Աստծո կանչը
Օգոստոսի 20
Այո’, Իմ որդիներ. «Պետք է պաշտպանվեք արհամարհանքներից և պիտի փակվեք հանդիմանության առջև»: Երբեմն Ես պետք է պաշտպանեմ Իմ աշակերտներին իրենց ամոթից և ինքնահանդիմանությունից:
Իմ խեղճ Պետրոսը այդպես էլ երբեք չէր կարողանա անել Իմ գործը կամ Ինձ համար ապրելու համարձակությունն ունենալ, եթե Ես չպահեի նրան Իմ սիրո ջերմությամբ: Ես պետք է պաշտպանեի արհամարհանքից Իմ թշնամիների, ո’չ զայրույթից Իմ բարեկամների, իր ուրացության համար, այլ նրան պետք է պաշտպանեի իր անձի հանդեպ տածած իր ատելությունից:
Այսօր էլ, ինչպես այն ժամանակ, Իմ աշակերտներն իրենց տկար անձի հանդեպ ունենում են ամոթի, խղճահարության և արհամարհանքի թունավոր զգացումներ: Նրանք կարծում են` շատ հզոր ու քաջ են Ինձ ծառայելու համար. կյանքը երբեմն հակառակն է ապացուցում: Այս դեպքում է, որ Ես պետք է պաշտպանեմ նրանց Իմ սիրո վահանով, այլապես նրանք պայքարելու ու հաղթելու քաջություն երբեք չեն ունենա: Բայց որպեսզի իրենց իրական անձի հետ այդ դեմ առ դեմ հանդիպումը կայանա, պետք է գան ամոթն ու խղճահարությունը:
Սակայն այդ հանդիպումը տեղի է ունենում կատարելություն տանող ճամփի վրա: Բայց այս պետք է լինի ժամանակավոր հանգրվան միայն: Ի՞նչ օգուտ թիթեռնիկին իր զվարթուն թևերը, եթե նա, իր զզվելի անցյալի մտածումների տակ կքած, հողին կառչած մնա: ՈՒստի Ես այսօր, ահա ասում եմ ձեր երկուսին, որ պետք չէ անգամ մի վայրկյան մնալ մտքով` անցյալի ձեր մեղքերի, սխալների, հանցանքների ու տգեղ սովորույթների վրա:
Դուք պետք է նմանվեք մրցասպարեզ ելած այն մարզիկին, որ վազքուղում ցած ընկնելով, իսկույն ոտքի կանգնում ու սլանում է դարձյալ իր նպատակակետը: Ի՞նչ օգուտ, եթե վազողը կանգնի ու սկսի ուսումնասիրել իր ընկած տեղը և ափսոսանքով ծնկներին զարկի, լաց լինի` հետ ընկնելու համար, իր ձախողման և արգելքը չնկատելու իր կարճատեսության համար:
Դուք այլևս հետ մի նայեք. այս, իբրև հրաման եմ տալիս ձեզ: Նոր սկիզբ ու նոր իմաստ տվեք ձեր ու բոլոր նրանց, ում հանդիպում եք: Այլևս մի հիշեք ձեր կամ նրանց վրիպանքները: Անցյալի սխալները մտաբերելը նշանակում է հանդիպել ձեր լողալը արգելող ջրերի հորձանքի:
Երբ Ես Իմ աշակերտներին երկու-երկու առաքելության ուղարկեցի առանց թղթերի, դրամի ու առանց զգեստի, սա մի հրաման էր, որ պետք է գործադրվեր ոչ միայն բառացիորեն, այլ նաև բարոյապես: Կյանքի ճամփորդության ընթացքում դեն նետեք այն ամենը, որ կարևոր չէ: Մի կողմ թողնելով` անտես արեք բոլոր խոչընդոտները, անցյալի թերացումները, ձախողված լինելու զգացումը:
Ճանապարհն անցեք առանց ծանր բեռների, թեթև սրտով, իսկ թեթև սիրտը նշանակում է` Իմ ներշնչող ազդեցությամբ ծանրաբեռնված լինել:
Ես սիրում եմ ձեզ: