ՎՐԱՑԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՑ
Տարօրինակ է, բայց փաստ, որ մինչ օրս հարևան երկրների քաղաքական և հասարակական կյանքը Հայաստանի համար մնում է չբացահայտված, և հայ հասարակությունը շարունակում է չտիրապետել իրական տեղեկատվության՝ իր կողքին զարգացող իրողությունների վերաբերյալ։ Մի անգամ Ջավախքում ժողովրդականություն վայելող հասարակական գործիչներից մեկը հայաստանցի փորձագետների հետ զրույցում ասաց. «Ի՞նչ էին անելու հայաստանցի վերլուծաբաններն առանց Վրաստանի, ի՞նչ էին նրանք վերլուծելու»։ Եվ իսկապես էլ, Վրաստանը չափից ավելի լեցուն է իրադարձություններով ու քաղաքական գործընթացներով, թեպետ միայն ապագան ցույց կտա՝ որքանով է երկիրն ապահովագրել իր համար տարածաշրջանային լիդերի դիրքը, կամ էլ հակառակը` դարձել մատաղացու գառ տարածաշրջանային զարգացումներում։
Այսպես թե այնպես, Վրաստանը շարունակում է աշխարհում ու տարածաշրջանում իր տեղի ու դերի որոնումը՝ միաժամանակ փորձելով իր ներսում ձևավորել հասարակության համար ընդունելի քաղաքական և սոցիալական մոդել։ Կան նախանշաններ, որ չնայած վրացական քաղաքական գործիչների գերհավակնություններին, հասարակությունն արդեն խիստ հոգնած է համաշխարհային ուշադրության կենտրոնում լինելու ձգտումներից և կցանկանար նվազեցնել քաղաքական մարաթոնների տեմպն ու ընթացքը։ Այդքանով հանդերձ, բոլորի համար պարզ է, որ լուծված չեն երկրի կենսագործունեության համար անհրաժեշտ նույնիսկ նվազագույն խնդիրները, բայց, այնուհանդերձ, վրացական վերնախավը հազիվ թե ազգին շունչ քաշելու և հետագա իրադարձությունների հնարավոր զարգացումները գնահատելու հնարավորություն տա։ Վերնախավը շարունակում է մրցավազքն արտաքին ուշադրության կենտրոնում լինելու համար, որովհետև այսօր դժվար է պատկերացնել իշխանության ազդեցության պահպանման և, առհասարակ, գոյատևման որևէ այլ սխեմա։
ՈՒշադրության է արժանի այն, որ վերջին շրջանում որևէ խնդրի հետ կապված հասարակական կարծիքի հարցումների արդյունքները Վրաստանում չեն ստանում անհրաժեշտ հրապարակայնություն։ Որովհետև երկրում ձևավորվել են շատ հակասական գնահատականներ ու կարծիքներ՝ ստեղծված տնտեսական ու սոցիալական իրավիճակի վերաբերյալ։ Վրացական հասարակությունը քաղաքական և սոցիալական առումով խիստ տարաբաժանված է, ամենից առաջ, բնակչության տարբեր շերտերի եկամուտների միջև եղած մեծ տարբերության, ինչպես նաև կրթական ցենզի տարբերությունների բերումով։ Սա սկզբունքորեն նոր երևույթ չէ, բայց այդ պարագայում պետք է հաշվի առնել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ վրացական էթնոսի ազգային առանձնահատկությունները։ Այնուհանդերձ, Վրաստանն արդեն վաղուց այն երկիրը չէ, որը ներկա ռեժիմին փոխանցեց Էդուարդ Շևարդնաձեն։ 2003-ից մինչև 2007-ը երկրի պետական բյուջեն 360 միլիոնից աճել է 1 միլիարդ 770 միլիոն դոլարի (այլ գնահատականներով` այն հասնում է երկու միլիարդի)։ Այսինքն՝ աճել է հինգ անգամ, ինչը հնարավոր դարձավ ոչ այնքան տնտեսության զարգացման, որքան կառավարման բարելավման հաշվին։ Տնտեսության ընդհանուր աճն այս ժամանակահատվածում այդքան տպավորիչ չէ, բայց կարևոր է այն, որ զարգացում կա, թեկուզ և տնտեսության առաջընթացի առումով չի հաջողվել հասնել արմատական փոփոխությունների։ Ընդհանուր առմամբ, տնտեսական աճը չի գերազանցում 8-9 տոկոսը, և նույնիսկ այդ ցուցանիշն էլ կարելի է կասկածելի համարել, քանի որ տնտեսության իրական ճյուղերը շարունակում են գտնվել լճացման մեջ։
Այսպիսով, պետական բյուջեի ծավալների այդպիսի մեծացումն արձանագրվել է 3-4 գործոնների շնորհիվ։ Մասնավորապես Աջարիայում և հատկապես Բաթումում իրականացվող տնտեսական գործառույթներից գոյացող գումարները սկսել են մտնել պետբյուջե, բավական մեծ մուտքեր են արձանագրվել պետական ունեցվածքի վաճառքից, ինչպես նաև Վրաստանով անցնող միջազգային էներգետիկ խողովակաշարերի տրանզիտից։ Անշուշտ, առկա է նաև դրական գործընթաց հարկերի հավաքման ուղղությամբ։ 2007-ին լուրջ էներգետիկ հզորությունների և առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո սպասվում է ևս 800 մլն դոլարի ներդրում, ինչը քիչ չէ երկրի ներկայիս տնտեսական պոտենցիալի համեմատ։ Սակայն այդ գումարի մեջ են մտնում նաև վերոհիշյալ սեփականաշնորհման գործընթացից գոյացած փողերը, ինչը հազիվ թե կարելի է ներդրում համարել։
Վրաստանի համար գլխավոր տնտեսական պրոբլեմը շարունակում է մնալ իրական տնտեսության հիմնական սեկտորների, հատկապես արդյունաբերության անկումը, ինչը հնարավորություն չի տալիս էապես բարելավում արձանագրել բնակչության զբաղվածության հարցի լուծման ուղղությամբ։ Վրաստանի քաղաքական ղեկավարությունն այլևս համոզված է, որ տեսանելի հեռանկարում էլ չի հաջողվելու հասնել արդյունաբերության էական զարգացման, և իրականում առանձնապես մտահոգ էլ չէ դրանով, քանի որ հիմնական ուշադրությունը բևեռված է տրանզիտային-սերվիսային սեկտորի զարգացմանը։ Ըստ այդմ, Վրաստանում շարունակում է պահպանվել սոցիալական ապահովության և աշխատավարձերի բավական ցածր մակարդակը, և, դրանով հանդերձ, երկիրը շարունակում է սպառազինությունների մրցավազքը, ինչն ակնհայտորեն վեր է Վրաստանի ուժերից, որտեղից մեկ միլիոն քաղաքացի է հեռացել, և որը շարունակում է մնալ խոր սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ։ Ըստ որում, վրացական քաղաքական գործիչներն ու փորձագետները միաժամանակ ընդգծում էին, որ հեղափոխական էնտուզիազմի փուլը երկրում ավարտված է, և Վրաստանը կրկին մտնում է կոռուպցիայի ուժեղացման և իշխանության կողմից համակարգային չարաշահումների փուլ, աստիճանաբար ձևավորվում է հերթական վարչական նոմենկլատուրան, և դա հետևանք է կառավարող «Ազգային շարժում» կուսակցության հավակնությունների։ Վրաստանին, առհասարակ, բնորոշ են կարճատև քաղաքական կամպանիաների նկատմամբ բարձր հետաքրքրությունն ու էնտուզիազմի դրսևորումները, բայց այդ ամենը նույնքան արագ անհետանում է։ Այնուամենայնիվ, պետք է արժանին մատուցել բանվորների և ծառայողների ընտանիքներից սերող հազարավոր երիտասարդներին, որոնք պատրաստ են հետագայում էլ աջակցել կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներին՝ գիտակցելով, որ այլ ելք չկա ստեղծված պատմական իրավիճակից։ Իրավապաշտպան ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդ վարչարարներից մեկն այս կապակցությամբ հետևյալ կարծիքը հայտնեց. «Բոլորովին էլ կարևոր չէ, թե իրականում ինչ են մտածում երկրի ներկա ղեկավարները։ Նրանք կարող են շարունակել հարստանալ, բայց երկրի ճակատագիրը կախված է ոչ թե նրանցից, այլ մեր սերնդից»։ Արևելյան Եվրոպայի որևէ այլ երկրում հազիվ թե կարելի է հանդիպել այսպիսի տրամադրությունների, ինչն իսկապես հերոսություն է վրացական հասարակության մի մասի կողմից, որոնք կրկին բախվել են դառն իրողության հետ, բայց պատրաստ են շարունակելու «հայտարարված» քաղաքականությունը։
Վերոնշյալ հանգամանքները չէին կարող չազդել հասարակական և քաղաքական շրջանակներում տրամադրությունների ձևավորման վրա։ Այսօր ընդգծվում է վրաց հասարակության շատ շերտերի հիասթափությունն իշխանությունների վարած քաղաքականությունից և հեռանկարի անորոշությունից։ Վրաց մի շարք փորձագետների վկայությամբ, հասարակությունը չէր էլ սպասում շատ արագ փոփոխություններ, բայց առնվազն հույս ուներ, որ դրական գործընթացները կդառնան անշրջելի, մինչդեռ իրականում տեղի ունեցավ հակառակը։ Վրաստանն արևելաեվրոպական երկրների շարքում ամենառիսկայիններից է, և այնտեղ ուրվագծվում է այնպիսի սոցիալ-տնտեսական մոդելի ձևավորման հեռանկարը, որի արդյունքում երկիրը կհայտնվի Արևելյան Եվրոպայի ոչ բարեկեցիկ երկրներից ամենահետամնացների շարքում։ Ոչ միայն հասարակության մեջ, այլև քաղաքական շրջանակներում արդեն շատ տրամաբանական են համարում այն, որ նույնիսկ Վրաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու դեպքում բնակչության զգալի հատվածը կդառնա տնտեսական էմիգրանտ արդեն ոչ թե Ռուսաստանում, այլ եվրոպական երկրներում։ Դրան զուգահեռ առաջ են քաշվում գաղափարներ, թե Վրաստանը ժամանակակից արդյունաբերության կարիք չունի, և ինդուստրալիզացիան խորհրդային ժամանակների մնացուկ է, իսկ Եվրոպայում ոչ բոլոր երկրները պարտադիր պետք է ունենան զարգացած արդյունաբերություն։ Կան շատ այլ տնտեսական գործառույթներ ևս։ Սա վրացական առաջատար տնտեսագետներից մեկի կարծիքն է, որը որոշակիորեն առնչություն է ունեցել լիբերալ-տնտեսական գաղափարների արմատավորմանը՝ 1990-ականներից սկսած։ Այս տեսակետի համաձայն, տրանզիտային-սերվիսային պետություն դառնալու մոդելը բոլորովին էլ վերացական չէ Վրաստանի համար, այլ նույնիսկ իդեալական տարբերակ է։ Ըստ այդմ, համարվում է, որ երկրի զարգացման տնտեսական մոդելը շատ առաջադեմ է և անհրաժեշտ է միայն շարունակել քաղաքականությունն այդ ուղղությամբ։ Թեպետ տրանսպորտային սեկտորից ստացվող եկամուտներն այսօր չեն գերազանցում տարեկան 200 մլն դոլարը, ինչը բոլորովին էլ շատ չէ, և վրացական վերնախավը համարում է, որ 5-7 տարվա ընթացքում այդ գումարը կարող է հասնել 500-700 մլն դոլարի, ինչն իրականում բոլորովին իրատեսական չէ։
Այսպիսով, այս ուղին չի կարող հանդիսանալ տնտեսական դժվարությունների հաղթահարման ելք։ Արդյունաբերության իրական սեկտորի զարգացման առումով մինչև ռուս-վրացական պատերազմը կային որոշ հույսեր՝ կապված Ռուսաստանի հնարավոր դերակատարության հետ։ Սակայն դեռ մինչև պատերազմական գործողությունները պարզ էր, որ Վրաստանն առաջարկելու շատ բան սկզբունքորեն չունի, բացի արդեն հայտնի լեռնահանքային արդյունաբերության ոլորտի և էներգետիկ բնագավառի որոշ ծրագրերից։ Ռուսաստանը կարող էր դերակատարություն ստանձնել տրանսպորտային համագործակցության ոլորտում, սակայն այստեղ արդեն ակտիվ դերակատարություն ունեն այլ պետություններ, բացի այդ, ռուս-վրացական վերջին կոնֆլիկտը փակեց հեռանկարում այդպիսի համագործակցության հնարավորությունները։
Սակայն վրացական վերնախավն այս ամենից մեծ ողբերգություն չի ստեղծում, չնայած նորանկախ մի շարք պետություններ արդեն ապացուցել են, որ զարգացման այլ մոդել որդեգրելով կարելի է հասնել որոշակի արդյունքների, հատկապես արդյունաբերության վերականգնման ուղղությամբ։ Վրաստանում միաժամանակ գիտակցում են, որ տրանզիտային-սերվիսային մոդելով զարգանալու դեպքում երկիրը չի կարող բոլոր հույսերը կապել Արևմուտքի հետ, որի շահերը տարածաշրջանում, այնուհանդերձ, սահմանափակ են։ Այդ իսկ պատճառով Վրաստանը բեռնափոխադրումների և տրանսպորտային հոսքերի նոր ռազմավարական ուղղությունների որոնման մեջ է և գնալով ավելի է հակվում դեպի Իրան ու Կենտրոնական Ասիա՝ այդ համատեքստում չանտեսելով նույնիսկ Ռուսաստանի հնարավոր առաջարկությունները։ Այնուհանդերձ, վրաց ժողովուրդը, անկասկած, գոյություն ունի երկու հիմնական բաղադրիչների շնորհիվ՝ գյուղացիության և մտավորականության։ Վրաց հասարակության այս երկու սյուների համար էլ բացարձակապես օտար է տրանզիտային-սերվիսային մոդելով զարգանալու գաղափարախոսությունը, որովհետև դա ձևափոխում է ազգային ավանդույթներն ու հասարակական հոգեկերտվածքը։ Սակայն վրաց քաղաքական դասակարգը համառորեն չի կարողանում այլընտրանք առաջարկել, ուստի անհիմն չեն մտահոգությունները, որ տնտեսության այս մոդելով զարգացումն անխուսափելիորեն կբերի ժողովրդի նոր հոգեկերտվածքի, հասարակական այլ արժեքների և առաջնահերթությունների ձևավորման։
Վրաստանը միաժամանակ արևելաեվրոպական միակ քրիստոնեական երկիրն է, որտեղ քրիստոնեական եկեղեցին դարձել է հասարակական և քաղաքական զարգացումների ակտիվ մասնակիցը՝ չնայած տարաբնույթ բազմաթիվ կուսակցությունների և քաղաքացիական հասարակության առկայությանը։ Ըստ որում, այդ երևույթն առկա է կրոնական պարզունակացման, եկեղեցու և կրոնի նկատմամբ հասարակության փարիսեցիական վերաբերմունքի պայմաններում։ Դրա հետևանքով ձևավորվել է դաշինք վրաց ուղղափառ եկեղեցու և մտավորականության մի մասի միջև (անշուշտ, իշխանությունների մասնակցությամբ), և երկրում ներդրվում է սխոլաստիկ սոցիալ-կրոնական կամ, ավելի շուտ, կեղծ կրոնական բարոյականություն՝ հիմնված ծայրահեղ քրիստոնեության նորմերի և աղանդավորական տիպի կեղծ սոցիալական տեսությունների վրա։ Վրաստանում միանգամայն նորմալ և բնական են համարում հասարակության սոցիալական կառուցվածքի արմատական փոփոխությունները և նախկին դրական սոցիալական կենսագործունեության հնարավորությունների կորուստը։ Առկա են փորձեր նույնիսկ դրական գնահատական տալու տնտեսական շարժառիթներով արտագաղթին՝ իբրև վրաց ժողովրդի գոյատևման միջոցի։ Զանգվածային գիտակցության մեջ ներդրվում է դրական վերաբերմունք սոցիալական անհավասարության նկատմամբ` հատկապես հղում անելով նախախորհրդային անցյալին, երբ սոցիալական անհավասարությունն ուներ կաստայական բնույթ, իսկ բնակչության մի մասի համար միանգամայն նորմալ էր ենթակայի կարգավիճակում գտնվելը։ Այս դոկտրինի ներդրման գործում որոշակի դեր ունեն վրաց ուղղափառ եկեղեցին և նույնիսկ որոշ բողոքական աղանդներ, հասարակական կազմակերպություններ, անգամ գրական գեղարվեստական շրջանակներ։ Պաշտոնական քարոզչության մեջ գնալով ավելի հաճախ են հնչում թեզեր՝ ճակատագրին հնազանդվելու և այդ համատեքստում ապագային լավատեսորեն նայելու մասին։ Բնակչությանը ներշնչվում է, որ խոշոր կարողությունները չեն պատկանում միայն դրանց տերերին, այլ դրանք ամբողջ հասարակության ձեռքբերումն են, և, ըստ այդմ, գերհարուստների հաջողությունները ներկայացվում են իբրև ամբողջ ազգի հաջողություն։
Միաժամանակ ակնհայտ է պաշտոնական, այսինքն՝ պետական և հասարակական այնպիսի քարոզչության ուժեղացումը, որն ունի ընդգծված ազգայնական, ռասիստական և շովինիստական բովանդակություն։ Այս դաշտում ներդրվում են խորհրդային ժամանակներում արդեն փորձարկված մեթոդներն ու ավանդույթները, երբ վրաց ժողովուրդը ներկայացվում է իբրև ընտրյալ, պատմության մեջ հերոսականացած և այդ հերոսությունը հանուն բարձրագույն արդարության շարունակող ազգ։ Վրացիների պահվածքը Վրաստանի ներսում և նրանից դուրս գնահատվում է անթերի և համարվում ասպետության և հերոսության չափորոշիչ։ Վրաց ազգը, վրացական ուղղափառությունը, վրաց լեզուն ու մշակույթը, վրացական հոգեկերտվածքը համարվում են իդելական և ընդօրինակման արժանի, իսկ մյուս ժողովուրդները, իբր, գենետիկորեն անընդունակ են մոտենալու այդ իդեալին։ Այս հանգամանքն իրականում դարձել է նախանձի և ատելության պատճառ վրաց ժողովրդի նկատմամբ այլ էթնիկ խմբերի կողմից։ Պաշտոնական քարոզչությունը միաժամանակ ներարկում է, որ եթե այլ ժողովուրդներ ունեն ինչ-որ իդեալի ձգտում, ապա վրացիները դրա կարիքը չունեն, որովհետև բոլոր առասպելներն իրականություն են դարձել արդեն վրաց ժողովրդի ձևավորմամբ։ Այսինքն՝ վրաց ժողովուրդը մի գաղտնիք է՝ անհասանելի և անբացատրելի այլ ազգերի համար։
Դրան զուգահեռ՝ քիչ ուշադրություն չի դարձվում այլ ազգերի մտադրությունների ներկայացմանը։ Ազգեր, որոնք, իրենց գաղափարախոսությունների համաձայն, Վրաստան են ուղարկում իրենց հասարակության վատթարագույն ներկայացուցիչներին, որոնք էլ, վրացիների բարեհոգությունից օգտվելով, փորձում են բնակեցնել նրանց հայրենիքը, խլել հողը վրացի գյուղացուց, բարոյազրկել և շահագործել վրաց ժողովրդին։ Երկար ժամանակ պաշտոնական քարոզչության մեջ այդ դերակատարությունը վերապահված էր օսերին ու հայերին, ինչպես նաև ադրբեջանցիներին, ովքեր, փորձելով վերաբնակվել Վրաստանում, նպատակ ունեին վրացիներին գյուղից քշել քաղաք և դրանով տեր դառնալ նրանց հողին ու հայրենիքին։ Ռուսներն ու հրեաները վրացական քարոզչության մեջ նույն «կուպեում» են և նույնպես նպատակ ունեն Վրաստանը վերածել իրենց անվճար առողջարանի, բարոյազրկել երիտասարդությանը, վրացիների ապագա սերունդներին դարձնելով, լավագույն դեպքում, քառորդ վրացի։ Ըստ որում, պաշտոնական քարոզչությունը պնդում է, թե ռուսներն ու հրեաները միայն ձևացնում են, թե իրենց միջև պայքար կա, իրականում գաղտնի համաձայնություն ունեն Ռուսաստանի շուրջ գտնվող բոլոր ժողովուրդներին ստրկացնելու։ Սակայն, իհարկե, վրաց ժողովրդին հնազանդեցնել նրանք չեն կարողանա։ Պաշտոնական քարոզչությանը հետևելով` անհնար է խուսափել տպավորությունից, որ ինչ-որ մեկը համառորեն և հետևողականորեն փորձում է ոչնչացնել վրացիների մեջ առկա դրական ավանդական հատկանիշները։ Սակայն հարկ է նշել, որ շովինիզմի այս քարոզչությունը բնակչության մեծամասնությունն ընկալում է իբրև «հայրենասիրական խաղեր», սեղանի կենաց, բայց ոչ երբեք արտաքին աշխարհի և այլ ազգերի հետ շփման ձև։ Վրացական էլիտար շովինիզմի թուլությունն ու դատապարտվածությունը այն է, որ ո՛չ ռուսական տիրապետության կայսերական, ո՛չ խորհրդային ժամանակաշրջաններում և ո՛չ էլ հետո այն պաշտպանության չի արժանացել վրաց ժողովրդի լայն զանգվածների կողմից։ Հանրային գիտակցության մեջ այն ունի բացառապես դեկլարատիվ նշանակություն։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ