«ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ ԿՐԹՈՒՄ ԵՆ ԱՍՏՂ-ԱՍՏՂՈՒՀԻՆԵՐԸ ԵՎ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ»
…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏԸ: Նրա հետ զրույցն սկսելուց առաջ մտաբերում եմ Հրաչյա Մաթևոսյանի հետևյալ բնորոշումը. «Երանի ուսուցիչները, գրողները կարողանան էնպես օգտվել մայրենիի գանձանակից, ինչպես դա անում են մեզանում Տիգրան Մանսուրյանը, Դանիել Երաժիշտը։ Ինձ թվում է՝ նրանք պեղում են մեծն Կոմիտասի հնչյունները, և փայլատակում է նրանց գրավոր ու բանավոր հայերենը»: Մեր ընթերցողները մաեստրոյի փայլատակող մայրենին կվայելեն նաև այս հարցազրույցի ընթացքում:
«ԵՍ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՈՂ ԵՐԿՈՒ ՈՒԺ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ»
-Մաեստրո, հայերս` որպես ժողովուրդ, էթնոս, ունե՞նք մեր ցանկություններն ու իղձերը ի կատար ածելու բավարար կամք և վճռականություն: Եվ եթե չունենք, որտե՞ղ փնտրել չարիքի արմատները:
-Ես մի աֆորիզմ ունեմ. եթե դու քեզ չտիրապետես, ապա քեզ կտիրապետեն: Եթե մենք մեզ տիրապետում ենք, ուրեմն մեզ ոչ մի վտանգ չի սպառնում: Ես մեր ինքնությունը պահող երկու ուժ եմ ճանաչում Հայաստանում՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի և Գարեգին Նժդեհ: Մենք պիտի կառչենք այս ուժերից: Ըստ իս՝ Հայաստանի հոգևոր առաջնորդը մինչև հիմա Նժդեհն է: Եթե նա իրական առաջնորդը լիներ, Հայաստանն այսպիսի տխուր վիճակում չէր հայտնվի: Շատերը չեն ըմբռնում Նժդեհին, մակերեսորեն են ընկալում նրա խոսքերը: Նժդեհն իր մարտնչող ոգով ցեղակրոն էր, հոգով և գործով` քրիստոնյա: Նա Հայկի, Վահագնի էներգիայի կրողն էր, բայց այդ էներգիան իր մեջ պարունակելով՝ եկել-հասել էր մինչև Քրիստոս: Ինձ համար Նժդեհն իսկական քրիստոնյա է: Միայն այն, որ նա իր կյանքը նվիրել է մերձավորին, հային, Հայաստանին (չէ՞ որ մերձավորին կյանքը նվիրելը Քրիստոսի պատգամներից էր), արդեն ամենաբնութագրական բանն է Նժդեհի քրիստոնյա լինելու հարցում: Նարեկացուն ժառանգաբար շարունակել է Կոմիտասը, Կոմիտասին՝ Խաչատրյանը, Խաչատրյանին` Բաբաջանյանը, Միրզոյանը: Բայց, ցավոք, Նժդեհը կարծես թե հետևորդներ չի ունեցել: Այսօր նա ավելի կենդանի է, ավելի ողջ, ավելի զորեղ, քան հիմա ապրող շատ տիտղոսավորներ:
«ՉԻ ԿԱՐԵԼԻ Ե՛Վ ԱՍՏԾՈՒՆ ԾԱՌԱՅԵԼ, Ե՛Վ ՄԱՄՈՆԱՅԻՆ»
-Արցախում հաղթանակ տարած հերոսների մեջ չկա՞ր Նժդեհի ժառանգականությունը:
-Արցախում հաղթանակ տարած հերոսների մեջ տեսնում եմ Նժդեհի ճառագայթները, Նժդեհի ուժը, բայց Արցախի նվաճումները պահելու կոչվածների մեջ չեմ տեսնում: Նվաճելն առաջին քայլն է, իսկ պահպանելը՝ երկրորդ և, թերևս, ամենակարևորը: Վախենում եմ, որ այսօր Արցախը վերածվի առուծախի: Կամ էլ մեզ վախեցնում են, որ կարող է վերածվել:
-Միջազգային կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես Մեթյու Բրայզան, հավաստիացնում են, որ միջնորդ երկրները նախապատվություն չեն տալիս այս կամ այն կողմի շահերին, չեն ճնշում կամ օժանդակում նրանցից որևէ մեկին, այլ փորձում են նպաստել, որ երկու կողմերը գան համաձայնության: Հավատո՞ւմ եք նման անկողմնակալությանը:
-Իսկ Դուք հավատո՞ւմ եք: Նախ` ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում: Բայց, որպես «հարգելի հեռուստադիտող», ասեմ, որ մինչև հիմա իմ բնազդը, իմ սրտի սլաքները հեռուստաեթերից, միջազգային լրահոսից չեն որսացել որևէ բան, որն օգտակար է Հայաստանի համար: Ադրբեջանցիք աճպարար են: Ոնց պտտվեն, շահն իրենց կողմն է լինում: Ինչ անեն, հաղթում են: Նկատի ունեմ դիվանագիտական ասպարեզը: Երևի նրանց մոտ ավելի լավ է ստացվում խաբելը: Սայաթ-Նովան ասում է. «Ղուրթս էնդուր ճամփա չէ գնում` շատացիլ է խալխի սուտըն»: Հիմա մեր ճշմարտությունը ճամփա չի գնում, որովհետև շատացել է միջազգային սուտը: Քիչ հավանական է, որ այսօրվա վիճակում միջազգային նյութապաշտ կառույցներն ազնվություն դրսևորեն:
-Որովհետև մենք փոքրաթի՞վ ժողովուրդ ենք, թո՞ւյլ պետություն ենք:
-Ո՛չ մի դեպքում: Միջազգային որոշ կառույցներ անազնիվ, խաբեբա են ինքնին: Իսկ մենք, պատմության դասերից ոչ մի եզրակացություն չարած, վատ աշակերտներ ենք: ՈՒժը քանակի մեջ չէ, կենտրոնացման, միաբանության մեջ է: Ինչպես արևի ցրված ճառագայթները կարող են բյուրեղի միջով ճեղքել-անցնել, լազերի պես հալեցնել երկաթե զրահը, այնպես էլ ժողովրդի ուժը, մտավոր կարողությունը կարող է, կենտրոնանալու դեպքում, հաղթանակներ բերել: Իսկ մեզ մոտ առայժմ կենտրոնախույս, ավերիչ ուժեր են գործում, որովհետև երկու ճակատում են աշխատում: Ծառայում են և՛ իրենց ես-ին, իրենց գրպանին, և՛, իբրև թե, հայրենիքին: Երկու տիրոջ ծառա հնարավոր չէ լինել: Չի կարելի և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային: Երբ դու կիսվում ես, մամոնան հաղթում է: Աստված չի սիրում, որ մամոնային որպես սիրուհի պահեն: Դա կործանարար է, ամոթ է: Նժդեհն անմնացորդ նվիրված էր: Այսօր չկա այդ բանը: «Անմնացորդ» բառը վեհ հասկացությունների պարագայում մեզ մոտ չի աշխատում: Մարդիկ իրենց պաշտոնը սարքում են տոնավաճառի սեղան: Անպայման պաշտոնական հարցերում իրենց ես-ը քարշ են տալիս: Ավելի ճիշտ, ես-ն է իրենց քարշ տալիս: Նրանք պատանդ են իրենց ես-ի ճիրաններում: Պատանդը կարո՞ղ է ղեկավար լինել: Եթե մեկ-երկու հոգի լիներ այդպիսին, հարցերը հնարավոր կլիներ լուծել: Բայց մենք այսօր ունենք նման պատանդների մի ամբողջ բազմություն: Իսկ պատանդը, ստրուկը չի կարող ղեկավարել: Մենք էլ մեր տեսակի մեջ ենք ստրուկ: Մեր տեսակին հարցրել են. «ՈՒզո՞ւմ եք ազատագրվել, թե՞ ուզում եք դուք էլ ստրուկ ունենալ»: Մենք ասել ենք, թե չենք ուզում ազատություն: Ցանկացել ենք մի քանի ստրուկ էլ ինքներս ունենալ, այդպիսով իշխելու համն զգալ: Ստրուկը չի կարող հաղթել և ղեկավարել: Քանի դեռ չի հաղթահարված ստրկությունը, Հայաստանը կմնա այս կամ սրանից ավելի վատ վիճակում: Նախ պիտի անհատներն ազատագրվեն իրենց ես-ից, որպեսզի կարողանան ազատագրել ուրիշներին և, ի վերջո, հայրենիքը:
«ԱԴԱՄԻ ԱՆԿՄԱՆԸ, ՄԵՂՍԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ԽԱԹԱՐՎԵԼ Է ՏԻԵԶԵՐՔԸ»
-Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են վիրտուալ պատերազմի դաշտում: Ստացվում է այնպես, որ զարգացած տեխնոլոգիաները, համակարգիչը վերածվել են չարի գործիքի՞:
-Չարի գործիքի են վերածվել մեր տգիտությունը, մեր կարճատեսությունը: ՈՒնենալով այդպիսի հզոր ինտելեկտ, այդպիսի պոտենցիալ՝ մենք այսօր այս վիճակում ենք: Անշուշտ, հիշում եք սովետական տարիների մեր առաջատար Մերգելյան ինստիտուտը, այսինքն, հայերը վաղուց են ճամփա ընկել հաշվիչ տեխնիկայի, զարգացած տեխնոլոգիաների ասպարեզում: Բայց այսօր երեկվա հետամնաց թուրքերը եկել-հաղթում են հայերին: Պատճառն այն է, որ նրանք միաբան են: Արդյունքում՝ հետամնացը կարողանում է ինտելեկտուալին, առաջադեմին հաղթել, ճնշել։ Սա ողբերգություն է, հակաբնական է: ՈՒ սրա պատճառները մեր մեջ պիտի փնտրենք. որտե՞ղ ենք մենք վրիպել: Ղեկավարությունը վաղուց մեր ճնշված ուժերին պիտի ազատություն տար, որպեսզի նրանք ասպարեզ մտնեին, դրսևորեին իրենց տաղանդը և ծնկի բերեին հակառակորդին, ինչպես անում ենք շախմատում ու շատ այլ ասպարեզներում:
-Այսինքն, ի՞նչ պիտի աներ ղեկավարությունը:
-Այգեպանի պես պիտի այնպես մշակեր հողը, էտեր գոսացած (այլ ոչ ծաղկավետ, պտղաբեր) ճյուղերը, որ մեր Արարատյան երկիր դրախտավայրի պտուղները շողային իրենց ողջ գեղեցկությամբ: Ո՞վ է տեսել, որ պարարտ հողում երաշտ լինի, իսկ անջրդի հողերը բարգավաճեն: Սա աննորմալ երևույթ է: Հետևությունը թողնում եմ ղեկավարներին, որովհետև իրենց ձեռքում է ամեն բան: Նրանց ձեռքում ավելի շատ բան կա, քան պետք է իրենց, քան կարող են տիրապետել, քան արժանի են, քան գլուխ են հանում: Թող ասպարեզը վստահեն իրավասու, գիտակ մարդկանց, թող իրենց պրոֆեսիոնալներով շրջապատեն: Ստալինն ասում էր. «Կադրերն են որոշում ամեն բան»: Չնայած նույն Ստալինն էր ասում, որ կիբեռնետիկան և գենետիկան կեղծ գիտություն են, դրա համար էլ տասնամյակներով հետ մնաց սովետական հզոր գիտությունն այդ ասպարեզներում: Նման մի բան հիմա կրկնվում է մեզանում: Սրա վկայությունն Ադրբեջանի հաղթանակներն են ոչ միայն հակերների պատերազմում, այլև տեղեկատվական դաշտում, միջազգային ասպարեզում, դիվանագիտության մեջ: Նրանք ավելի արագ են վազում, քան մենք: Սովետական տարիներին ծաղրում էինք նրանց, բայց, ցավոք, այսօր իրականություն է դարձել բրեժնևյան հայտնի խոսքը. «Широко шагает Азербайджан»: ՈՒ դժբախտաբար՝ «шире нас»:
-Անդրադառնանք Արարատյան երկիր դրախտավայրին: Այս տարի բնության խոստացած շռայլ բերքից հայ գյուղացին շատ քիչ օգուտ քաղեց: Պատճառն աննախադեպ չափերի հասնող կարկուտն ու տեղատարափ անձրևներն էին: Տարերային երևույթներին վատ դիմակայելու հարցում մարդ արարածը չունի՞ մեղքի իր բաժինը:
-Կարկտաբեր ամպերը ցրող սարքերն այնքան հայտնի միջոց են, որ դրանք ունենալը հատուկ հնարամտություն չի պահանջում: Այդքան իրար վրա են կրակում, թող մի քիչ էլ այդ սարքերով ամպերի վրա կրակեին և փրկեին բերքը: Եղանակը պատահական բան չէ: Դա Աստծո վերաբերմունքն է մեր վարքի նկատմամբ: Համաշխարհային ջրհեղեղից հետո Աստված կապեց ծիածանը՝ իր ուխտը մարդկանց հետ: Ծիածանը Աստծո տված առհավատչյան էր անձրևը դադարելու մասին: Բայց մարդիկ հետագայում կորցրին այդ առհավատչյան, դրժեցին Աստծո ուխտը, ու բնությունը խռովեց: Այսօր չեն կարողանում հասարակ շանթարգելներ գնել, բայց հաջողությամբ ծակում են օզոնային շերտը, քիմիական նյութերով, ատոմային պատերազմներով աղավաղում են Աստծո պարգևած բնությունը: Ադամի անկմանը, մեղսագործությանը զուգահեռ խաթարվել է Տիեզերքը: Ավանդության համաձայն՝ վարդը դրախտում փուշ չի ունեցել, բայց Ադամի մեղքից հետո փշակալել է: Դեռ Սայաթ-Նովան է ասել, թե չեն թողնում՝ ժամանակին բացվի, վարդի փուշը շատացել է: Այնպես որ, բնական այս աղետները պատահական բան չեն, Աստված այդպես մեզ պատժում է մեր սխալների համար:
«ՄԵՐ ՈՐՈՇ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐԵՐԻ ՊԵՍ»
-Գլոբալ ճգնաժամի առիթով իր տեսակետները ներկայացնելիս ՀՀ նախկին վարչապետներից մեկը կոչ արեց հրաժարվել միջազգային վարկերից, քանի որ դրանք շտկելու փոխարեն ավելի են ծանրացնում Հայաստանի տնտեսության վիճակը: Համամի՞տ եք:
-Վերցնելու սովոր ձեռքն ինչքան էլ ստանա, չի կարողանալու ծախսել ճիշտ նպատակի համար: Եթե Սպիտակի երկրաշարժի ժամանակ փլատակների տակ մնացած երեխաներին փրկեին նույն արագությամբ, ինչ արագությամբ իրենց դղյակներն ու սուպերմարկետներն են կառուցում, մենք շատ քիչ զոհեր կունենայինք Գյումրիում, Սպիտակում: Մարդիկ այսօր ֆանտաստիկ արագությամբ կանգնեցնում են իրենց կառույցները: Էդ այլմոլորակայինները որտեղի՞ց են հայտնվել, որոնց վրա չի անդրադարձել ճգնաժամը, ովքեր այս պայմաններում երկնաքերներ են կառուցում: Որտե՞ղ էին էդ «հանճարները», «թաքնված տաղանդները»: Այսօր էլ կան միջոցներ, հնարավորություններ, բայց դրանք պահում են իրենց հաջորդ ռենեսանսի, նոր վերածննդի համար: Փողը ձեռքներին կպավ, էլ տերը չես: Ասում են, թե անգլիացի դատավորները ժլատ են: Ըստ անգլիական զրույցի՝ մի դատավոր պատահմամբ կուլ է տվել հինգ ֆունտանոցը, ոտքերից բռնել թափահարել են, բերանից ընկել է մեկ ֆունտանոց. փողը մանրել է փորում: Այդպիսի «վիրտուոզների» հետ մենք գործ ունենք այսօր Հայաստանում: Փողը գա հասնի Հայաստան, հանկարծ տան զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների՞ն, երկրաշարժից տուժածների՞ն: Ամեն անգամ խաբում են, թե «աղետի գոտի» հասկացությունը վերացել է: Բա էդ տնակների մեջ ապրողներն ովքե՞ր են: Հիշատակեցիք նախկին վարչապետին: Ես կուզենայի վկայակոչել ներկա վարչապետի մի ելույթը, որն անչափ հավանել եմ, ուղղակի հրճվանք եմ ապրել: Խոսելով զբոսաշրջության մասին՝ նա ասաց, որ տուրիզմը կարելի է փայլուն կերպով զարգացնել մեզանում և Արցախում: Կոչ արեց մեր ռեսուրսներն ի սպաս դնել տուրիզմի զարգացմանը և ոչ թե «ագրեսիվ ռեկլամով» մարդկանց ուղղորդել դեպի անթալիաներն ու քոբուլեթիները: Լավ է ասված: Մեր բիբլիական Հայաստանի տեսարժան վայրերը, մեր ազգային արժանապատվությունը բարձրացնող կոթողները օտարերկրացիներին գովազդելու և մեր համբավը դրսում տարածելու փոխարեն մեր հասարակության համար գովազդում ենք հարևան երկրները: Բայց կուզենայի, որ Տիգրան Սարգսյանը նաև կոչ աներ «ագրեսիվ ռեկլամով» չքարոզելու բռնություն սերմանող ֆիլմերը, պոռնոերաժշտությունը, թուրքախառն ռաբիսը: Կարոտ եմ, որ մի անգամ մեր ղեկավարները հոգան շուրջօրյա «ագրեսիվ ռեկլամները» դադարեցնելու մասին: Դրանք անգամ ռեկլամ չեն, միշտ ասպարեզում են, ինչպես ասում են` «ՉպրՖ ՉպփպՐ վՈ ՎՈվպՋպ»։ Մեր մատաղ սերնդին կրթում են ոչ թե Նժդեհը, Նարեկացին, Կոմիտասը, Խաչատրյանը, պետությունը, որևէ նախարարություն կամ կոնսերվատորիա, այլ աստղ-աստղուհիները և երթուղայինի վարորդները. նրանց ձեռքերում է հայ երիտասարդության բախտը: Րաֆֆին ասել է. «Հայրենիքը սիրելու համար պետք է նախ ճանաչել»: Մերոնք ինչպե՞ս պիտի հայրենիք պաշտպանեն, եթե երիտասարդությունը լավ չի ճանաչում հայրենիքը: Չարիքի արմատն այստեղ է. պաշտպանելու բան չունեն, ինքնություն չունեն, դեմք չունեն: Նման մարդիկ դատապարտված են պարտության: Եթե աշխարհի ցանկացած ժողովուրդ ունենար Մաշտոց, Կոմիտաս, Նարեկացի, Նժդեհ, երջանիկ կապրեր: Աֆրիկյան ցանկացած ժողովրդի տուր Նժդեհի մի գրքույկ, և կարճ ժամանակում այդ ժողովրդի համբավը կտարածվի աշխարհով մեկ։ Որովհետև Նժդեհը ուժ է, ազնիվ ուժ: Մեզ վրա շատերը կզարմանան, որ ունենալով Նժդեհ՝ այսպիսի խղճուկ վիճակում ենք: Բա սա՞ է մեզ սովորեցրել Նժդեհը, այսպիսի՞ ազնվություն է մեզ քարոզել: Նա մեծ կարևորություն էր տալիս մշակույթին, որովհետև հայրենիքի հոգին մշակույթն է, իսկ տարածքը՝ «աշխարհագրական զրահը»: Բացի այդ, հայրենիքը նախ և առաջ ժողովուրդն է: Ով չի սիրում իր ժողովրդին, նա հայրենասեր չէ: Չի կարելի սիրել հայրենիքը, բայց ժողովրդին չսիրել: Բա էսպե՞ս են սիրում ժողովրդին: Ցավով պիտի ասեմ, որ մեր որոշ իշխանավորներ մտածում են հռոմեական կայսրերի պես: Նրանց չի հետաքրքրում ժողովրդի սերը: Նախկինում մտածում էին՝ լավ է մեզանից վախենան, քան մեզ սիրեն: Եթե մեր ղեկավարները ժողովրդի սիրո կարիքը զգային, մեր ճակատագիրն էլ ուրիշ կերպ կդասավորվեր: Վախը սրտում ժողովուրդը չի կարող ճիշտ ապրել, պայքարել, արարել: Սերն է արարողը: Ինչո՞ւ ենք մենք շարունակ պարտություններ կրում. որովհետև պակասել է սերը:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ