ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մարդկանց ճանաչելու հմտությունը

Մարդկանց ճանաչելու հմտությունը
11.09.2009 | 00:00

Ի՞ՆՉ Է ԿՈՆՍՊԻՐԱՑԻԱՆ

Իվան ԻԼՅԻՆ
(սկիզբը` նախորդ համարում)
6. Մարդկային հոգին ամբողջությամբ թաքնված ու արտահայտված է մարմնում` գլխի կառուցվածքի, դեմքի արտահայտության, ձեռքի և ոտքի ձևերի, աչքերի և ծիծաղի մեջ, ձեռքը սեղմելու, ձեռագրի ու քայլվածքի մեջ։ Այժմ որոշ բաներ արդեն գիտականորեն ուսումնասիրված են, ու սահմանված ընդհանրացումները կարող են օգտագործվել պրակտիկայում։ Բայց յուրաքանչյուր մարդ պետք է դրանք ինքնուրույն կշռադատի, յուրացնի և կիրառի։ Նշենք միայն մի քանի ակնարկ։
ա) Յուրաքանչյուր դեմք ունի իր գերակշռող, կայուն արտահայտությունը։ Ինչպիսի՞ն է այն տվյալ մարդու մոտ։ Ինչպե՞ս է այն փոփոխվում զայրույթի, վախի, անհաջողության, շփոթվածության, հաճույքի, հրճվանքի, ծիծաղի պահերին։ Արդյոք դեմքը ստանո՞ւմ է ոչ խելացի, կոպիտ ու չար արտահայտություն։ Արդյոք դիմագծերում ի հայտ գալի՞ս են վախկոտությունը, անկամությունը, ագահությունը, գռեհկությունը, կենտրոնացածությունը, շվարածությունը, հանգստությունը, արհամարհանքը, կամ էլ` ընդհակառակը։ Դոստոևսկին մատնանշում է, որ հատկապես ծիծաղով կարելի է ճիշտ ճանաչել մարդուն։
բ) Հարկավոր է սովորել մարդուն ճանաչել իր աչքերի արտահայտությամբ։ Պարզ ու ազնիվ մարդու աչքերն ունեն բոլորովին այլ արտահայտություն, քան ծածկամտինը։ Ո՞վ չի նկատի Լենինի աչքերում նենգությունն ու չարությունը։ Ո՞վ չի նկատի Ջուղաշվիլու աչքերի մեջ անսահման ինքնահավանությունը և խիստ դաժանությունը։ Մարդը, որը կոչված է իշխելու, և մարդը, որը ներքուստ կոտրված է, նայում են բոլորովին այլ ձևով։ Ստախոս մարդը խույս է տալիս ուրիշի զննող հայացքից։ Նա անընդհատ նայում է ներքև` աջ կամ ձախ, հայացքը սահեցնելով ուրիշի դեմքի վրայով` զննելու նպատակով։ Կան հավատարիմ և դավաճան աչքեր, բարեսիրտ և ծածկամիտ-չարակամ, գիշատիչ, անխիղճ, զգայական, հիմար-սառը, կենտրոնացած-մտածող, կեղծավոր-քաղցր, կրակոտ-դիվային և այլն։ Մարդը, որն անընդունակ է ուսումնասիրելու դիմագիտությունը, միշտ կտապալվի մարդկանց գնահատելիս։
գ) Աշխատիր նկատել, թե ինչ է անում մարդը քո ձեռքը սեղմելիս` վերցնո՞ւմ է արդյոք քո ձեռքը (ուժեղ կամքի տեր), թե՞ տալիս է իրենը` կարճ, տպավորիչ կերպով, որոշակի, կամ պահում է քո ձեռքը թուլացածի պես, երկար և անվճռականորեն, մեկնում է միայն իր մատները, շտապելով խլել դրանք քեզնից, կամ` ամբողջ ձեռքը, կարո՞ղ է, վերցնում է միայն քո մատները և պլստում, որպեսզի դու չիմանաս չափից շատ գաղտնիքներ, սեղմո՞ւմ է կամ թողնո՞ւմ է սեղմել, կարծես, ցանկանալով ինչ-որ բան արտահայտել (այսինքն, ի՞նչ) կամ թաքցնել ինչ-որ բան (հատկապես ի՞նչը)...
Սովորիր այդ ամենը և դու շուտով կսկսես վստահ տարբերել կամայինին ու անկամին, կպչունին, ագահին, եսամոլին, ստախոսին, շողոքորթին, ողջախոհին ու անառակին, ուղղամիտ մարդուն և բանսարկուին...
դ) Շատ բան է տալիս ձեռագրի ուսումնասիրությունը։ Այստեղ ամեն ինչ նշանակություն ունի` տառերի ուղիղ կամ թեք լինելը, նրանց չափը, նրանց մասնիկները տողի տակ կամ տողի վերևում, բարակ կամ հաստ գրելը, համաչափ թե անհավասար, հեռավորությունը տառերի և տողերի միջև, տառերի փակվածությունը, ոլորագծերը, ընդհատումները, ընդգծումները և պարուրազարդերը։ Այստեղ պետք չէ հորինել, այլ հարկավոր է զննել, ուսումնասիրել, փորձ կուտակել, բնազդորեն թափանցել մարդկային հոգու խորքերը և կրկին ու կրկին ստուգել։ Իսկ հարկավոր է սկսել ձեզ քաջ հայտնի մարդկանց ձեռագրերից։
ե) Սովորիր նկատել մարդկանց քայլվածքը` թեթև ցատկոտող, անկամ քստքստացնող, կտրուկ հարվածող, մանրաքայլ, շվարած գայթող, գործունյա, հավասարակշռված, կասկածանքով շուռ եկող, քծնող, ստորաքարշ և այլն։
զ) Սովորիր գնահատել մարդկանց շարժուձևերը` երբեմն անպարկեշտ-ինքնավստահ (երբեմն` ամաչկոտությունից հաղթահարվող), մեկ` կուռ-զսպված, մեկ էլ` պարծենկոտ-կոտրատվող, մեկ` շողոքորթ-սողացող։ Որքան հաճախ է կատարյալ խարդախությունը թաքնվում շինծու հեզության հետևում։
Մեզ մի շարք էական ցուցումներ տալիս է խիրոլոգիան, այսինքն` ձեռքի գիտական ուսումնասիրությունը։
է) Նախքան զրուցելը միշտ նստեցրու մարդուն դեմքով դեպի լույսը և աշխատիր հնարավորինս քիչ խոսել ինքդ քո մասին ու, որքան հնարավոր է, շատ բան իմանալ նրա մասին։ ՈՒշադրություն դարձրու` արդյոք ներկված չե՞ն նրա աչքերը, կամ կարմրեցրած այտերը։ Այսպիսի «քսված» տղամարդիկ բազմացել են մեծ թվով. նրանք հատկապես թափանցում են արտաքին գործոց նախարարություն` մտնելով ամեն ծակուծուկ։ Ինչքան քիչ հանդիպես ու զրուցես նրանց հետ, այնքան լավ, քանզի նրանցից յուրաքանչյուրը պատրաստի դավաճան է։
7. Շատ կարևոր է ճշտել մարդու հավատարմությունը, այսինքն` նրա անկեղծ և անսասան համոզմունքը։
Կան բազմաթիվ մարդիկ, իսկ մեր ժամանակներում` տոտալիտար տեռորի դարաշրջանում, նրանք անընդհատ շատանում են, որոնք անընդունակ են նույնիսկ համոզմունք ունենալու։ Նրանք կամ վախից պապանձվում են, կամ պատրաստ են ստելու ցանկացած ուղղությամբ, կամ էլ թաքուն անդամագրվում են որևէ անդրկուլիսյան կազմակերպության, որպեսզի լռեն և ստեն նրա ղեկավարությամբ ու պաշտպանությամբ։ Այդպիսի մարդկանց դժվար չէ ճանաչել։ Նրանք, ըստ էության, ամեն ինչի նկատմամբ գաղջ են, նրանց համար ամեն ինչ «պայմանական է» ու «հարաբերական»։ Նրանք ոչ մի բանում ներամբողջական չեն. չարը նրանց վախեցնում է, բայց չի վրդովում։ Նրանք կարեկցում են բարուն միմիայն այն դեպքում, երբ նա հաղթում է։ Նրանք աչքի են ընկնում իրենց ինքնատիպ «հանդուրժողականությամբ», որն իրենք իսկ հրամցնում են որպես «արդարություն» և «բազմակողմանիություն», նրանք սիրում են «հաշտեցնել հակադրությունները», հաճույքով «զրուցում են» թշնամական բանակների մարդկանց հետ ու հրամցնում այդ կիսադավաճանական դատարկախոսությունը որպես ինչ-որ բարձրագույն «դիալեկտիկա»։ Համոզված մարդիկ բարկացնում և վիրավորում են նրանց հենց իրենց համոզվածությամբ։ Նրանց ուղեղը, եթե նա առհասարակ կա, կամքից զուրկ է։ Նրանց զգացմունքը անսկզբունք է. նրանք ոչնչի չեն հավատում և շտապում են «ապահովագրվել» և՛ Աստծո մոտ, և՛ սատանայի։ Մասնավորապես, մի՛ հավատա աֆեկտի վիճակում գտնվող մարդկանց, որոնք հակված են ցուցաբերելու չափից շատ զգացմունքներ (ստում են և՛ իրենց, և՛ ուրիշներին), խուսափի՛ր հոմոսեքսուալիստներից` նրանց հոգեկան նավարկուղին կարող է միշտ փոխվել անսպասելիորեն հենց իրենց համար։ Միշտ ստուգիր` հակվա՞ծ է արդյոք մարդը հեգնորեն վերաբերվելու իր սեփական սրբությանը։ Օգտակար է լինում մարդուն ուղղակի հարց տալ, մեղմ, բայց անսպասելի, խիստ ուշադիր նայելով նրա աչքերի մեջ։ Արդյունավետ է լինում նրան հասկացնելը, որ դու իրեն «այնքան էլ չես հավատում», ու հանգիստ, չնեղացնելով, բայց և չօգնելով, դիտել, ինչպես է նա դուրս պրծնելու իր նրբանկատ վիճակից, օգտակար է լինում հարցնել նրան` ի՞նչ կանի նա, եթե նրան, ըստ կազմակերպության ընդունած կանոնակարգի, կարգադրեն կատարել «անհրաժեշտ նողկալի արարքը»։
8. ՈՒ միշտ հիշիր` պատասխանի կեղծ տոնը կարող է ի դերև անել ամեն տեսակի երդումները և հավաստիացումները։ Մարդը երևում է ոչ թե հոգեկան հավասարակշռության վիճակում, այլ երբ նա համակված է կրքով և հուզումով։ Անսա մարդուն սեփական խղճով և հավատա զրույցի ավարտին քո հոգում հայտնված «նստվածքներին»։
9. Ձգտիր որոշելու մարդու կամքի ուժը։ Կամքը ոչ բռնկում է և ոչ էլ պոռթկում. բռնկումով ու պոռթկումով ապրում են զգացմունքային մարդիկ։ Կամքը կպչուն բնազդ չէ, նա չեզոք է։ Կամքն ընդունակություն է` համոզված, աննահանջ պայքարելու արգելքների դեմ։ Կամային մարդը միշտ հակված է հարձակման, նա մշտապես նայում է դեպի ապագան, պատրաստվելով դնել նրա վրա սեփական կնիքը։ Եթե նա հոռետես է, ապա նրա հոռետեսությունը երկչոտ չէ ու ոչ էլ շվարած, եթե նա լավատես է, ապա նրա լավատեսությունը թաքցնում է գործողությունների ծրագիրը։ Նա ձանձրանում է անկամ մարդկանց միջավայրում և թեթևակի անարգում է նրանց։
Անկամ մարդու հատկանիշներն են` իրեն չի ենթարկում հանգամանքները, այլ հարմարվում է նրանց, ընդունելով նրանց որպես «իրադարձություններ» և շարունակ պատրաստվելով ծռվել ու սողալ նրանց առաջ («գլուխ խոնարհել փաստերի առաջ»)։ Նա միշտ հակված է հետաձգելու տհաճ գործը։ Միշտ վախենում է պատասխանատվությունից և նախընտրում է չստանձնել այն։ Նա անհույս երկմտում է ու երկար վարանում, կասկածի ու ծանր պահերին հեղինակություն է փնտրում։ Այդպիսի մարդիկ հաճախ երկար են նստում հյուրընկալվելիս («ծամոնի պես կպչում են ու ոչ մի կերպ չեն կարողանում հեռանալ), ամեն ինչ երկար ժամանակ հետաձգում են, մատիտը սրում են ոչ թե իրենցից դեպի դուրս, այլ ներս, ոչ թե թելն են մտցնում ասեղի անցքը, այլ ասեղն են հագցնում թելի վրա։
10. Ձգտիր ճիշտ գնահատել մարդու խելքն ու ինտուիցիան։ Խելքը արարչագործ սկզբունք է, ուստի խելացի մարդը միշտ ունի բազմաթիվ ինքնուրույն մտքեր։ Խելքը տարբերելու և վերլուծելու ընդունակությունն է։ Այդ պատճառով խելքը պարզություն, հստակություն և որոշակիություն է մտցնում ամեն ինչի մեջ։ Խելքը եզրակացություն անելու ուժն է (սինթեզ), դրա համար նա միշտ փնտրում և գտնում է ստույգ բացատրություններ ու կենսունակ համակցություններ։
Սակայն խելքն ինքնաբավ չէ, առանց ինտուիցիայի (հայեցության և պարզ տեսնելու) այն փուչ է, կույր և գոռոզ, անհիմն հորինող և սուտ հետևություններ անող ճոռոմախոս։ Հենց փորձի և ինտուիցիայի միջոցով է մարդն ընկալում առարկաները և իրական կյանքը, կանխատեսում և ստեղծագործում, կիսամտավորականը չի հասկանում դա ու այդ պատճառով ընկնում է վերացականության մեջ։ Նա հավատում է թերի գիտությանը ու չի հավատում Աստծուն։
Այսպիսով, խելքն ինքնաբավ չէ. առանց խղճի նա ցինիկ է (լկտի), առանց հավատի` գռեհիկ և այլասերող։ Խելքն առանց զգացմունքի ցամաք է, մեռած և վայրագ, խելքն առանց կամքի պասիվ է (կրավորական) ու անպտուղ։ Այդ ամենից զուրկ խելքը դառնում է սահմանափակ և բութ, իսկապես անկարող ստեղծագործելու, վերլուծելու և որևէ դատողություն անելու։
Հիմար մարդու հատկանիշներն են` արագ բավարարվում է առաջին տպավորությամբ և իր սեփական եզրակացությամբ, նա չի էլ կասկածում, որ ունի սահմանափակ ուղեղ, ու շատ հեշտ ընկնում է ինքնագոհության մեջ։ Նա հաճախ հանրահայտ բաներ է ասում և այն էլ` ինքնավստահությամբ։ Նա չի տեսնում բարդություններն ու ամեն ինչ գռեհկացնում է։ Նա շրջահայաց չէ, թեթևսոլիկ է և զուրկ ճանաչողական պատասխանատվության զգացումից։ Հնարագետ չէ ու հաճախ դրսևորում է պարզամիտ դյուրահավատություն, կասկածի և ծանր պահերին շփոթվում է, փնտրում հեղինակություն կամ ընկնում տրաֆարետի (շաբլոնի) մեջ։ Հիմարները հաճախ լինում են խորամանկ։ Խորամանկությունը խելք չէ, այլ խելքի սուռոգատ (շինծու նյութ)։ Այն բնազդական ճկունություն է. այստեղից էլ նրա անազնվությունը, անսկզբունքայնությունը և բանսարկությունը (ինտրիգները)։ Իսկապես խելոքը ինտրիգներ չի սարքում. նա չափազանց ազնիվ է ու մաքուր ինտրիգի համար և շատ է հարգում ինքն իրեն։ Այդ պատճառով բանսարկուն զուրկ է իսկական խելքից։ Նա ցածր է, ստոր և սահմանափակ։
Հետաքրքիր է, որ յուրօրինակ և ուժեղ խելքի տեր մարդը միշտ ստեղծում է «սեփական» բառեր ու բանաձևեր։ Լավ ինտուիցիա ունեցող մարդը միշտ անմիջապես տարբերում է գլխավորը երկրորդականից և այդ պատճառով խոսում է ըստ էության, ճիշտ և իմաստավորված տոնայնությամբ։ Մարդը, որը շատ է գլուխ գովում և բոլոր խոսակցությունները տանում է դեպի իր անձը, չի տեսնում առարկան իր իսկ անձնապաշտության պատճառով, և նրա դատողություններն առարկաների մասին լինում են անհամոզիչ։ Խրատամոլը (ռեզոնյորը) միշտ սահմանափակ է։ Իսկական ինտելիգենտ լինելը (կրթվածությունը) որոշվում է ո՛չ հիշողությամբ, ո՛չ գիտությանը վերաբերող բառերով, ո՛չ ինքնավստահությամբ, ո՛չ ճոռոմախոսությամբ և ո՛չ էլ ճարպիկ «դիալեկտիկայով», այլ ինքնուրույն, հեռատեսորեն քննելու ընդունակությամբ և իրադարձությունների հետազոտմամբ։
11. Մարդկային հոգին հնարավոր չէ ո՛չ որոշել, ո՛չ էլ սպառել, հենց այդ պատճառով իսկական կազմակերպիչը պետք է շարունակ դիտի նրա դրսևորումները, խորամուխ լինի և ըմբռնի յուրաքանչյուր մարդու բնորոշ առանձնահատկությունները։ Մասնավորապես, ընտրելով հավատարիմ, եռանդուն ու գործուն մարդկանց, հարկավոր է նկատի ունենալ հետևյալը։
Սենտիմենտալ (գերզգայուն) մարդիկ հաճախ լինում են ամենևին ոչ բարի, այլ կեղծ բարությամբ միայն թաքցնում են իրենց վիրավորանքներն ու իրենց չարությունը։
Մարդիկ, ովքեր թաքցնում են իրենց զգացմունքները հոգու խորքում, սովորաբար լինում են ավելի լռակյաց, ավելի հավատարիմ իրենք իրենց, ավելի անդրդվելի ու ավելի հաստատակամ, քան նրանք, ովքեր անզուսպ ձևով արտահայտում են իրենց զգացմունքները։ Էներգիայի լիցքը սովորաբար լինում է ավելի ուժեղ նրանց մոտ, ովքեր իրենց չեն սպառում զգացական-էրոտիկ արկածներում։
Վառ երևակայություն ունեցող մարդիկ ավելի հեշտ են ենթարկվում սարսափի, քանզի վախը սաստկանում է հոգու մեջ «վտանգավոր հնարավորությունների» կոնկրետ պատկերացումով։ Այդ պատճառով քաջության արվեստը նախ և առաջ վտանգի մասին չմտածելու կարողության մեջ է։ Վախենում են բոլորը, բայց քաջերն իշխում են իրենց երևակայության վրա և զսպում այն կամքի զորությամբ։ Շնորհալի մարդիկ (հատկապես պոեզիայի, երաժշտության և գեղանկարչության ասպարեզում օժտվածները) այնքան էլ ընդունակ չեն վճռական և առանց հետ նայելու գործելու։ Իրենց առողջությանը կասկածամտորեն վերաբերվող մարդիկ գործունյա չեն։
Մոռացկոտ և անկարգապահ մարդիկ հավասարակշռված չեն իրենց հոգեկան ասոցիացիաների մեջ և կախում ունեն իրենց երազներից ու կրքերից, դրա համար նրանք այնքան էլ պիտանի չեն երկարատև, կամային պայքարի համար։ Սուտ խոսողը կխաբի և կդավաճանի նաև գործով։ Իշխելու կոչված են ոչ փառասերները` փառասիրությունից և սնափառությունից է սկսվում մարդու առաջին, հաճախ անբռնելի ծախվածությունը, քանզի անձնական հաջողությունը միշտ կարող է դառնալ նրա համար գործից ավելի կարևոր և թանկ։ Իշխանությանը կոչված են մարդիկ, որոնք ճառագում են ներքին թելադրանքի ուժը, որն ուղղված է ծառայելու գործին։ Հրմշտելով առաջ գնացողը միշտ կասկածելի է, բայց դա բոլորովին չի նշանակում, թե վերջին շարքերում հմտորեն իրեն պահողը դրանով հենց արժանի է վստահության։
Հեշտ խոցելի մարդիկ, որոնք թաքցնում են իրենց վիրավորվածությունն ու կուտակում են գաղտնի զգացմունքները, արժանի չեն վստահության և միշտ լի են անակնկալներով։ Այնուամենայնիվ, չափազանց մեծ խռովկանությունը և ոխակալությունը հաճախ թաքցնում են սահմանափակությունը և նույնիսկ հիմարությունը։
Միշտ հարցրու մարդու մասին` «ինչի՞ց է նա շատ հուզվում», ու այդ ուղղությամբ փնտրիր նրա գլխավոր, մղիչ կիրքը։ Խաղամոլը և հարբեցողը միշտ մերժվում են կարևոր հանձնարարություններ կատարելիս։ Վերջնականապես կարծիք մի՛ հայտնիր մարդու մասին, մինչև չիմանաս և չգնահատես նրա կնոջ (կամ սիրուհու) բնավորությունը։
12. Եվ մի բան էլ. մի հավատա, որ մարդկանց մասին քո սեփական եզրակացությունները վերջնական են և անսխալ։ Միշտ մեղմացրու և խորացրու քո դիտողությունները։ Միշտ ստուգիր քո եզրակացությունները` համեմատելով դրանք ուրիշների կարծիքների հետ։ Պատրաստ եղիր միշտ ընդունելու քո սխալը, համենայն դեպս, համբերատար լսիր հակառակ կարծիքները և առարկությունները։ Թույլ մի տուր կաշառել քեզ գովաբանությամբ, կեղծ մեծարումով, շողոքորթությամբ, քծնանքով, կանացի սեթևեթումով։ Պահպանիր անվստահության անհրաժեշտ չափը, բայց թույլ մի տուր, որ սեփական կասկածամտությունն անչափ մեծանա և շեղի քեզ հետապնդվելու մոլուցքի մեջ։
13. Ամեն մի պայքար կապված է ռիսկի հետ։ Մեր ժամանակներում քաղաքական պայքարն ասես ամբողջովին ռիսկ լինի։ Դրա համար էլ պետք է ավելի զգույշ լինի գործողը։ Էլ ավելի պատճառներ ունի նա կոնսպիրատիվ գաղտնիքներ պահպանելու։ Հայտնել ամբողջ աշխարհին, որ տեսեք` այ, կոնսպիրատիվ աշխատանք եմ կատարում, որ մեծ կոնսպիրատիվ կազմակերպության ղեկավար եմ, որ մենք նախապատրաստում ենք «հեղափոխություն» կամ «հեղաշրջում», խելագարություն է, ինչը վկայում է կոնսպիրատիվ գործունեության կատարյալ անըմբռնողության և ամբողջ նախաձեռնության անհուսալիության մասին։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5830

Մեկնաբանություններ