ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Քոչարյանը կղեկավարի Հայաստանում ռուսական ընկերություններից կազմված կոնսորցիումը

Քոչարյանը կղեկավարի Հայաստանում ռուսական ընկերություններից կազմված կոնսորցիումը
09.12.2008 | 00:00

ԳՈԴՈՆ ԿԳԱ՞
Ինչի հասավ իր պնդումներում անչափ հեռուն գնացած միջազգային հանրությունը, բոլորս տեսանք: Եվ դա այն ժամանակ, երբ նույն հանրությունը բոլորից լավ գիտեր` ամեն բան ավարտվելու է հենց այդպես: Սակայն դա չէր խանգարել, որ օր ու մեջ տարածաշրջան ուղարկվեն բազմաքանակ-բազմաբովանդակ էմիսարներ` «մորթները սև ու սպիտակ»` «պատուհանից» դուրս նայելու:
Նույնն է հիմա: Թե միջազգային հանրությունը, թե հակամարտող կողմերը գլուխները մտցրել ավազի մեջ, ձև են անում` հարցը վայրկյաններ անց կլուծվի. հռչակագիր են վավերացնում, հայտարարություններ են անում ու սպասում «ռամըչնի»-սկզբունքներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը: Կողմերից ադրբեջանականը մի ձեռքով «գնում» է քաղաքական ճանապարհով, բացառում ռազմական ուղին, մյուս «ձեռով` վռազ» հասնում իրենց տուն ու հայտարարում է` «խփիլ տենք»: Հայկական կողմն էլ իրար գլխի է հավաքում ոչինչ չնշանակող քաղաքական ուժերին` «հասարակական քննարկում» անցկացնում հետները, հանրաքվեի օրենքը «հետ ու առաջ» տալիս, իբր, ա՛յ, էսպես, «շատ շահագրգիռ» զբաղված ենք խնդրի արագ կարգավորմամբ:
Բայց դե, ոզնուն էլ է հասկանալի. եթե երեք շաբաթ հետո անգամ Վաշինգտոնում հանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, ասենք` Բուշ Կրտսերի բարձր հովանու ներքո, «ճանապարհային քարտեզին» հաստատապես չի փոխարինելու սկզբունքներ պարունակող փաստաթուղթը, որքան էլ Արևմուտքը` ԱՄՆ-ը, ցանկանում է նախաձեռությունը վերցնել իր ձեռքը, որպեսզի Ռուսիային ապացուցի, թե վրացական դեպքերից հետո աշխարհում որտեղ են ձմեռում խեցգետինները:
Չի «ստացվելու» նման փաստաթուղթ, հազար անգամ ենք ասել` ինչու. չափից դուրս շատ են խաղի շահագրգիռ կողմերը։ Բավարարել բոլորին` ոչ մի «ռամըչնի» փաստաթուղթ և այն էլ այս պահին, չի կարող:
Այսպիսով, տարին կավարտվի, և նոր տարին կսկսվի ղարաբաղյան խնդրում առանց որևէ փոփոխության:
Փոփոխություն տեղի չի ունենա նաև ներքաղաքական «ամենամեծ» սպասումում: Այո, սիրելիներս, չի վերադառնա Գոդոն, որին սպասում են շատ բարձրաստիճան և ցածրաստիճան չինովնիկներ:
Ահա թե ինչու է անհանգստացած Գոդոն, նույն ինքը` պարոն Քոչարյանը: ՈՒ ոնց երևում է` Քոչարյանի նյարդերն այլևս տեղի են տալիս, ու նա մեկ «կարոտում» է լրագրողներին, մեկ աղետի գոտու ժողովրդին, չնայած գյումրեցիները, ի տարբերություն նրան «շա՜տ» կարոտած լրագրողի, պահանջեցին, որ Քոչարյանը պատասխանի` ինչո՞ւ իրենք մինչև հիմա տնակներում են, երբ 1998 թ. Գյումրին համարվել էր զարգացման գոտի և պետք է վերականգնվեր երկու տարում, ինչպես նշված էր Քոչարյանի նախընտրական ծրագրում:
Բայց սա միակ «նոնսենսը» չէ Քոչարյանի վերջին շրջանի պահվածքում: Ասել ենք` այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ստորագրում էր հռչակագիրը, ու այնտեղից էլ պետք է Մոսկվայի վրայով անցներ Բրյուսել, Քոչարյանը Երևանի վրայով անցավ Ղարաբաղ, անունը դրեց` «որսի»: Հավատանք: Բայց այն նույն օրերին, երբ Սերժ Սարգսյանը Դրեզդենում էր` մեր շախմատային թիմի հաղթանակի առիթով, նույն օրերին Քոչարյանի սիրտը «սամալյոտի միս» էր ուզել, ու նա, ոչ ավել-ոչ պակաս, «թռել» էր Բելառուս` որսի: Ասել ենք` այնտեղից Աշտարակով Մոսկվա էր մեկնել ու հանդիպել Պուտինի հետ:
Կարելի է պատկերացնել, թե ինչքան անելանելի վիճակում է հայտնվել Քոչարյանը, որ նման «որսակոմբինացիաներով» է հասել «Պուտին-պապայի» դուռը: Պարզ է, նա այնտեղ չէր հասել ազգի-Ղարաբաղի վիճակը սրտին ծանրացրած, հայոց ճակատագրի հարցերը մեծն Պուտինի հետ քննելու:
Քոչարյանի սրտում ծանր էր այլ առիթով. օրեր անց Վլադիմիր Վլադիմիրովիչը հանդիպելու էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այդ հանդիպումից առաջ, թերևս, Քոչարյանը փորձում էր Ռուսիո վարչապետի հետ ճշտել իր ապագա կարգավիճակը, որովհետև շատ լավ հասկանում էր` Հայաստանում իրեն կկանչեն ժապավեններ կտրելու, արձաններ բացելու: Բայց` ոչ ավելի: Եվ եթե Պուտին-Տիգրան Սարգսյան հանդիպումն էլ «ստացվի», ապա ինքը ոչ միայն չի վերադառնա նոյեմբերին, ապա դեկտեմբերին էլ չի վերադառնա, երկու տարի հետո էլ չի վերադառնա, իսկ երեք տարի հետո ստիպված կլինի սկսել զրոյից` խորհրդարանից, իմա` պառլամենտական ընտրություններից: Եվ այն էլ` մեծամասնություն ունենալու իդեա-ֆիքսով: ՈՒմո՞վ: Մինչ այդ այնքան ջրեր կհոսեն, որ «Բարգավաճն» ու ՀՅԴ-ն մեկընդմիշտ «ձեռնասուն» դարձած կլինեն օրվա իշխողների համար, ու կառաջնորդվեն արևի տակ սեփական ոտնատեղը պահելու և ոչ թե իրենց ուսերին Քոչարյանին բերել-տեղավորելու խնդրով:
Սա այն դեպքում, եթե Հայաստանում չլինի ֆորս-մաժոր:
Բայց ոնց երևում է թե՛ ղարաբաղյան զարգացումներից, թե՛ ողջ աշխարհը խառնշտորած տնտեսական ճգնաժամից, տարածաշրջանում ֆորս-մաժորը, փոփոխությունները, ցնցումները ոչ ոքի ձեռնտու չեն:
Բայց այս ամենը նույնպես Քոչարյանի անհանգստանալու «միակ» պատճառը չէ: Բանն այն է, որ բոլորը, մանավանդ գերտերությունները, էլ չենք ասում Ռուսաստանը, սիրում են աշխատել օրվա իշխանությունների հետ, ասել է` նրա հետ, ով այդ պահին գործոն է: Քոչարյանն այլևս, կամ գոնե հիմա, գործոն չէ: Իսկ Տիգրան Սարգսյանը գործոն է: Դե, հենց միայն այն պատճառով, որ վարչապետ է: Նրան «հարազատի» պես են ընդունում Քոնդին, ՀԲ-ն, ԱՄՀ-ն: Նա, բոլոր դեպքերում, պրոգրեսիվ մտածողության կրող է: Դե, գոնե Քոչարյանի համեմատությամբ: Լիբերալների երկրորդ սերնդի ներկայացուցիչ է, և Մեդվեդևի «վրա» Պուտինը հասկացել է, թե ինչպես է ընդունում նրանց աշխարհը: Օբամայի վրա էլ: ՈՒ թե այս ամենին գումարում ես այն հանգամանքը, որ Պուտինին ու Տիգրան Սարգսյանին կարող է «միավորել» Պիտերը, որի նկատմամբ Վլադիմիր Վլադիմիրովիչն անչափ նուրբ զգացումներ ունի, իսկ Տիգրան Սարգսյանը պիտերյան շրջանավարտ է, ապա չէր կարելի բացառել, որ ղարաբաղյան զարգացումների ֆոնին (հիշենք, որ Արևմուտքը փորձում է «նախաձեռնողականությունն» իր ձեռքը վերցնել) շատ տրամաբանական է, որ Ռուսաստանը փորձի իր դաշտ տանել ու պահել, ապա և խաղալ Տիգրան Սարգսյանի հետ` մնալով Քոչարյանի «նամակին» սպասող ու նրան շատ սիրող:
Եթե սրան էլ հավելում ենք այն հանգամանքը, որ մի քանի շաբաթ առաջ Քիշնևում ԱՊՀ վարչապետների հանդիպման ժամանակ հայկական կողմը` Տիգրան Սարգսյանը, ցանկացել էր հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, «պատասխան» սկզբում չէր եղել, սակայն «փակ» ձևաչափով հանդիպման ժամանակ (հիշենք, որ ԱՊՀ նման քննարկումներն ընթանում են երկու ձևաչափով` վարչապետների փակ հանդիպում և ընդլայնված կազմով հանդիպում), այսպիսով, փակ հանդիպման ժամանակ, ուր խոսվել էր ֆինանսական ճգնաժամի մասին, ըստ որոշ աղբյուրների, ամենաակտիվը եղել էր հենց Տիգրան Սարգսյանը, որին Պուտինն ունկնդրել էր անչափ ուշադիր: Քննարկումից հետո Սարգսյանին էր մոտեցել Վ. Պուտինի օգնական (բայց իրականում նա ավելին է, քան օգնականը) Շուգալովը և փոխանցել Տիգրան Սարգսյանին` Վլադիմիր Վլադիմիրովիչը խնդրում է հանդիպում, հնարավորինս մոտակա ժամանակներում: Քիշնևում Պուտինը հանդիպել էր միայն Յուլյա Տիմոշենկոյի հետ:
Այս մասին չիմանալ Քոչարյանը չէր կարող:
Իսկ հանդիպումը երկու երկրների վարչապետների միջև, փաստորեն, օրերս տեղի ունեցավ, ընդ որում` այն նախատեսված էր եզրափակել ասուլիսով, սակայն Պուտին-Սարգսյան ասուլիսից հետո էլ երկու վարչապետները նույն ավտոմեքենայով վերադարձել են Սպիտակ տուն ու ևս մեկ ժամ շարունակել զրույցն այնտեղ:
Ի դեպ, ոմանք պնդում են, թե այդ այցի ժամանակ Ռուսաստանը, իմա` Պուտինը, խոստացել է Հայաստանին տրամադրել բավականին ծանրակշիռ գումար (խոսքը մոտ մեկ մլրդ դոլարի մասին: Ի դեպ, հիշենք, որ Տ. Սարգսյանը բանակցում է նաև ՀԲ-ի հետ` վերջինից ևս նույնքան ստանալու համար, առայժմ կանգ են առել կես միլիարդի վրա, ու թե ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը, ապա դուրս է գալիս` Ռուսաստանը փորձում է առաջ ընկնել):
Բոլոր դեպքերում ստացվում է, որ Տիգրան Սարգսյանը «պնդացրել» է ոտնատեղը, որը Վլադիմիր Պուտինը պահել էր Քոչարյանի համար: Ի դեպ, Պուտինն ինքն այս պահին Ռուսիայում առաջինը լինելու պրոբլեմ ունի. եթե հիշում եք` ամռանն անցկացված սոցհարցումով նա վայելում էր ռուսաստանցիների մոտ 70 տոկոսի վստահությունը: Սակայն Ռուսաստանն այժմ կանգնած է տնտեսական հզոր ցնցումների առաջ. նավթի գների ահավոր անկումը, շինարարության դադարեցումը, բանկային համակարգի բանկրոտն անպայմանորեն դոմինոյի էֆեկտով ազդելու են Պուտինի ռեյտինգի վրա, որովհետև, որպես գործադիրի ղեկավար, ինքն է «այդ ամենի» պատասխանատուն: Այնպես որ, չի բացառվում, որ Պուտինը ևս սպասի, մինչև լրանա Մեդվեդևի վեց տարվա պաշտոնավարումը, հետո էլ...
Ահա թե ինչու վերջին շրջանում Քոչարյանն առավել անհանգիստ է դարձել ու վրա-վրա «որսի» է գնում` փորձելով սուբլիմացնել երիտթոշակառուի իր վիճակը` պարպելով «իրեն պատած» էներգիայի ավելցուկը որսորդությանը զոհ գնացող կենդանիների վրա:
Ի դեպ, թարմացել են խոսակցությունները, ըստ որոնց` Քոչարյանը, բոլոր դեպքերում, կղեկավարի Հայաստանում ռուսական ընկերություններից կազմված կոնսորցիումը, դրա համար է Սերժ Սարգսյանն իր հետ պտտում նրան:
Բայց, դե, ֆինանսական-տնտեսական ճգնաժամի այս պայմաններում կոնսորցիո՞ւմս որն է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3698

Մեկնաբանություններ