ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Անձի երկվությո՞ւն

Անձի երկվությո՞ւն
07.10.2008 | 00:00

ՍԵՊԱՐԱՏԻԶՄ
Սերժ Սարգսյանի քաղաքական «ստիլին» հետևողների համար խորհրդարանական ուղերձը վերջնականապես ազդանշանեց՝ Ս. Սարգսյանն արտաքին աշխարհի հետ հարաբերվում է մի «ստիլով», երկրի ներսում, հայ հասարակության հետ՝ բոլորովին այլ:
Առաջինի դեպքում պրոգրեսի զգացողությունն ինչ-որ առումով առկա է: Որքան էլ նրա «օպպոնենտներին» սա դուր չգա: Առկա է` ռիսկային բաղադրիչի զուգորդությամբ: Եվ որքան էլ պրագմատիկ հաշվարկի և Ռուսաստանի հետ փոխհամաձայնության արդյունք լիներ նրա կողմից Իրաք զորամիավորում ուղարկելը, դրանից առաջ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Օսկանյանի փոխարեն հայտնվելը, Սխեֆերի բարեհաճությունն ստանալը, հայկական բանակը ՆԱՏՕ-ական չափանիշներով բարեփոխելը, Աֆղանստան զորամիավորում ուղարկելու խոստում տալը, ղարաբաղյան հարցում 2005-ին խորհրդարանական լսումներ կազմակերպելը, այդ հարցում փոխզիջումների պատասխանատվության ստանձնումը… շատ կարելի է թվել արտաքին քաղաքականության ուղղությամբ նրա կատարած որոշակի «բարեշրջումները»:
Խրոնիկան ավարտենք «փաստահավաք» երկու առաքելությամբ. Գյուլի «նկատմամբ» «ֆուտբոլային դիվանագիտությունը», միջազգային պոպուլիզմի ջրաղացին ջուր ածելուց զատ, քանդեց նախ մտային այն տաբուները, որ կային այս հարցում թե՛ մեզանում, թե՛ Թուրքիայում, ինչն անչափ կարևոր հանգամանք է այն պարզ պատճառով, որ հեղափոխությունները-փոփոխությունները նախ և առաջ պետք է տեղի ունենան մենթալ պլանում: Եվ ապա, քաղաքական նոր մշակույթի նախահիմքեր ստեղծվեցին՝ անկախ նրանից, որքանով արդյունավետ և հեռանկարային կլինի այդ այցը, և Ռուսաստանի թույլտվությամբ օրերս հայտնություն ապրած պարոն Օսկանյանի «ոևէ» գաղտնիք կբացահայտի՞ Թուրքիո առնչությամբ, թե՞ ոչ (իսկ որ կբացահայտի, կասկածել պետք չէ):
Իսկ Վրաստանի նկատմամբ վերջին շրջանում վարվող հայոց արտաքին քաղաքականությունը հենց այն դեպքն է, որի մասին ասվում է՝ «կույր պիտի լինել, որպեսզի…» և այդպես շարունակ:
Սերժ Սարգսյանի այցը Վրաստան, ինչպես նաև Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներն էլ իրենց հերթին առիթ հանդիսացան, որ «թանգյանափաս» (շնչակտուր) Հայաստան աճապարի Հյուսիսաց «գեներալ-գուբերնատոր, գոսպոդին» Լավրովը՝ հասկանալու. վերջապես, գրողը տանի, ի՞նչ է կատարվում սեփական «ֆորպոստում», չլինի՞ վերջինս իսպառ նետվել է արևմտաց գիրկը` Նաբուկոյի-տրանսկասպյան գազամուղը Հայաստանով անցկացնելու, Ղարս-Ախալքալաք երկաթուղին` Ղարս-Գյումրիով վերափոխելու և մի շարք այլ արևմտյան իսկապես ծանրակշիռ խոստումների պատճառով:
Ի դեպ, «խնդրո առնչությամբ» հայոց հողի վրա առաջին անգամ կհայտնվի անձամբ ինքը` «կոմանդանտե»-երիտասարդ Մեդվեդևը, ճշտելու` Արևմուտքին այդ ամենի դիմաց Հայաստանն արդյոք խոստումնե՞ր է տվել, մասնավորապես, գրավյալ տարածքներում ԵՄ (հիմնականում սկանդինավյան երկրների) խաղաղապահներ տեղակայելու առնչությամբ: Բանն այն է, որ Թուրքիա-Ռուսաստան տանդեմը Հայաստանում գոնե այս պահին տապալվեց` ԱՄՆ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը չտրվի գայթակղության ու հասկանա, թե ինչ պետք է անի, ինչպես և ումով, այլապես Ռուսաստանի հետ չեն կատակում. տե՛ս պարոն Լիտվինենկոյի բարձրաձայնումները հոկտեմբերի 27-ի մասով (սակայն սրա մասին չէ, որ այսօր ուզում ենք խոսել):
Եվս մեկ արձանագրում, և անցնենք առաջ: ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ուղերձը բավականին բալանսավորված, գրագետ էր կառուցված, ինչը չես ասի նրա առաջնեկի` ժողովրդին ուղղված ուղերձի մասին, որում հոդաբաշխ ոչինչ չկար, երբ սպասվում էր, որ վերը նշված զարգացումների ֆոնին Սերժ Սարգսյանը մեկ-երկու դյուժին ասելիք պետք է ունենար, պետք է փորձեր բացատրվել ժողովրդի հետ, պարզաբանումներ տալ անչափ նրբացած վերը նշված խնդիրների մասին, փորձեր հասկանալ- հասկացվել, եթե ոչ խաղի լիարժեք կողմ, ապա գոնե տեղեկացված-հավասար «պարտնյորի» դերակատարություն պատվիրակելով ժողովրդին, ինչն էլ ուղերձ հղելու անհրաժեշտությունը կդարձներ պատճառաբանված:
Ավաղ: Իշխանություններն ասելիք չունեն ժողովրդին: Էլ ավելի` բացարձակ ցանկություն չունեն ասելու` էս երկրում ինչպես, երբ, ումով ինչ են անում. առայսօր այդպես էլ պարզ չէ, ի վերջո, ինչո՞ւ որոշվեց այդքան անխնա «բարձրացնել» ԱԺ դերակատարությունը, արդյոք որևէ մեկը Սերժ Սարգսյանին «բացատրե՞ց», թե ինչքան սինխրոն «բարձրացավ» իր` նախագահի հեղինակությունն այդ որոշման արդյունքում, և արդյոք ի՞նչ կորուստ ապրեց նրա իմիջը` Թորոսյանին Աբրահամյանով փոխատեղելու մեծ կոմբինացիայով:
Ավելին, իշխանությունն իր քայլերի մասին նոմինալ պարզաբանումներ, տեղեկություններ չի տալիս նույնիսկ իր «մերձակայքին». առայսօր ՀՀԿ-ում ոչ ոք չգիտի, թե, ի վերջո, ո՞վ է լինելու ֆրակցիայի ղեկավարը: Պարզ է` որոշողը մեկ մարդ է, և նա «հայտնվում է վերջին պահին»` ավետելու իր վերին կամքը:
Միայնակ խաղացողի երբեմնի «հմայքը», որ պաշտպանության նախարարի և ոչ կուսակցական գործչի դեպքում ինչ-որ առումով հասկանալի էր, ամբողջովին նոնսենս է Սերժ Սարգսյան-նախագահի, հրապարակային գործչի պարագայում:
Մարտի մեկից հետո նրան գրեթե չի հաջողվում դուրս գալ իր «պատյանից». նա չի վստահում ոչ մեկին և ոչ մի դեպքում. սա նույնպես առանձին խոսակցության` պսիխոանալիզի թեմա է, որի ժամանակը կգա:
Եվ այնուհանդերձ, հարց. այդ ինչպե՞ս է լինում, որ նույն անձը, անհատը, պաշտոնյան, երբ սեփական հողի, սեփական ժողովրդի հետ է խոսում, «պատկերանում» է բոլորովին այլ դիրքերից, երբ դրսի հետ է խոսում` մոտեցումներն ու «պրիարիտետները» բոլորովին այլ են ընտրվում:
Առ հայ հանրություն նրա ուղերձը ևս մեկ անգամ փաստեց` մենք ունեցել ենք և ունենք երկու Հայաստան. ժողովրդի և իշխանությունների Հայաստաններ` մեկը մյուսի հետ կապ չունեցող, մեկը մյուսից` սեպարատ:
Իսկ թվում էր, որ Սերժ Սարգսյանը պետք է գար ու համաներում հայտարարեր: Որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ վրիպեց համաներում հայտարարելուց, երկրի ներքին կարգը բարենորոգելուց, լարվածությունը թուլացնելուց, արդեն անդրադարձել ենք: Արձանագրել ենք նաև, թե ինչքան հմուտ այդ սողանցքն օգտագործեց Քոչարյանը` Օսկանյանի «միջոցավ»:
Պատկերացնո՞ւմ եք` Վրաստան կատարած այցից հետո «ինքնուրույն» խաղացող Ս. Սարգսյանը մտնում է «դերակատարաբարձր» ԱԺ ու խոսում համաներումից: Վիբրացիոն ի՜նչ դաշտ նա կապահովեր իր համար, որովհետև որքան էլ նա փորձի քայլեր կատարել դրսի ուղղությամբ, դրանք առ ոչինչ, իր խոսքերով` «ոչ մի տեղ» տանող են այն պարզ պատճառով, որ «օտար ափերը» սկսվում են հայրենի ափերից: Ի դեպ, ուղերձից դուրս համաներումն այլևս ուշացած է լինելու, որովհետև լինելու է պարտադրված` և դարձյալ դրսի «աչաց» համար:
Հարց երկրորդ. այդ ինչպե՞ս է լինում, որ երկրի առաջին դեմքը կարողանում է սեղմել մեր «դարավոր թշնամու»՝ Թուրքիայի նախագահի ձեռքը (ու շատ լավ էլ անում է), սեղմել Ադրբեջանի նախագահի ձեռքը Պեկինում, շնորհավորել նրան՝ վասն ադրբեջանական ըմբիշի հաղթանակի (էլի է լավ անում), բայց սեփական երկրում, վեց ամիս անց չի կարողանում հանդուրժել, «ներել-համաներել» սեփական ժողովրդին, չի կարողանում երկխոսություն սկսել սեփական ընդդիմության հետ:
Եվ եթե սրանք չկան, անիմաստ էր ակնկալել, որ ուղերձում կասվեր, թե, ի վերջո, ինչ է կատարվում Ղարաբաղի շուրջ, ինչու են այդպես ափալ-թափալ Հայաստան գալիս Ռուսիո պատվարժան էմիսարները, ինչ պատասխան ունի տալու հայոց իշխանությունը Նաբուկոյի մասին խոսակցություններին, ինչ կատարվեց, ի վերջո, հայ-թուրքական հարաբերություններում, և այդպե՜ս շարունակ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4850

Մեկնաբանություններ