Դեկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանում Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Դավութօղլուն: Մինչ վերջինիս ժամանումը, թուրքական պետական քարոզչամեքենան արդեն իսկ լուրեր է տարածում, որ Դավութօղլուն Հայաստանում պատրաստվում է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ իբրեւ նախապայման նշելով ազատագրված շրջանների հանձնումն Ադրբեջանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց:
Ելնելով այն իրողություններից, որ Դավութօղլուն համարվում է հակահայկական շարժման գաղափարախոսներից ու Ցեղասպանությունն ուրացող երկրի արտաքին գործերի նախարարն է, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը պահանջում է Հայաստանի իշխանություններից.
1. Պետական մակարդակով ընդունելության չարժանացնել Դավութօղլուին:
2. Թույլ չտալ վերջինիս Երեւանն իբրեւ ամբիոն օգտագործել՝ հակահայ հայտարարություններով հանդես գալու համար:
3. Թուրք արտաքին գործերի նախարարի հայտարարություններին ի պատասխան հիշեցնել Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ ժամանակակից Թուրքիայի՝ հայկական հողերի վրա հիմնված լինելու փաստն ու Սեւրի պայմանագիրը:
Թուրքիայի՝ «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը վիժեցվել է հենց պաշտոնական Անկարայի կողմից: Մենք կոչ ենք անում այդ օրը համախմբվել հայ երիտասարդներին՝ բողոքելով ընդդեմ Թուրքիայի հակահայ ու լպիրշ քաղաքականության:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիւան