Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ժամանակին սկսված» անժամանակ պատերազմը

«Ժամանակին սկսված» անժամանակ պատերազմը
12.08.2008 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ԸՆԴԳԾՎԱԾ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ
Օգոստոսի 8-ից Հարավային Կովկասում «վերաբորբոքվեցին» երեք հիմնական սառեցված հակամարտություններից երկուսը։ Միանգամայն կանխատեսելի էր, որ Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի գործողությունները կարժանանան Ռուսաստանի հակազդեցությանը, սակայն, ամենայն հավանականությամբ, Թբիլիսիում չէին նախատեսել, որ Մոսկվայի միջամտությունը կլինի այսքան կոշտ և անմիջական՝ հակամարտության մեջ ռուսական զինված ուժերի ուղղակի ներգրավման ձևով։ Չորս օրվա ընթացքում հակամարտության երկու կողմերը՝ վրացիներն ու օսերը, տվել են հազարավոր զոհեր, վիրավորներ, զինտեխնիկայի կորուստներ, որոնք հատկապես վրացական կողմից բավական նշանակալի են։ Ցավալի այս խորապատկերի վրա, սակայն, պակաս կարևոր չեն վերսկսված հակամարտության պատճառների պարզաբանումը և դրա հնարավոր տևողության թեկուզ մոտավոր կանխատեսումը։
Ռուսական մամուլն ու վերլուծական շրջանակները Վրաստանի գործողությունները Հարավային Օսիայում որակեցին իբրև լայնածավալ ագրեսիա՝ էթնիկական զտումներ և նույնիսկ ցեղասպանություն իրականացնելու նպատակով։ Ըստ ռուսական վերլուծական և պաշտոնական շրջանակների, Թբիլիսիի գործողությունների համար հիմնական շարժառիթ է հանդիսացել մինչև տարվա վերջ ՆԱՏՕ-ի կազմ մտնելու համար պաշտոնական հրավեր ստանալու ձգտումը՝ խրախուսված Վաշինգտոնի կողմից։ Մոսկվայի պնդմամբ, ագրեսիայի նախապատրաստման նպատակ էին հետապնդում վերջերս Թբիլիսիի մերձակայքում անցկացված վրաց-ամերիկյան զորավարժությունները, որտեղ էլ, ռուսական աղբյուրների պնդմամբ, վերջնականապես հաստատվել է Հարավային Օսիայի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողությունների ծրագիրը։
Վրաստանը իր հերթին, փորձում է տեղի ունեցածը ներկայացնել այնպես, թե Մոսկվայի դրդմամբ օս անջատականները նախաձեռնեցին ռազմական գործողություններ, իսկ իրենք հարկադրված եղան պատասխան քայլերի դիմել, որից օգտվելով էլ` Ռուսաստանը, իր զորքերը մտցնելով Վրաստանի տարածք, ձգտում է ռազմական ճնշում գործադրելով փոխել Սաակաշվիլու իշխանությունը և նույնիսկ օկուպացնել Վրաստանը։
Այս երկու մոտեցումները կողմերը փոփոխական հաջողությամբ փորձում են ամրապնդել համաշխարհային հանրության աչքում՝ լայնածավալ և բավական լավ կազմակերպված քարոզարշավի միջոցով։
Եթե վերադառնալու լինենք իրականությանը, ապա ակնհայտ է, որ Վրաստանի նախագահն ամեն դեպքում նախընտրեց դեպի Արևմուտք ինտեգրման ոչ լավագույն ուղին։ Թեպետ նույն վրացական վերնախավում կային սթափ դատողություն ունեցող գործիչներ, որոնք առաջարկում էին Վրաստանի՝ դեպի Եվրամիություն ինտեգրման երկարաժամկետ ծրագիր։ Այս ուղղությունը, փաստորեն, մարմնավորում էր նախկին արտգործնախարար և անցյալում ֆրանսիական կադրային դիվանագետ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վերջինիս հայեցակարգն այն է, որ իր տարածքից ռուսական ռազմաբազաները դուրս բերելուց հետո Վրաստանը չպետք է անմիջապես ձգտի ինտեգրվել ՆԱՏՕ-ին և այդ միջոցով դառնա Եվրամիության անդամ, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի կոշտ հակազդեցությանը։ Վրաստանի նոր նախագահին առաջարկվում էր որդեգրել արագ բարեփոխումների կուրս, այդ բարեփոխումների արդյունավետության ապահովմամբ Հարավային Օսիայի և Աբխազիայի համար Վրաստանի կազմում ստեղծել ավելի գայթակղիչ բարեկեցության հեռանկար, քան Ռուսաստանի ազդեցության ներքո մնալն է։ Ընդ որում, Սաակաշվիլին, անձնապես առնչություն չունենալով 1990-ականների սկզբին սկսված հակամարտությունների հետ, միանգամայն կարող էր ապահովել այս գծի անցկացումը։ Սակայն Վրաստանի նախագահն ընտրեց այլ ճանապարհ, և դա էր, ըստ լուրերի, որ ժամանակին հանգեցրեց Զուրաբիշվիլու հրաժարականին։ Անշուշտ, ԱՄՆ-ի հովանավորությամբ ՆԱՏՕ-ի կազմում արագընթաց ընդգրկվելու մարտավարությունը կարող էր իրականացվել նաև այլ կերպ։ Օրինակ, սառեցված հակամարտությունների խնդիրն իր ուսերից թոթափելու համար Վրաստանը կարող էր ուղղակիորեն ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը՝ դրանով իսկ զրկելով Ռուսաստանին իր ներքին գործերին միջամտելու հիմնական լծակներից։ Սակայն այս տարբերակը Թբիլիսիում, ամենայն հավանականությամբ, նույնիսկ չի էլ դիտարկվել, թեպետ դա այս տարվա դեկտեմբերին ՆԱՏՕ-ից պաշտոնական հրավեր ստանալու ամենակարճ ուղին էր։ Ընտրվել է երրորդ և Վրաստանի համար վատթարագույն ուղին՝ ռազմական ուժով տարածքային ամբողջականությունը վերականգնելու տարբերակը։ Ռազմավարություն, որն արդեն հանգեցրել է և, ցավոք, դեռ հանգեցնելու է մարդկային, նյութական և բարոյական ահռելի կորուստների։
Մոսկվան, իր հերթին, ակնհայտորեն հիմնավորապես նախապատրաստված էր այսպիսի զարգացման։ Ավելին, Կրեմլը հրապարակավ զգուշացնում էր Վրաստանի իշխանություններին, որ կդիմի անմիջական գործողությունների։ Հավանաբար, Թբիլիսիում ճիշտ չէին հաշվարկել այդ գործողությունների հնարավոր ծավալները և, օգոստոսի 8-ին Հարավային Օսիայում ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ, ինչ-որ զարմանալի հույսեր էին փայփայում, թե նույնիսկ Աբխազիան ձեռնպահ կմնա հակամարտությանը միջամտելուց։ Հույսերը չարդարացան, և Սուխումի կեցվածքը սկզբունքորեն ցույց է տալիս, որ ինչպես Աբխազիան, այնպես էլ Հարավային Օսիան Մոսկվայից հստակ երաշխիքներ են ստացել, թե Ռուսաստանն այլևս երբեք թույլ չի տա նրանց վերադարձը Վրաստանի կազմ։ Այսպիսով, Թբիլիսին, ցավոք, հարվածի տակ դրեց նույնիսկ այն փոքր ձեռքբերումները, որ ունեցել էր հակամարտությունների սառեցման վերջին 15 տարիներին։ Այժմ այս ընթացքում Հարավային Օսիայի տարածքում պահպանված մոտ տասը վրացական գյուղերը, փաստորեն, կորսվեցին անվերադարձ։ Ակնհայտ է, որ Հարավային Օսիան երբեք թույլ չի տա այդ գյուղերի բնակիչների վերադարձն իր տարածք, ինչը Թբիլիսիին զրկում է չճանաչված հանրապետության ներքին գործերին միջամտելու հնարավորությունից։ Կոդորի կիրճը վրացական ուժերից «մաքրելու» Աբխազիայի նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրելու է սահմանի ամբողջական վերականգնում, ինչն իր հերթին նշանակում է, որ Գալիի շրջան վերադարձած 60 հազար վրացի փախստականները, որոնց մի մասն արդեն իսկ լքել է այդ տարածքը, ամենայն հավանականությամբ, Աբխազիայում վերաբնակվելու հնարավորություն չեն ունենա։ Այսինքն, եթե անգամ Թբիլիսիին հաջողվի դեկտեմբերին ՆԱՏՕ-ին պաշտոնապես անդամակցելու հրավեր ստանալ, դրա համար արդեն շատ ծանր գին է վճարվել։
Ռուսական դիրքորոշումը շատ հստակ է և ուղղագիծ։ Մոսկվան ձեռնարկած քայլերով Վաշինգտոնին ցույց է տալիս, որ ինքը բոլորովին մտադիր չէ համակերպվել ՆԱՏՕ-ի կազմում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներգրավմանը և պատրաստ է դիմել ամենակոշտ միջոցների։ Ոչ միայն Վրաստանի, այլև ՈՒկրաինայի նկատմամբ, ուր բնակչության առնվազն կեսը ռուսական կողմնորոշում ունի։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների «պարզաբանումը» դեռ առջևում է։ Իսկ այսօր Ռուսաստանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Վրաստանում խաղաղության գինն ինքը տեսնում է Սաակաշվիլու իշխանության փոփոխության մեջ։ Այլ հարց է, որ Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, այդքան հեշտությամբ չի հանձնի իր հովանավորյալ Վրաստանի նախագահին, ինչն իր հերթին ենթադրում է, որ ինչպես օսական, այնպես էլ աբխազական ճակատում առնվազն առաջիկա շաբաթվա ընթացքում կայուն հրադադար հաստատել հազիվ թե հաջողվի։ Մոսկվան ակնհայտորեն հակված է Անվտանգության խորհրդի հնարավոր բանաձևերը տորպեդահարելու ճանապարհով ռազմական գործողություններն ակտիվ փուլում պահելու մարտավարության շարունակման։
Անշուշտ, այս իրավիճակում Հայաստանը պետք է շարունակի ընդգծված չեզոքություն պահպանել։ Մանավանդ որ, ակնհայտորեն, կան ուժեր, որոնք կցանկանային հայ-վրացական հարաբերությունների վատթարացում պատերազմի խորապատկերի վրա։ Այս համատեքստում բնավ պատահական չէր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ասպարեզ նետված և վրացական որոշ ԶԼՄ-ներով անմիջապես «տիրաժավորված» այն տեղեկատվությունը, թե Վրաստանի տարածքը ռմբակոծող ռուսական ռմբակոծիչները գործողությունը ձեռնարկել են Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայից։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի կողմից, իհարկե, եղավ հերքում, սակայն թերևս անհրաժեշտ է, որ հայկական կողմը մշտապես ուշադրության տակ պահի այս հանգամանքը և բացատրի Վրաստանին, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում Թբիլիսիի դեմ օգտագործվել չի կարող։ Եվ այս հարցում Մոսկվան չի կարող Երևանից նեղանալ, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացումների ժամանակ Կրեմլը մշտապես հավաստիացրել է Բաքվին, որ այդ ռազմաբազայի ուժերն Ադրբեջանի՝ իբրև ԱՊՀ անդամ երկրի դեմ օգտագործվել չեն կարող։ Նշանակում է` նույն սկզբունքը պետք է գործի Վրաստանի պարագայում, որի հետ Հայաստանն աշխատում է պահպանել հնարավորինս նորմալ հարաբերություններ և ճիշտ է վարվում։ Ակնհայտ է, որ Վրաստանում ռազմական գործողությունների թատերաբեմի ընդլայնման արդյունքում արդեն իսկ փակվել է ինչպես Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ուղին (Վերին Լարսի անցակետը), այնպես էլ հազիվ թե հնարավոր լինի բեռնափոխադրումներ իրականացնել Փոթիի նավահանգստով։ Հետևապես, Հայաստանի համար միակ մատչելի ուղին տնտեսական կենսագործունեության համար մնում են Երևան-Բաթում երկաթուղին և Իրանի հետ կապ ապահովող երկու ավտոմայրուղիները։ Այս հիմնական խնդրից ելնելով է, որ շատ հավասարակշռված և զգույշ պիտի լինել տարածաշրջանում զարգացող վտանգավոր իրադարձությունների արդյունքում տուժածի կարգավիճակում չհայտնվելու համար։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5698

Մեկնաբանություններ