պարունակող կվարցային հալանյութ, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրություններ է կատարում Լոռու մարզի մի շարք հանքերևակումներում։
Նշենք, որ «Վալեքս» խմբի ընկերությունների խումբը, 2007 թ. տվյալներով, ունեցել է 116 մլն դոլարի եկամուտ։
«Վալեքս» խմբի ընկերությունների հաջորդ ձեռնարկությունը «Թեղուտ» ՓԲԸ-ն է, որը պատրաստվում է իրականացնել անկախ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկը՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցումը։ Այդ նախագծի միայն առաջին փուլը կպահանջի մոտ 280 մլն դոլարի ներդրումներ, որոնց շնորհիվ, 2012 թվականից սկսած, կարտադրվի տարեկան մոտ 30 հազար տոննա պղինձ և մոտ հազար տոննա մոլիբդեն՝ խտանյութերում։
«Լոռվա ուսանող-2008» միջոցառմանը հավաքված ուսանողներին հատկապես հետաքրքրում էր Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, քանի որ դրա հետ է կապվում տարածաշրջանի հեռանկարային զարգացումը։
Թեղուտի հանքավայրը գտնվում է ՀՀ հյուսիսային մասում՝ Ալավերդուց շուրջ 30 կմ հեռավորության վրա։ Հանքավայրի պաշարները գնահատված են 450 մլն տոննա հանքաքար, որում պղնձի քանակությունը կազմում է 1,6 մլն տոննա, մոտ 0,35% պարունակությամբ, մոլիբդենը՝ 99 հազար տոննա։ Թեղուտի` հանքավայրն իր պաշարներով համարվում է Հայաստանի երկրորդ խոշոր պղնձամոլիբդենային հանքավայրը։ Հիշեցնենք, որ ամենախոշորը Քաջարանի հանքավայրն է։ Թեղուտի հանքավայրը սկսել է հետազոտվել դեռևս 1970-ական թվականներին։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 200 հորատանցք է փորվել՝ 85 հազար մետր երկարությամբ։
2005 թ. ամռանը, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Առանձնահատուկ նշվեց, որ Թեղուտի՝ նման հսկայածավալ ներդրումներ և բարձր տեխնոլոգիաներ պահանջող ծրագիրը չի կարող իրականացվել մի ընկերության կողմից, որը չունի տվյալ երկրի իշխանությունների աջակցությունը։ 2005-ին նախապատրաստվել է շրջակա միջավայրի վրա ծրագրի ազդեցության գնահատականը։ 2006 թ. մարտին կազմակերպվել են հասարակական լսումներ, ապա ստացվել է փորձագիտական դրական եզրակացություն։ Մշակույթի նախարարության մասնագետների հետ կատարվել են տարածքի պատմամշակութային հուշարձանների քարտեզագրման աշխատանքները։ Մշակվել և հասարակական քննարկման է ներկայացվել ծրագրի բնապահպանական ուղղվածությունը։ 2007 թ. հոկտեմբերին կնքվել է լիցենզիայի պայմանագիր, մեկ ամիս անց կառավարության որոշումներով արձանագրվել են հողահատկացման հետ կապված բոլոր գործընթացները։ 2008 թ. հունիսին ֆինանսավորող բանկի կողմից ստորագրվել է հանքավայրի շահագործման ֆինանսավորման համար մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիր։ Սա Հայաստանում աննախադեպ վարկավորման պրակտիկա է. առաջին անգամ ՀՀ-ում մասնավոր ընկերությունը ստանում է նման կարգի վարկավորում։ Սա խոսում է ոչ միայն ընկերության և վարկատուի միջև ձևավորված վստահության մասին։ Վարկատուն բազմիցս համոզվել է, որ գործ ունի վստահություն ներշնչող ընկերության հետ։ Շահագործման առաջին փուլում նախատեսվում է 7 մլն տոննա հանքաքարի արդյունահանում և վերամշակում։ Հանքավայրի շահագործման ընթացքում նախատեսվում է մոտ 2000 նոր աշխատատեղ։ Շահագործման երկրորդ փուլում նախատեսվում է 14 մլն տոննա, երրորդ փուլում՝ 21 մլն տոննա հանքաքարի վերամշակում։ Հանքավայրի շահագործմամբ Հայաստանում պղնձի արտադրությունը կաճի 2,4 անգամ, մոլիբդենի արտադրությունը կավելանա 23 տոկոսով, արտահանումը՝ 160 մլն դոլարով, կապահովվի շուրջ 1,5 տոկոս ՀՆԱ-ի աճ։
Սա լոկ մասնավոր ընկերության արտադրական ծրագիր չէ։ Հանքավայրի շահագործումը նշանակում է, որ տարածաշրջանի երիտասարդները հետագա տարիներին ունենալու են երաշխավորված աշխատատեղեր և ոչ միայն լեռնամետալուրգիայի ոլորտում։ Այս ծրագրի իրագործումը ենթադրում է ենթակառուցվածքների լայն ցանցի զարգացում։
Իսկ ինչո՞ւ է Թեղուտի հանքավայրի շահագործումը վստահվել հենց «Վալեքս» խմբի ընկերություններին։ «Վալեքս» խմբի ընկերությունների գործադիր վարչության նախագահ Վալերի Մեջլումյանը նշեց, որ այս ոլորտում իրենց ընկերությունն ունի բազմամյա փորձ և աշխատանքի գնահատելի արդյունքներ։ ԼՂՀ-ում գործող «Բեյզ մեթըլս» ՓԲԸ-ն Արցախի թիվ մեկ հարկատուն է, այն ապահովում է ԼՂՀ պետբյուջեի մուտքերի մոտ 30 տոկոսը (տարեկան 8-10 մլն դոլար)։ Այստեղ աշխատող 1200 մարդ ամսական ստանում է միջինը 176 հազար դրամ աշխատավարձ։ Ընկերությունն օրը 3 անգամ մատուցում է անվճար սնունդ, աշխատակիցներն անվճար բնակվում են ընկերության հանրակացարաններում։ «Բեյզ մեթըլսը» ԼՂՀ-ում իրականացնում է բազմաթիվ մեծածավալ սոցիալական և բարեգործական ծրագրեր։ Պարոն Մեջլումյանը, այս ամենը նշելով, հավաստիացնում է, որ Թեղուտի հանքավայրը շահագործելուց հետո Լոռու տարածաշրջանում էլ ավելի մեծ ծավալների ներդրումներ կիրականացվեն։ Կնվազի արտագաղթը, և մոռացված, անբարեկարգ Թեղուտը, Շնողը, Ալավերդին ընդամենը 5-10 տարում կդառնան բարեկեցիկ, ժամանակակից բնակավայրեր։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9029

Մեկնաբանություններ