Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ավելի շատ քաղաքական հակադրություն, քան գաղափարախոսական ու ծրագրային պայքար

 Ավելի շատ քաղաքական հակադրություն, քան գաղափարախոսական ու ծրագրային պայքար
27.03.2009 | 00:00

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Երևանի քաղաքային ավագանու ընտրություններում քաղաքական կուսակցությունների մասնակցության հայտերը ներկայացվեցին, և այդ իմաստով քաղաքական քարտեզն ամենևին էլ մխիթարական չէ։ Ավելի ճիշտ, մեծ է հավանականությունը, որ հանրությունը կրկին ականատես, ինչ-որ մասով նաև մասնակից կդառնա ավելի շատ քաղաքական հակադրության, վարչական ռեսուրսների մրցակցության, քան գաղափարախոսական ու ծրագրային պայքարի։
ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
Այսպիսի իրադրության ստեղծումն ավելի շատ բխում էր ընդդիմության շահերից, որովհետև ընդդիմադիր կոնգրեսին է անհրաժեշտ նախընտրական գործընթացների գերքաղաքականացումը, արմատականացումը։ Հիմնավոր կարելի է համարել տարածում գտած այն տեսակետը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն այս ընտրությունները համարում է իշխանափոխության վերջին շանսը։ Առաջին նախագահի հայտնվելը քաղաքային ընտրությունների ընտրացուցակի առաջին հորիզոնականում դրա լավագույն վկայությունն է։ Հիշեցնենք, որ մինչ այդ կային խոսակցություններ, թե ցուցակը կարող է գլխավորել կա՛մ Ստեփան Դեմիրճյանը, կա՛մ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե կոնգրես-«Ժառանգություն» դաշինքը կայանար։ Չկայացավ։ Առաջին հայացքից թվում է, թե «մեղավորը» «Ժառանգությունն» է, որի առաջնորդին, որքան հայտնի է, առաջարկվեց միասնական ընդդիմության ցուցակի պատվավոր երրորդ հորիզոնականը, սակայն վերջինս մերժեց մեկնված ձեռքը։ Իրականությունը, սակայն, այլ է, և կոնգրեսում կայացված որոշումը ցույց է տալիս, թե ընդդիմությունն իսկապես համարում է, որ քաղաքային ընտրությունների ընթացքում կարող է իրավիճակը վերափոխել այնպես, որ դա հանգեցնի իշխանափոխության։ Այս իմաստով, ամենայն հավանականությամբ, գոյություն ունի ինչպես մինիմում, այնպես էլ մաքսիմում ծրագիր։
Մինիմում ծրագիրը, իհարկե, քաղաքային ընտրություններում հաղթանակի հասնելն է և ընդդիմության ներկայացուցչին քաղաքապետի պաշտոնում հաստատելը։ Սա այն պարագայում, եթե ընտրություններն անցնեն համեմատաբար հանգիստ, ընդդիմությունը բողոքարկելու առիթ ու հիմքեր չունենա, հետևաբար, բնակչությանը փողոց դուրս բերելն էլ կդառնա անիմաստ ու բավականին դժվարին խնդիր։ Այս դեպքում ընդդիմությունը, քաղաքային վարչակազմը վերցնելով, պետք է աշխատի իշխանության բուրգի աստիճանական փլուզման ուղղությամբ` հաշվարկը կառուցելով նրա վրա, որ ընտրություններում պարտությունը սասանել է իշխող կուսակցությունների, հետևապես նաև գործող նախագահի դիրքերը, և իշխանության դաշտում աստիճանական վերաբաշխումների ճանապարհով կարելի է հասնել նվազագույնը նոր խորհրդարանական, առավելագույնը` նախագահական արտահերթ ընտրությունների։
Ընդդիմության մաքսիմում ծրագիրը, հավանաբար, նախատեսում է հանկարծակի իշխանափոխության տարբերակը, երբ նախընտրական արշավն օգտագործելով` փորձ կարվի տնտեսական ճգնաժամի հետևանքներից իսկապես դժգոհ բնակչության զգալի զանգված դուրս բերել փողոց, կազմակերպել պերմանենտ զանգվածային ճնշում և իշխանությունը մարտի 1-ի նոր սցենարից խուսափելու համար տեղի կտա ու կընդառաջի ընդդիմության պահանջներին։ Սակայն ընդդիմության ինչպես մինիմում, այնպես էլ մաքսիմում ծրագրերն առնվազն այս պահին իրագործելի չեն։ Ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, դժվար է հիմա կանխատեսել։ Շատ բան կախված կլինի իշխանության գործողություններից, իշխանական կուսակցությունների նախընտրական քարոզչությունից, այն ռեսուրսներից, որոնք կներդրվեն ընտրապայքարում։
ՏԱՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԵՋ
Առաջին հայացքից իշխանական կուսակցությունների վիճակը նախանձելի չէ։ Կոալիցիան անհամեմատ ավելի նախընտրելի դիրքեր կունենար, եթե միասնական ուժերով մասնակցեր ընտրություններին։ Այժմ, փաստորեն, կոալիցիոն ուժերը պայքարելու են և՛ ընդդիմության, և՛ միմյանց դեմ։ Թեպետ կան կարծիքներ, որ կոալիցիոն կուսակցություններից երկուսի` ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի մասնակցությունը քաղաքային ավագանու ընտրություններին շատ կողմերով զուտ սիմվոլիկ բնույթ ունի։ Պարզապես իշխանության մեջ գտնվելն ու չմասնակցելը ճիշտ չէր ընկալվի և՛ կուսակցական շարքերի, և՛ կոալիցիոն գործընկերների, և՛ բնակչության ամեն դեպքում ոչ այնքան մեծ զանգվածի կողմից, որը մայրաքաղաքում սատարում է ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին։ Սակայն երկու ուժերն էլ քաղաքային ավագանու կազմում մեծամասնություն վերցնելու հավակնություն ակնհայտորեն չունեն։ Դրա ապացույցն է այն, որ ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ՕԵԿ-ի նախընտրական ցուցակներ գլխավորելու սրբազան գործը վստահվեց բոլորովին էլ ոչ կայացած քաղաքական դեմքերի կամ գոնե վարչական գործունեության մեջ իրենց դրսևորած անձանց։ Ինչպես Արծվիկ Մինասյանը, այնպես էլ Հեղինե Բիշարյանը, մեղմ ասած, համեստ քաղաքական կենսագրություն ունեն, միշտ եղել են կուսակցությունների առաջնորդների ստվերում, քաղաքական, հասարակական այնպիսի գործունեությամբ աչքի չեն ընկել, որ Երևանում իրենց կուսակցության համար կարողանային ապահովել լուրջ համակիր զանգվածի մասնակցությունը։ Ըստ այդմ, միանգամայն հիմնավոր են այն եզրակացությունները, որ այս երկու ուժերը միանգամայն բավարարված կլինեն, եթե հաջողվի հաղթահարել 7 տոկոսի սահմանագիծը և 3-4 պատգամավոր ունենալ քաղաքային ավագանու կազմում։
Բնականաբար, այլ է ՀՀԿ-ի պարագան, որի գործիչները հրապարակավ հայտարարել են, թե պայքարելու են ավագանու կազմում որոշիչ մեծամասնություն ունենալու համար։ Հասկանալի է, որ իշխանական քաղաքական առաջատար ուժ լինելով, խորհրդարանում ունենալով գրեթե որոշիչ մեծամասնություն, ՀՀԿ-ն ունի բավականաչափ ռեսուրսային բազա։ Սակայն ակնհայտորեն թիվ մեկ իշխանական կուսակցությանը մրցակից լինելու համար իրեն միանգամայն արժանի է համարում նաև ԲՀԿ-ն։ Թերևս անհիմն չեն շրջանառվող լուրերը, թե քաղաքային ավագանու ընտրություններում իշխող կոալիցիայի դաշինքը չկայացավ ամենից առաջ այն պատճառով, որ «բարգավաճներն» արդեն իսկ որոշում էին կայացրել ընտրությունների գնալ առանձին։ Այս հանգամանքն առիթ տվեց հանրապետականների կուլիսային «եզրակացությունների», որ ԲՀԿ-ի հետևում կրկին կանգնած է եթե ոչ Քոչարյանը, ապա առնվազն նրա ստվերը։ Այսինքն, արդեն իսկ կա կասկած, որ վարչապետի պաշտոնը մինչ օրս ստանձնել ցանկացող նախկին նախագահը ոչ միայն չի հրաժարվել այդ մտադրությունից, այլև առաջիկա քաղաքային ընտրություններում սեփական խաղն է տանելու` վերջնահաշվում այսօրվա իշխանությանն իր անչափ անհրաժեշտության մեջ համոզելու համար։ Այսպիսով, իշխանական առնվազն երկու կուսակցությունների միջև պայքար լինելու է, մանավանդ որ ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը նախարար է։ Այսինքն` ընդդեմ ՀՀԿ-ի վարչական աշխատանքի փորձ ունեցող թեկնածուի (Գագիկ Բեգլարյան) առաջադրված է նույնպես վարչական փորձառություն ունեցող և միաժամանակ կոնկրետ մեկ համակարգում (առողջապահության ոլորտում) վարչական ռեսուրսի տիրապետող Հարություն Քուշկյանը։
Իշխանական ուժերի փաստացի միավորումը հետագա նախընտրական գործընթացում, այնուհանդերձ, բացառված չէ։ Դա, սակայն, տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ռևանշիստական ընդդիմությունը կարողանա 2008-ի բազմահազարանոց հանրահավաքների «սերիան» կրկնել։ Ինչն այս պահին իրատեսական չէ, բայց նաև բացառված չէ։ Ահա այդ դեպքում է, որ իշխանական ուժերը հարկադրված կլինեն դադարեցնել միմյանց դեմ պայքարը, համախմբել ուժերը` իշխանափոխության հնարավոր պրոցեսը կանխելու համար։ Հակառակ դեպքում, առնվազն ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև սպասվում է բավականին թեժ պայքար, և արդեն իսկ սկսված գործընթացը ցույց է տալիս, որ կողմերը բոլոր համայնքներում համապատասխան «հաշվառում» են իրականացնում իրենց ռեսուրսներն ու հնարավորությունները համախմբելու նպատակով։
Ինչ վերաբերում է ընտրական գործընթացին մասնակից դառնալու հայտ ներկայացրած մյուս երկու կուսակցություններին` Տիգրան Կարապետյանի ԺԿ-ին և ՀԱՍԿ-ին, որի ցուցակը գլխավորում է այդ ուժի ղեկավար Մովսես Շահվերդյանը, ապա նրանց հայտը մասնակցություն է հանուն մասնակցության։ Ինչը, ի դեպ, միգուցե ավելի ողջունելի է, քան գրանցված այն 70 կուսակցությունների պահվածքը, որոնք առիթը չեն կորցնում ԶԼՄ-ներով «ժողովրդի գլուխն աղալու», սակայն իրենց գոյությունն ապացուցող ամենագործնական միջոցառումներից մեկին` մայրաքաղաքային ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացնում։ Մեծամասնության պարագայում պատճառները հասկանալի են` ֆինանսների և իրական գործող կառույցների բացակայությունը։ Բացի այդ, սկսվել է նախագահին առընթեր հանրային խորհրդի ձևավորման գործընթացը, և չգործող կուսակցությունների լիդերների ջանքերը հիմնականում ուղղված են այդ կառույցում տաք տեղ զբաղեցնելուն։ Շատերն այդ շնորհակալ գործում արդեն իսկ հաջողել են, սակայն չմասնակցելու որոշում կայացրած երկու քաղաքական ուժերի դիրքորոշումն արժե առանձին պարզաբանել։
ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԻԱՅՆԱԿՆԵՐԸ
Սպասվում էր, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում ծանրակշիռ քվե ստացած երկու ուժեր` «Ժառանգությունը» և Միավորված աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ) նույնպես կմասնակցեն քաղաքային ավագանու ընտրություններին։ Մանավանդ որ երկուսն էլ ունեն անդամների բավականաչափ թվակազմ, գործող կառույցներ, ֆինանսներ։ Իսկ «Ժառանգությունը», խորհրդարանական ուժ լինելով, նաև ներկայացուցիչներ ունի ընտրական հանձնաժողովներում, որն արդեն իսկ մեծ առավելություն է։
Սակայն կանխատեսումը չիրականացավ։ «Ժառանգության» մասով ակնհայտորեն դեր է խաղացել այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվեց գոնե այս ընտրություններում հանրությանը ներկայանալ իբրև միասնական ընդդիմության առաջնորդ։ Եթե Տեր-Պետրոսյանն ու կոնգրեսի մյուս գործիչները համաձայնեին միասնական ընդդիմության ցուցակի առաջին հորիզոնականում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, միանգամայն հավանական է, որ կոնգրես-«Ժառանգություն» ընդդիմադիր դաշինքը կայանար։ Դեռ 2007-ի խորհրդարանական ընտրություններից սկսած, «Ժառանգության» առաջնորդը բավական տեսանելի կերպով ցույց է տալիս հանրությանը, որ ինքը գործում է բացառապես սեփական շահերից ելնելով` հեռահար նպատակ ունենալով 2013-ի նախագահական ընտրությունները։ Նա ընդդիմության հետ է այն ժամանակ, երբ հարմար է իրեն, և ընդդիմության մեջ չէ, եթե դա նպատակահարմար չէ իր անձնական հեղինակությանը։ Կարելի է, անշուշտ, սա գնահատել իբրև պատեհապաշտ կեցվածք, բայց, ինչպես ասում են` «смотря с какой стороны посмотреть.»։
Րաֆֆի Հովհաննիսյան «նախագիծը» Հայաստանում 1990-ականների սկզբին ներդրված ամենահեռանկարային նախագծերից մեկն է։ ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընթացքում ամերիկյան բոլոր վարչակազմերի վերաբերմունքը և համապատասխանաբար բոլոր դեսպանների հարաբերություններն առ հեռանկարային թեկնածուն միշտ շատ կայուն և հետևողական են եղել։ «Ժառանգության» առաջնորդն իրավամբ, թերևս, համարում է, որ սա Տեր-Պետրոսյանի վերջին շանսն է, և եթե ընդդիմությունը պարտվի, ինչը միանգամայն հավանական է, նրա փլուզումն անխուսափելի է։ Իսկ հետո այդ փլատակներից «Ժառանգության» ղեկավարը մինչև 2013 թվականը կփորձի հավաքել իր կողմնակիցներին ու ընտրազանգվածը։ Այդ պատճառով էլ «Ժառանգությունը» նախընտրեց չմասնակցելու տարբերակով «օբյեկտիվ» դիտորդի դերակատարությունը։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա Գուրգեն Արսենյանի անսպասելի պասիվ դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է քաղաքապետական ընտրությունների անցանկալի քաղաքականացման հեռանկարով։ Եթե ՄԱԿ-ը մտներ ընտրապայքարի մեջ, ապա դժվար կլիներ իշխանության և ընդդիմության արանքում երկու կողմերից հարվածներ ստանալ և երկուսին էլ պատասխանել։ Ի տարբերություն մասնակցության հայտ ներկայացրած ԺԿ-ի ու ՀԱՍԿ-ի, Գուրգեն Արսենյանի շուրջ համախմբված թիմը, թերևս, կարծում է, որ իրենց քաղաքական ապագան այս ընտրություններին չմասնակցելով չի վերջանում։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ