Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Քաղցկեղը մահվան դատավճիռ չէ»

«Քաղցկեղը մահվան դատավճիռ չէ»
13.01.2009 | 00:00

ԴԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Չարորակ գոյացությունների տարածվածության, ախտորոշման եղանակների, դրանց դեմ պայքարի և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ զրուցում ենք ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ ԲԱԶԻԿՅԱՆԻ հետ։
-Ինչպե՞ս է ախտորոշվում քաղցկեղ հիվանդությունը։
-Չարորակ ուռուցքը հիմնականում ախտորոշվում է մորֆոլոգիական հետազոտմամբ. դա կարող է լինել բջջաբանական, հյուսվածքաբանական։ Հատուկ դեպքում, որը նշված է ուռուցքաբանության մասին հրամանում (երբ հնարավոր չէ կատարել մորֆոլոգիական հետազոտություն), կլինիկական հետազոտությունների հիման վրա կարող ենք ախտորոշել քաղցկեղ հիվանդությունը։
-Նման «հատուկ» դեպքերում չի՞ պատահում, որ հիվանդը մնում է «օդի մեջ». ակնհայտ է, որ հիվանդ է քաղցկեղով, բայց բջիջը հաստատված չէ, և տարածքային պոլիկլինիկայում կարող են հրաժարվել հիվանդին ցավազրկող դեղամիջոցներ, անհրաժեշտության դեպքում` նաև մորֆի տրամադրելուց։
-Հիվանդը երբեք «օդի մեջ» չի մնում։ Եթե չի հաստատվում հիվանդությունը, նա չի կարող բուժվել պետպատվերի շրջանակներում։ Բոլոր դեպքերում կա տարբերակ ախտորոշելու` հաստատելու կամ հերքելու չարորակ ուռուցքը։ Ինչ վերաբերում է ցավազրկող դեղամիջոցներին, տարածքային պոլիկլինիկային տրամադրում են համապատասխան փաստաթուղթ։ Պոլիկլինիկայի ուռուցքաբանը զբաղվում է այդ հիվանդների տնային սիմպոմատիկ բուժմամբ։ Ոչ բոլոր հիվանդներն են ստանում մորֆի։ Եթե հիվանդը ցավ չունի, կարող է անալգին էլ չխմել։ Հակառակ դեպքում պոլիկլինիկայի հատուկ մասնագետներից կազմված հանձնաժողովը որոշում է` հիվանդը կարո՞ղ է բավարարվել անալգիտիկ դեղամիջոցներով, թե՞ մորֆիի անհրաժեշտություն կա։ Կարող են ավելացնել կամ պակասեցնել չափաբաժինը, եթե վիրահատության, ճառագայթային բուժման արդյունքում նկատվում է ուռուցքի հետաճ։
-Իսկ տարածքային պոլիկլինիկայի ուռուցքաբանի գործունեությունը վերահսկվո՞ւմ է։
-Մենք վերահսկում ենք և կապի մեջ ենք ուռուցքաբանների հետ։ Երևանում 47, ամբողջ հանրապետությունում 67 ուռուցքաբան ունենք։ Նրանցից հաշվետվություն ենք ստանում երեք ամիսը մեկ, ինքներս տարվա ամփոփ հաշվետվությունը ներկայացնում ենք առողջապահության նախարարությանը։
-Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, որ ուռուցքը «չի սիրում», երբ ձեռք են տալիս իրեն, և վիրահատությունները շատ դեպքերում ոչ թե երկարացնում, այլ կրճատում են հիվանդի կյանքը։ Հարազատները հաճախ համաձայնում են վիրահատության` «խիղճը հանգստացնելու» համար, իսկ բժիշկնե՞րը...
-Դա սխալ տեսակետ է։ Մենք վիրահատում ենք ամբողջ հյուսվածքների սահմաններում։ ՈՒռուցքը հեռացնում ենք ամբողջությամբ։ Մասնակի թողնելը ճիշտ չէ, և ժողովրդի ասածի մեջ կա որոշակի ճշմարտություն։ Քաղցկեղն ունի զարգացման չորս փուլ։ Բավականին լուրջ արդյունքներ են արձանագրվում նախաքաղցկեղային կամ սկզբնական փուլում (1-ին, 2-րդ) կատարված վիրահատությունների դեպքում, երբ բջիջները չեն տարածվել օրգանիզմում, ժողովրդի լեզվով ասած` չեն ճյուղավորվել։ Այսօր մեր հանրապետությունում ապրում է 16000 մարդ, որոնք բուժվել են քաղցկեղից հինգ և ավելի տարի առաջ։ Մեր փոքր երկրի համար դա բավականին մեծ թիվ է։ Այսինքն` քաղցկեղը մահվան դատավճիռ չէ։ Քաղցկեղն ախտորոշում է, որի դեմ կարելի է պայքարել։ Ցավոք, հիվանդները մեզ դիմում են 3-րդ, 4-րդ` ուշացած փուլերում։ Անցյալ տարի հայտնաբերվել է 7294 հիվանդ, որոնք առաջին անգամ են ունեցել քաղցկեղ ախտորոշումը, և նրանց 40%-ը դիմել է ուշացած փուլում։ Գուցե կոպիտ է հնչում, բայց երբ սեփական մեքենայի մեջ ինչ-որ փոքր բան սարքին չէ, անմիջապես տանում ենք մասնագետի մոտ, իսկ սեփական առողջության նկատմամբ, նաև հարազատների, բավականին անուշադիր ենք։ Ասեմ նաև, որ քաղցկեղ հիվանդության հայտնաբերումն ուռուցքաբանի գործը չէ։ ՈՒռուցքաբանը հաստատում կամ հերքում է։ Պետք է բարձրացնել մարդկանց և ընդհանուր ցանցի բժիշկների զգոնությունը։ Մանավանդ որ քաղցկեղը չունի բնորոշ ախտանիշները` քողարկվում է թոքաբորբի ախտանիշների տակ, հաստ աղիքի բորբոքման, կիստաների և այլնի։
-Քաղցկեղն ավելի շատ տարե՞ց մարդկանց հիվանդություն է։
-Այո, ու քանի որ երկարակեցությունը բարձրացել է ամբողջ աշխարհում, նկատելի է նաև քաղցկեղով տառապողների աճ։ Սակայն քաղցկեղը վերջին ժամանակներս շատացել է նաև երիտասարդների շրջանում։ Ասեմ նաև, որ մեզ մոտ և ամբողջ աշխարհում ամեն տարի աճը կազմում է 2-3 տոկոս։
-Ի՞նչն է պատճառը։
-Երկարակեցությունը, ինչպես արդեն ասացի, հորմոնալ դեղորայքը, սնունդը, վատ սովորությունները, սթրեսները, գենետիկան, միջավայրը։ Մեզ մոտ քիչ են հանդիպում կերակրափողի, լեզվի, լորձաթաղանթի քաղցկեղի դեպքերը, մինչդեռ, օրինակ, Միջին Ասիայում դրանք բավականին մեծ տոկոս են կազմում, որովհետև տեղի բնակչությունը սովորություն ունի նազ գործածել (դա թմրեցնող խոտ է, կրի հետ միասին, որը դնում են լեզվի տակ, և որի մշտական օգտագործումը հանգեցնում է քաղցկեղի)։ Հյուսիսային ժողովուրդները շատ ձուկ են օգտագործում, այդ թվում` հում, փշերով ձուկ, ինչը մեխանիկական ձևով վնասում է կերակրափողը։ Չորս տասնամյակ առաջ ԱՄՆ-ում ծխելու դեմ պայքար սկսվեց, և հիմա նրանց մոտ բավականին իջել է թոքերի քաղցկեղով հիվանդների թիվը։ Այն երկրներում, ուր շատ են ծխում, առաջին տեղում թոքերի քաղցկեղն է։ Մենք ամենածխող ազգերից մեկն ենք, մեզ մոտ մեծ տոկոս են կազմում նաև կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, մինչդեռ, օրինակ, աղիների, ստամոքսի, շագանակագեղձի, կանացի օրգանների քաղցկեղը համեմատաբար փոքր տարածվածություն ունի։
-Կարծիք կա, որ համակարգիչը, բջջային հեռախոսը նույնպես նպաստում են քաղցկեղի առաջացմանը։
-Գուցե նպաստում են, բայց հաստատապես ասել, որ առաջ են բերում չարորակ գոյացություն, դեռևս չենք կարող։
-Ըստ օրենսդրության, հիվանդն իրավունք ունի տեղեկացված լինելու իր հիվանդության մասին, սակայն մեզ մոտ ընդունված չէ ասել ճշմարտությունը։ Այս հարցում, կարծես, չենք շտապում հետևել եվրոպական չափանիշներին։
-Տասը տարի առաջ այդ հարցը լրջորեն քննարկվել է մասնագետների կողմից. մի մասը կողմ էր, մի մասը` դեմ, և առայսօր հարցը բաց է մնացել։ Սակայն այսօր մարդիկ ունեն լուրջ հարստություն, երբեմն նաև խնդիրներ բանկային համակարգի հետ, և նրանց ճշմարտությունն է պետք ասել, որպեսզի իմանան որքան ժամանակ ունեն և, ինչ պետք է անեն։ Այդպես մնացել ենք երկու քարի արանքում. ասել, հիվանդի հոգեկան աշխարհը չխաթարելու համար կամ թաքցնում ենք իրողությունը, կամ կես ճշմարտությունն ենք ասում։ Արդյունքում ստվերում են մնում նաև մեր հաջողությունները։ Երբ բուժումն արդյունք է տալիս, մտածում ես` փոքր, բարորակ գոյացություն է, անցավ, գնաց։
-ՈՒռուցքաբանները, ի՞նչ եք կարծում, հոգեբանի կարիք չունե՞ն։
-Իհարկե, ունեն։ Ամենածանր ոլորտն է։ Մենք մեր մաշկի վրա զգում ենք այդ հոգեբանական ծանրաբեռնվածությունը, բայց ինչ-որ մեկը պիտի՞ աշխատի։ Ասեմ, որ շատերը խուսափում են ուռուցքաբանի աշխատանքից։
-Չե՞ք ընտելանում։
-Հնարավոր չէ ընտելանալ, չէ՞ որ գործ ունենք մարդու հետ։ Ասեմ, որ մեր հիվանդներին էլ հոգեբան է պետք։ Այդ հարցը մենք բարձրացրել ենք։ Նաև հոգևոր խոսք է անհրաժեշտ նրանց։ Մենք երբեմն եկեղեցու սպասավորների հետ այցելում ենք հիվանդներին, զրուցում, ինչը բավականին դրական ազդեցություն է ունենում։ Մեր հիվանդանոցի առաջին հարկում մատուռ կա։ Հիվանդները հաճախ են այցելում այնտեղ։
-Չարորակ ուռուցք ունեցող հիվանդների բուժումն ամբողջ աշխարհում անվճար է, իսկ մեզ մո՞տ։
-Բժշկական ծառայությունները չեն անցկացվում պետպատվերի շրջանակներում, քանի դեռ չի հաստատվել ախտորոշումը, կամ եթե տարածքային պոլիկլինիկայից ուղեգիր չկա։ Սակայն, երբ հայտնաբերվում է քաղցկեղ, հիվանդը լիովին անցնում է պետպատվերի «տակ»։ Անգամ եթե ստացիոնար բուժման համար մուծել է պահանջված գումարը, բայց կարճ ժամանակահատվածում կամ վիրահատությունից հետո հայտնաբերվել է քաղցկեղ, վճարը վերադարձնում են հիվանդին։ Պարզապես մարդիկ պետք է իմանան իրենց իրավունքները։
-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին։
-Առողջություն և զգոնություն` թե՛ իրենց, թե՛ իրենց հարազատների առողջության հանդեպ։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 6218

Մեկնաբանություններ