Կենացները թանկանում են գիշերը
Փաստորեն,Դմիտրի Մեդվեդևի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան իրականում այնքան էլ երկօրյա չէր։ Քսանչորս ժամի մեջ չտեղավորվող շա՜տ երկար օր էր՝ ներառյալ նաև գիշերը։ Ընդ որում, լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, այդ պաշտոնական մասը հենց գիշերն է կայացել, մինչդեռ արարողակարգով նախատեսված ցերեկային միջոցառումները կարելի է գեղարվեստական «միզանսցեն» անվանել։ Եվ, իրոք։ Միայն ռոմանտիկները կարող են մտածել, թե Մեծն Ռուսիո «թագավորը» հայոց հինավուրց երկրի մայրաքաղաք էր ժամանել խորոված ուտելու, կոնյակի գործարանում հայկական «բրենդի» համտես անելու ու դրանից մի ամբողջ տակառ հետը Մոսկվա տանելու, Հանրապետության հրապարակի շատրվաններով լիաթոք հրճվելու ու Ծիծեռնակաբերդում ծառ տնկելու անչա՜փ հուզիչ առաքելությամբ։ Սա, ինչպես ասում են, այցի ցուցադրական մասն էր, իսկ ամենակարևորը տեղի է ունեցել գիշերվա ժամերին, երբ Սարգսյանն ու Մեդվեդևն առանձնացել են՝ միջպետական, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային «եռացող» խնդիրների շուրջ ընդհանուր հայտարարի գալու։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ բավականին կոշտ խոսակցություն է տեղի ունեցել հատկապես արցախյան հակամարտության կարգավորման ռուսական սցենարի, հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և այդ համատեքստում ՀՀ-ին վերապահված դերի շուրջ։ Մեդվեդևն առավելագույն դժգոհություն է հայտնել Հայաստանի վարած սուպերկոմպլեմենտար արտաքին քաղաքականությունից և այս հողի վրա պաշտոնական Վաշինգտոնի հետ ՀՀ իշխանությունների սկսած «սիրախաղից»։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ
Ալաբաշության սինդրոմ
Օձունը, մինչև կրկնական քվեարկություն, ևս քսան օր կգտնվի խոր պաշարման մեջ: Մինչ լուսանցքում հայտնված գյուղապետ, համայնքային ընտրություններում դե-ֆակտո պարտված Ալաբաշ Մելոն փորձում է շոկից դուրս գալ, հասկանալ, որ իշխանությունները գոնե այս անգամ իրեն չեն սատարում, քանզի վերջիններիս ամենևին դուր չի եկել պարոն Մելոյի անսահման «հաբռգած» վարքագիծը` իրենց «ընկեր, ախպեր» համարելու «գետնին վրա», նրա եղբայր Քոլի Սաքոն, որ «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչն է գյուղում, և որի դեմ «համատեղելության կարգով» ընտրակեղծիքներ կատարելու համար քրգործ է հարուցված, վերցրել ու անջատել է գյուղի մի մասի գազամատակարարումը` «սեփական ոչխարները խառնելով պետական ոչխարների» հետ:
Ոնց դուրս է գալիս, Օձունի բախտը չի բերում Կարեն Կարապետյանների հարցում: Հիմա էլ գյուղացիք «աշխատում են» «ՀայՌուսգազարդի» ղեկավարին նամակ գրելու հույժ անհրաժեշտ գործընթացի վրա, վերջինիս պատմելու, թե տեղական խանիկի «օջախը», այս անգամ ի դեմս Քոլի (այդպես են նրան անվանում գյուղում), ձմռան շեմին ինչ խաչակրաց արշավանք է սկսել օձունցիների դեմ:
Կ. ԴԱՎԹՅԱՆ
Էս բոյի «սյուրպրի՞զ»
Զարմանալի ու տարօրինակ փաստ արձանագրվեց «ԽՏՎրՑՈՐ»-ԿՁհ-ի բացման արարողության ժամանակ, որին ներկա էին նաև ՀՀ և ՌԴ նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդևը։ Պարզվում է՝ հայկական կողմի արարողակարգում սույն միջոցառմանը երկու երկրների ղեկավարների մասնակցության մասին տող անգամ չկա։ Ավելին, նախագահական նստավայրում որևէ մեկը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, գաղափար չեն ունեցել, որ բարձր մակարդակով նման «վիզիտ» էլ է նախատեսված։ Հավելենք, որ «ԽՏՎրՑՈՐ»-ը ռուսական հայտնի ԸՁԽ «հՌրՑպՎՈ» հոլդինգի հայաստանյան մասնաճյուղն է, իսկ հոլդինգի նախագահ, ռուսաստանցի խոշոր օլիգարխ Եվտուշենկովն անձամբ էր ՌԴ նախագահականի ադմինիստրացիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերել՝ Դմիտրի Մեդվեդևի ու Սերժ Սարգսյանի ներկայությունն իր ղեկավարած բիզնես-կառույցներից մեկի բացմանն ապահովելու շուրջ։ Վրդովեցուցիչն այն է, որ «պրոտոկոլային սյուրպրիզի» մասին ռուսական կողմը նույնիսկ «լայեղ» չի արել տեղեկացնել հյուրընկալող կողմին՝ մտքովն իսկ չանցկացնելով, թե ՀՀ նախագահը տանտիրոջ իրավունքով ձեռքը կարող է խփել սեղանին ու հրաժարվել չծրագրված երթուղուց։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ
Ի՞նչ գործակալ, ի՜նչ բան...
«Ժառանգության» ներխոհանոցային անցուդարձին իրազեկ աղբյուրի փոխանցմամբ՝ թեև կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները ջանք չեն խնայում ԱԺ իրենց գործընկերներին հավաստիացնելու, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կարևոր քվեարկություններին չի մասնակցում՝ միջազգային այսինչ կամ այնինչ կառույցի ղեկավարների հետ շատ ավելի լուրջ քննարկումներ անցկացնելու պատճառով, իրականում պատկերը բոլորովին այլ է։ Փաստորեն, «Ժառանգության» ղեկավարը, գերծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ, իր փոխարեն այլոց է «ղրկում» այդ քննարկումներին, քանզի ՌԴ քաղաքական վերնախավին տարհամոզելու խնդիր ունի, թե արևմտյան հեղինակավոր շրջանակների հետ իր ջերմ հարաբերությունները չպետք է կապել ՃՀձ-ի գործակալ լինելու իրողության հետ։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ