Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Խոսքի անարխիա

Խոսքի անարխիա
31.03.2009 | 00:00

ՍՐՏԽԱՌՆՈՒՔ
Ազատությունը, իրոք, բարձրագույն արժեք է, բայց կա մի սահման, որն անցնելուց հետո այն կարող է դառնալ պարզապես չարիք` շուրջբոլորն ավերածություն գործելով։ Եվ ամենից առաջ` բարոյական ավերածություն, որի պտուղը խեղված հոգին է։
Որքան էլ ցավոտ լինի խոստովանելը, հատկապես վերջին տասնամյակում ազատության այդ սահմանային «շլագբաումը» չտեսավարի հատեցինք հենց մենք` գրչի և խոսքի մշակներս` չորրորդ իշխանություն կոչվածը կերպափոխելով ազատ հայհոյախոսության «դեղին» ամբիոնի (հատուկենտ բացառություններն այս պարագայում եղանակ չեն ստեղծում)։ Եվ ի՜նչ լեզվով ենք գրում ու խոսում, գրողը տանի։ Մամուլում ծանրումեծ եկել ու բազմել է էժանագին «սլենգը»` ուղղակի ձեռ առնելով մեր ոսկեղենիկ հայերենը, ինչով օտարների մոտ սովոր ենք պարծենալ։ Խոսքի ազատությունը շփոթել ենք խոսքի անարխիայի հետ, տեղին քննադատությունը` մերկապարանոց պիտակավորման, արժանահավատ տեղեկատվությունը` դեզինֆորմացիայի և դեռ դժգոհում ենք, որ ընթերցողը երես է թեքում նման մամուլից, շատ լավ հասկանալով, թե որ պատվիրատուի դուդուկի տակ է պարում այս կամ այն պարբերականը։ Իշխանությա՞ն հտպիտն է դարձել, թե՞ ընդդիմության։ Ո՞Ւր են մեր լուրջ վերլուծաբանները, հրապարակախոսները, ակնարկագիրները։ Երկրի ու ազգի «մատից փուշ հանող», ցավն ու հոգսը մեղմող, էս դժվար ժամանակներում ապրեցնող քանի՞ հոդված կարող ենք պեղել վերջին տարիների մեր մամուլից։ Փոխարենը վաշխառուական լրագրության ի՜նչ ամոթալի որակ ներմուծվեց հայրենի մամուլ, պալատական միմոսների ի՜նչ բանակ «զինվորագրվեց» մեր համքարությանը։ Սրանք` կիսագրագետ այս գրչակները, երբեմնի զորեղ տպագիր խոսքն այնքան արժեզրկեցին, որ հիմա երկու «հեղինակավոր» պատգամավորի հետ հաց կիսած յուրաքանչյուր դեղնակտուց իրեն մտքի տիտան է համարում` «տաքսա» դնելով իր խզբզած ամեն տողի վրա։ Եվ ամենատխուրն էլ այն է, որ «տաքսան» վճարողների պակաս մեր քաղաքական երկնակամարում վաղուց արդեն չկա։ «Տուր և քեզ կտրվի» բարձր պատվիրանը լրատվամիջոց-պատվիրատու հարաբերություններում առուծախային ցածր հոգեբանություն է դարձել` փչացնելով երկուսին էլ։ Բանը հասել է այնտեղ, որ երբեմն սկսում ես զզվել լրագրողի քո մասնագիտությունից ու անիծում էն «սհաթը», երբ ոտք դրեցիր ճահճի վերածված լրատվական «դաշտ»։ Որ կողմ էլ թեքվես` նույն դոնդողանման ցեխն է, նույն լորձախառն մուրը, որ իրենց խմբագրապետ հորջորջող բազազարտեմիկները հաստ շերտով դաջում են հերթական «սուբյեկտի» դեմքին` հերթական պատվիրատուի քիմքը շոյելու համար։ Ոչինչ, որ վաղը դերերը փոխվելու են, և նույն լպրծուն աղբն էլ շպրտվելու է այսօրվա պատվիրատուի ձյունաճերմակ մռութին` երեկվա «զոհի» քսակի պարունակությանը համապատասխան։
Սա՞ ենք մենք` չորրորդ իշխանություն կոչվող զորավոր ուժը։ Սա՞ է մեր ապրեցնող առաքելությունը։ Ե՞րբ ենք մեր իրական դեմքը վերագտնելու, որ երբ ինքներս մեզ նայենք հայելու մեջ (իսկ դա հասարակության բաց աչքն է)` սիրտներս չխառնի։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4348

Մեկնաբանություններ